ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Դատախազը 2024 թվականին ապրիլի 26-ին միջնորդագիր է ներկայացրել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կնքած աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ: «Մասիս համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից:  Դատախազը 2024 թվականի հունվարի 9-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մասիս համայնքի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների նկատմամբ այն բանի համար, որ նրանք, չունենալով 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար պարտադիր պայման հանդիսացող բարձրագույն կրթություն, ներկայացրել են բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ դիպլոմներ:    2024 թվականի հունվարի 10-ին վարչական ղեկավարների պաշտոնավարումը կասեցվել էր, իսկ մարտի 29-ին վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ դադարեցվել քրեական հետապնդումները»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
18:14 - 17 մայիսի, 2024
Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը․ պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է

Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը․ պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը։ Այդ մասին հայտնում է «ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդը։  «Մայիսի 14-ին «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունները վերազանցելու փաստի առթիվ: Եվ ահա` մեկ օր անց հայտնի դարձավ, որ մեր ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել։  Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է: Մենք հետևողական ենք լինելու ՀՀ դատախազության և քննչական մարմինների` Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների կատարման հարցում` հասնելով սահմանազատման անվան տակ ՀՀ տարածքից միակողմանի զիջումների համար բոլոր մեղավորների քրեաիրավական պատասխանատվությանը»:
14:09 - 16 մայիսի, 2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընդգծելու ՀՀ դատախազության և Հայաստանում ԵԽ գրասենյակի համագործակցության արդյունավետությունն ու քննարկելու փոխգործակցության զարգացման հետագա ուղղությունները: Գլխավոր դատախազն անդրադարձել է 2024 թվականի ապրիլի 26-27-ին Երևանում անցկացված «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովին և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ Խորհրդաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն Խորհրդաժողովի հաջողումն ու ընդլայնված աշխարհագրությամբ մասնակցությունը գնահատել է Գլխավոր դատախազության հետ ամրապնդված համագործակցության արդյունք և հանրապետության գլխավոր դատախազի հետ քննարկել է փոխգործակցության շրջանակում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներով շարունակական վերապատրաստումների միջոցով դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանն աջակցելու հնարավորությունները, ինչպես նաև փոխգործակցության այլ ուղղությունները:
17:44 - 15 մայիսի, 2024
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին

Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին

Կառավարության նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերի նկատմամբ վերականգնվել է (ճանաչվել է) Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Վճռի հիման վրա՝ շուկայական արժեքին մոտարկված՝ ընդհանուր շուրջ 18,5 մլն դրամ կադաստրային արժեքով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերին տրվել են Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս 27 և 28 հասցեները, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային ֆոնդի հողերի վերաբերյալ Գլխավոր դատախազության կողմից ներկայացվել է 14 քաղաքացիական հայց, որոնց շրջանակներում վիճարկվում են շուրջ 465 հազար 770 քմ մակերեսով հողամասի աճուրդները: Դատախազության հայցերից 8-ով կայացվել են վճիռներ՝ պետության օգտին. 3 վճիռ մտել է օրինական ուժի մեջ, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը՝ ընդհանուր 55 հազար 197 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:   
13:13 - 08 մայիսի, 2024
«Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ օպերատիվ ստուգում է իրականացվում. գլխավոր դատախազ

«Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ օպերատիվ ստուգում է իրականացվում. գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով «Freedom house»-ի՝ «Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ դատողությանը, թե մտահոգիչ է, որ իրավապահ մարմինները դրանցում հանցակազմ չեն տեսել, ասաց․  ««Freedom house»-ը չունի այդ տվյալը, քանի որ օպերատիվ ստուգման փուլում է գտնվում հրապարակումը, Հակակոռուպցիոն կոմիտեում է գտնվում․ այս պահին ստուգվում են բոլոր տվյալները, փոխանցումները։ Առանձին ստուգողական գործողություններ են իրականացվում բանկային փոխանցումների վերաբերյալ»։ Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ինֆոքոմին» հայտնել էին, որ հրապարակումն ուղարկվել է Ներքին գործերի նախարարություն՝ ստուգողական գործողությունների։ ՆԳՆ-ից էլ պատասխանել էին, որ Ոստիկանության ԵՔ վարչության Կենտրոնի բաժնում իրականացվել են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում հանցանքի և զանցանքի հատկանիշներ չեն հայտնաբերվել։
18:00 - 03 մայիսի, 2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
 |panorama.am|

Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ |panorama.am|

panorama.am: Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը  ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ձեզ է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ (Պետական դավաճանությունը) և 421-րդ հոդվածներով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) հանցագործության մասին հաղորդում ` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ, Անն Վարդապետյանն ասաց. «Դրանում կային որոշակի փաստաթղթեր, այդ թվում սեփականության վկայականների պատճեներ, որոնց  իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար։ Ուղակել ենք ԱԱԾ՝ խնդրելով օպերատիվ ստուգման արդյունքներով մեզ ներկայացնեն փաստաթղթերը, որպեսզի վարույթ նախաձեռնել- չնախաձեռնելու հարցը քննարկվի»։
16:35 - 03 մայիսի, 2024
44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ
 |armenpress.am|

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ |armenpress.am|

armenpress.am: 44-օրյա պատերազմի հետ կապված Հայաստանում երկու վարույթ է հարուցվել, որոնք վերաբերվում են ադրբեջանական ագրեսիային, ևս մեկ վարույթ հարուցվել է Լեռնային Ղարաբաղից մարդկանց բռնի տեղահանման հետ կապված։ Ազգային ժողովում այս մասին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Նշածս վարույթները հրապարակային քննարկման ենթակա չեն, որովհետև նախ գաղտնիության ռեժիմ է սահմանված, բացի այդ որոշակի անձանց հետ կապված գործողություններն են իրականացվում, որոնք հրապարակայնացման ենթակա չեն։ Բայց 44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար՝ որպես Հայաստանի քաղաքացի և հետո նաև որպես  գլխավոր դատախազ»,- ասաց Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը նշեց, որ այդ դասերից մի քանի հետևություններ է արել։ «Առաջին հերթին զինվորական դատախազության մասով լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք այս պահին իրականացնում։ Ընդլայնում ենք զինդատախազների թվաքանակը և պրոֆեսիոնալացնում ենք, որպեսզի զինդատախազությունը որոշակի պրոցեսների սպասարկու չդառնա, այլ կարողանա անընդհատ արտաքին դիտորդի աչքով պրոցեսներին հետևել։ Նաև կանխարգելման տեսանկյունից զինվորական դատախազությունը պարբերաբար այցելում է զորամասեր, ես ինքս էլ եմ գնում։ Այցելության նպատակը ոչ թե ահաբեկելն է, այլ բացատրելն է, որ ամեն արարք առաջացնում է հետևանք, և մեր նպատակն է, որ բանակում ոչ թե հետևանքները կանխենք, այլ նախականխենք և թույլ չտանք, որպեսզի զինծառայողների մոտ միջանձնային հարաբերությունների պատճառով հանցավոր հետագիծ ձևավորվի։ Բացի այդ, մենք բազմաթիվ միջնորդագրեր ենք ուղարկում։ Ես ինքս պաշտպանության նախարարին յուրաքանչյուր կոռուպցիոն դեպքով գրում եմ»,-ասաց Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի քրեական գործերի մասին շատ չեն լուսաբանում և չեն խոսում, որպեսզի բանակի մարտունակությունը չընկնի և զինծառայողների մոտ բարոյահոգեբանական մթնոլորտի անկում տեղի չունենա։ «Վստահեցնում եմ, որ 44-օրյա պատերազմի բոլոր գործերը, որոնք հատկապես կապված են հրամանատարների կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետ, հետևողականորեն ուղարկվում են դատարան և զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի, և դատախազը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս այդ գործն ուղարկել դատարան»,- եզրափակեց Վարդապետյանը։
16:24 - 03 մայիսի, 2024
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանին

Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանին

Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը հաստատել է Երևան քաղաքի դատախազության և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը: Հաշտության համաձայնությամբ՝ «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունն ընդունել է, որ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև 2012 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված «Գույքի օտարման և գրավի» պայմանագիրը չի բխել Կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի՝ «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 1052-Ա որոշումից: Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել էր, որ Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող՝ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից 300 քմ մակերեսով տարածքը խարդախությամբ հափշտակվել էր: Մասնավորապես՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացվել էր 800 մլն դրամ արժողության՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակվել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված՝ 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: Նշված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ վարույթի մասն անջատվել և հանձնվել էր Հակակոռուպցիոն դատարան: Հաշտության համաձայնությամբ «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունն ընդունել  է, որ չի կատարել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պայմանը, պարտավորվել է Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում իր կողմից կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քառակուսի մետր ներքին մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քառակուսի մետր ներքին մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքը և այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես չկատարված պարտավորության հատուցում»,- ասված է հաղորդագրության մեջ։
16:21 - 29 ապրիլի, 2024
2023-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայց |1lurer.am|

2023-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայց |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը լսել է ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը: Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայց, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է ավելի քան 384 միլիարդ դրամ: 2023-ի ընթացքում ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը 417 միլիարդից ավելի է: «2023-ի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներ, որոնցով դատախազությունը պահանջ է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդ-արժեթուղթ, շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ»,- ասել է Աննա Վարդապետյանը:
13:23 - 29 ապրիլի, 2024
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ |tert.am|

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ |tert.am|

tert.am: Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել, որով ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, որոնցից 56-ը Երևանում է։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը ներակայցնելիս այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է նաև Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 13 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 29 իրավաբանական անձում, ավելի քան 1,4 մլն դոլարի ավանդ և արժեթուղթ, ավելի քան 23 մլն դոլարին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 23 մլրդ դրամ, որը, ըստ դատախազի, իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար։
11:41 - 29 ապրիլի, 2024
Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամ

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամ

armenpress.am Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներով դատախազությունն ինչ է պահանջում բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձանցից: Վարդապետյանն այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը: «2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներ, որոնցով Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված յոթ անձանցից (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 25 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձերում,  ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր,  շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք,  ավելի քան 35 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար»,–ասաց գլխավոր դատախազը:
11:39 - 29 ապրիլի, 2024
ՀՀ գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հայաստան ժամանած եվրոպացի դատախազներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ  շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը: Շրջայցին հաջորդել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը պարգևատրվել է ՀՀ դատախազության հուշանվեր ժամացույցով: Հիշեցնենք, որ պատվիրակությունները մասնակցում են Գլխավոր դատախազության՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ մեկնարկած «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան խորհրդաժողովին:  
10:41 - 27 ապրիլի, 2024
Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն և նույն ընկերության ավագ բուժքույր Լ.Հ.-ն կազմակերպել և ղեկավարել են Ընկերության բուժաշխատողների կողմից բուժառուների հիվանդության պատմագրերում կեղծ (բուժառուներին վերակենդանացման բաժանմունքներում բուժելու վերաբերյալ) տեղեկություններ ներառելը: Արդյունքում՝ 2020 թվականի հուլիսից 2022 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Ընկերության 20-ից ավելի բուժաշխատակից կեղծել է 829 հիվանդության պատմագիր՝ դրանցում ներառելով հիվանդության ընթացքի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև նշված հիվանդները, սոմատիկ բաժանմունքից բացի, բուժում են ստացել նաև վերակենդանացման բաժանմունքներում: Վերոնշյալ կեղծ պատմագրերի հիման վրա կազմված՝ հաշվետվողական բնույթ կրող փաստաթղթերը Ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են Առողջապահության նախարարություն: Դրանց հիման վրա՝ Նախարարությունում հաշվարկվել և Ընկերության հաշվեհամարին, բացի փաստացի մատուցված ծառայությունների համար նախատեսված գումարից, անհիմն փոխանցվել է հավելյալ՝ 263 մլն 480 հազար դրամ: Քրեական վարույթով, ի թիվս այլնի, պարզվել են մի շարք հանգամանքներ. Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ առողջապահության փոխնախարարն իր մտերիմն է` այդկերպ Լ.Հ.-ի մոտ առաջացնելով իր հանձնարարությունը կատարելու վճռականություն: Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի պատասխանատուն ՀՀ առողջապահության փոխնախարարին հեռախոսային խոսակցությունների ընթացքում, հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ներկայացված համապատասխան զեկուցագրերով տեղեկացրել է վերոնշյալ բժշկական հաստատությունում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում հայտնաբերված կոպիտ խախտումների մասին: ՀՀ առողջապահության փոխնախարարը, պարտականություն ունենալով համակարգել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, ինչպես նաև դրա ֆինանսավորումը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն հանդիսանում է իր կնքահայրը, չի դադարեցրել և թույլատրել է Ընկերության ֆինանսավորումը: Բացի այդ, չի կատարել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները համակարգելու իր պարտականությունը և Ընկերությունում տեղի ունեցող խախտումների մասին տեղեկանալուց հետո դրանք վերացնելու ուղղությամբ չի տվել անհրաժեշտ հանձնարարականներ: Դատախազը 2024 թվականի մարտի 11-ին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ 2024 թվականի մարտի 19-ին՝ Բ.Շ.-ի և Լ.Հ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը կազմակերպելը): 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:14 - 25 ապրիլի, 2024
Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ

Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ։ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը մանրամասնեց՝ ՀՀ Սահմանադրությունը բարձր ստանդարտ է սահմանել տարածքների փոփոխության հարցով՝ նշելով, որ տարածքների փոփոխության հարցերը լուծվում են միայն հանրաքվեով․ «Դա նշանակում է, որ որեւէ իշխանավոր, կլինի վարչապետ, նախագահ թե ԱԺ, չունի այդ մանդատը, այսինքն՝ դելիմիտացիա, դեմարկացիա, նախապատրաստական գործընթացներ, միեւնույն է, կարող են կատարվել միայն հանրաքվեով։ Իսկ հիմա ի՞նչ է անում Փաշինյանը․ հրապարակելով 29․740 կմ/ք թիվ՝ փորձում է ասել, որ այն տարածքները, որ պետք է փոխանցվեն Ադրբեջանին, ՀՀ տարածքներ չեն, հետեւաբար իբրեւ դուրս են Սահմանադրության 205-րդ հոդվածում նշված սահմանափակումից։ Այս խորամանկ հնարքով է փորձում մանիպուլացնել մեզ»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ վերջիններս ավելի վաղ ներկայացրել էին, թե ինչիկապակցությամբ են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու։ Ստորև՝ հայտարարությունը․ «Ս․թ․ ապրիլի 25-ին, ժամը 14.00-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազություն` (Երևան, Վազգեն Սարգսյան փ․ 5) Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը: Եթե ցանկանում եք միանալ հանցագործության մասին սույն հաղորդմանը, ապա [email protected] էլ․ փոստով կամ սույն էջին հաղորդագրությամբ ուղարկեք ձեր անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման հասցեն և հեռախոսի համարը: Հավաքի ընթացքում մասնակիցները կարող են միանալ ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը։ ՀԱՂՈՐԴՈՒՄ հանցագործության մասին I. Հաղորդման համար հիմք հանդիսացող փաստերը. 1. 2024 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման շրջանակներում խոսել է Ադրբեջանի կողմից պահանջվող չորս գյուղերը հանձնելու մասին և հայտարարել հետևյալը. «Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ ժամանակներում, այլև դրանից հետո» : 2. 2024 թվականի մարտի 21-ին «Հրապարակ» կայքը հրապարակել է հոդված, որում մասնավորապես ասվում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Տավուշի մարզում` սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե հայկական կողմը Տավուշի չորս գյուղերը չհանձնի Ադրբեջանին, Հայաստանի վրա կհարձակվեն: Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Փաշինյանն ասել էր` Ոսկեպարից Ադրբեջանը կհարձակվի, Արմավիրից` Թուրքիան» : 3. 2024 թվականի մարտի 20-ին «NEWS.am» կայքը հրապարակել է «Փաշինյանը վախեցած ա ու մեզ էլ ուզում էր վախեցնել. Մենք մի թիզ հող չունենք տալու». Ոսկեպարցիների բողոքի հավաքը» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես նշվում է. «Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում բնակիչները հավաք են անցկացրել, նրանք իրենց բողոքն են հայտնել Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեմ, որոնց թվում է Վերին Ոսկեպարը:» : 4. 2024 թվականի մարտի 28-ին «NEWS.am» կայքը «youtube» ալիքում տեղադրել է տեսանյութ, որում Ոսկեպար գյուղի բնակիչները հայտնում են, որ Ն.Փաշինյանի պնդմամբ, եթե պահանջվող գյուղերը չհանձնվեն պատերազմ կլինի, իսկ եթե խելոք չմնանք Թուրքիան էլ կհարձակվի : 5. 