Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Հայաստանում հակառուսական տրամադրությունները չեն գեներացվում իշխանության կողմից. Սարգիս Խանդանյան
 |tert.am|

Հայաստանում հակառուսական տրամադրությունները չեն գեներացվում իշխանության կողմից. Սարգիս Խանդանյան |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մոտվիենկոն նամակ չի ուղարկել Հայաստանի Ազգային ժողով, նամակն ինձ ուղարկել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը` բովանդակությամբ, թե արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի արտահայտած տեսակետը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ «Ես անտրամաբանական համարեցի այդ հարցին պատասխանելը, քանի որ, երբ ԱԺ նախագահը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը, ներկայացնում է նաև բովանդակությունը։ Ակնհայտ է, որ այս հարցի պատասխանը այո է։ Արտահայտված միտքն առնվազն արտացոլում է Խորհրդարանի իշխող մեծամասնության դիրքորոշումը»,- ասաց նա։ Խանդանյանի խոսքով՝ իր պատասխան նամակում նշել է սկզբունքներ, որոնցով առաջնորդվում են ՀՀ իշխանությունները Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության առումով։ «Եթե անգամ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, դրանք չեն գեներացվում երկրի իշխող ուժի կամ իշխանության կողմից։ Հայաստանում հակառուսական տրամադրություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների արդյունքում»,- նշեց Խանդանյանը:      
18:09 - 17 մայիսի, 2024
ԱԺ-ն քննարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը. 2 նախագծերի քննարկում հետաձգվել է

ԱԺ-ն քննարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը. 2 նախագծերի քննարկում հետաձգվել է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ և համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաև իր որոշմամբ փոխել քրեական վարույթի` սույն օրենսգրքով նախատեսված քննչական ենթակայության կանոնները, եթե քրեական վարույթը փաստական հանգամանքներով կապված է նախաքննության մեկ այլ մարմնի վարույթում քննվող քրեական վարույթի հետ կամ քրեական վարույթը նախաձեռնվել է նախաքննական մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ՝ այլ քննչական մարմնին ենթակա հանցագործության հատկանիշներով, սակայն փաստական հանգամանքներով կապված է վարույթը նախաձեռնած քննիչին ենթակա վարույթի հետ կամ նույն հիմքով միացված է այդ վարույթին»: Հեղինակի խոսքով՝ վերոնշյալ ձևակերպումը Կառավարության գործընկերների հետ համատեղ քննարկումների և դրանց ընթացքում   նրանց ներկայացրած առաջարկի արդյունք է: ԱԺ-ի փոխանցմամբ՝ Արփինե Դավոյանը խոսել է օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունից: Ըստ նրա՝ դեպքեր են լինում, երբ տևական ժամանակ ՀՀ քննչական կոմիտեում քննվող բազմադրվագ հանցավոր, տարբեր սխեմաներ ներառող քրեական վարույթում կարող են բացահայտվել նաև կոռուպցիոն հանցանքներ, ինչի կապակցությամբ նախաձեռնվելու է նոր քրեական վարույթ: «Նման իրավիճակում, ըստ առկա կարգավորումների, կարող է լինել երկու տարբերակ: Առաջինը՝ նախաձեռնված նոր վարույթը, ըստ քննչական ենթակայության, կարող է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե և քննվել այնտեղ, կամ նշված վարույթները կարող են միացվել մեկ վարույթում և հետագա նախաքննությունը կատարելու համար հիշյալ վարույթը պետք է ուղարկվի Հակակոռուպցիոն կոմիտե: Մինչդեռ, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ բացահայտված կոռուպցիոն հանցագործությունը հիմքում ունի արդեն նախորդող հանցագործություն, որով արդեն Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ»: Այս համատեքստում Արփինե Դավոյանն ընդգծել է, որ քրեադատավարական կարգավորումների պարագայում վարույթներ միացնելու դեպքում միացված քրեական վարույթը հետագա նախաքննություն իրականացնելու համար տեղափոխել այլ քննչական մարմին կարող է չբխել քննության շահերից: Զեկուցողը նշել է, որ փոփոխության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազը, հանդիսանալով մինչդատական վարույթի օրինականության համար պատասխանատվություն կրող անձ, պետք է օժտված լինի բավարար գործիքակազմով: Հարակից զեկուցող, պատգամավոր Տրդատ Սարգսյանը հորդորել է դրական եզրակացություն տալ նախաձեռնությանը: Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում, ստացել դրական եզրակացություն: Հեղինակի առաջարկով մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:
17:54 - 17 մայիսի, 2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ճանապարհային անվտանգության աուդիտին առնչվող փոփոխությանը

