ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Նաիրա Ասատրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Ներքին Չարբախ): ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հանրային սննդի օբյեկտը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից.  առաստաղի որոշ հատվածները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը. սննդամթերք պարունակող տարածքների՝ խոհանոցի, աշխատանքային սեղանների մակերևույթները չեն եղել նորոգ վիճակում.  խոհանոցում առկա լվացարանը չի եղել նորոգ ու բարվոք վիճակում, երկաթային մասերի ներկերը թափված են եղել, և առկա են եղել կոռոզիայի հետքեր։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
13:09 - 16 մայիսի, 2024
Լաբորատոր փորձաքննության արյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

Լաբորատոր փորձաքննության արյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ պահածոների արտադրամասում (Արարատի մարզ, գ. Գեղանիստ) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։ Այդ մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:   Պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը B. subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ և Մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringens-ի) ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք:   Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տոմատի մածուկի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
14:04 - 30 ապրիլի, 2024
Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել Իջևան քազաքում գործող «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտում։ Ստուգմամբ պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով, մասնավորապես՝ • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքն ու սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման, • աշխատանքային մակերևույթները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, առկա են եղել կոռոզիայի հետքեր, • առաստաղի վերին հատվածները եղել են աղտոտված, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը, • հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերի երեսպատման սալիկները եղել են թափված և ոչ ամբողջական, • խոհանոցի պատուհաններից մի քանիսին բացակայել են միջատապաշտպան ցանցերը։ Հայտնաբերվել են նաև մի շարք այլ խախտումներ, ստուգման արդյունքները ամփոփման փուլում եմ, սակայն հաշվի առնելով խախտումների վտանգավորությունը՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է և սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Ստորև՝ հանրային սննդի օբյեկտում հայտնաբերված խախտումների լուսանկարները:
19:26 - 23 ապրիլի, 2024
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև ապրիլի 22-ին տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: «Արդյունքում վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» ՓԲԸ, արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն։ Մատակարարումների վերսկսմանը նպաստել են ինչպես լիազոր մարմինների միջև նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները՝ կաթնամթերք վերամշակող ձեռնարկությունների և նրանց արտադրած արտադրանքի Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխանության վերաբերյալ։ Այս ուղղությամբ բանակցությունները շարունակական են լինելու երկկողմանի պայմանավորվածությունների շրջանակներում։
12:49 - 23 ապրիլի, 2024
Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան

Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սույն թվականի ապրիլի 22-ից արգելվել է Ռուսաստանի Դաշնության «Տիմոշա» ՍՊ ընկերության արտադրության «Հալվա արևածաղկի» 250 գ, արտադրված 20․02․2024 թ., պիտանի է մինչև 20․10․2024 թ., «Հալվա արևածաղկի չամիչով» 250 գ, արտադրված 17․01․2024 թ. պիտանի է մինչև 17․09․2024 թ., «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250 գ, արտադրված 23․02․2024 թ., պիտանի է մինչև 23․10․2024 թ., «Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110 գ, արտադրված 28․01․2024 թ., պիտանի է մինչև 28․06․2024թ, «Հալվա արևածաղկի» 250 գ, արտադրված 25․02․2024 թ., պիտանի է մինչև 25․10․2024թ, «Կոզինախ արևածաղկի» 150 գ, արտադրված 25․02․2024 թ., պիտանի է մինչև 25․08․2024 թ., «Հալվա արևածաղկի օդային» 200 գ, արտադրված 15․02․2024 թ., պիտանի է մինչև 15․10․2024 թ․ արտադրատեսակների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: «Տիմոշա» ՍՊ ընկերության այլ արտադրատեսակների Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ կվերցվեն նմուշներ և ներկայացվեն լաբորատոր փորձաքննության «Կադմիում» ցուցանիշով։   Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԱՏՄ-ն հայտնել էր որ  ՍԱՏՄ նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:  «Արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: Տեսչական մարմնի կողմից տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։
19:17 - 19 ապրիլի, 2024
Ի՞նչ միս ենք կերել 2023-ին․ ՍԱՏՄ-ն չի փորձաքննել քաղցկեղածին թունաքիմիկատները ներմուծված մսամթերքում

Ի՞նչ միս ենք կերել 2023-ին․ ՍԱՏՄ-ն չի փորձաքննել քաղցկեղածին թունաքիմիկատները ներմուծված մսամթերքում

Վերջերս anvtangsnund.am-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մսամթերքի ոչ բոլոր պարտադիր ցուցանիշներն են փորձաքննվում։  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Արմեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ բոլոր ցուցանիշները փորձաքննելը «ծախսատար կլինի տնտեսվարողի համար», հետևաբար ռիսկայնությունը գնահատում են արդեն իսկ հայտնաբերված խախտումների մասով՝ ներմուծման ժամանակ փորձաքննելով առավելագույնը 6 ցուցանիշ։ Սա հակասում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխկանոնակարգերի նորմերին, ըստ որոնց՝ կանոնակարգի բոլոր ցուցանիշները պարտադիր են փորձաքննության համար։ Հարցը պարզաբանելու և, ի վերջո, հասկանալու համար՝ ճի՞շտ է արդյոք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) քաղաքականությունը՝ դիմեցինք Էկոնոմիկայի նախարարություն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխկանոնակարգման բաժին։ Ավելին՝ ուսումնասիրեցինք 2023 թ. երրորդ երկրներից Հայաստան ներմուծված տարբեր տեսակի մսամթերքի ծավալները և դրանց լաբորատոր փորձաքննությունները, ինչից պարզվեց, որ կան ցուցանիշներ, որոնք 2023 թ. ՍԱՏՄ-ն երբևէ չի փորձաքննել մսամթերքում, օրինակ՝ քաղցկեղածին թունաքիմիկատները, մսամթերքի որոշ տեսակներում՝ հակաբիոտիկները, ծանր մետաղները, նաև տարբեր մանրէաբանական ցուցանիշներ։ Ավելին՝ որոշ դեպքերում Հայաստան մսամթերք է ներմուծվել այնպիսի երկրներից, որոնք ունեն թունաքիմիկատներով աղտոտված տարածքներ։ Ինչպե՞ս է ՍԱՏՄ-ն երաշխավորում սպառողների անվտանգությունը, եթե անվտանգային կարևոր ցուցանիշներ 2023 թ. երբևէ չի փորձաքննել, ի՞նչ հետևանքներ կարող են թողնել այդ չստուգված նյութերը մարդու առողջության վրա։      Նյութում կարդացեք՝ Փորձաքննե՞լ բոլոր ցուցանիշները, թե՞ ոչ. ԵՏՀ պատասխանը ՍԱՏՄ-ին Ցուցանիշներ, որոնք 2023թ. ՍԱՏՄ-ն երբևէ չի փորձաքննել Ո՞ր երկրներից է 2023թ. Հայաստան ներմուծվել մսամթերքի մեծ մասը Դրանցից որո՞ւմ կան թունաքիմիկատներով աղտոտված տարածքներ Ի՞նչ հետևանքներ կարող են թողնել չստուգված նյութերը մարդու առողջության վրա   