2024 թվականի մարտի 18-ին «Առավոտ» կայքը «Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպումը լարված է անցել․ «Ասաց՝ եթե գյուղերը չհանձնենք, պատերազմ կլինի, Թուրքիան էլ կհարձակվի, մեզ Թուրքիայով վախեցրեց» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում մասնավորապես նշվում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման թեման Տավուշի մարզի 4 գյուղերն են եղել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն։ Հիշեցնենք, որ խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։» : 6. 2024 թվականի մարտի 18-ին «Yerevan.Today» կայքը գրել է. «Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկում են անցկացրել և պատրաստակամություն հայտնել փակել ճանապարհները, կազմակերպել ինքնապաշտպանություն Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեպքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ոսկեպարի դպրոցի զինղեկ Նվեր Բեգլարյանը»: 7. «Թերթ.am» կայքը 19.04.2024թ. գրում է. «Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ»: Լրագրողի հարցերին ի պատասխան, վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ. «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման: Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ: Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման»: 8. «Թերթ.am» կայքը, նույն օրը՝ 19.04.2024թ. հրապարակել է՝ «ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։ Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որ իր հայտարարությամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար անվտանգության անկառավարելի Մեծ խնդիրներ: Այդ հանձնաժողովի, նրա ղեկավարի կամ որևէ անդամի իրավասություն որևէ տեղ սահմանված չէ։ Ընդամենն առկա է Հայաստանի Կառավարության ղեկավարի 23.05.2023թ. որոշում, որ ուղղակի արձանագրում է նման հանձնաժողով ստեղծված լինելու փաստը և դրա անհատական կազմը։ Չկա որևէ իրավական ամրագրում, թե այդ հանձնաժողովն ինչ իրավասություն ունի, ինչ հարցեր է քննարկում, ինչպես է քննարկում հարցեր ու որոշումներ կայացնում։ Տեղի ունեցածը նաև սկզբունքորեն հակասում է սահամանազատման միջազգային պահանջներին։ ՀՀ կառավարության ղեկավարը Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են մարդկանց անվտանգությունն ու իրավունքները, ադրբեջանական զինված ծառայողներին մոտեցնում են մարդկանց տներին ու նրանք հայտնվում են ճանապարհներին։ Պարզաբանումը, թե ճանապարհների էական խնդիրներ չեն առաջանում և կարող են կառուցվել այլընտրանքային ճանապարհներ, ընդամենը փորձ է՝ կոծկելու համար մարդկանց և երկրի անվտանգության համար առաջացող իրական խնդիրները։ Առանց այն էլ Բաղանիսի ճանապարահատվածը եղել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախի տակ և ժամանակ առ ժամանակ կրակել են երթևեկող մեքենաների ուղությամբ, հիմա դուրս է գալիս Կառավարության ղեկավարի այս որոշմամբ նրանք ավելի են մոտենում ճանապարհին։ Կիրանց գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհն անվտանգ չէ և հայտնվելու է ադրբեջանական զինված ծառայողների դիտարկման տակ։ Ադրբեջանը շարունակում է մխրճված մնալ ՀՀ Տավուշի մարզին պատկանող տարածքներում և դրանք պահել օկուպացված։ Մինչդեռ, Հայաստանի Կառավարությունն իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, ինչը խաթարում է ոչ միայն սահմանային բնակիչների, այլ նաև վնաս է հասցնում ամբողջ երկրի անվտագությանը։ Ընդ որում, ակնհայտ է, որ Կառավարությունը հատուկ է հրապարակել այնպիսի քարտեզ, որում չեն երևում անվտանգությանը վերաբերող խնդիրները և միակողմանի զիջումները:» : 9. «News.am» կայքը 22.04.2024թ. հրապարակել է հոդված, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել և սահմանազատում իրականացնել միայն այն տարածքներում, որոնք Ադրբեջանը պահանջում է և որոնք առաջնային են Ադրբեջանի համար՝ չնայած չունի որևէ երաշխիք, որ Ադրբեջանը կարող է զորքերը հետ քաշել օկուպացրած տարածքներից։ Այս մասին է վկայում ՀՀ կառավարության ուղղված «Փաստինֆոյի» հարցման գրավոր պատասխանները»: 10. Հայաստանի Հանրապետութան այն տարածքներում, որոնք այս կառավարության ներկայացուցիչների կողմից իբրև համարվում են անկլավ, այսինքն ադրբեջանական, առկա են Հայաստանի Հանրապետության կադաստրի կողմից պետական գրանցումներ: Մասնավորապես, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի մի հատվածը, որն ընկնում է «անկլավի» տարածքում, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից կատարված են գրանցումներ: Այս հանգամանքները հաստատվում է կից ներկայացվող ՀՀ կադաստրի կոմիտեի քարտեզի քաղվածքի և Գուգլ համակարգի քարտեզի համեմատությամբ: II. Քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիմքերը և հիմնավորումները. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն. 1. Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է` 1) ֆիզիկական անձից. 2) իրավաբանական անձից. 3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ. 4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ: 2. Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ 1. Սույն օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված աղբյուրից առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու յուրաքանչյուր դեպքում քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, իսկ դատախազը, սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, այն վերահասցեագրում է իրավասու քննչական մարմնի ղեկավարին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ 1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: Տվյալ հանցագործության օբյեկտ է հանդիսանում ՀՀ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները: Օբյեկտիվ կողմից արարքը բնութագրվում է բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողությունների կատարմամբ: Սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցագործության սուբյեկտն ընդհանուր է՝ 16 տարին լրացած մեղսունակ անձը: Հանցակազմը ձևական է, հանցանքն ավարտված է համարվում տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների կատարման պահից: ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ 1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Տվյալ հանցակազմի անմիջական օբյեկտ է հանդիսանում պետության արտաքին անվտանգությունը, որի բաղկացուցիչ մասն են կազմում պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականության պաշտպանվածությունը: Պետական դավաճանության օբյեկտիվ կողմը երկընտրելի է: Դիսպոզիցիայում նկարագրված գործողություններից որևէ մեկի կատարումը արդեն իսկ հանցագործություն է: Միևնույն ժամանակ, եթե անձը կատարում է դիսպոզիցիայում նկարագրված գործողություններից երկու և ավելին, արարքը որակվում է որպես մեկ հանցանքի կատարում: Օբյեկտիվ կողմի եղանակներից է՝ օտարերկրյա պետությանն այլ օգնություն ցույց տալու ձևով իրականացվող պետական դավաճանությունը: Որպես այլ օգնություն կարող են բնութագրվել այն գործողությունները, որոնք այլ պետության համար ստեղծում են բարենպաստ պայմաններ հանցավորի պետությունը, դրա ինքնիշխանությունը ոտնձգելու համար: Հանցակազմը ձևական է՝ պետական դավաճանության