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ճանապարհային անվտանգության աուդիտին առնչվող փոփոխությանը

Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: «Ըստ էության՝ այս կարգավորումներով մենք ապահովում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով պահանջվող երկու հրահանգների (դիրետիվների) մոտարկումը մեր ներպետական ազգային օրենսդրության մեջ»,- ԱԺ-ի փոխանցմամբ՝ նշել է հիմնական զեկուցողը՝ կարևորելով ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացման պարտադիր պահանջի սահմանումը ճանապարհների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ժամանակ: Ճանապարհային անվտանգության աուդիտը նախատեսվում է  իրականացնել ճանապարհների նախագծման, շինարարության և ճանապարհը շահագործման հանձնելուց մեկ տարի հետո: Ընդ որում՝ ճանապարհային անվտանգության աուդիտորը չի կարող ներգրավված լինել ճանապարհային անվտանգության աուդիտի ենթակա ավտոմոբիլային ճանապարհի նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև շինարարության իրականացման գործընթացներում: Ըստ Քրիստինե Ղալեչյանի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացված առաջարկությունները հիմնականում եղել են տեխնիկական և խմբագրական բնույթի, որոնք ընդունվել են: Լրամշակված օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծին: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Փոխնախարարը հայտնել է, որ նախագծի նպատակը շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման համակարգի վերանայման միջոցով հարկ վճարողների հարկային կարգապահության խթանումն է: Նախագծի ընդունմամբ կապահովվի շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների՝ շահաբաժին վճարող կազմակերպության հարկային կարգապահական չափորոշիչների բավարարման դեպքում փոխհատուցումը:
16:57 - 17 մայիսի, 2024
ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի վիճաբանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի վիճաբանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից ԱԺ պատգամավոր Հ.Ասլանյանին վիրավորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին ասվում է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ «Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ: Մասնավորապես, քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի հիշյալ բնակիչը, հասարակական տրանսպորտում թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել երկրի ղեկավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին՝ հրահրելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք: Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ.Ասլանյանին, տեսագրելով, այնուհետև համացանցում տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը, այն ուղղել է դեպի Հ.Ասլանյանը և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անպարկեշտ արտահայտություններով ստորացնելով վերջինիս, ինչպես նաև համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով և անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները, խախտել է այդ անձանց անդորրը և շարունակել վիճաբանությունը նաև իրեն դիտողություն արած անձանց հետ՝ արդարացնելով իր գործողությունները: Ստեղծված իրավիճակի պատճառով երթուղային ավտոբուսի վարորդը ստիպված դադարեցրել է երթևեկությունը և պահանջել, որպեսզի վիճաբանողները դուրս գան երթուղայինից:  Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դեռևս 2023թ. ապրիլին Ս.Վ.-ն, համացանցի տարբեր հարթակներում ուղիղ եթերով հեռարձակված հաղորդման ժամանակ, պատմել է, որ մի օր պատահաբար հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ.Ասլանյանին, ում նկատմամբ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, որից հետո իրենց միջև սկսվել է խոսակցություն: Այնուհետև, երբ Հ.Ասլանյանը բարձրացել է երթուղային ավտոբուս, ինքը երթուղային ավտոբուսի մեջ գտնվող անձանց բարձրաձայն ասել է, որ նշված անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հ.Ասլանյանն է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված թիրախավորելով վերջինիս:  Նկատի ունենալով, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ՝ խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցությամբ 7 000 000 դրամի չափով գրավի:  Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին»,- նշված է քննաչական կոմիտեի հաղորդագրությունում:
16:32 - 17 մայիսի, 2024
Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջև տարբերությունը

Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջև տարբերությունը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԱԺ-ի փոխանցմամբ՝ այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նախագծերով առաջարկվում է վերանայել գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն: Ինչպես նշել է Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի: Մասնավորապես՝ տնտեսական գործունեության առանձին ոլորտներում համեմատվել են հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերը: Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է: Շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի գործունեության անցած տարիների փորձը և ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ հարկման այս համակարգերում թույլատրված են գործունեության այնպիսի տեսակներ, որոնք իրենց բնույթով նման են այս համակարգերում արգելք ունեցող գործունեության տեսակներին կամ իրենց առանձնահատկություններից ելնելով՝ ուղեկցվում են այլ գործունեության տեսակներով, որոնք չեն կարող հարկվել հարկման այս համակարգերով: Օրինակ՝ Երևան քաղաքում առևտրական գործունեությունը չի կարող հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ ավտոտեխսպասարկման, վարսավիրական գործունեությունում, որտեղ շատ հաճախ տեղի է ունենում նաև ապրանքների, պահեստամասների վաճառք, կարող է հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգերում: Հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են. օրինակ՝ առևտրական գործունեության ժամանակ 1.5 տոկոսի փոխարեն սահմանելով 1 տոկոս, արտադրության դեպքում 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 3 տոկոս, հանրային սննդի դեպքում՝ 4 տոկոսի փոխարեն 3.5 տոկոս, այլ գործունեության տեսակների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4.5 տոկոս: Բացի դրանից՝ նախատեսվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը: Մասնավորապես՝ սահմանել, որ նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում: Երկրորդ՝ սահմանել, որ հետևյալ գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրոձեռնարկատիրության համակարգում և պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ:
15:42 - 17 մայիսի, 2024
«Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ․ Գեղամ Նազարյանը՝ երեկվա միջադեպի մասին  |armlur.am|

«Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ․ Գեղամ Նազարյանը՝ երեկվա միջադեպի մասին |armlur.am|