Փորձաքննե՞լ բոլոր ցուցանիշները, թե՞ ոչ. ԵՏՀ պատասխանը ՍԱՏՄ-ին Կենդանական ծագման մթերքը, հատկապես՝ մսամթերքը համարվում է բարձր ռիսկային մթերք, հետևաբար շատ կարևոր է, որ այն պատշաճ վերսահսկվի և լինի անվտանգ։ ԵԱՏՄ տեխկանոնակարգերով էլ պահանջվում է փորձաքննել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծված, անասնաբուժասանիտարական հսկողության ենթակա ապրանքները բոլոր ցուցանիշներով՝ հավաստիանալու, որ դրանք անվտանգ են։ Այնինչ, ՍԱՏՄ պետ Արմեն Հայրապետյանը  նշում է, որ բոլոր ցուցանիշներով փորձաքննելը պարտադիր չէ, ավելին՝ «ծախսատար է»։ «Բոլոր անվտանգային ցուցանիշները շատ ծախսատար կլինի տնտեսվարողների համար, հետևաբար մենք գործարկել ենք ռիսկերի նոր համակարգ, որտեղ հենց վերլուծության և գնահատման հիման վրա ենք հանում. եթե կա, օրինակ, լիստերիայի ցուցանիշ Բրազիլայից ներմուծված թռչնամսի վերաբերյալ՝ Եվրամիություն, ԵԱՏՄ և Հայաստանի շուկայում արձանագրված դեպք, անպայման լիստերիայով դրվում է պարտադիր փորձաքննության»,- ասել է Ա. Հայրապետյանը։ ՍԱՏՄ պետ Արմեն Հայրապետյանի հետ զրույցից հետո մենք դիմել էինք վերադաս՝ Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից մեզ հայտնել էին, որ «անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքները պետք է համապատասխանեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության ցուցանիշներին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին»։  Իսկ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի անվտանգային ցուցանիշները ավելին են, քան ՍԱՏՄ կողմից ռոտացիոն սկզբունքով ընտրված 4-6 ցուցանիշները։ Օրինակ, թռչնամսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի համար ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 051/2021, ՄՄ ՏԿ 021/2021 տեխկանոնակարգերով սահմանված են 10-ից ավելի պարտադիր փորձաքննության ցուցանիշներ։ Տարբեր լաբորատորիաներից փորձեցինք ճշտել՝ որքան կարժենա թռչնամսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի համար ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 051/2021, ՄՄ ՏԿ 021/2021 կանոնակարգերով սահմանված բոլոր ցուցանիշների փորձաքննությունը, և արդյոք դա իսկապես այնքան «ծախսատա՞ր է», որքան նշում է ՍԱՏՄ պետը. պատասխանը՝ 120-130 000 ՀՀ դրամ՝ մեկ նմուշի համար։ ՍԱՏՄ-ն չհամաձայնեց Էկոնոմիկայի նախարարության պատասխանի հետ՝ «հերքում» տարածելով և նշելով, որ ՍԱՏՄ և Էկոնոմիկայի նախարարության պատասխաններում «հակասություն չկա»։  Հետևաբար, մենք դիմեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխկանոնակարգման բաժին՝ ՍԱՏՄ և Էկոնոմիկայի նախարարության միջև եղած «տարաձայնությունները» հստակեցնելու և ի վերջո հասկանալու համար՝ ճի՞շտ է արդյոք ՍԱՏՄ քաղաքականությունը՝ ներմուծման ժամանակ փորձաքննել տեխկանոնակարգի ընդամենը մի քանի ցուցանիշ։ ԵՏՀ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների տնօրեն Ն. Ժուկովան թռչնամսի օրինակով նշեց, որ անասնաբուժասանիտարական հսկողության ենթակա ապրանքը (մսամթերքն է, օրինակ,- հեղ.) պետք է համապատասխնի Մաքսային միության (ՄՄ) ՏԿ 051/2021 պահանջներին և դրանց նկատմամբ կիրառվող ՄՄ տեխնիկական կանոնակարգերին։  «ՄՄ ՏԿ 051/2021-ի 126-127-րդ կետերի համաձայն՝ թռչնի սպանդի մթերքը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության նախքան Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ մտնելը։ Թռչնի սպանդի մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը (այդ թվում՝ մանկական սննդի համար թռչնի սպանդի մթերքը) և դրա արդյունքների գրանցումն իրականացվում են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան (այսուհետ՝ «ՄՄ ՏԿ 