այս տեսակը համարվում է ավարտված օգնությունը փաստացի ցույց տալու պահից: Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցագործության սուբյեկտ է հանդիսանում 16 տարին լրացած մեղսունակ, ֆիզիկական անձը: Վերը նշված իրավանորմերի լույսի ներքո ներկայացված հաղորդման փաստերը գնահատելու արդյունքում կարելի է փաստել, որ․ - քննարկվող դեպքում հաղորդումը ստացվել է պատշաճ աղբյուրից, - հաղորդումն առերևույթ հանցանքի մասին է, քանի որ դրանում նկարագրված փաստերին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով նախատեսված արարքներին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։ Որևէ իրավական ակտով սահմանված չեն նշված հանձնաժողովի իրավասությունները: Տավուշի մարզում պետական սահմանի սահմանազատման հարցով Հայաստանի իշխանությունների վարքագիծն ակնհայտորեն հակասում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին: ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ անկախ պետությունները ձևավորվել են, Ադրբեջանը երբեք չի բարձրաձայնել այսպես կոչված անկլավների և Հայաստանի սահմանների հետ կապված հարցեր: Նման հարցեր Ադրբեջանը սկսել է առաջ քաշել 44 օրյա պատերազմից հետո, երբ առերեսվել է ՀՀ կառավարության զիջողական քաղաքականության հետ: Ողջ վեճը մշտապես եղել է Արցախի շուրջ: 30 տարի շարունակ որևէ խոսք չի գնացել ՀՀ ինքնիշխան հատվածից տարածքներ զիջելու մասին, նման քաղաքականություն երբևէ չի վարվել Ադրբեջանի կողմից: Իր լուռ համաձայնությամբ (acquiescence) ընդունել է այդ իրողությունը: ԽՍՀՄ վարչական սահմանները չեն կարող լինել պետական սահմաններ: Վարչական սահմանների շահարկման խնդիրը իրավական որևէ հենք չունի: Այս քաղաքական իրողությունը չի կարող պարտադրվել որպես միջազգային իրավունք: Եթե վարչական սահմանները լինեին պետական սահմաններ, ապա Ռուսաստանի Դաշնությունը (Դաղստանը) և Ադրբեջանը տասնյակ տարիներ բանակցելուց հետո սահմանազատում չէին կատարի: Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, որին շարունակ հղում է կատարում ՀՀ վարչապետը, սահմանների հետ կապված որևէ հարց չի լուծել: Հռչակագրում կողմերն ընդունել են տարածքային ամբողջականության սկզբունքը: Տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունումը չի բացառում տարածքային վեճը: Դրա վառ ապացույցներն են տարածքային վեճերը Ալմա Աթայի հռչակագրի տարբեր կողմերի միջև: Այսպես կոչված անկլավներում Հայաստանի իշխանությունն իրականացրել է կառավարման լիազորություններ, այդ թվում՝ ճանապարհ է սարքել, սեփականության իրավունքներ է գրանցել, հողեր է մրցույթների ներկայացրել (նույնիսկ 2021թ., տես՝ Ազատամուտի հատվածի հողամասերի կադաստրային գործերը): ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն. 1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վերը նշվածը նշանակում է, որ իշխանությունը չի կարող ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի պահանջին հակառակ, առանց հանրաքվեի, տարածքի փոփոխության հարց լուծել: Այսպիսով, վերը նշված պայմաններում Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ Ադրբեջանի պահանջով հանձնման ենթական չորս գյուղերը հայկական չեն և երբևէ այդպիսին չեն եղել (թշնամուն ցույց է տալիս օգնություն), դրանք պատկանում են թշնամուն: Ակնհայտ է, որ քանի դեռ հակառակը չի ապացուցվել սահմանազատման գործընթացի շրջանակներում, այդ չորս գյուղերը համարվում են ՀՀ ինքնիշխան տարածք: Ի հակառակ նշված պարզագույն ճշմարտության, Ն.