Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

73 զինծառայողների զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանը կարծում է՝ քննիչն ապացույցներում ընտրանքային հղումներ է կատարել

73 զինծառայողների զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանը կարծում է՝ քննիչն ապացույցներում ընտրանքային հղումներ է կատարել

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ գործի ապացույցների հետազոտման փուլը։ Այս գործով ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը մեղադրվում են այն բանի համար, որ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը։ Դատական նիստերն ընթանում են առանց նրանց մասնակցության։ Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրող Գ․ Մղդեսյանը շուրջ երկու ժամ ընթերցում էր գործի հիմքում դրված ապացույցները, որոնք, մեծ մասամբ, վերաբերում էին զորքերի տեղաշարժին, ռազմերթին եւ այլն։ Ապացույցների շարքում են այն իրավական ակտերը, որոնք վերաբերելի են Զինված ուժերին։  «Զորքերի տեղաշարժը․ գումարտակի, վաշտի տեղաշարժը կատարվում է իր ընթացքով, ռազմերթով, կամ տեղափոխվում է երկաթուղային տրանսպորտով։ Մոտոհրաձգային գումարտակը, վաշտը, բացի այդ, կարելի է տեղափոխել օդային տրանսպորտով, գումարտակի, վաշտի հիմնական տեղաշարժը ռազմերթն է։ Գումարտակը, վաշտը մշտապես պետք է պատրաստ լինի մեծ հեռավորություններում հակառակորդի զանգվածային խոցման [...]: Անկախ տեղաշարժի եղանակից եւ պայմաններից՝ զորքերն այն պետք է իրականացնեն կազմակերպված՝ գաղտնիության պահպանմամբ, բարձր տեմպով ու կարճ ժամկետներում [...]»,- ներկայացրեց հանրային մեղադրողը՝ ընթերցելով նաեւ, թե ինչ է ռազմերթը, ինչպես է այն կազմակերպվում եւ այլն։ Հանրային մեղադրողը, սակայն, ներկայացնում էր նաեւ այնպիսի դրույթներ, որոնք գործին ըստ էության չեն առնչվում, օրինակ․ «Ռադիոակտիվ քիմիական եւ կենսաբանական վարակման մասին ազդարարման ազդանշաններով գումարտակը, վաշտը շարունակում է ռազմերթը։ Վարակված գոտիները հաղթահարելուց առաջ հետեւակի մարտական մեքենաներում, զրահափոխադրիչներում եւ տանկերում ելանցքերը, դռները, հրակնատները փակվում են, միացվում են դրանցում տեղադրված պաշտպանության համակարգերը»։  Ապացույցների շարքն այսքան մանրամասն ընթերցելն առաջացրեց զոհված զինծառայողների ծնողների վրդովմունքը։ Մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանն ասաց, որ ապացույցների ծավալը որոշում է մեղադրողը, Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն էլ ասաց, որ իրենք առարկություն չունեն դրանք չներկայացնելու վերաբերյալ, եթե մեղադրողը հանի ապացույցների շարքից։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ մեկնաբանեց, որ կարգն է այսպես, եւ ապացույցներն ընթերցվում են, որպեսզի դատարանում մանրամասն հետազոտվեն։ Տուժողներն, իհարկե, նշեցին, որ հարկ չկա դրանք հանել ապացույցների ցանկից․ «Էսքան տարի դիմացել ենք, երկու ամիս էլ կդիմանանք»,- ասաց նրանցից մեկը։ Այնուհետեւ հանրային մեղադրողը ներկայացրեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի եւ մի շարք այլ հրամաններ, ըստ որոնց Գոռ Իշխանյանը եւ այլ անձինք ազատվել են տարբեր պաշտոններից ու նշանակվել այլ պաշտոններում Պաշտպան Դավիթ Կարապետյանը, դիմելով դատարանին, նշեց, որ քննիչը գաղտնի փաստաթղթի է հղում արել, եւ հայտնի չէ՝ իրավունք ուներ այդ հղումները կատարելու, թե ոչ։ Ըստ նրա՝ եթե հղում ես անում գաղտնի փաստաթղթի, բացահայտում, այն այլեւս գաղտնի չէ։ Կարապետյանի համոզմամբ՝ մեղադրանքի թեքումով ապացույցներ են բերվել դատարան, քննիչը ընտրանքային հղումներ է կատարել․ «Լավ, եթե արել ես, լավ ես արել, բա էն մնացած դրվագներն ինչո՞ւ մնացին գաղտնի, ինչո՞ւ փաստաթուղթն ամբողջությամբ չդրվեց գործի մեջ, որպեսզի, ի վերջո, պաշտպանական կողմն էլ կարողանա դրան ծանոթանալ»,- հարցեց պաշտպանը՝ խնդրելով դատարան բերել այդ ապացույցները, որպեսզի իրենք կարողանան մանրամասն ծանոթանալ եւ դիրքորոշում ներկայացնել։ Կարապետյանը, խոսելով այս ապացույցների մասին, նկատեց, որ հանրային մեղադրողը ներկայացրեց միայն զորքերի տեղաշարժին վերաբերող հոդվածները եւ չանդրադարձավ զորքերի տեղափոխման մասին դրույթներին․ «Մեր կարծիքով՝ էստեղ խոսքը ոչ թե զորքերի տեղաշարժի մասին է, այլ զորքերի տեղափոխման, որովհետեւ զորքերի տեղափոխումը լրիվ ուրիշ կատեգորիա է՝ լրիվ ուրիշ կարգավորումներով, զորքերի տեղաշարժը՝ ուրիշ։ Էստեղ զորքերի տեղաշարժ չէր էլ կարող լինել, հետագայում մենք դա կհիմնավորենք, էստեղ զորքերի տեղափոխում է եղել մի դիվիզիոնից մեկ այլ դիվիզիոն»,- նշեց պաշտպանը։ Հանրային մեղադրող արձագանքեց, որ դատարանի առաջին իսկ պահանջի դեպքում քննչական մարմինը կտրամադրի բոլոր փաստաթղթերը։ Հաջորդ ապացույցը փաստաթուղթ էր, որում ներկայացված էին անհայտ կորած զինծառայողների անունները, նրանց կոչումները եւ այլ տվյալներ։ Դատավարության մասնակիցներն ընդհանուր հայտարարի եկան, որ այս տվյալները ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Հաջորդիվ հանրային մեղադրողը ներկայացրեց 3-րդ պաշտպանական շրջանի, 18-րդ եւ 37-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատարներին ուղղված հրամանները, համաձայն որոնց 3-րդ ՊՇ հրամանատարին հանձնարարվել է 3-րդ ՊՇ-ից մեկ հրաձգային վաշտով երթ կատարել կոնկրետ երթուղով։ Նշվել է, որ կոնկրետ վայրում այդ վաշտն անցնում է 18-րդ ՀԴ հրամանատարի ենթակայության տակ։ Ապա 18-րդ ՀԴ հրամանատարաին հրամայավել է ընդունել 3-րդ ՊՇ-ի հրաձգային վաշտը եւ մարտական խնդիր առաջադրել։ Պաշտպան Դավիթ Կարապետյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, խոսվում է 3-րդ ՊՇ, 18-րդ եւ 37-րդ ՀԴ հրամանատարներին ուղղված հրամանների մասին, սակայն քննություն է կատարվել միայն 3-րդ ՊՇ եւ 18-րդ ՀԴ հրամանատարների մասով․ «Բայց Գոռ Իշխանյանի հրամանատարը հենց 3-րդ ՊՇ-ի հրամանատարան է, էս հրամանը վերաբերել է նաեւ 37-րդ դիվիզիայի հրամանատարին։ Բայց էս գործով, էդպես էլ չենք հասկանում, ի վերջո քննություն արվե՞լ է, թե՞ ոչ։ Ամենավերեւի հրամանատարի ոչ մի գործողության ոչ մի քննություն արված չի, ու էս մասը անընդհատ անտեսված է եղել։ Հետագա հարցաքննություններում սրան ուշադրություն դարձնելու ենք․ ինչի՞ ղեկավարին թողած․․․»։ Հանրային մեղադրողն արձագանքեց, որ հաշվի առնելով, որ մրցակցային դատավարություն է ընթանում, հակընդդեմ հարցման իրավունքից մեղադրյալը զրկված չէ, ուստի անհրաժեշտության դեպքում պաշտպանական կողմը կարող է միջնորդել, որ 37-րդ ՀԴ հրամանատարը կանչվի հարցաքննության։ Դատական նիստն այսօր ընդհատվեց, հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 5-ին։ Լուսանկարում՝ մեղադրյալների պաշտպանները Հայարփի Բաղդասարյան
20:35 - 17 մայիսի, 2024
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը։ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։ Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։ Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների ևս մեկ կոպտագույն խախտում է: Մինչ Եվրախորհրդարանի բանաձեւի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի և Ֆրանսիայի Սենատի բանաձևի միջոցով շարունակվում է ուժգնանալ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները, մենք՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության համաժողով»։ «Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ​​ու կոնկրետ որոշման, Ռուբեն Վարդանյանի իրավունքների հերթական կոպտագույն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։ Կալանքի ժամկետի երկարաձգումների միակ բացատրությունն այն է, որ այս գործը քաղաքական է, և որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ որևէ փաստացի ապացույց չունի՝ նրան դատապարտելու համար։ Հետևաբար, նա պետք է անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակվի»,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։
13:04 - 17 մայիսի, 2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով
 |civilnet.am|

