Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

Ստրասբուրգում մայիսի 17-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: ՀՀ ԱԳՆ խոսնակի հաղորդմամբ՝ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների տեքստում, որոնք ունեն պարտադիր իրավական ուժ անդամ երկրների համար:
17:36 - 17 մայիսի, 2024
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները. հանդիպում ՄԻՊ գրասենյակում

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները. հանդիպում ՄԻՊ գրասենյակում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 17-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։ Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձել ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներին, ինչպես նաև վերջին շրջանում լրագրողների մասնագիտական գործունեության առերևույթ խոչընդոտման դեպքերին։ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ նշված հարցերն իր աշխատանքի առաջնային ուղղություններից են և գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում։ Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդմանը, որտեղ մանրամասն վերլուծված են դրանցից յուրաքանչյուրը։ Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը միտված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ավելի ամուր համակարգ ունենալուն։ Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները։ 
17:30 - 17 մայիսի, 2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընդգծելու ՀՀ դատախազության և Հայաստանում ԵԽ գրասենյակի համագործակցության արդյունավետությունն ու քննարկելու փոխգործակցության զարգացման հետագա ուղղությունները: Գլխավոր դատախազն անդրադարձել է 2024 թվականի ապրիլի 26-27-ին Երևանում անցկացված «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովին և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ Խորհրդաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն Խորհրդաժողովի հաջողումն ու ընդլայնված աշխարհագրությամբ մասնակցությունը գնահատել է Գլխավոր դատախազության հետ ամրապնդված համագործակցության արդյունք և հանրապետության գլխավոր դատախազի հետ քննարկել է փոխգործակցության շրջանակում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներով շարունակական վերապատրաստումների միջոցով դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանն աջակցելու հնարավորությունները, ինչպես նաև փոխգործակցության այլ ուղղությունները:
17:44 - 15 մայիսի, 2024
ՆԳՆ-ն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը

ՆԳՆ-ն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը

Մայիսի 15-ին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է նրան և արդյունավետ աշխատանք մաղթել։ Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի՝ Երևանյան գրասենյակի հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել ներքին գործերի նախարարության ձևավորումից կարճ ժամանակ անց Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության հավակնոտ օրակարգի ձևավորման համար, որի արդյունքներն արդեն տեսանելի են։ Վահե Ղազարյանը համոզմունք է հայտնել, որ սերտ փոխգործակցությունը կնպաստի գործընկերության խորացմանը և ընդլայնմանը՝ հատկապես օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումների ոլորտներում: Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ նույնպես բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությունը: Նա ներկայացրել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որում մեծ ներգրավվածություն ունի ՆԳ նախարարությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության մի շարք ուղղությունների՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման, փախստականների իրավունքների պաշտպանության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտների վերաբերյալ։ Առանձնացնելով հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտը՝ ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ոլորտի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքի համար։ Կարևորելով բոլոր ուղղություններով կատարվող աշխատանքները՝ ՆԳ նախարարն առանձնացրել է հատկապես ոստիկանության գվարդիայի ստեղծման, օրենսդրական դաշտի կարգավորման և անձնակազմի կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության գվարդիայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները և մատնանշել նախատեսվող ծրագրերը։ Կողմերը պլանավորել են շարունակելու աշխատանքները՝ ծառայողների կարողությունների զարգացման, ստանդարտների նորացման ուղղությամբ։ Քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն ու ՄԻԵԴ վճիռների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ազատությունից զրկված անձանց նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերի փաստաթղթավորմանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել արդեն իսկ առկա ձեռքբերումներն ու ընդլայնել համագործակցության օրակարգը։
15:48 - 15 մայիսի, 2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։ Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացմանն առնչվող հարցեր։ Ծրագիրը նպաստում է զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, կրթական կարողությունների զարգացմանը և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին, կին զինծառայողների կրթական կարողությունների զարգացմանը, զինծառայողների վարքագծի կանոնների միջազգային չափանիշների համապատասխանեցմանը, ինչպես նաև ՄԻՊ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների արդյունավետ և սահմանված ժամանակացույցով իրականացմանը։ Համագործակցության շարունակականության ապահովման համատեքստում ընդգծվել է ձեռք բերված արդյունքների պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Զրուցակիցները կարևորել են ծրագրի շարունակականության ապահովումը և համագործակցության նոր ուղղությունների զարգացումը։  
16:16 - 25 ապրիլի, 2024
ԵԽ հակակոռուպցիոն մարմինը կոչ է անում թափանցիկ դարձնել վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը |civilnet.am|

