Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

Ստրասբուրգում մայիսի 17-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: ՀՀ ԱԳՆ խոսնակի հաղորդմամբ՝ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների տեքստում, որոնք ունեն պարտադիր իրավական ուժ անդամ երկրների համար:
17:36 - 17 մայիսի, 2024
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
 |armenpress.am|

Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կտեղափոխվի նոր շենք և կվերսկսի աշխատանքը դիվանագիտական ​​առաքելության գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց հետո: «Անցյալ տարվա հունվարին Իրանում մեր դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իրանական կողմի հետ բանակցությունների հիմնական ուղղություններից էր վերջին մի քանի ամիսների ընթացքում դեսպանատան անվտանգության ապահովման հարցը: Երկու երկրների պաշտոնյաների և համապատասխան կառույցների միջև շփումների և բանակցությունների արդյունքում մեր ակնկալիքները հասցվել են մյուս կողմին: Այդ կապակցությամբ իրանական կողմը համապատասխան աշխատանք է կատարել մեր դեսպանատունը նոր վայր տեղափոխելու համար, որն ավելի անվտանգ է և համապատասխանում է դեսպանատան համար անհրաժեշտ բոլոր պահանջներին»,-լրագրողների հետ զրույցում ասել է Հաջիզադեն։   Նրա խոսքով՝ դեսպանատան նոր վայրն արդեն որոշված ​​է․ «Ներկայումս նշված վայրում և շենքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեսպանության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով, այս աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է դեսպանության գործունեությունը վերսկսել նոր վայրում»,- հավելել է նա։  2023 թվականի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր իրականացվել, որի հետևանքով զոհվել էր դիվանագիտական ​​առաքելության անվտանգության ծառայության ղեկավարը, ևս երկու աշխատակից վիրավորվել էին։ Այս միջադեպից հետո Ադրբեջանի իշխանությունները որոշեցին տարհանել Թեհրանում դեսպանատան բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին։  Տարհանումը տեղի է ունեցել հունվարի 29-ին։ Ներկայումս Թավրիզում գործում է միայն Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը։
15:39 - 17 մայիսի, 2024
Տավուշի մարզպետը Կիրանցում, փակ դռների հետևում, հանդիպեց գյուղացիների հետ, ճանապարհը բացվեց
 |azatutyun.am|

Տավուշի մարզպետը Կիրանցում, փակ դռների հետևում, հանդիպեց գյուղացիների հետ, ճանապարհը բացվեց |azatutyun.am|

azatutyun.am: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր Կիրանցում էր՝ հանդիպելու բնակիչների հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետևում, կարճ տևեց, մարզպետը հեռացավ՝ առանց լրագրողներին մանրամասներ ներկայացնելու։ «Ազատության»-ն հարցը, թե ի՞նչ էին քննարկում բնակիչների հետ, մարզպետն անպատասխան թողեց, փոխարենը բարձրացրեց մեքենայի լուսամուտն ու հեռացավ։ Գյուղացիները երեկվանից փակել էին Կիրանցից Ոսկեպար տանող ճանապարհը։ Մարզպետի հետ հանդիպումից հետո նրանք ճանապարհը բացեցին, ապխա հավաքվեցին գյուղապետարանի մոտ՝ քննարկելու հետագա անելիքները։ Նրանք վրդովված են Երևանի ու Բաքվի համաձայնությունից։ Գյուղացիները երեկ պահանջում էին, որ այնտեղ գնան իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ և սահմանազատման պատասխանատուներ, որոնք, ըստ նրանց, դեռ ամիսներ առաջ հավաստիացրել են, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ գյուղացիների, հօգուտ կիրանցեցիների, բայց երեկվա ստորագրված արձանագրությունն իրենց համար հուսադրող չէ։ Նշում են, որ այն 3 զգայուն կետերում, որի մասին անցած շաբաթ խոսում էր վարչապետը, սյուները տեղադրվել են ոչ հոգուտ գյուղացիների։ Կիրանցում երեկ մերժեցին մարզկենտրոն Իջևանում փոքր թվով գյուղացիների հետ հանդիպելու կառավարության առաջարկը։ Հրաժարվեցին նաև Տավուշի մարզպետի գյուղի դահլիճում փակ քննարկումների առաջարկից։ Ասացին՝ թող պաշտոնյաները գան Կիրանց ու լրատվամիջոցների ներկայությամբ ասեն իրենց ասելիքը։ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։ Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Փաշինյանն երեկ կառավարության նիստին «մեծ հաջողություն» որակեց, ասաց՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
14:21 - 17 մայիսի, 2024
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը։ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։ Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։ Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների ևս մեկ կոպտագույն խախտում է: Մինչ Եվրախորհրդարանի բանաձեւի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի և Ֆրանսիայի Սենատի բանաձևի միջոցով շարունակվում է ուժգնանալ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները, մենք՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության համաժողով»։ «Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ​​ու կոնկրետ որոշման, Ռուբեն Վարդանյանի իրավունքների հերթական կոպտագույն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։ Կալանքի ժամկետի երկարաձգումների միակ բացատրությունն այն է, որ այս գործը քաղաքական է, և որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ որևէ փաստացի ապացույց չունի՝ նրան դատապարտելու համար։ Հետևաբար, նա պետք է անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակվի»,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։
13:04 - 17 մայիսի, 2024
Սահմանազատումից հետո ՀՀ–ն կորցնում է Կիրանցից 2 տուն և 57 հողամաս. «Թաթոյան» հիմնադրամ