021/2011)՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության առումով»։ Հատված Ն. Ժուկովայի պատասխանից Նա նաև հավելեց, որ թռչնամիսը և թռչնի սպանդի մթերքը պետք է համապատասխանեն ՄՄ ՏԿ 051/2021 և ՄՄ ՏԿ 021/2021-ին  պահանջներին՝ հաշվի առնելով Մաքսային միության հանձնաժողովի 2011 թ. դեկտեմբերի 9-ի` «Մաքսային միության՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 880 որոշման 3-րդ կետի 3.8 ենթակետի դրույթները, որոնց համաձայն․ «Պաթոգեն միկրոօրգանիզմների և դրանց տոքսինների, միկոտոքսինների, թունավոր տարրերի, նիտրատների, գլոբալ թունաքիմիկատների (Հեքսաքլոր ցիկլոհեքսան կամ հեքսաքլորան), ինչպես նաև՝ ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակը սահմանվել է ՄՄ ՏԿ 021/2011, իսկ մանրէաբանական անվտանգության ստանդարտները (պայմանական պաթոգեն ​​միկրոօրգանիզմները)՝ ՄՄ ՏԿ 051/2021-ում»։ ԵՏՀ-ից նշեցին, որ անցինասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների մասով կիրառվում են Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թ. հունիսի 18-ի N 317 որոշմամբ հաստատված դրույթները։   Ցուցանիշներ, որոնք 2023 թ. ՍԱՏՄ-ն երբևէ չի փորձաքննել Մենք դիմեցինք ՍԱՏՄ՝ խնդրելով տեղեկացնել, թե 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում թռչնի, խոզի, ոչխարի, տավարի մսում, ձկան մեջ և ձկնամթերքում որ ցուցանիշներով են փորձաքննության պատվիրել լաբորատորիաներին։ Տվյալների ուսումնասիրությամբ պարզվեց, որ 2023 թ. նշված ապրանքներում ՍԱՏՄ-ն երբևէ չի ստուգել թունաքիմիկատները (տեխկանոնակարգով սահմանված են 2-ը՝ հեքսաքլորան՝ ՀՔՑՀ (α, β, γ- իզոմերներ) և ԴԴՏ և մետաբոլիտները, հեղ.)։ Հեքսաքլորան՝ ՀՔՑՀ-ն, (α, β, γ- իզոմերներ) և ԴԴՏ-ն թունաքիմիկատներ (պեստիցիդներ) են, որոնք օգտագործվում են միջատներին սպանելու համար: ԴԴՏ-ն մարդու կամ կենդանու կողմից օգտագործելուց / շնչուղիներով անցնելուց հետո վերածվում է մետաբոլիտների։ Հեքսաքլորանը և ԴԴՏ-ն ունեն հնարավոր կանցերոգեն՝ քաղցկեղածին հատկություն, ինչի պատճառով դրանց օգտագործումն արգելվում է։ Հակաբիոտիկներից բացիտրացինը չի ստուգվել տավարի և ոչխարի մսում (աղիներում), տետրացիկլինի խումբն ու լևոմիցետինը (քլորամֆենիկոլ)` ձուկ-ձկնամթերքում։ Ծանր մետաղներից կադմիումը՝ ոչխարի մսում (աղիներում)։ Վերջինում չի ստուգվել նաև ՄԱՖԱՄ-ը, ԱՑԽՄ-ն, β ադենոխթանիչ ռակտոպամինը։ Սուլֆիտ ռեդուկցող կլոստրիդիումները (վնասակար, պայմանական պաթոգեն բակտերիաներ են, կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ, թունավորումներ,- հեղ.) 2023 թ. երբևէ չեն ստուգվել ձկան մեջ և ձկնամթերքում։   2023թ. մսամթերքի մեծ մասը Հայաստան է ներմուծվել երրորդ երկրներից Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2023 թ. առաջին կիսամյակում Հայաստան ներկրված մսամթերքի մեծ մասը երրորդ երկրներից է. սառեցված տավարի մսի 88%-ը, թռչնի մսի 76%-ը, խոզի մսի 45%-ը, կենդանի և թարմ ձկան 100%-ը, սառեցած ձկան 80%-ը և ձկնամթերքի 34%-ը ներկրվել է ոչ ԵԱՏՄ երկրներից։ Մասնավորապես, 2023 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 18425 տոննա թռչնամիս, որից միայն 4477 տոննան (24%) է եղել ԵԱՏՄ երկրներից՝ հիմնականում Ռուսաստանից և շատ քիչ՝ Բելառուսից։ Գերակշիռ մասը բերվել է ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բրազիլիայից և Վրաստանից (երկրների հերթականությունը ներկայացվում է՝ ըստ ծավալի նվազման,- հեղ.)