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով |civilnet.am|

civilnet.am: Բաքվի դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, հայտնում է Report.az-ը։ Վարդանյանը ձերբակալվել էր 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։ Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ երեք հոդվածով մեղադրանք են առաջադրել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Նախօրեին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր նաև Արցախի մյուս պաշտոնյաների կալանքի ժամկետները։ Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ 23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։  
13:26 - 16 մայիսի, 2024
Արցախցիների բնակարանի խնդիրը կլուծվի 3 փուլով, կտրվի 2-5 մլն դրամ․ կառավարությունն ընդունեց ծրագիրը |civilnet.am|

Արցախցիների բնակարանի խնդիրը կլուծվի 3 փուլով, կտրվի 2-5 մլն դրամ․ կառավարությունն ընդունեց ծրագիրը |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը մայիսի 16-ին հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Նախատեսում է 2-5 մլն դրամ հատկացնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Գումարի չափը կախված է այն հանգամանքից, թե որտեղ է ընտանիքը նախատեսում բնակարան կամ տուն ձեռքբերել/կառուցել։ Ցանկը ևս հրապարակվել է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Նրա խոսքով՝ ձեռք բերվող տան բնակելի մակերեսը չպետք է լինի 12 քմ-ից պակաս՝ ընտանիքի մեկ անդամի հաշվով։ Տան արժեքն էլ չի կարող գերազանցել 55 մլն դրամը։ «Ծրագրի ֆինանսավորումն իրականացնելու են գործընկեր բանկերը, ծրագրի գումարն ու տոկոսագումարները վճարելու է Հայաստանի կառավարությունը»,- նշեց նախարարը։ Մկրտչյանը նաև մանրամասնեց, թե ովքեր չեն լինի ծրագրի շահառու․ ԼՂ-ից տեղահանված այն անձիք, որոնք արդեն օգտվում են մինչ այս կառավարության կողմից ներդրված բնակարանային ապահովման ծրագրերից։ Բացի այդ, շահառու չեն լինի այն ընտանիքները, որոնց անդամներից առնվազն մեկը 2023-ի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք կամ գնման իրավունք։ Նախարարը մանրամասնեց, թե որ դեպքում է ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում։ Մասնավորապես, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Բացառություն է միայն, երբ ընտանիքի անդամը Հայաստանի սահմաններից դուրս է եկել ուսանելու նպատակով՝ ըստ ծրագրում նախանշված չափորոշիչների։ Բացի այդ, ծրագիրը կարող է դադարեցվել, եթե հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի անդամ չհանդիսացող այլ անձանց անվամբ՝ անկախ բաժնեմասի չափից։ Երրորդ դեպքն էլ այն է, երբ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում ժամկետանց պարտավորությունները գերազանցում են 90 օրը։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ աշխատանքային խումբը շատ մեծ ծավալով աշխատանք է կատարել, սակայն հարկավոր է սկսել բացատրել մարդկանց ծրագրի մանրամասները։ «Մենք նաև հրաժարվել ենք համահարթեցման ծրագրից։ Նախ գումարը տրվում է ոչ թե ընտանիքին, այլ ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Մարդն ինքն էլ պետք է որոշի, թե քանի միլիոն դրամի բանաձևից է ցանկանում օգտվել»,- նշեց վարչապետը՝ շեշտելով, որ քաղաքացիություն ստանալով որևէ իրավունք չեն կորցնում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատարյանն էլ մնարամասնեց, որ ծրագրի շահառու կարող են դառնալ 25 հազար ընտանիքներ։ Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով՝ հինգ տարիների ընթացքում՝ 2024-2029-ին․ Ծրագրի առաջին փուլն ընդգրկում է՝ 1) 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում. 2) 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` անհատական բնակելի տան կառուցման դեպքում. 3) զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող անդամով ընտանիքները. 4) ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնց անդամները ֆինանսական կազմակերպության կողմից կհամարվեն վարկունակ և ի լրումն Ծրագրով նախատեսված հավաստագրի՝ դրա արժեքի առնվազն 50 տոկոսի չափով հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով. 5) 2023-ի սեպտեմբերի 19-ի կամ ծրագրին դիմելու օրվա դրությամբ գործող և սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված պայմաններին՝ Ծրագրին դիմելու օրվա դրությամբ բավարարող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2026-ի հունվարի 1-ը և ընդգրկում է՝ 1) երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում. 2) առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` անհատական բնակելի տան կառուցման դեպքում։ Ծրագրի երրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2027-ի հունվարի 1-ը և ընդգրկում է՝ 1) առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում. 2) սույն հավելվածի 18-րդ, 19-րդ կետերում և սույն կետի 1-ին ենթակետում չնշված մնացած ընտանիքները։ 1) գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ և 2) ծրագրի շրջանակներում ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ և 3) կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։
12:35 - 16 մայիսի, 2024
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 9 900 մարդ է լքել Հայաստանը
 |civilnet.am|

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 9 900 մարդ է լքել Հայաստանը |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ հարց էր հնչել, թե որքան արցախցի է լքել Հայաստանը՝ 2023-ի սեպտեմբերից ի վեր։ «Մամուլն ապրիլի 6-ին գրել էր, որ շուրջ 16 000 արցախցի է բռնի տեղահանությունից ի վեր լքել ՀՀ-ն»,- ասել էր լրագրողը՝ խնդրելով վարչապետին պարզաբանել՝ արդյոք իսկապես այդքան մարդ լքել է Հայաստանը։ Փաշինյանը հերքեց այս թիվը. «…Ոչ, այդքան մարդ չի հեռացել Հայաստանից։ Դա իրականությանը չի համապատասխանում»։ Այունհետև վարչապետը հավելեց, որ ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, արցախցիներն էլ գնում- գալիս են։ Ինչ է հայտնում ԱԱԾ-ն Ազգային անվտանգության ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ մայիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից մեկնել է բռնի տեղահանված 16 585 անձ, վերադարձել` 6 660-ը։ Այսինքն՝ մայիսի 1-ի դրությամբ չի վերադարձել 9 925-ը։ Ի դեպ, մեր նախորդ հարցմանն ի պատասխան, ԱԱԾ-ն տրամադրել էր տվյալներ, ըստ որոնց՝ սեպտեմբերից ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ից դուրս էր եկել 15 162, վերադարձել՝ 6062։ Այսինքն՝ չէր վերադարձել 9 100-ը։ Փաստացի միայն վերջին մեկ ամսում՝ ապրիլի ընթացքում, Հայաստանից դուրս է եկել 1 423 արցախցի։ Նրանց մեծ մասը՝ 825-ը, չեն վերադարձել։  
15:37 - 14 մայիսի, 2024
ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել |shantnews.am|

ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ պետքարտուղարությունը հավատում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը: Ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, հետաքրքրվել, թե արդյոք շփումներ եղել են կողմերի հետ: Պատելը պատասխանել է. «Ես չունեմ որևէ հատուկ ներգրավվածություն: Ես պարզապես կասեմ, որ երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին, մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է: Դա մի բան է, որով քարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված մնալ: Ես կողմերի միջև բանակցությունների վերաբերյալ թարմացումներ չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին»:
09:39 - 14 մայիսի, 2024
Հայ փախստականների վերադարձ՝ օկուպացված Արցախ. ԵԱՀԿ գործող նախագահին ԱԳՆ-ի շենքի մոտ դիմավորեցին պահանջով
 |news.am|

Հայ փախստականների վերադարձ՝ օկուպացված Արցախ. ԵԱՀԿ գործող նախագահին ԱԳՆ-ի շենքի մոտ դիմավորեցին պահանջով |news.am|

news.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը քիչ առաջ ժամանեց ԱԳՆ, որտեղ հանդիպում ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հանդես եկան մամուլի ասուլիսով։  Այցին զուգահեռ՝ ԱԳՆ շենքի մոտ էին հավաքվել մի խումբ արցախցիներ և իրավապաշտպաններ, որոնք նամակ են պատրաստել և իրենց պահանջներն են ներկայացնում։  Ակցիայի մասնակիցների ձեռքին կա «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրվածքով պաստառ։  «Ոչ միայն ԵԱՀԿ նախագահին, այլ նաև իշխանություններին ուզում ենք տեղյակ պահել, որ Իլհամը բնակեցնում է Շուշին և ոչ միայն։ Որևէ ընդվզում, նույնիսկ ընդդիմադիր դաշտից չկա։ Տպավորություն է՝ քաղաքական վերնախավը կոնսենսուսի մեջ է Իլհամի հետ, որ օկուպացված Արցախում պետք է թուրքեր ապրեն, և որևէ խոսք չկա Արցախից հայ փախստականների վերադարձի մասին»,-ասաց ակցիայի մասնակցիներից մեկը և նշեց, որ ստիպված դիմում են դրսի ուժերին, որ գոնե ձևական տիրություն անեն միջազգային նորմերին և կոչ կանեն կասեցնել օկուպացված Արցախը թուրքերով բնակեցնելը, և բռնի տեղահանվածները վերադառնան։ «Մեր նամակում Արցախից փախստականների վերադարձի իրավունքի իրացման հարցն է դրված: Ծվարել այս փոքր հողակտորի վրա, որը կոչվում է Հայաստան, շատ քիչ է: Մեր կենսատարածքն անվերջ կրճատվում է, կասկածի տակ է դրվում նմույնիսկ Հայաստանը որպես կենսատարածք:  Եթե այս վտանգը չկասեցնենք, ապա մենք գնում ենք դեպի վերացում: Ընդ որում, նաեւ մեր քաղաքական վերնախավի ուղիղ մասնակցությամբ: Նամակը արդեն փոխանցվեց: Այսօր իրականացվող ցեղասպանությունը կանխելու միայն մեկ հայտնի մոդել կա՝ «անջատում հանուն փրկության»: Դա նշանակում է, որ արցախահայությունը պետք է ապրի Ադրբեջանի ցանկացած վերահսկողությունից դուրս, միջազգային ուժերի ուղիղ պաշտպանությամբ եւ աջակցությամբ: Թուրքի հետ անհնար է ապրել»,-ասաց արցախցի կինը:
12:29 - 13 մայիսի, 2024
«Սերը միշտ հաղթում է». Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին

«Սերը միշտ հաղթում է». Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին

2024 թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ընթերցել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից: Ստորև ներկայացվում է Վերոնիկա Զոնաբենդի խոսքը։ Այս մասին հայտնում են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից։ ««Ավրորա» 8-րդ մրցանակաբաշխության հարգարժան հյուրեր ու մասնակիցներ, միանում եմ ձեզ Հայաստանից՝ Երևանից: Ես կանգնած եմ այստեղ՝ IDeA հիմնադրամի այգում, որը գրեթե 25 տարի առաջ հիմնել ենք Ռուբենն ու ես՝ մեր ընկերների ու գործընկերների հետ միասին։ «Ավրորան» ծնվել է այս արմատներից, այն հիմնել են Նուբարը, Վարդանը և Ռուբենը:  Մինչև Ռուբենի ուղերձն ընթերցելը՝ կցանկանայի իմ խորին և անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ, «Ավրորա»-ի համայնքին՝ աջակցության և զորակցության համար։ Ավելի քան 200 օր Բաքվում բանտարկված լինելով՝ Ռուբենն ու մյուս հայ բանտարկյալները ձեր աջակցությունն են ստացել, դուք նրանց ձեր համերաշխությունն եք հայտնել՝ ձեր համարձակ գործողություններով պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Բոլորովին վերջերս՝ Ռուբենի 20-օրյա հացադուլի ժամանակ, դուք նորից ձեր ձայնը բարձրացրիք՝ միանալով ընտանիքի ձայնին, ինչն անգնահատելի է։ Եւս մեկ անգամ շնորհակալություն։  Իսկ հիմա ներկայացնում եմ Ռուբենի ուղերձը․ Բաքվի բանտ, 2024 թ. «2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Վարդանը, Նուբարն ու ես, մտորելով, թե ինչպես կարելի է նշել այդ ճակատագրական օրը, որոշեցինք, որ չպետք է միայն հարգանքի տուրք մատուցենք ողբերգության զոհերի հիշատակին: Մենք ցանկանում էինք մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել էին մեր պապերին ու տատերին, փրկել էին կյանքեր: Մենք ցանկանում էինք փոխել հայկական նարատիվը՝ զոհի կերպարից ու անցյալի հիշողությունից դեպի նոր՝ ապագային հույսով նայելու հեռանկարի: Մենք սկսեցինք այս նախաձեռնությունը՝ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելու համար մերօրյա հերոսներին, մեծարելու նրանց և օգնելու, որպեսզի շարունակեն իրենց դժվարին առաքելությունն ու բարի գործերը: Մենք երազում էինք, որ Երևանը դառնա աշխարհի մարդասիրական մայրաքաղաքը, և որ մենք միավորվեինք՝ ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի հետ դառնալով միասնական ազգ։  «Ավրորա»-ի հետ մենք աշխարհի ուշադրությունը հրավիրում ենք մերօրյա իրական հերոսների վրա, ովքեր վտանգում են իրենց բարեկեցությունն ու կյանքը, ովքեր հավատ ու ճանապարհ են գտնում ուրիշներին օգնելու համար: «Ավրորա»-ի շնորհիվ ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ սովորեցրին ամենակարևոր դասը՝ հավատարիմ մնալ մարդկային արժեքներին և սեփական սկզբունքներին՝ անկախ իրավիճակից, և անցնել քո ճանապարհը: Իմ՝ Արցախ տեղափոխվելու որոշումը ես կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ. ես որոշեցի լինել այն մարդկանց կողքին, որոնք օգնության կարիք ունեին ու փորձում էի հնարավոր ամեն ինչ անել՝ նրանց օգնելու համար: Հիմա լինելով այստեղ՝ արտաքին աշխարհից գրեթե ութ ամիս ամբողջովին մեկուսացված, ես խորհելու շատ ժամանակ ունեմ։ Ես ամենևին չեմ զղջում այդ ճանապարհն ընտրելու համար։ Ես խորապես երախտապարտ եմ ձեզ՝ ինձ ոգեշնչելու ու ճիշտ գործի մղելու համար: Հիմա ես շատ ավելի լավ եմ հասկանում, թե  ինչն էր առաջ մղում Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային և «Ավրորա»-ի  մյուս դափնեկիրներին, և ինչու են նրանք այդպես հավատում մեկ մարդու ուժին․ մարդու, որը կարող է փոխել աշխարհը դեպի լավը: Մենք պարզապես չունենք այլընտրանք՝ բացի փորձելուց:  Ցավոք, աշխարհն ավելի բարի չի դարձել ձեր լավ գործերի արդյունքում, բայց սա նշանակում է, որ այն, ինչ դուք անում եք, հիմա ավելի կարևոր է, քան երբևէ:  Ուրիշներին օգնելու ձեր հանձնառությունն ինձ այստեղ ուժ է տալիս: Ես հիմա, ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը: Ես մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր առաքելության մեջ և իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում այս տարվա դափնեկրին։ Վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավ և ավելի բարի վայր դարձնելու համար: Ինչպես Մարգարիտն է հաճախ ասում․ «Սերը միշտ հաղթում է»։ Եվ թող սերն ու արժեքները հաղթեն։ Եվ թող մենք բոլորս տանք ավելին, քան երբեւէ կարող ենք հուսալ, որ կստանանք: Մեզնից յուրաքանչյուրն իրականում կարող է շատ բան փոխել»»։  
16:41 - 10 մայիսի, 2024
Մի խումբ արցախցիներ Աբովյանի մոտ սպասում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին

Մի խումբ արցախցիներ Աբովյանի մոտ սպասում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին

Մի խումբ արցախցիներ հավաքվել են Աբովյան քաղաքի մոտ, նրանք սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթին:   Նշենք, որ երեկ Արցախի թեմի առաջնորդ էր արցախցիներին հորդորել միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին:   «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը այսօր ժամը 13։00-ից Չարենցավանից մեկնարկել է երթը դեպի Աբովյան քաղաք։ Շարժումը Երևանում կլինի վաղը՝ մայիսի 9-ին, և ժամը 16։00-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում։ Հիշեցնենք, որ շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին սկսած սահմանազատման գործընթացը։  Շարժման մասնակից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենց օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է։ 
17:13 - 08 մայիսի, 2024
Ինչո՞ւ Ռուսաստանը խաղաղապահներին այդքան հեշտ դուրս բերեց Ղարաբաղից․ Կիրիլ Կրիվոշեևի վերլուծությունը
 |civilnet.am|