armlur.am: ArmLur.am-ը զրուցել է  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու, թե երեկ ինչու էր վրդոովվել և թիրախավորել լրագրողին։ -Երեկ տհաճ միջադեպ տեղի ունեցավ Կիրանց գյուղում, որը սպասվածից առավել մեծ արձագանք գտավ, հատկապես սոցցանցերում: -Կիրանցը իմ հայրենի գյուղն է եւ նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել եւ չհուզել։ Ես հիմա չեմ ցանկանում կրկին կատարվածը քննարկել, միայն ցանկանում եմ ասել, որ առաջինը հենց ես չէի ցանկանա, որ նման միջադեպ արձանագրվի, այն էլ լրատվամիջոցի եւ լրագրողի մասնակցությամբ։ Իհարկե, ոչ միայն չէի ցանկանա, որ այդպես լինի, այլ ցավում եմ տեղի ունեցածի համար։ -«Հայաստան» խմբակցությունից նշեցին, որ Գեղամ Նազարյանը հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։ -Համարեք, որ ձեր հարցերին պատասխանելով հանդես եմ գալիս լրացուցիչ պարզաբանմամբ։ Կրկնեմ մեկ անգամ եւս, ես հարգել, հարգում եմ, հարգելու եմ լրագրողի եւ մամուլի աշխատանքը, միայն կցանկանայի որ դեպքին գնահատական տալուց առաջ ծանոթները, ընկերները կամ ում դու ընկեր ես համարում, կփորձեն պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։Մի պարզաբանում եւս, «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ։ -Իսկ իմպիչմենտի գործընթացին կմիանա՞ք։ -Ինչ վերաբերում է այն ստոր լուրերին, թե ես իբր հնարավոր իմպիչմենտի դեպքում դեմ եմ արտահայտվելու կամ ձեռնպահ եմ մնալու, ապա կարճ եւ հստակ ասեմ` ես կողմ եմ արտահայտվելու։ Եւ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։ Գուցե շատ հետո այս եւ այլ միջադեպերի, ասեկոսեների, իմ դեմ արդեն շատ երկար ամիսներ շարունակվող ուղղորդվող արշավի մասին մանրամասն անդրադառնամ, բայց հաստատ ոչ հիմա։ Միայն մի խնդրանք, այս ամենի մեջ մի ներքաշեք հերոս տղերքի ծնողներին։ Դուք անարգանքի սյունին գամում եք, գամեք, հանգիստ թողեք իմ բախտակիցներին։ Առայժմ այսքանը։
14:57 - 17 մայիսի, 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Այս մասին հատնում են ՀՀ ԱԺ-ից։  Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա» աշխարհաքաղաքական խմբի կողմից ընտրվել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի անդամ: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը: ՄՄ նախագահը եւ գլխավոր քարտուղարը համառոտ ներկայացրել են նախորդ համաժողովների արդյունքները, 6-րդ համաժողովի հիմնական ակնկալիքները եւ նպատակները: Քննարկման առանցքում են եղել առաջիկա համաժողովի օրակարգը, մասնավորապես` համաշխարհային խաղաղության հաստատմանը, կայուն զարգացմանը եւ ժողովրդավարության առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր: Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցիչների հետ խորհրդարանականները քննարկել են միջազգային բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցությունն առկա մարտահրավերների հաղթահարման շուրջ: Անդրադարձ է կատարվել աշխարհի արտակարգ կլիմայական իրավիճակին, նոր եւ պոտենցիալ վտանգավոր տեխնոլոգիաների ազդեցությանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խախտումներին, գենդերային խտրականությանը, քաղաքական բեւեռացմանը եւ հանրության անվստահությանը քաղաքական ինստիտուտների նկատմամբ:
16:58 - 16 մայիսի, 2024
Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
 |news.am|

Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան |news.am|

news.am: Չի կարող 70-80 հազար մարդ հավաքվել եւ հաջորդ օրը այդ շարժումը մարի, չի կարող նման բան լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Մենք ամեն օր տեսնում ենք, որ ոչ թե մարում է, այլ նոր մարդիկ են միանում: Մարդիկ կան, որ արագ փոփոխությունների ակնկալիքներ ունեն, մենք ոչ պակաս ուզում ենք, որ դա տեղի ունենա, բայց կան գործընթացներ, կան քայլեր, որոնք պարտադիր պետք է արվեն: Իմպիչմենթի գործընթաց կա: Այս ընթացքում նաեւ տնային աշխատանք կ անելու: Մենք մի քանի օր է, որ Երեւանում ենք եւ տնային աշխատանքը պետք է կատարենք: Իմպիչմենթի գործընթացը եւս տարվում է»,-ասաց նա: Դիտարկմանը, որ իմպիչմենթի համար պետք է ՔՊ-ից պատգամավորներ միանան, Դանիելյանն ասաց. «Տարբեր մարդիկ կան, որ տարբեր պատգամավորների հետ մտերիմ են, այսօր էլ մեկը մոտեցավ, ասաց՝ ես կարող եմ խոսել իրենց հետ: Ասաց՝ թույլ տալի՞ս եք, որ գնամ խոսեմ, ես ասել եմ՝ այո: Այն օրակարգը, որով մենք հանդես ենք գալիս, շատ միավորող է: Եթե այս հնարավորությունը մեր ձեռքից բաց թողնենք, վաղը ավելի ռադիկալ տրամադրված մարդիկ կարող են գալ, որոնք նաեւ ընդդիմության դաշտում կան: Եթե ՔՊ-ն չօգտագործի այս հնարավորությունը, վաղը իր համար լինելու է ճակատագրական: Սա խաղաղ անցնում անցում է»: Նա նկատեց, որ եթե իրենք հիմա ասեն իրենց քայլերի հաջորդականությունը, իշխանությունները դրանից կօգտվեն. «Դրա համար Բագրատ Սրբազանը շատ խաղաքարտերը չի բացում»: Հարցին՝ ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, Գառնիկ Դանիելյանն ասաց. «Այսօր ամենաբարձր վարկանիշն ունի Բագրատ Սրբազանը, ինձ համար թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Բոլոր շերտերը հարգում, ընդունում են իր անցած ուղին, իր տեսակը: Առնվազն ինձ համար դա ակնհայտ է»: Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկքաղաքացիություն ունի (Հայաստանի և Կանադայի)։ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ վարչապետ կարող է ընտրվել վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող անձը: Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։ Ինքը՝ Բագրատ Սրբազանը, ասել էր, որ վարչապետ դառնալու հավակնություն ու ցանկություն չունի՝ միաժամանակ նշելով․ «Մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանադրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմը, ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ներկայություն չունի, է հիմա եթե ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է։ Դուք պիտի ընդդիմանա՞ք, օրինակ եմ ասում»։ Լրագրողի հարցին, թե «անգամ եթե ժողովուրդը ցանկանա, որ Դո՞ւք լինեք», Բագրատ Սրբազանը պատասխանել էր․ «Եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ։ Նորից եմ ասում՝ իմ կռիվը վարչապետի աթոռը չի, իմ ունեցած պաշտոնն ավելի բարձր է քան վարչապետի աթոռը»։
17:57 - 14 մայիսի, 2024
ԱԺ փոխնախագահը Սլովակիայի Ազգային խորհրդի փոխնախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ԱԺ փոխնախագահը Սլովակիայի Ազգային խորհրդի փոխնախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Մայիսի 13-ին պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահային: ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել հրավերի և հյուրընկալության համար, ընդգծել երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերը, իրար կապող մշակութային և հոգևոր արժեքները: Կարևորվել է պետությունների շահագրգռվածությունն ընդլայնելու համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Հատկապես կարևորվել է խորհրդարանականների դերը երկխոսության զարգացման հարցում: Հանդիպմանը ներկայացվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման և սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները: Կողմերը քննարկել են խաղաղության խաչմերուկ նախագիծը որպես տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևոր բաղադրիչ: «Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. մենք որդեգրել ենք խաղաղության և ժողովրդավարության ուղին, հաստատակամ ենք մեր ընտրության մեջ և ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը: Միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հարգումը կարևոր հիմք են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: Խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության մասին` Հակոբ Արշակյանը նշել է, որ ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանային խաղաղության կարևորագույն բաղադրիչներից է: Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի տեղակալը եւս կարևորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Խոսելով մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին` Լուբոշ Բլահան նշել է, որ Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նա կարևորել է Սլովակիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը` նշելով, որ հավելյալ ջանքեր կգործադրվեն առկա հարաբերությունների էլ ավելի զարգացման համար: 
17:50 - 13 մայիսի, 2024
Արգենտինան տեսնում է ՀՀ-ի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

Արգենտինան տեսնում է ՀՀ-ի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում ու համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: «Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի և Արգենտինայի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Մեր երկրների միջև ձևավորված է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ, և Հայաստանը հետաքրքրված է Արգենտինայի հետ հարաբերությունների խորացմամբ բոլոր ուղղություններով»,- նշել է խորհրդարանի ղեկավարը: Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը փաստել է երկու երկրների միջև վաղեմի բարեկամական հարաբերությունների մասին` կարևորելով Արգենտինայի հայ համայնքի դերն Արգենտինայի Հանրապետության մշակութային և հասարակական կյանքում: Անդրադառնալով Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին` զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում: Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար և ապավինում է միջազգային բոլոր գործընկերների աջակցությանն այս հարցում: «Արգենտինան տեսնում է Հայաստանի Հանրապետության ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում: Մենք վստահաբար աջակցում ենք այս գործընթացին և հուսով ենք, որ այն շուտով կիրագործվի»,- նշել է դեսպանը:
15:37 - 13 մայիսի, 2024
«Իմփիչմենթը կյանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է». Գեղամ Մանուկյան
 |azatutyun.am|