։ Սառեցված տավարի մսի գերակշիռ մասը՝ մոտ 1700 տոննա (88%-ը) ներմուծվել է երրորդ երկրներից՝ հիմնականում՝ Հնդկաստանից, նաև՝ Ուկրաինայից և Բրազիլիայից։ Խոզի մսի 45%-ը՝ մոտ 2380 տոննա, նույնպես ներմուծվել է երրորդ երկրից` Բրազիլիայից (55%-ը բերվել է Ռուսաստանից)։ 2023 թ. առաջին կիսամյակում Հայաստան կենդանի ձուկ գրեթե չի ներմուծվել. հիմնականում ներմուծվել է սառեցված ձուկ՝ 788 տոննա, որի 80%-ը (629 տոննա)՝ երրորդ երկրներից, մասնավորապես՝  Չիլիից, Իրանից, Նորվեգիայից, Ֆարերյան կղզիներից, ԱՄՆ-ից և այլն։ Մնացած՝ մոտ 160  տոննան բերվել է Ռուսաստանից։ 107,6 տոննա թարմ ձուկը ներմուծվել է բացառապես երրորդ երկրներից, հիմնականում՝ Նորվեգիայից՝ 104,3 տոննա, ապա շատ չնչին քանակությամբ՝ Ֆրանսիայից, Շրի Լանկայից և Թուրքիայից։ Թեև ձկնամթերք շատ չի ներմուծվել, բայց դրա 34%-ը՝ 9 տոննան, դարձյալ եղել է երրորդ երկրներից։ Ոչխարի մսի մասով Հայաստանն ինքնաբավ է և գրեթե չի ներմուծել. բերվել է ընդամենը 8,17 տոննա, այն էլ՝ ԵԱՏՄ անդամ պետությունից՝ Ռուսաստանից։ Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն՝ 2019-2022 թթ. Հայաստանում ցածր է եղել թռչնամսի և խոզի մսի ինքնաբավությունը. մասնավորապես, թռչնամսի ինքնաբավությունը 4 տարում միջինում 24% է, խոզինը՝ 50%։    Ի՞նչ հետևանքներ կարող են թողնել չստուգված նյութերը մարդու առողջության վրա. սննդագետի մեկնաբանությունը Սննդամթերքի անվտանգության ապահվումը հնարավոր է բացառապես պատշաճ գործիքակազմ ունենալուց հետո, քանի որ եթե այն չկա, ՍԱՏՄ-ն չի կարող ապահովել արդյունավետ պետական վերահսկողություն։ Այս կարծիքին է ԳԱԱ Էկոկենտրոնի՝ Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն» ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը։ «Երբ լիազոր մարմինն ունի աշխատելու ցանկություն, ապա անպայման ինքն իր համար գործիքակազմ գտնում է, իսկ եթե չկա այդ ցանկությունը, բազմաթիվ պատճառաբանություններ է ունենում, թե ինչու այդպիսի գործիքայազմն ինքը չունի»,- ասում է սննդագետը։ Խոսելով ներմուծված մսամթերքում չստուգված հեքսաքլորանի և ԴԴՏ-ի մասին՝ սննդագետն ընդգծում է, որ դրանք խիստ թունավոր թունաքիմիկատներ են, հետևաբար շատ կարևոր է ռիսկի գնահատումը, քանի որ դրանք կայուն օրգանական աղտոտիչներ են, այսինքն՝ երկար ժամանակ կարող են պահպանվել հողում, ջրում, անասնակերում և կարող են թափանցել նաև սննդի մատակարարման շղթա՝ անցնելով թե’ բուսական, թե’ կենդանական ծագում ունեցող մթերքի մեջ։ Ըստ սննդագետի՝ այս թունաքիմիկատները «սիրում են յուղային հյուսվածքներ»։  «Քաղցկեղների հետազոտության միջազգային կազմակերպությունը (International Agency for Research on Cancer, IARC) ԴԴՏ-ն դասակարգում է 2B խմբում, որոնք կոչվում են «հավանական քաղցկեղածիններ»։ «Հավանական քաղցկեղածին» համարում են այն դեպքում, երբ հստակ չեն այն ապացույցները, որ կոնկրետ տվյալ տարածաշրջանի քաղցկեղը պայմանավորված է հենց այդ նյութով, բայց, հաշվի առնելով, որ և’ ԴԴՏ-ն, և’ հեքսաքլոր ցիկլոհեքսանը նաև բազմաթիվ այլ հիվանդություններ են առաջացանում, բնականաբար, շատ կարևոր է, թե որ մթերքներից և ինչ քանակներով են մարդիկ այն ստանում, և ազգաբնակչության անվտանգության ապահովումը պետական մարմնի համար պետք է լինի շատ թիրախային»,- ասում է Դ. Պիպոյանը։ Բացի այդ՝ ռիսկը գնահատելիս պետք է նաև հաշվի առնել, թե որ երկրից է այն ներկրվել, քանի որ տարբեր երկրներում ԴԴՏ-ի և հեքսաքլորանի աղտոտման տարբեր մակարդակներ կան.  «Հայաստան միս ներկրվում է նաև Բրազիլիայից։ Եթե ծանոթանաք Բրազիլիայի գիտական հետազոտություններին, ապա կտեսնեք, որ դեռևս 1995 թվականից այնտեղ կան լքված տարածքներ, որոնք երկար ժամանակ հանդիսացել են ԴԴՏ-ով աղտոտված տարածքներ,- ասում է սննդագետը։- Օրինակ, Ռիո դե Ժանեյրոյում մինչև 300 տոննա հեքսաքլոր ցիկլոհեքսանով աղտոտված տարածքներ կան»։ Նույնը վերաբերում է նաև Հնդկաստանին. տարբեր գիտական հետազոտություններ փաստում են, որ Հնդկաստանում նման խնդիր կա գետերի ջրերում։ «Հետազոտություն կա, որը գետի ջրի