ԵԽ հակակոռուպցիոն մարմինը կոչ է անում թափանցիկ դարձնել վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը |civilnet.am|

civilnet.am: Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի փակ գործընթացը։ GRECO-ն սա հրապարակել է Հայաստանի վերաբերյալ 5-րդ գնահատման զեկույցում։ «GRECO-ն առաջարկում է վերանայել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի հետ կապված պետական գնումների գործող փակ գործընթացները՝ նպատակ ունենալով սահմանափակել դրանց օգտագործումը բացառապես այն դեպքերում, երբ դրանք բավականաչափ հիմնավորված են ազգային անվտանգության նկատառումներով»,- նշված է զեկույցում։ Երկրի ղեկավարների արարողակարգային ծախսերը գաղտնիացվեցին 2016-ին։ Չնայած Հայաստանում իշխանության փոփոխությանը՝ օրենքը պահպանվում է մինչ այժմ։ Վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի տրանսպորտային սպասարկման, կեցության, սննդի հետ կապված արարողակարգային բնույթի ծախսերը փակ են հանրության համար։ Այս օրենքի ընդունմանը 2016-ին նախորդել էին մի շարք աղմկահարույց գնումներ, օրենքի ընդունումից հետո կառավարությունը մերժում է արարողակարգային ծախսերի մասին որևէ տեղեկություն տրամադրել։ GRECO-ն զեկույցում կառավարությունից ակնկալում է նաև փոփոխություններ կատարել նախարարների ու վարչապետի խորհրդականների աշխատանքի ներկա կարգավորումներում. «Առաջարկում ենք, որ կարգավորվեն ու հստակեցվեն հասարակական հիմունքներով գործող խորհրդականների իրավական կարգավիճակը՝ նրանց համար թափանցիկության, հաշվետվողականության ու բարեվարքության ամենաբարձր չափանիշներ ապահովելու համար»։ GRECO-ն շեշտում է՝ թեպետ հասարակական հիմունքներով խորհրդականները չեն վարձատրվում, բայց նրանք ունեն գործադիր գործառույթներ, մասնակցում են որոշումների կայացմանը ու ունեն որոշիչ ազդեցություն քաղաքականությունների մշակման ոլորտում։ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն այս մարմինը Հայաստանի իշխանություններին կոչ է արել նաև տեղեկատվության մատչելիության օրենսդրության մոնիտորինգ իրականացնել՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեղեկատվությունը մերժելու դեպքերին։ GRECO-ն առաջարկում է նաև դիտարկել տեղեկատվության ազատության հետ կապված վերահսկողության հատուկ մարմնի ստեղծման հարցը, որը կապահովի օրենսդրության իրականացումն ու մշտադիտարկում կիրականացնի։
11:18 - 22 ապրիլի, 2024
Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթիի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը |azatutyun.am|

Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթիի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: data-sider-select-id="1bd7f752-9372-4b40-943d-8130fd1cdd13">Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: Ընդգծելով, որ երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը՝ Միշելը հույս է հայտնել, որ այն կծառայի նորմալացման գործընթացին և խաղաղություն կբերի տարածաշրջանին։   Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով։ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը։
20:44 - 20 ապրիլի, 2024
GRECO-ն կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
 |news.am|

