Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են. ՀՀ ՊՆ

Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են. ՀՀ ՊՆ

Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է» վերտառությամբ հրապարակման առնչությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են՝ սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխան: «Զինծառայողների հարազատները  ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն:  Ուստի հորդորում ենք ԶԼՄ-ներին հիմնազուրկ և մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներ չտարածել, զերծ մնալ զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու գործելաոճից»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
15:13 - 17 մայիսի, 2024
Վարչապետը ՀԲ և ՄՖԿ ղեկավարության հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքի և Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հարցեր

Վարչապետը ՀԲ և ՄՖԿ ղեկավարության հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքի և Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրեն Ակսել Վան Տրոսենբուրգին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Նա, մասնավորապես, ընդգծել է ՀԲ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Վարչապետը շեշտել է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես, ֆինանսական բնագավառում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններին, այդ ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցերի:
18:39 - 16 մայիսի, 2024
Կիրանցում ունենք խնդիրներ, որովհետև որդեգրել ենք «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը. Փաշինյան |news.am|

Կիրանցում ունենք խնդիրներ, որովհետև որդեգրել ենք «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը. Փաշինյան |news.am|

news.am: Սահմանազատման գործընթացում Բերքաբերի հատվածում խնդիր չկար, արդյունքում էլ խնդիր չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ասում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց գործնականում պարզվեց, որ խնդիր չկա: Գիտեք, որ այնտեղ շատ զգայուն հարցեր կային՝ կապված Ոսկեպարի եկեղեցու և նաև Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհի հետ: Սահմանազատման արդյունքում այդ ճանապարհը ոչ միայն ամբողջությամբ Հայաստանի ինքնիշխան տարածքում է, այլև նոր հանգամանքների բերումով այդ ճանապարհը երթևեկության համար այլևս անվտանգ է:  Եկեղեցու հատվածում մենք որևէ խնդիր չունեցանք, որովհետև, եթե չեմ սխալվում, համենայն դեպս, ինձ զեկուցել են՝ բավականին մեծ տարածություն կա եկեղեցու և սահմանային գծի հատվածում»,- ասաց նա։ Անդրադառնալով Կիրանցի հատվածում սահմանազատմանը՝ Փաշինյանն ասաց. «Ինչո՞ւ որոշակի խնդիրներ ունենք Կիրանցի հատվածում, որովհետև որդեգրել ենք սկզբունքը, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Այս սկզբունքը գործուն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բոլոր տեղամասերի և բոլոր հատվածների համար: Մենք սրանով ստեղծում ենք սահմանազատման բանաձև, որը պետք է գործի սահմանազատման ամբողջ գործընթացի համար: Սա նշանակում է, որ սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի»: Նա ընդգծեց, որ սահմանազատումն այս սկզբունքով իրականացնելու արդյունքում առաջացած բոլոր խնդիրները ՀՀ կառավարությունը հետևողականորեն կլուծի։
12:22 - 16 մայիսի, 2024
Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Նիկոլ Փաշինյան

Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Նիկոլ Փաշինյան

Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն: Այս մասին Կառավարության ասյօրվա նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «[Սա հաջողություն համարելու] առաջին պատճառն այն է, որ մեր ինքնիշխանության և անկախության, հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար։ Երկրորդը՝ մեր Հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն այս գյուղերի մասով, այլև Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանի երկայնքով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ արձանագրված է, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976թ․ քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին։ «Մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծել, այլ [իրականացնել] նախկինում Ալմաթիի հռչակագրով հաստատված սսահմանի վերարտադրելու գործընթաց։ Այսինքն՝ ոչ թե պետք է սահման ստեղծել, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որ գոյություն են ունեցել ԽՄ փլուզման պահին և ունեն դե յուրե, իրավական նշանակություն»,- նշեց վարչապետը։  Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ է «հերթապահության գործընթացը», որի մասին խոսվում էր սահմանազատում անցկացնելու համատեքստում։ Նրա խոսքով խորհրդային հանրապետությունների միջև պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներ են եղել հանրապետությունների ներքին օրենսդրությունների համաձայն, ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում։ Փաշինյանը նշեց, որ հաստատված գործընթացներին քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը, որը պարբերաբար հավաքել է իրավական ուժ ստացած որոշումները, վերստուգել, հաստատել քարտեզագրական հիմքը:  «Մեր սահմանազատվող հատվածում 1979 թվականին հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե հաստատված քարտեզներն այդպիսի վերջին քարտեզներն են ԽՍՀՄ օրոք»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ պարզ լեզվով ասած՝ ՀՀ-ն որդեգրել է սկզբունք, որ սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (ըստ 1976թ․ քարտեզների՝ խմբ․)։ «Եթե մենք գնայինք էն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծենք՝ այս սկզբունքից շեղվելով, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր։ Չեմ ուզում՝ գերագնահատենք տեղի ունեցածը, չեմ էլ ուզում՝ թերագնահատենք։ Այս սկզբունքի ամրագրմամբ մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք։ Նաև այս առումով տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն»,- եզրափակեց Փաշինյանը։ 
11:19 - 16 մայիսի, 2024
«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից»․ Նիկոլ Փաշինյան
 |azatutyun.am|

«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից»․ Նիկոլ Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի էջում՝ նշելով, որ ցնցված է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումից։ Փաշինյանը նրան շուտափույթ ապաքինում է մաղթել։ «Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», - գրել է Հայաստանի վարչապետը։ Երեկ հաղորդվեց, որ Ռոբերտ Ֆիցոն զինված հարձակման է ենթարկվել, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։ Սլովակիայի լրատվամիջոցների տվյալներով՝ չորս կրակոց է արձակվել կառավարության ղեկավարի ուղղությամբ։  
09:21 - 16 մայիսի, 2024
ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է. ՎԶԵԲ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է. ՎԶԵԲ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ: Վարչապետը կարևորել է Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի անցկացումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Օդիլ Ռենո Բասոն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը ՎԶԵԲ տարեկան համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար: ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է և փոխգործակցությամբ իրականացվում են արդյունավետ ծրագրեր: Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցեր:
19:42 - 15 մայիսի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի կարծիքով՝ առանց սովորելու հնարավոր չէ խաղաղ ապրել։ «Անկախության առաջին օրերից Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են, և քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա մի կարևոր նախապայման՝ սովորել խաղաղ ապրել, ինչը չափազանց բարդ գործընթաց է, որովհետև, կրկնում եմ, թե մենք, թե Ադրբեջանը չգիտեն դա ինչ է, ինչպիսի տեսք ունի։ Ադրբեջանի դեպքում՝ Հայաստանի, Հայաստանի դեպքում՝ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելը անծանոթ երևույթներ են։ Իսկ այն, ինչ չգիտես, առաջ է բերում անորոշություններ, մտահոգություններ, լարվածություններ, որոնք հասկանալիորեն բանաձևում և ընկալում ես քո ունեցած պատմական փորձի վրա, իսկ պատմական փորձն ասում է, որ դա հնարավոր չէ։ Ահա այստեղ է, որ գալիս է սովորելու անհրաժեշտությունը, որովհետև մարդկության պատմության պատմական փորձը մարդկությանը պետք է ասեր և համոզեր, որ տիեզերք թռչել հնարավոր չէ և դա, իրոք, հնարավոր չէր այնքան ժամանակ, քանի դեռ մարդկությունը չսկսեց սովորել տիեզերք թռչել ու հիմա տիեզերք թռչելով ոչ-ոքի բացարձակապես չես զարմացնի»,- նշեց վարչապետը։ Նրա խոսքով՝Հայաստանի և Ադրբեջանի պարագայում խաղաղ ապրել սովորելու գործիքների կարիք կա։ «Այդ գործիքներից մեկը կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որի կարևոր կետերից այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց համար բացում են ճանապարհները, երկաթգծերը, միմյանց տարածքներով խողովակաշարեր, էլեկտրական գծեր, մալուխներ անցկացնելու հնարավորությունը՝ միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության հարգման հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքով»,- շեշտեց վարչապետը։ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը այս օրերին մեկնարկել է և պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանի ու Ադրբեջանին կսովորեցի խաղաղ ապրել։
18:22 - 15 մայիսի, 2024
Ոստիկանները շրջափակել են Օպերայի շենքը․ քաղաքացիները 4 ուղղություններով շարժվում են դեպի այնտեղ

Ոստիկանները շրջափակել են Օպերայի շենքը․ քաղաքացիները 4 ուղղություններով շարժվում են դեպի այնտեղ

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով այսօր ժամը 15:30-ից հավաքվել են մայրաքաղաքի չորս կետերում և այս պահին շարժվում են դեպի Օպերա, իրենց խոսքով խաղաղ անհամաձայնություն հայտնելու։ Այս պահին Օպերայի շենքի հարակից ողջ տարածքը շրջափակված է ոստիկանական ուժերով և երկաթե արգելապատնեշներով։ Մասնավորապես տասնյակ քաղաքացիներ են հավաքվել Սարյանի անվան այգում, Կոնսերվատորիայի դիմացի այգում, Սուրբ Աննա եկեղեցու բակում, Հյուսիսային պողոտայում։ Բագրատ Սրբազանը լրագրողներին հայտնեց, որ առավոտից հանդիպումներ է ունեցել «Հայաքվե» նախաձեռնության, «Ապրելու երկիր» կուսակցութան անդամների, Եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, բժիշկների հետ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ անսացել են իր կոչին, դուրս են եկել և անհամաձայնություն հայտնող քաղաքացիների փոխարեն փակել են փողոցները։ Հիշեցնենք, որ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ ժամը 15:00-20:00-ն, Երևանում կայանալիք ՎԶԵԲ միջազգային ֆորումի շրջանակներում ժամանակավորապես փակ են լինելու Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։ Օպերային հարակից սրճարանները «Ինֆոքոմ»-ի թղթակցի փոխանցմամբ կիսադատարկ էին։ «Ատլանտիկ» սրճարանի աշխատակիցը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հաղորդեց, որ ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել և մինչև երեկոյան ժամը 19։00-ն հյուրեր չընդունել։ Իսկ «Մեղեդի» սրճարանի աշխատակիցն ասաց, որ սրճարանից նույնիսկ բռնի ուժով են հեռացրել մարդկանց, որոնք չէին ցանկանում դուրս գալ։
16:44 - 15 մայիսի, 2024
Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այն էլ ավելի կզարգանա ու կընդգրկի այլ նոր ոլորտներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում և վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվում են հետևողական քայլեր: Բերտրան Վալկենաերը նշել է, որ գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները՝ նպաստելով Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր:
15:02 - 15 մայիսի, 2024
Վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ |civilnet.am|

Վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ |civilnet.am|

civilnet.am: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության խախտմամբ է դարձել վարչապետ, քանի որ «չի ունեցել բարձրագույն կրթության վկայական»։ Սրբազանին հարց էին ուղղել՝ արդյոք նա պատրա՞ստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, քանի որ երկքաղաքացիություն ունեցող անձը, ըստ Սահմանադրության, չի կարող դառնալ ՀՀ վարչապետ։ «Հրաժարվել է պետք, կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք, չեմ հրաժարվի, մեր ճանապարհն ուղիղ ընթացք է։ Ինչ պահանջված է՝ դա էլ կլինի։ Իսկ եթե այդ թեմայով խոսում ենք օրինականության մասին, այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի, չունի և առանց բարձրագույն կրթության փաստաթղթի դարձել է ՀՀ վարչապետ։ Եթե պահանջված չի, ես չգիտեմ օրենքը, բայց մեր գյուղապետերին գործից հանել են զուտ էտ փաստաթուղթը չունենալու համար[…]»,- նշեց Բագրատ սրբազանը՝ համոզմունք հայտնելով, որ օրինախախտում է տեղի ունեցել։ Լրագրողի պնդմանը, որ երկքաղացիությունը խանգարելու է վարչապետ դառնալուն, Բագրատ Գալստանյանը կրկին հայտարարեց. «ՀՀ ներկայիս գործող վարչապետը խախտել է օրենքը, ինձ թվում է, ես կարծում եմ, որ այդպես է, կարող ենք գնալ հետ նայել կամ իրավաբանները կասեն։ Առանց բարձրագույն կրթության վկայական ունենալու դարձել է ՀՀ վարչապետ։ Սահմանադրության խախտում է սա, թե չէ, խնդրում եմ ճշտեն իրավաբանները, ներկայացնեն»։ Արդյոք բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր պայման է վարչապետ ընտրվելու համար Նիկոլ Փաշինյանը իսկապես վարչապետ ընտրվելու պահին դիպլոմ չուներ, ինչը ինքը ևս հաստատել էր։Սակայն, 2018-ին օրենքի խախտում տեղի չի ունեցել, քանի որ Սահմանադրությամբ ամրագրված չէ, որ վարչապետը պետք է ունենա բարձրագույն կրթություն։ Այսպես, ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ վարչապետը հանդիսանում է կառավարության անդամ։ 148-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ կետն էլ սահմանում է պատգամավորին ներկայացվող պահանջները, ըստ որոնց՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Այսինքն, ՀՀ Սահմանադրությամբ բարձրագույն կրթության դիպլոմը պարտադիր չէ ինչպես ԱԺ պատգամավորի, այնպես էլ կառավարության անդամի համար, այդ թվում՝ վարչապետի։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:15 - 15 մայիսի, 2024
Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այդ կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այդ կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

«Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի» շրջանակում վարչապետը պատասխանել է մոդերատոր Politico in Europe-ի գործադիր խմբագիր Գորդոն Ռեպինսկու հարցերին: Գորդոն Ռեպինսկի - Դուք նշեցիք անվտանգության հետ կապված Հայաստանի իրավիճակը։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը ձեր հարևանին անվանել է ավտոկրատիա։ Դուք գտնվում եք շատ բարդ աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքում։ Ինչպե՞ս եք լուծում անվտանգության հետ կապված խնդիրն այդ միջավայրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Անկեղծ ասած, ես չէի ցանկանա մեկնաբանել մեր հարևան երկրների ներքին իրավիճակը։ Բայց մյուս կողմից, ինչպես ասել եմ, ժողովրդավարությունը հանգամանքների բերումով չի ժամանել Հայաստան։ Ես գտնում եմ, որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի մտածելակերպին։ Այն մեր կառավարության համար ռազմավարություն է, այն մեր քաղաքական համոզմունքն է, այն նաև մեր քաղաքական ինքնությունն է։ Մեր քաղաքական թիմի անդամները կյանքի մեծ մասը պայքարել են հանուն ժողովրդավարության, օրենքի գերակայության և խոսքի ազատության։ Հիմա մենք ունենք այս բոլոր արժեքները մեր երկրում իրականացնելու հնարավորություն։ Բայց, իհարկե, անվտանգային իրավիճակը բարդ էր, և այժմ այն ավելի բարդ է ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի բերումով, այլ նաև գլոբալ իրավիճակի բերումով, որովհետև ակնհայտորեն աշխարհակարգը փլուզվում է այս պահին։ Իմ գնահատականն այն է, և ես այդ մասին առիթ ունեցել եմ հրապարակայնորեն ասելու, որ պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, ինչ-որ առումով հետագա զարգացումների նախաբանն էր։ Եվ այժմ հիմնական հարցը անվտանգությունն է։ Ո՞րն է մեր ռազմավարական տեսակետը, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում երաշխավորել մեր երկրի անվտանգությունը։ Վերջերս ես մեր խորհրդարանում ելույթ ունեցա, որտեղ ասացի, որ իմ կարծիքով` անվտանգության ապահովման համար ամենակարևոր գործիքը լեգիտիմ արտաքին քաղաքականությունն է։ Սա է պատճառը, որ մենք այդքան հաճախակի ենք ցիտում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։Կցանկանայի լսարանին տեղյակ պահել, թե ինչի մասին է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այն ընդունվել է 12 խորհրդային հանրապետությունների կողմից, որտեղ նշվում են մի քանի շատ կարևոր մտքեր։ Առաջինը` Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ, քանի որ խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ երկրներ։ Շատ կարևոր է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ, որտեղ երկու շատ կարևոր համաձայնություն եղավ։ Առաջին՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է ծառայի որպես հիմք` երկու երկրների միջև սահմանազատման համար։ Սա է պատճառը, որ ես ասացի, որ մենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր սահման գծելու խնդիր չունենք։ Մենք պարզապես պետք է վերարտադրենք գոյություն ունեցած սահմանը հողի վրա։ Այս գործընթացը հենց հիմա տեղի է ունենում, և ես հույս ունեմ, որ հաստատակամորեն կշարունակենք այն։ Գորդոն Ռեպինսկի - Սահմանային կոնֆլիկտը, որ վերջին տարիներին տեղի է ունեցել, բացասաբար է ազդում Ռուսաստանի հետ հարաբերությունների և Հայաստանի համար Ռուսաստանի դերի վրա։ Ի՞նչ կասեք այս մասին։Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Հիմա նույնպես պաշտոնապես մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարել եմ, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը:Գորդոն Ռեպինսկի - Այսինքն շարունակո՞ւմ եք մնալ անդամ, թե՞...Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա հետագա խոսակցության հարց է, բայց շատ կարևոր է արձանագրել ներկայիս իրավիճակը։ Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այդ կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան, և համաձայն ՀԱՊԿ-ի ընթացակարգերի` կազմակերպությունն ու իր անդամ պետությունները պետք է աջակցեին Հայաստանին այս իրավիճակում։ Բայց նույնիսկ պաշտոնական դիմումից հետո ՀԱՊԿ-ը մերժեց որևէ հստակ քայլ անել, և փաստորեն, դա է ՀԱՊԿ-ին բոլոր մակարդակներում մեր մասնակցությունը սառեցնելու հիմնական պատճառը։Գորդոն Ռեպինսկի - Ակնկալո՞ւմ եք արդյոք, որ Արևմուտքը կգրավի ներկայիս վակուումը և կապահովի ձեր անվտանգությունը։Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականությունը կայանում է նրանում, որ մենք դիվերսիֆիկացնենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Հիմա մենք պաշտպանական ոլորտում համագործակցություն ենք զարգացնում Հնդկաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների հետ։ Հիմա մենք Եվրամիության հետ որոշակի համագործակցություն ունենք, որովհետև ինչպես նշեցի, մենք ուրախ ենք մեր և Ադրբեջանի սահմանին ԵՄ Քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման համար։ Իհարկե, դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից, ինչ-որ առումով այն մի նոր գործոն է մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Սա առաջին անգամ է, որ Եվրամիությունը որևէ կերպով մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության օրակարգին։Գորդոն Ռեպինսկի - Դուք ցանկանո՞ւմ եք դառնալ ԵՄ անդամ։Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա մենք սպասում ենք Հայաստանը Եվրոպական Խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ ԵՄ որոշմանը։ Մենք նաև հույս ունենք սկսել վիզաների ազատականացման բանակցությունները, և անցած տարի ես Եվրոպական խորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ Եվրամիությանը, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Սա է մեր դիրքորոշումը։ Գորդոն Ռեպինսկի - Հիմա փոխանցեմ լսարանից եկած հարցը, որը նույնպես Եվրոպայի հետ սերտանալու ձեր հնարավորությունների մասին է։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ նախաձեռնություններ է ձեռնարկում Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինչպես ասել եմ, կոռուպցիայի դեմ պայքարում հսկայական առաջընթաց ունենք, բայց դժբախտաբար, մենք չենք կարող ասել, որ կոռուպցիան արմատախիլ ենք արել Հայաստանից։ Բայց ի՞նչ անել` շարունակել, լինել հաստատակամ, և լինել հաստատակամ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում։ Սա է պատճառը, որ Եվրամիության հետ համագործակցությունը մեզ համար մեծագույն նշանակություն ունի, որովհետև Եվրամիությունն այսօր մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացման հիմնական գործընկերն է։ Մենք հույս ունենք, որ Եվրամիությունը, ինչպես նաև ԱՄՆ-ն ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում կավելացնեն աջակցությունը Հայաստանին, որովհետև ինչպես ասել եմ, ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է։ Իմիջիայլոց, 2019-ին մենք ԱՄՆ-ի հետ սկսել ենք Ռազմավարական երկխոսություն, և այսօր մենք տեսնում ենք Եվրամիության հետ մեր համագործակցության ամրապնդում։ Ես նաև նշեցի, որ վերջերս եռակողմ հանդիպում ունեցանք ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի մասնակցությամբ, իմիջիայլոց, դա նախադեպը չունեցող ձևաչափ էր, որտեղ մենք ընդունեցինք մի հսկայական օրակարգ` ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումների մասին։ Շատ կարևոր է նաև, որ մենք ավելի ու ավելի շոշափելի աջակցություն ստացանք ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի փախստականների հումանիտար կարիքները հասցեագրելու համար, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ այն շատ զգայուն և էմոցիոնալ հարց է մեզ համար։ Գորդոն Ռեպինսկի - Եվ վերջին հարցը։ Ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այս տարի։
20:03 - 14 մայիսի, 2024
Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը հույս են հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը Դանիա նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմաոլորտ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում, զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:
18:24 - 14 մայիսի, 2024
Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից. Փաշինյան

Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: ՀՀ վարչապետը «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մի քանի հարցի: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ ձեզ հետ կիսելու այն մարտահրավերները, որոնց բախվում է հայկական ժողովրդավարությունը։ Լավ նորությունն այն է, որ ժողովրդավարությունն իսկապես իրականություն է դարձել Հայաստանում, բայց ի՞նչ է փոխվել Հայաստանի քաղաքացիների համար իրական ժողովրդավարությամբ։ Մինչև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը մեր երկրում զանգվածային ընտրակեղծիքներն էին սովորաբար ուղեկցում ընտրություններին։ Քաղաքացիների մոտ վստահություն չկար, որ իրենք ունեն խորհրդարան ու կառավարություն ընտրելու և ձևավորելու իրական հնարավորություն։ Հիմա իրավիճակը բոլորովին այլ է. քաղաքացիները գիտեն, որ իրենք որոշում կայացնելու բավականաչափ ուժ ունեն։ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացված երկու համընդհանուր ընտրությունները թե՛ հայ հասարակության, թե՛ միջազգային հանրության կողմից ճանաչվել են որպես ժողովրդավարական, ազատ և մրցակցային։ Հայաստանը հսկայական առաջընթաց է գրանցել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում. ձեռքբերում, որը շատ լավ արտացոլված է տարբեր հեղինակավոր ժողովրդավարական ցուցիչներում: Այժմ մենք 43-րդն ենք «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսքի ազատության ինդեքսում՝ մինչդեռ 2017-ին մենք զբաղեցնում էինք 79-րդ տեղը: 2017 թվականին Freedom House-ի կողմից դասակարգվելով որպես մասամբ ազատ համացանց ունեցող, այժմ մենք վայելում ենք ազատ համացանց ունեցող երկրի կարգավիճակը: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանն այժմ 62-րդ տեղում է` 2017 թ. 107-րդի փոխարեն: Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության ինդեքսում այժմ մենք 84-րդն ենք, մինչդեռ 2017 թ. զբաղեցնում էինք 111-րդ տեղը։ Այս առաջընթացը գնահատելու համար անհրաժեշտ է նշել, որ ժողովրդավարական բարեփոխումներին զուգահեռ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերներին: 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ 2021 և 2022 թվականներին և ավելի քան 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների օկուպացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անտարբերության և անգործության պայմաններում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայերի հարկադիր տեղահանումը կասկածներ են առաջացրել Հայաստանի քաղաքացիների շրջանում` արդյոք ժողովրդավարությունը ճիշտ ընտրություն է, թե՞ գուցե ժողովրդավարությունը նշանակում է ավելի քիչ անվտանգություն: Այսպիսով, ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր արդյունավետությունն անվտանգության, տնտեսական և հումանիտար մարտահրավերներին դիմակայելիս: Եվ մենք հուսով ենք, որ Գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին բոլոր այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից։ Եվ մենք ողջունում ենք ԵՄ-ի որոշումը՝ ընդլայնելու իր կարողությունները։ Մյուս կողմից մենք հույս ունենք, որ Հայաստանը կներառվի Եվրոպական Խաղաղության հիմնադրամում, և այս առումով մենք ապավինում ենք ԵՄ անդամ բոլոր երկրների աջակցությանը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իմ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ստանձնեցին Հայաստանի տնտեսական դիմակայունության, պետական ինստիտուտների հզորացման և Լեռնային Ղարաբաղից փախստականների մարդասիրական կարիքների բավարարմանն ուղղված պարտավորությունների նոր փաթեթ: Այդ պարտավորությունների արագ և արդյունավետ իրականացումը չափազանց կարևոր է: Տիկնայք և պարոնայք, Ի հեճուկս բոլոր մարտահրավերների, մենք հավատում ենք, որ ժողովրդավարության իրական և ամենահավակնոտ ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է: Եվ իմ գլխավորած կառավարությունն այս առումով վերցրել է իր պատասխանատվության բաժինը։ Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսելու մեր միջպետական սահմանների սահմանազատումն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա։ Դա նշանակում է, որ սահմանազատում կատարելիս մենք պարզապես պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն դարձան պետական սահմաններ։ Սահմանների սահմանազատման մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և իմ միջև քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության իրականացումն է։ Այժմ ժամանակն է ներառել և արտացոլել այդ համաձայնությունները խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Մեր տարածաշրջանային կայունության մեկ այլ առանցքային գործոն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որը նախաձեռնել է իմ գլխավորած կառավարությունը։ Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցություններն այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնց միջով դրանք անցնում են, և հիմնված է հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ, որը վարում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և արտացոլված են հանդիպման արդյունքներով նախագահ Միշելի հրապարակային հայտարարության մեջ: Մենք պատրաստ ենք շարժվել համաձայնեցված կետերի իրականացման ուղղությամբ։ Տիկնայք և պարոնայք, Ձեր հարցերին պատասխանելուց առաջ ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստանի համար։ Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, ապրում ենք ժողովրդավարության մեջ»:
17:16 - 14 մայիսի, 2024
Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան
 |armenpress.am|