«Իմփիչմենթը կյանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է». Գեղամ Մանուկյան |azatutyun.am|

azatutyun.am: «Իմփիչմենթը կյանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է», Ազատությանը փոխանցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը՝ նշելով, որ խոսքը 36 պատգամավորի ստորագրություն ապահովելու հարցին է վերաբերում և նոր վարչապետի թեկնածուին։ «Իրավական և տեխնիկան հարցերին հետագայում պարզաբանում կտրվի», - նշեց Մանուկյանը։ Սահմանադրության 115 -րդ հոդվածի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։ Այսինքն անհրաժեշտ է խորհրդարանի 107 պատգամավորներից առնվազն 36 -ի ստորագրությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» (29) և « Պատիվ ունեմ» ( 6) խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր: Այսինքն նախագիծը խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ է ևս մեկ պատգամավորի ստորագրություն։ Այս պարագայում ընդդիմադիրները 2 ճանապարհ ունեն՝ կա՛մ համոզել «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռևս 2021 -ին դուրս եկած Իշխան Զաքարյանին միանալ իրենց, կա՛մ իշխող ՔՊ-ից որևէ պատգամավորի ստորագրությունը ստանալ։ ՔՊ-ականները այսօր «Ազատության» հետ զրույցում բացառում էին, թե իրենցից որևէ մեկը կմիանա իմփիչմենթի գործընթացին։
18:03 - 10 մայիսի, 2024
Կհստակեցվեն քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող ծանուցման եղանակները

Կհստակեցվեն քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող ծանուցման եղանակները

Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Առաջարկվում է օրենքի 20-րդ հոդվածը լրացնել 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով: Սահմանվում է, որ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում` ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը,  անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am, քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը: Սահմանվում է, որ  քաղաքացուն պատշաճ ծանուցում է համարվում ծանուցագիրը փաստաթղթային կամ փոստային կապի միջոցով կամ անհատական կամ հրապարակային եղանակով տրամադրումը: Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցրել է՝ ի՞նչ է լինելու այն պարագայում, երբ որևէ կերպով  քաղաքացին չի ծանուցվում: Հրաչյա Սարգսյանը պարզաբանել է, որ այդ պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով  նախատեսված են պատասխանատվության միջոցներ: Նշվել է, որ ծանուցումից առաջ ստուգվելու է՝ քաղաքացին երկրո՞ւմ է, թե՝ ոչ: Մտքերի փոխանակության ձևաչափում փոխնախարարը հայտնել է, որ  նախագծի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ քաղաքացիներին ծանուցելու հետ  կապված որոշակի խնդիրներ կան. շատ հաճախ  քաղաքացիները միտումնավոր խուսափում են ծանուցվելուց: Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ սկզբում քաղաքացին ծանուցվելու է իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով: Պաշտոնական էլեկտրոնային փոստ համարվում է այն էլփոստը, որը քաղաքացին ստանում է նույնականացման քարտ ստանալիս: Էլեկտրոնային ծանուցումից 5 օր հետո ծանուցումն իրականացվելու է թղթային եղանակով՝ փոստի միջոցով, այնուհետև հաջորդելու են ծանուցման մյուս եղանակները: Վերջին ծանուցումից 10 օր հետո, որը լինելու է azdarar.am կայքով, քաղաքացին համարվելու է պաշտոնապես ծանուցված: Պատգամավորները և փորձագետները ներկայացրել են որոշ առաջարկներ և դիտողություններ, որոնք կքննարկվեն հեղինակի կողմից: Հանձնաժողովը նախագծին  դրական եզրակացություն է տվել:
17:41 - 10 մայիսի, 2024