GRECO-ն կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում |news.am|

news.am: Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր ջանքերը` կանխելու կոռուպցիան բարձրագույն գործադիր գործառույթներ ունեցող անձանց և ոստիկանության առնչությամբ: GRECO-ն նշում է 2018 թվականի Թավշյա Հեղափոխությունից հետո ձեռնարկված դրական քայլերը՝ կոռուպցիայի դեմ պայքարը խթանելու ուղղությամբ, այդ թվում՝ մասնագիտացված ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման միջոցով։ GRECO-ն նաև ընդունում է ֆինանսական բացահայտման համապարփակ համակարգի ներդրումը: Վերջերս հրապարակվել է 2023-2026 թթ․ ժամանակահատվածի համար Հակակոռուպցիոն ռազմավարություն և Գործողությունների ծրագիր։ Դրանք նախատեսում են որոշակի խոստումնալից զարգացումներ, սակայն այդ ծրագրերի իրականացումը պետք է արդյունավետ կերպով գործարկվի։ GRECO-ն նշում է՝ անհարկի ազդեցության ռիսկերը կանխելու համար Հայաստանին կառավարության մեջ անհրաժեշտ է հաշվետվողականության ավելի ուժեղ համակարգ։ Բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի և նախորդ ռեժիմների հետ կապ ունեցող կլեպտոկրատական ցանցերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար մի շարք լայնածավալ հետաքննություններ են ընթանում, սակայն մինչ օրս դատավճիռ չի կայացվել։ Հետաշխատանքային դրույթները թույլ են իրենց ծավալի, ինչպես նաև դրանց մշտադիտարկման և կիրարկման առումով։ GRECO-ն նաև նշում է, որ անհրաժեշտ է ավելին անել՝ տեղեկատվության հասանելիությունը բարելավելու և հանրային մասնակցությունը որոշումների կայացման գործում ապահովելու հարցում: Ավելին, դեռ պետք է ընդունվեն արդյունավետ կանոններ լոբբիստական գործունեության համար: Ինչ վերաբերում է ոստիկանությանը, GRECO-ն նշում է, որ այն չունի լավ զարգացած էթիկայի ենթակառուցվածք. այն չունի ոչ հատուկ հակակոռուպցիոն քաղաքականություն/ռազմավարություն, ոչ էլ սեփական վարքագծի կանոնագիրք, և առ այսօր չի իրականացվել ռիսկերի գնահատում: Պետք է ուժեղացվեն վերստուգման ընթացակարգերը հավաքագրման ժամանակ և կանոնավոր պարբերականությամբ: Ներքին վերահսկողությունը կշահի լրացուցիչ կադրային համալրման և նախաձեռնողական, այլ ոչ թե արձագանքողական մոտեցումից․ Պետք է ուժեղացնել ոստիկանության բոլոր աստիճաններում կանանց ներկայացվածությունը՝ ինչպես հավաքագրման փուլում, այնպես էլ ներքին առաջխաղացման համատեքստում։ ԵԽ հրապարակած հաղորդագրության համաձայն, կարելի է նաև ավելին անել ոստիկանության գործողությունների թափանցիկությունը բարելավելու և հանրությանը փոխանցվող տեղեկության համապատասխանությունն ու ժամանակին տրամադրումը ապահովելու համար։ Եվ վերջապես, լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ ազդարարների հաղորդման և խորհրդատվական ուղիների, ինչպես նաև ազդարարների համար հասանելի պաշտպանական միջոցների նկատմամբ վստահություն կառուցելու համար: Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը իշխանությունները GRECO-ին կներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը: Հաջորդիվ, GRECO-ն կգնահատի երկրի համապատասխանության մակարդակը ներկայացված  առաջարկությունների հիման վրա:  
14:07 - 18 ապրիլի, 2024
ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները․ հայտարարություն

ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները․ հայտարարություն

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոչով դիմել են Եվրոպայի խորհրդին. «Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով: Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները: Թեև Հայաստանի օրենսդրությունը կալանքը դիտում է որպես խափանման ծայրահեղ միջոց և նախապատվություն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։ Շինծու մեղադրանքներով տևական ժամանակ անազատության մեջ էին ընդդիմադիր պատգամավորներ, պատգամավորության ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ և հանրային տասնյակ գործիչներ:Հարյուրավոր անձինք ապօրինաբար ձերբակալվել, միայն ոստիկանների ցուցմունքներով տևական ժամանակ անազատության մեջ են պահվել իրենց ընդդիմադիր գործունեության համար:Տասնյակ քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրված կամ հետապնդման են ենթարկվում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհված զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանությանը: Կիրառելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները հստակ է, որ ինչպես վերը նշված բազմաթիվ դեպքերում, այնպես էլ ներկայումս անազատության մեջ գտնվող շատ անձինք քաղաքական բանտարկյալներ են: Մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել մի երկրում, որտեղ այլակարծության դեմ պայքարի միջոց է կիրառվում կալանքը, ինչպես նաև նախաքննությամբ և դատական քննությամբ դրսևորած ռեպրեսիվ վերաբերմունքը, որն առանձին դեպքերում ընդհուպ հասցրել են «մեղադրյալ» հանրային գործիչների մահվան: Հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ նման վերաբերմունքը հետապնդում է մեկ նպատակ՝ ստեղծել խոսքի ազատության խոչընդոտման միջավայր և մթնոլորտ։ Ելնելով վերոգրյալից՝ հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին` խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները»:
20:39 - 16 ապրիլի, 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԵԽ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԵԽ գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագիրը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության՝ երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը, ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության բարձր մակարդակն ու դրա հետագա զարգացումը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների կարիքներին՝ Արթուր Մարտիրոսյանը նախ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ միտված նրանց հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի իրացմանը: Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել  է  ՀՀ  հանրակրթական դպրոցներում, ապահովվել է ավելի քան 900 ուսանողի կրթության շարունակականությունն ուսումնարաններում և քոլեջներում, ևս 1834 ուսանողի՝ բուհերում, որոնց տրամադրվել է ուսման վարձի փոխհատուցում:  Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորություն է ընձեռվել նաև այն ուսանողներին, որոնց ուսման վարձը նախկինում վճարվել է ԼՂ իշխանությունների կամ նրանց ընտանիքների կողմից: Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրով նախատեսվում է իրականացնել երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների վերապատրաստումներ ու ստեղծել կարողությունների զարգացման ձեռնարկ՝ նախատեսված թե՛ ուսուցիչների, թե՛ սոցիալական աշխատողների համար: Այս համատեքստում կարևորվել է ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությունը: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նմանօրինակ ձեռնարկը բուհական համակարգում ներառելու հնարավորությունը՝ երկարաժամկետ զարգացման հեռանկարում: Նա տեղեկացրել է՝ դպրոցներում սեպտեմբերից պարտադիր է հոգեբանի հաստիքը, գործում են Հանրապետական մանկավարժահոգեբանական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, սակայն մարտահրավերային իրավիճակները պահանջում են նոր ջանքեր, ինչպես նաև վերապատրաստման նոր ծրագրեր՝ այս կառույցների ներգրավմամբ: Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանն ընդգծել է՝ հիմնական ուշադրությունն ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հատկապես այն երեխաներին, որոնք մնացել են առանց ընտանեկան և ծնողական խնամքի: Արթուր Մարտիրոսյանն աշխատանքների կազմակերպման արդյունավետության նպատակով կարևորել է դաշտում նմանօրինակ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:18 - 12 ապրիլի, 2024
Եվրոպայի խորհուրդը կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթ՝ 2․8 միլիոն եվրո բյուջեով

Եվրոպայի խորհուրդը կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթ՝ 2․8 միլիոն եվրո բյուջեով