մեջ այդ թունաքիմիկատների պարունակությունն է ցույց տվել։ Գետի ջրով ջրվում են տարբեր տարածքներ, և այն շարժման մեջ է, ինչի հետևանքով ռիսկը մեծանում է, քանի որ դու չես կարող իմանալ՝ վաղը թունաքիմիկատները ինչի մեջ կարող են հայտնվել»,- նշում է սննդագետը։ Հայաստանում նույնպես գոյություն ունի, այսպես ասած, «պեստիցիդների գերեզման», որը գտնվում է Նուբարաշենում։ Սննդագետն ասում է, որ ցանկացած վթարի դեպքում կարող է հոսք տեղի ունենալ, ինչի հետևանքով դրանք կարող են մտնել շարժի մեջ և տարածվել։  Չփորձաքննված մյուս ցուցանիշները՝ բացիտրացինը, տետրացիկլինն ու լևոմիցետինը հակաբիոտիկներ են, և դրանց անկանոն կիրառումը կարող է բերել դրանց հանդեպ կայունության ձևավորման։ Սա ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային առողջպահության լրջագույն խնդիր է։ Կայունությունը նշանակում է, որ դեղն արդեն չի ազդելու մանրէի վրա, եթե դրա կիրառման կարիքը լինի։ Նույն կայունությունը կարող է ձևավորվել, եթե մարդ սննդի միջոցով պարբերաբար ստանա հակաբիոտիկները։ «Այսօր ամբողջ աշխարհը ներդնում է առողջության մեկ քաղաքականություն, քանի որ հակամանրէային նյութերի նկատմամբ կայունության ձևավորման ռիսկ կա։ Տարբեր միջոցառումներ են կազմակերպում այս թեմայով, և այսօր դուք փորձում եք հակաբիոտիկի ոլորտը կարգավորել, որ դրանք դեղատոմսով լինեն այն դեպքում, երբ կոնկրետ սննդամթերքում, այդ թվում նաև՝ տեղական մթերքներում, առկա են հակաբիոտիկներ»,- ասում է Դ. Պիպոյանը։Տաթև Խաչատրյան, «Անվտանգ սնունդ» 
21:02 - 09 ապրիլի, 2024
Մեղրիում կասեցվել է գինու արտադրության գործունեությունը. ՍԱՏՄ

Մեղրիում կասեցվել է գինու արտադրության գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները «Նռավան» ՍՊԸ-ում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք. Մեղրի)։ Մասնավորապես՝ - արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները. - սանհանգույցը, լվացարանները ապահովված չեն եղել տաք և սառը ջրով, ձեռքերը լվանալու միջոցներով, սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով. - պատերի մակերևույթները, առաստաղները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից. - չի եղել անձնակազմի համար հանդերձարան, ինչպես նաև խմելու ջրի անխափան ջրամատակարարում. - ճզմիչ սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։ Գինու արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
17:20 - 03 ապրիլի, 2024
ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի նամակը. Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի

ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի նամակը. Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության նամակն ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ, երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական սանիտարական վերահսկողության ընթացքում, արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի շրջանառության փաստ: ՍԱՏՄ-ից հայտնում են՝ գրության մեջ մասնավորապես նշված է, որ Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ արտադրության բնական կիսաքաղցր, ցածր ալկոհոլային «Այրում» նռան գինու լաբորատոր փորձաքննության արդյունքներով, հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ ազորուբին (E122), ինչն այդ արտադրանքի հավանական կեղծման նշանների ցուցիչ է: Վերոնշյալի հիման վրա Բելառուսի Հանրապետությունում ժամանակավորապես սահմանափակվել է տարածքում տվյալ ընկերության «Այրում» նռան գինու ներմուծումն ու շրջանառությունը։ Սակայն, Բելառուսի գրության մեջ նշված չէ, թե «Այրում» նռան գինու ո՞ր խմբաքանակում է հայտնաբերվել անհամապատասխանությունը, արդյո՞ք ստուգվել