Փաշինյանն արդեն իսկ 2024թ. մարտի 18-ին հրապարակային պնդումներ է կատարել առ այն, որ նշված գյուղերը Ադրբեջանի տարածք են համարվում: Իբրև քննարկվող չորս գյուղերի հանձնումը հիմնավորող փաստարկ Ն.Փաշինյանը նշում է՝ Ադրբեջանի և նույնիսկ Թուրքիայի հնարավոր հարձակումը և պատերազմ սկսելու բարձր վտանգը, ինչով պայմանավորված էլ հնարավոր բռնությունների սպառնալիքով ազդում է բնակչության գիտակցության և կամքի վրա (ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու օբյեկտիվ կողմ): Ակնհայտ է, որ վերը նշված գործողությունները և պնդումները Ն.Փաշինյանը կատարել է ուղղակի դիտավորությամբ, քանի որ վերջինս ակնհայտորեն գիտակցել է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք հանցակազմի հատկանիշ են, և այդ արարքը կատարելը նրա նպատակն է կամ նպատակին հասնելու միջոցը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հստակ գիտակցելով, որ ՀՀ սահմանազատման գործընթաց դեռևս առկա չէ ԶԼՄ-ներով և Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման շրջանակներում պնդումներ է կատարել, որ քննարկվող չորս գյուղերը հայկական չեն (հանցակազմի հատկանիշ հանդիսացող փաստական հանգամանք): Ավելին, հստակ գիտակցելով բնակչության՝ հետպատերազմյան ընկճված և հուսալքված հոգեվիճակը՝ կրկին սպառնացել է պատերազմով, վստահ լինելով, որ ներկա պահին դա միակ միջոցն է, որի օգնությամբ կարելի է հասնել այդ գյուղերն անխոչընդոտ հանձնելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը Սիրվարդ Գևորգյանի գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ․ «Քրեական գործ հարուցելու հիմքը հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներն են: Ընդ որում, քրեական գործ կարող է հարուցվել միայն հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների բավարարության դեպքում: Դրանց բավարարության գնահատման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է ոչ թե հանցակազմի բոլոր տարրերի, այլ սոսկ հանցագործության արտաքին հատկանիշների առկայության հավաստումը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ենթադրությունն օբյեկտիվորեն կրում է հավանական բնույթ, քանի որ դրա վերջնական հաստատումը գործի քննության հետագա փուլերի խնդիրն է: Քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ենթադրում է հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների այնպիսի համակցություն, որն օբյեկտիվ դիտորդին հնարավորություն կտա ենթադրություն կատարել հանցագործության հավանական առկայության վերաբերյալ: Հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների դեպքում պետք է հարուցվի քրեական գործ (քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում) (...)»: Գտնում ենք, որ վերը նշված փաստերը պարունակում են հանցակազմի (այդ թվում՝ այլ՝ սույն հաղորդման մեջ չնշված հանցակազմի) հատկանիշներ, դրանք բավարարում են օրենսդրի սահմանած քրեադատավարական շեմը, որի պարագայում քրեական վարույթ նախաձեռնելը դատավարական պարտականություն է: III. Պահանջը. Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք՝ - հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ, ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը և լուծել Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Առդիր՝ հրապարակումները, կադաստրի կոմիտեի քարտեզից քաղվածքը, Գուգլ քարտեզի քաղվածքը, սույն հաղորդմանը միացող անձանց ստորագրությունների թերթիկները»,- նշված է հայտարարության մեջ։
16:00 - 25 ապրիլի, 2024