Եվրոպայի խորհուրդն ապրլի 11-ին կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-13-ին Հայաստան այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվել են Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ․) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ․) համահունչ: Արձագանքման փաթեթի շրջանակներում, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023-2026թթ․) անբաժանելի մասն է,   Եվրոպայի խորհուրդը նշում է 2023 թվականին Հայաստան բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված փախստական երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությունը, փախստականներին ընդունած համայնքներին, մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին աջակցություն, Հայաստանի առողջապահության համակարգում Ղարաբաղից բուժաշխատողների լիարժեք ինտեգրում, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրում: Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:
13:18 - 09 ապրիլի, 2024
Ալեն Սիմոնյանը և Մարիա Պեյչինովիչ Բուրիչը քննարկել են հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վերադարձի հրամայականը

Ալեն Սիմոնյանը և Մարիա Պեյչինովիչ Բուրիչը քննարկել են հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վերադարձի հրամայականը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 8-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպման սկզբում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵԽ գործողությունների 2023-2026 թթ. ծրագրի ընթացքը` գոհունակությամբ փաստելով, որ այն թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական գնահատականներով ընթանում է արդյունավետ: «Կարևորում ենք ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ վերջին մոնիթորինգային զեկույցի բարձր գնահատականը: Այժմ նախապատրաստվում է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» զեկույցը, որը մենք կարևորում ենք բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից»,- նշել է խորհրդարանի նախագահը: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականը Հայաստանում իրագործվող բարեփոխումների և ժողովրդավարությանն ու խաղաղությանը հավատարիմ լինելու հանձնառության իրականացմանը: «Հայաստանն իր ժողովրդավարությամբ և արժեքներով ապացուցել ու ապացուցում է, որ հավատարիմ է մարդու իրավունքների պահպանման, խաղաղության և տարածաշրջանային անվտանգության կայունությանը միտված օրակարգին: Խաղաղությունը չունի այլընտրանք, և պետք է անել ամեն բան, որպեսզի այն հաստատվի հնարավորինս շուտ և լինի հարատև»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Քննարկվել են ԵԽ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, Կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի շուրջ տարվող աշխատանքները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վերադարձի հրամայականը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը:
18:04 - 08 ապրիլի, 2024
Նիկոլ Փաշինյանը Դելֆին Պրոնկի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետևողական զարգացումը

Նիկոլ Փաշինյանը Դելֆին Պրոնկի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետևողական զարգացումը

Վարչապետն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին՝ նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումը և այդ համատեքստում ընդգծել ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման փաստը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵՄ օժանդակության կարևորությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում՝ ընդգծելով, որ ժողովրդավարության հետևողական զարգացումը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, 2023 թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ Կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումը լիարժեք արտահայտված է վերոնշյալ նախագծում: Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դերը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրներին: Կարևորվել է միջազգային հանրության հետևողական աջակցությունը՝ տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու նպատակով:
17:51 - 08 ապրիլի, 2024
 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարեւոր նախադրյալ դառնալ․ Բուրիչին՝ Փաշինյանին

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարեւոր նախադրյալ դառնալ․ Բուրիչին՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը ողջունել է տիկին Բուրիչի այցը Հայաստան և կարևորել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ Գործողությունների ծրագրի կատարման ընթացքին ու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը միտված քայլերին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունը: Վարչապետն անդրադառնալով Եվրոպայի խորհրդի հետ գործակցության հարուստ օրակարգին՝ կարեւորել է ԵԽ-ի դերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման և միջազգային աջակցության ցուցաբերման գործում։ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել Եվրոպայի խորհրդի և ՀՀ կառավարության սերտ գործակցությունը, այդ թվում՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Մարիա Պեյչինովիչ Բուրիչի խոսքով՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն արդյունավետ կերպով է կյանքի կոչում բարեփոխումները տարբեր ուղղություններով: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարեւոր նախադրյալ դառնալ: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերին վերաբերող հարցեր:
17:14 - 08 ապրիլի, 2024