Ինչո՞ւ Ռուսաստանը խաղաղապահներին այդքան հեշտ դուրս բերեց Ղարաբաղից․ Կիրիլ Կրիվոշեևի վերլուծությունը |civilnet.am|

civilnet.am: Մոսկվայի Կարնեգի կենտրոնում հրապարակվել է Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած լրագրող Կիրիլ Կրիվոշեևի հոդվածը ռուս-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ «Նոր բարեկամության գինը․ ինչո՞ւ Ռուսաստանը խաղաղապահներին այդքան հեշտ դուրս բերեց Ղարաբաղից» վերնագրված հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը մշտական հիշեցում էր, որ Ռուսաստանը, չնայած զորակազմին, դադարել է կարգավորման գործընթացում որևէ դեր ունենալ։ Իսկ այժմ զորքի դուրսբերումը կարելի է համարել նեղացածի ժեստ․ Արևմուտքին ծախված Փաշինյանը չգնահատեց Մոսկվայի հոգատարությունը, և հիմա թող ինքն էլ գլուխ հանի հետևանքներից։ Ադրբեջանին հաջողվեց անել այն, ինչը հետխորհրդային երկրներում դեռ ոչ վաղ անցյալում անհնար էր թվում։ Բաքուն ոչ միայն հասավ նրան, որ ռուսական խաղաղապահ զորակազմը վաղաժամ դուրս գա Ղարաբաղից, այլև այդ գործընթացը համատեղեց Իլհամ Ալիևի՝ Մոսկվա այցի հետ, որն անցավ անսովոր ջերմ մթնոլորտում։ Ռուսաստանի իշխանությունները և պրոպագանդիստները չքննադատեցին Ադրբեջանի առաջնորդին Ռուսաստանին տարածաշրջանից հանելու համար, այլ հակառակը՝ ամբողջ ուժով արդարացրին իրերի այդպիսի դասավորությունը։ Նրանք մեղավոր կարգեցին Հայաստանի իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին, որը «ինքն էր ճանաչել Ադրբեջանի՝ 1991-ի սահմանները» և վստահել Բրյուսելին ու Վաշինգտոնին, ինչը, ըստ Կրեմլի տրամաբանության, չի կարող լավ բանի հանգեցնել։ Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ցուցադրական մտերմությունը բոլորովին չի նշանակում, որ նրանք հիմա սերտ դաշնակիցներ են, և Բաքուն պատրաստ է Մոսկվային փոխադարձ զիջումներ անել։ Ավելի շուտ, Կրեմլն ընդունեց, որ Ղարաբաղյան հարցը փակված է, և որոշեց չփչացնել հաղթողի հետ հարաբերությունները։ Իսկ Երևանի հետ Բաքուն ուղիղ երկխոսություն է հաստատում, ընդ որում մինչ այժմ՝ լիովին արդյունավետ։ Գործընկեր, որին քննադատություն չի կպնում Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դիվանագաիտական և ռազմական ջանքերի ճիշտ համադրությամբ տարածաշրջանային հակամարտությունը կարելի է ոչ միայն լուծել Մոսկվայի կամքին հակառակ, այլև չեզոքացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Դեռ ոչ վաղ անցյալում թվում էր, որ եթե Մոսկվան որևէ վայրում իր խաղաղապահներին է տեղակայում, ապա նրանք այդտեղ մնում են գրեթե ընդմիշտ՝ լինի Աբխազիան, Հարավայի Օսիան կամ Մերձդնեստրը։ Սակայն Ղարաբաղի դեպքը ցույց տվեց, որ լինում են նաև հակառակ օրինակները, երբ Ռուսաստանը մուտք է գործում ակնհայտորեն երկար ժամանակով, բայց ստիպված է դուրս գալ վաղաժամ և անհասկանալի արդյունքով։ Դա հերիք չէ, Կրեմլն ամեն անգամ ջանում է թե՛ ռուս հանրությանը, թե՛ արտաքին աշխարհին համոզել, որ ադրբեջանական կողմի նկատմամբ որևէ վերապահում չունի։ Ըստ Մոսկվայի հավաստիացումների՝ ամեն ինչ գնում է ըստ ծրագրվածի՝ զորակազմը կատարել է իր առաջադրանքները, որոնցից գլխավորը քաղաքացիական բնակչությանը բռնությունից պաշտպանելն էր, և դրա համար էլ այժմ կարող է հեռանալ։ Եվ, ընդհանրապես, դուրսբերման մասին որոշումը, ըստ Պեսկովի, ընդունվել է համատեղ և պայմանավորված չէ որևէ կողմի կամքով, այլ՝ «փոփոխված իրողություններով»։ Ընդ որում, Ռուսաստանը կուլիսների համառորեն անտեսում է հարցը, թե ով է թույլ տվել իրողությունների այդ փոփոխությունը, եթե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայերի և ադրբեջանցիների միջև շփման գիծը պետք է չփոփոխվեր։ Ըստ էության՝ այն ամենը, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում 2022-ի դեկտեմբերից ի վեր, հնարավոր եղավ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զսպել չկարողանալու պատճառով։ Ամեն ինչ Փաշինյանի վրա բարդելու Մոսկվայի փորձերը հազիվ թե ինչ-որ մեկին համոզեն։ Ռուսաստանն այնքան է ջանում խուսափել Ադրբեջանի հետ ցանկացած շփումից, որ նույնիսկ չհիշեց անցած տարվա սեպտեմբերին Ճանկաթաղում զոհված խաղաղապահների մասին [2023-ի սեպտեմբերի 20-ին ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով Արցախի Ճանկաթաղ գյուղի շրջակայքում սպանվեց ռուսաստանցի հինգ խաղաղապահ – ՍիվիլՆեթ]։ Ադրբեջանն ընդունեց իր մեղավորությունը, Ալիևը ներողություն խնդրեց, սակայն հետաքննության որևէ արդյունք մինչ այժմ չի հրապարակվել։ Ալիևի՝ ապրիլի 22-ին Մոսկվա կատարած այցն էլ այնպես էր կազմակերպված, որ ոչինչ չհիշեցնի հենց այդ նույն պահին խաղաղապահների դուրսբերման մասին։ Դրա փոխարեն հանդիպման գլխավոր շեշտը ադրբեջանական առաջնորդի հոր՝ Հեյդար Ալիևի արժանիքներն էին։ Հայր Ալիևը 50 տարի առաջ գլխավորել էր Բայկալ-ամուրյան երկաթուղու կառուցման կառավարական հանձնաժողովը։ Խորհրդային դարաշրջանի ժառանգների հանդիպման ներդաշնակ մթնոլորտը քննադատության որևէ խորշ չի թողնում։ Եվ այս ամենը տեղի ունեցավ՝ չնայած Ադրբեջանի դեմ վերապահումների այն ահռելի քանակին, որ ունեն նույնիսկ Կրեմլին հավատարիմ և Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցող հայրենասերները։ Պատերազմն արդարացնող տելեգրամյան ալիքներն անընդհատ կշտամբում են Բաքվին Ուկրաինայի նկատմամբ անթաքույց ապրումակցման համար․ Ադրբեջանում Ուկրաինայի զինված ուժերում կռվող ադրբեջանցի կամավորների մասին լուրեր պատրաստում են անգամ իշխանամերձ լրատվամիջոցները։ Զայրույթի պատճառ են նաև Ադրբեջանից Ուկրաինա զենքի մատակարարման մասին լուրերը և Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի հետ կապված միջադեպերը։ Այնուամենայնիվ, Ալիևը Կրեմլի համար մնում է գործընկեր, որին քննադատություն չի կպնում և որի նկատմամբ ռուսական իշխանությունները պահանջներ չեն ներկայացնում։ Համարյա առանց միջնորդների Լրատվականների համար ներդաշնակ այդ պատկերի և կադրի հետևում մնացած իրական մեծ հակասությունների միջև հակադրությունը բնական հարց է առաջացնում՝ ինչու Կրեմլը, որն այդքան խանդոտ վերաբերմունք ունի հետխորհրդային երկրներում իր ռազմական ներկայության նկատմամբ, այդքան հանգիստ և նույնիսկ բարեհոգաբար է արձագանքում Բաքվի կողմից իր այդ ներկայության ակտիվ վերացմանը։ Գիտակցելով սեփական ձախողումը Ղարաբաղյան կարգավորման հարցում, երբ ռուս խաղաղապահները տարածաշրջանում պիտի փաստացի մնային անժամանակ՝ Մոսկվան սկզբում փորձեց իր զորակազմի համար Հարավային Կովկասում նոր դեր գտնել։ Առանձին հայտարարություններից դատելով՝ քննարկվել է նրանց երկարաժամկետ տեղակայումը Հայաստանում՝ որպես ՀԱՊԿ-ի առաքելության մաս, սակայն Փաշինյանը հրապարակային հրաժարվեց ռուս խաղաղապահներին Հայաստանում ընդունելուց։ Վերջին բանը, որով Ռուսաստանը փորձեց արդարացնել խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում, ականազերծումն էր։ Սակայն դա ակնհայտորեն այն խնդիրը չէ, որը պահանջում է 2000 մարդու և 400 միավոր հատուկ տեխնիկայի մասնակցություն։ Ալեքսանդրյան 15-րդ առանձին հրաձգային բրիգադի զինծառայողների մեծ մասը, որտեղից 2020-ին խաղաղապահներին էին հավաքել, վաղուց կռվում են Ուկրաինայում։ Այժմ Ղարաբաղում ազատ մնացած ռուսական տեխնիկան և մարդիկ ամենայն հավանականությամբ կուղարկվեն ուկրաինական ճակատ։ Արդյունքում Ռուսաստանը ստիպված եղավ իր զինծառայողներին դուրս հանել Ղարաբաղից առանց Ադրբեջանից որևէ փոխհատուցում ստանալու։ Մոսկվան ինչպես կար, այնպես էլ մնում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից դուրս մնացած։ Այո՛, Կրեմլն ու Բաքուն կարող են գրեթե համաժամանակ կշտամբել Երևանին Արևմուտքին մերձենալու փորձերի համար, բայց Հարավային Կովկասում ռուսական դիվանագիտության ուժեղացման կամ ռուս-ադրբեջանական տանդեմ ստեղծելու նշաններ տեսանելի չեն։ Հայաստանի սահմանային չորս գյուղերը Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածությունը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանային առաջին սյուների տեղադրումը տեղի ունեցավ առանց Ռուսաստանի մասնակցության՝ ուղիղ երկխոսության արդյունքում։ Հանդիպումն էլ տեղի ունեցավ հենց սահմանին։ Անցած տարի սկսված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «Ո՛չ Ռուսաստան, ո՛չ Արևմուտք» մոտեցումն էլ անսասան է թվում։ Առանց միջնորդների ձեռք բերված պայմանավորվածություններն էլ առայժմ բավական ողջամիտ և կենսունակ են թվում։ Չորս գյուղերի շուրջ սահմանազատման ընթացքում կողմերը նախապես կարևոր ճանապարհներ ընդգրկող ոչ մեծ տարածքների փոխանակման պատրաստակամություն են արտահայտել (իսկ Հայաստանի համար և ընդհանրապես Երևան-Թբիլիսի մայրուղին կենսական կարևորություն ունի): Եթե փոխանակումը հաջող ընթանա, այն կդառնա կարևոր նախադեպ։ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի սահմաններով դելիմիտացիան իրականացնելու կետը նույնպես լավատեսություն է ներշնչում։ Դա պիտի խանգարի Ադրբեջանին հետագայում վերադառնալ 1940-ականների, 1950-ականների և 1960-ականների քարտեզներին, որոնցում Խորհրդային Ադրբեջանի տարածքը փոքր ինչ մեծ էր։ Մյուս կողմից, Ադրբեջանը առաջվա նման քննադատում է Հայաստանին բանակն ուժեղացնելու ցանկացած փորձի մեջ և Զանգեզուրի միջանցքի թեման պատրաստ է պահում։ Այսինքն՝ Բաքուն և Երևանը առաջին անգամ իրոք ինչ-որ օգտակար բանի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել առանց արտաքին օգնության, բայց դա կարող է լինել միայն ժամանակավոր ցուցադրություն, ինչից հետ կսկսվեն ծանոթ խնդիրները։ Սակայն կարգավորման մեջ Ռուսաստանի միջնորդական դերն ամեն դեպքում կչեզոքանա՝ չնայած Մոսկվայի շարունակական խոստումներին՝ հասնելու 2020-ի համաձայնությունների իրականացմանը։ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ճնշման փորձերը, Ուկրաինայի բախտին արժանանալու սպառնալիքները դժվար թե օգնեն․ Ադրբեջանը նույնպես չի ցանկանում տեսնել Ռուսաստանի միջնորդությունը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:30 - 08 մայիսի, 2024
Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը
 |armenpress.am|

Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն առաջիկա նիստերից մեկում կընդունի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։ Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ «Պետք է ուրախությամբ ասեմ, որ մենք կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք ծրագիրը։ Կարծում եմ, որ ստացել ենք բավականին լավ ծրագիր»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը մանրամասներ ներկայացրեց ծրագրից։ «Մենք որոշել ենք, որ երեք ուղղությամբ պետք է աջակցենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին։ Առաջինը՝ բնակարան կառուցելու հարցում, երկրորդը՝ տներ ձեռք բերելու, երրորդը՝ կարևոր որոշում ենք կայացրել, որ մարդիկ, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, մենք որոշակի սկզբունքներով աջակցություն կցուցաբերենք։ Կան նաև ընտանիքներ և տարեց մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն այս ծրագրերին մասնակցելու հնարավորություն չեն ունենա, նրանց համար սոցիալական բնակարանների ապահովման ծրագիր ենք իրականացնում, որպեսզի նման կարգավիճակ ունեցող մարդիկ ունենան սոցիալական բնակարան»,- ասաց վարչապետը։
13:53 - 07 մայիսի, 2024
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսականներ
 |1lurer.am|

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսականներ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ 66 կոնգրեսական երկրի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ է արել 200 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականներին, ավելացնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել բոլոր ռազմական ու անվտանգության հատկացումները Ադրբեջանին և ուսումնասիրել ադրբեջանցի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։ Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալլարթին և կոնգրեսական Բարբարա Լիին: Կոնգրեսականները նամակում կոչ են արել նաև Հայաստանին հատկացնել 20 միլիոն դոլար ռազմական ֆինանսավորում, 10 միլիոն դոլար՝ արտերկրում ռազմական կրթության և վերապատրաստման համար, ևս 10 միլիոն դոլար՝ իրավական բարեփոխումների, 10 միլիոն դոլար էլ՝ ժողովրդավարական բարեփոխումների համար: Նամակի հեղինակները հատկապես մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու՝ Ալիևի ռեժիմի մտադրությունների վերաբերյալ։ Կոնգրեսականներն ասել են, որ Իլհամ Ալիևն իր ցեղասպան գործողություններով բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում արդար խաղացող չէ, և Միացյալ Նահանգները չպետք է որևէ օգնություն տրամադրի նրա ռեժիմին անվտանգության ոլորտում: Ամերիկացի օրենսդիրները դատապարտել են ԱՄՆ Պետքարտուղարությանը և միջազգային կազմակերպություններին, որ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության չեն ենթարկում մարդու իրավունքների խախտումների համար: «Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները լրջորեն մտածի պատժամիջոցներ սահմանելու մասին, որպեսզի ադրբեջանցի պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի բոլոր խախտումների համար»,- ասվում է նամակում։
15:10 - 02 մայիսի, 2024
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
 |armenpress.am|

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) 2024 թվականի տարեկան իր  զեկույցում կոչ է անում կառավարությանը ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերի և այլ կրոնական կամ մշակութային օբյեկտների վերականգնման, պահպանման և պաշտպանության համար: Զեկույցում ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվում Ադրբեջանը ներառել «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» ցանկում՝ կրոնական ազատության համակարգված, շարունակական և աղաղակող խախտումների համար, ինչպես սահմանված է միջազգային կրոնական ազատության մասին օրենքում (IRFA): Հրապարակված զեկույցում ընդգծվում է, որ 2023 թվականին Ադրբեջանի կառավարությունը շարունակել է սպառնալիք ներկայացնել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող կրոնական օբյեկտների համար: Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանում կրոնների հետ աշխատանքի պետական պաշտոնական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին կոչ էր արել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին լքել Դադիվանքը՝ կեղծ պնդում անելով, թե նրանք (խմբ․ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները) որևէ առնչություն չունեն այդ կրոնական օբյեկտի հետ:
12:27 - 02 մայիսի, 2024