են այլ խմբաքանակներ ևս և այլ մասնագիտական մանրամասներ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձանագրելով տվյալ հաղորդագրությունը որպես ահազանգ, Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում կիրականացնի վերահսկողական միջոցառումներ՝ ստուգելու համար Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանությունների հավաստիությունը, ինչպես նաև կդիմի բելառուսական կողմին սահմանափակումների որոշակի մանրամասներ հստակեցնելու համար: Արդյունքները ՍԱՏՄ-ն կհրապարակի լրացուցիչ հաղորդագրությամբ:
16:36 - 28 մարտի, 2024
Տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումը վտանգավոր է. ՍԱՏՄ -ն հորդորում է հետևել մի շարք կանոնների` թունավորման ռիսկերը նվազեցնելու համար

Տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումը վտանգավոր է. ՍԱՏՄ -ն հորդորում է հետևել մի շարք կանոնների` թունավորման ռիսկերը նվազեցնելու համար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հիմնվելով տնայնագործ պահածոներից մարդկանց թունավորման հետ կապված ահազանգերի մտահոգիչ վիճակագրության վրա, հորդորում է խուսափել տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումից: «Ոչ ճիշտ տեխնոլոգիայով, սանիտարահիգիենիկ աննպաստ պայմաններում պատրաստված պահածոները կարող են պարունակել տարբեր բակտերիաներ և միկրոօրգանիզմներ, որոնք հանգեցնում են թունավորումների: Սա հատկապես հավանական է, եթե պահածոն չի ենթարկվել համապատասխան ջերմային մշակման կամ բավականաչափ սառեցված չէ, որպեսզի սպանի բակտերիաները: Տանը պատրաստված պահածոներից թունավորման ամենատարածված հիվանդությունը բոտուլիզմն է. ոչ պատշաճ ջերմային մշակման արդյունքում պահածոյի մեջ ակտիվանում է Clostridium botulinum բակտերիաին, որի արտադրած թույնը կարող է առողջական լուրջ խնդիրների և, նույնիսկ, մահվան պատճառ դառնալ: Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել համը, հոտը, գույնը և տեսքը, իսկ ախտանիշները, սովորաբար, ի հայտ են գալիս բակտերիայի ազդեցությունից հետո 12-ից 36 ժամվա ընթացքում: Համաձայն վիճակագրության՝ 2022 թվականին արձանագրվել է բոտուլիզմի թունավորման 13 դեպք (2-ը մահվան ելքով), իսկվ 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 10-ը: Դեպքերի 80%-ը գրանցվել է գյուղական բնակավայրերում։ Ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք խուսափել տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումից: Սակայն, եթե, այնուամենայնիվ, պատրաստվում եք օգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածո, ապա մինչ ուտելը հետևեք մի քանի պարզ կանոնների՝ - մի գնեք պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, - օգտագործելուց առաջ ենթարկեք այն ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, - պահածոն բացելուց հետո ցանկացած տհաճ հոտի կամ համի դեպքում հրաժարվեք օգտագործել այն, - թունավորմանը բնորոշ առաջին իսկ ախտանիշների հայտնվելու դեպքում անմիջապես դիմեք բժշկի: Եվ, եթե ձեզ համար տանը պահածո պատրաստելը սկզբունքային է, ապա հիշեք և պահպանեք անվտանգության հետևյալ նորմերը. - օգտագործեք վստահելի աղբյուրների բաղադրատոմսեր (պաշտոնական ուղեցույցներ), մի փոխեք բաղադրիչների համամասնությունները կամ պատրաստման եղանակները՝ առանց բավարար փորձի, հետևեք սննդի մշակման առաջարկվող ժամերին և ջերմաստիճաններին, - պահպանե՛ք մաքրությունը և հիգիենան. աշխատանքն սկսելուց առաջ լվացե՛ք ձեռքերը և մաքրե՛ք այն մակերեսները, որոնց վրա աշխատելու եք, - պատշաճ կերպով մանրէազերծեք սարքավորումները և հերմետիկ փակեք ապակե տարաները. դա կարելի է անել՝ դրանք մի քանի րոպե ընկղմելով եռացող ջրի մեջ կամ դնելով բարձր ջերմաստիճանի