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների  նախերգանք էր, իսկ այժմ ակնհայտորեն տեղի է ունենում գլոբալ աշխարհակարգի փլուզում։  Այս մասին վարչապետը հայտարարել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում կայացած «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ իրավիճակի վերաբերյալ հարցին։ Վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարությունը պարզապես հանգամանքների բերումով չէ, որ հայտնվել է Հայաստանում։ «Դա, կարծում եմ, լիովին համընկնում է մեր ժողովրդի մտածելակերպի հետ և դա ռազմավարություն է մեր կառավարության համար։ Դա մեր քաղաքական համոզմունքն է։ Դա նաև մեր քաղաքական ինքնությունն է, քանի որ մեր քաղաքական թիմի անդամները իրենց կյանքի մեծ մասը պայքարել են մեր երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության, խոսքի ազատության հաստատման համար։ Եվ հիմա մենք հնարավորություն ունենք այդ բոլոր արժեքները ներդնել մեր երկրում: Բայց, իհարկե, անվտանգության իրավիճակը բարդ էր և այժմ էլ ավելի բարդ է ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի պատճառով, այլ նաև գլոբալ իրավիճակի պատճառով: Որովհետև ակնհայտորեն աշխարհակարգը հիմա փլուզվում է։ Պատերազմը, որը տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, դա հետագա զարգացումների մի տեսակ նախերգանք էր»,- հայտարարել է Փաշինյանը։
17:08 - 14 մայիսի, 2024