ջեռոցում, - օգտագործեք մթերքի միայն թարմ, որակյալ բաղադրիչներ, համոզվեք, որ դրանք վնասված չեն, պատշաճ կերպով մշակեք նախքան ապակե տարաների մեջ դնելը, իսկ բանկաների մեջ դնելուց հետո համոզվեք, որ կափարիչները ամուր ամրացված են. դա անհրաժեշտ է սննդի աղտոտումը պահածոյացումից հետո կանխելու համար, - պահածոյացումից հետո բանկաները պահեք զով, չոր, մութ տեղում: Հետևելով այս կանոներին, դուք կարող եք նվազագույնի հասցնել պահածոներից սննդային թունավորման ռիսկերը: Արտադրական պահածոյացումը թեև առավել անվտանգ է, սակայն ցանկացած պահածո գնելիս ուշադրություն դարձրեք դրա պիտանիության ժամկետին, պահման պայմաններին և, իհարկե, տարան բացելուց հետո օգտագործման առաջարկվող նորմերին: Արտադրական պահածոների հետ կապված ցանկացած խախտում կամ անհամապատասխանություն նկատելու դեպքում զանգահարեք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով»,- հայտնում են ՍԱՏՄ-ից:
10:06 - 20 մարտի, 2024
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Ա․ Ս․ ԼՈՒՍՆԻԿ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք․ Գյումրի): Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հացի արտադրամասը գործում էր սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝– արտադրամասի հատակի սալիկները որոշ հատվածներում կոտրված են եղել կամ բացակայել են,– առաստաղը, դռները գտնվել են ոչ նորոգ վիճակում, հարթ չեն եղել և առկա է մասնիկների թափվելու հնարավորություն,– չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարան՝ տաք և սառը ջրով, ձեռքերը սրբելու և /կամ/ չորացնելու համար նախատեսված սարքերով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
19:21 - 14 մարտի, 2024
Սպիտակում կասեցվել է մանկապարտեզի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սպիտակում կասեցվել է մանկապարտեզի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում:  Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ այն գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես. - խոհանոցում չեն եղել ինչպես ձեռքերի, այնպես էլ հումքի լվացման համար նախատեսված լվացարաններ` ապահովված տաք և սառը ջրով. - խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը, պահարանները, լվացարանի դռները չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։ Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
18:00 - 12 մարտի, 2024
Ռոսսելխոզնադզորը Հայաստանից ներմուծված իշխանի ձկնկիթում աղիքային ցուպիկ է հայտնաբերել

Ռոսսելխոզնադզորը Հայաստանից ներմուծված իշխանի ձկնկիթում աղիքային ցուպիկ է հայտնաբերել

Ռոսսելխոզնադզորը (Ռուսաստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը) Հայաստանից ներմուծված «Մաքս Ֆիշ» ընկերության արտադրած իշխանի ձկնկիթի մեջ հայտնաբերել է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Այդ մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։ «Նկատի ունենալով արձանագրված արդյունքը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից ԵԱՏՄ անդամ մյուս պետություն փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում «Մաքս Ֆիշ» կազմակերպության կարգավիճակը «ուժեղացված լաբորատոր հսկողություն»-ից փոխվել է որպես «ժամանակավորապես սահմանափակված»։ ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները: Տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ «Մաքս Ֆիշ»-ում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրությունում։ ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ վերջին անգամ «Մաքս Ֆիշ» ընկերությունում վերահսկողություն իրականացվել է 2023-ին, խախտումներ չեն հայտնաբերվել:
12:29 - 05 մարտի, 2024