Սահմանազատումից հետո ՀՀ–ն կորցնում է Կիրանցից 2 տուն և 57 հողամաս. «Թաթոյան» հիմնադրամ

«Թաթոյան» հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնու ենք ստորև․ «ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած հաղորդագրություններն ակնհայտ մոլորեցնում են հանրությանը և խախտում Հայաստանի անվտանգության համակարգը։ Գործընթացը հակադրվում է ՀՀ Սահմանադրության ու միջազգային պարտավորությունների հիմքերին ու իրավունքի գերակայությանն առհասարակ։ Այն հակաժողովրդավարական է, քանի որ տեղի է ունենում առանց մարդկանց ու հատկապես` տեղի բնակիչների իրական մասնակցության ու նրանց կարծիքը հաշվի առնելու: Նախ, Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովը սահամանազատման որևէ գործառույթ չունի։   Հայաստանում որևէ օրենքով, Կառավարության որևէ որոշմամբ կամ իրավական որևէ այլ ակտով ամրագրված չէ հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի որևէ իրավասություն։ Ավելին, 2024թ. ապրիլի 19-ին ԱԳՆ-ն ինքն է հրապարակայնորեն նշել, որ մինչև 2024թ. հուլիսի 1-ը նոր պետք է «ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները»։   Այսինքն՝ մինչև հուլիսի 1-ը սահմանազատման նախագիծ անգամ չի լինելու։ Մյուս կողմից, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ներկայում Տավուշում սահմանների հետ կապված տեղի ունեցողը սահմանազատում է։ Նույնը ԱԳՆ-ն կրկնել է երեկ։   Դրան հակառակ, ՀՀ արդարադատության նախարարությունն ու ԱԺ կառավարող [ՔՊ] մի շարք պատգամավորներ պնդում են, որ Տավուշում տեղի ունեցողը նախնական սահմանազատում է՝ առանց պարզաբանելու, թե ինչ է դա նշանակում։ ՔՊ պատգամավորների [իրար հակասող ու խճճող] խոսքից հետևում է, որ Տավուշում սյուների տեղադրումից հետո է իրականացվելու սահմանազատում։ Մինչդեռ, հաշվի չի առնվում, որ սյուների տեղադրումը ազդարարում է սահմանի որոշման ավարտը, այլ ոչ թե սահմանազատումից առաջ սահմանի որոշման սկզբնական փուլ։ ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները անտեսում են Տավուշի Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար և այլ գյուղերի բնակիչների ու առհասարակ երկրի անվտանգությունը, ինչպես նաև մարդկանց կենսական իրավունքներն ու կարիքները։ Չի կարող խաթարել անգամ մարդկանց բնական միջավայրը:   Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ այս լուծումների արդյունքում, օրինակ, Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները։   Մոտ 15 տուն հայտնվում է ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո և անմիջապես սահմանին։ Ադրբեջանական թիրախի ներքո է հայտնվում Աճարկուտ գյուղը և այլն: Կառավարության ղեկավարի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե ադրբեջանականից ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք: Մինչդեռ, մեր պարզած ճշգրիտ տվյալներով՝ այդ հողատարածքն ի սկզբանե գտնվել է Հայաստանի վերահսկողության ներքո. այն պարզապես եղել է ականապատ տարածք։   Ուստի, ևս մեկ անգամ վճռականորեն արձանագրում եմ, որ տեղի ունեցողը խաթարում է մարդկանց ու ամբողջ երկրի անվտանգության համակարգը, չի ապահովում Տավուշի գյուղերում մարդկանց անվտանգ կյանքը և, իհարկե, հակադրվում է Հայաստանի պետականության ու ժողովրդի շահերին» ։
22:32 - 16 մայիսի, 2024
Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե
 |1lurer.am|

Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե |1lurer.am|

1lurer.am: Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետը: Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության կողմնակից է: «Մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևորությունը։ Մենք հավատում ենք, որ երկու երկրներն ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ»,- նշել է Կոբախիձեն։ «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափը լավ օրինակ է, թե ինչպես կարող են արդյունավետ և հաջող համագործակցել միմյանց ինքնիշխանությունը հարգող երկրները: Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է և պետք է ուղղված լինի խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև մեր երկրների զարգացմանը»,- հավելել է նա։
21:05 - 16 մայիսի, 2024
«Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է»․ Լուկաշենկոն՝ Ալիևին
 |azatutyun.am|

«Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է»․ Լուկաշենկոն՝ Ալիևին |azatutyun.am|

azatutyun.am: «Բելառուսը պատրաստ է օգնել Ադրբեջանին նախկին գրավյալ տարածքների վերակառուցման հարցում», - Բաքու կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Եկել է ամենածանր պահը, երբ պետք է վերականգնել այդ տարածքները, վերադարձնել բնակիչներին։ Հաղթանակը արդեն տարել եք, պահել եք այն, այժմ եկել է վերածննդի պահը», - հայտարարել է Լուկաշենկոն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ այդ շրջաններում հսկայածավալ աշխատանքի հեռանկարներ կան։ «Ես հրավիրել եմ բելառուսական ընկերություններին ակտիվորեն մասնակցել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի գոտիների վերականգնմանը։ Մեր կողմից արդեն իսկ իրականացվող, ինչպես նաև նախանշված աշխատանքների ծավալը ահռելի է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Նրա խոսքով՝ «Բելառուսում քաղաքաշինության մեծ փորձ է առկա, կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաները, ագրոավանների շինարարության փորձառություն գոյություն ունի»։
17:11 - 16 մայիսի, 2024
Փարիզը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների համար
 |tert.am|

Փարիզը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների համար |tert.am|

tert.am: Ֆրանսիայի ներքին գործերի և անդրծովյան տարածքների նախարար Ժերալդ Դարմանինը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգությունների հետ կապ ունենալու համար։ Այս մասին մայիսի 16-ին հայտնել է Le Figaro թերթը։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը, Ռուսաստանը կամ Չինաստանը կապ ունեն Նոր Կալեդոնիայում տեղի ունեցող անկարգությունների հետ, նախարարն ասել է, որ «Ադրբեջանի պարագայում դա երևակայություն չէ, այլ իրականություն», ինչպես նաև ափսոսանք է հայտնել, որ Կալեդոնիայի անկախության որոշ կողմնակիցներ. գործարք է կնքել Ադրբեջանի հետ: «Սակայն այսօր, չնայած ներքին գործերին միջամտելու փորձերի առկայությանը, ոչ մի երկիր Նոր Կալեդոնիայում բռնություն տարածելու կարողություն չունի։ Ֆրանսիան ինքնիշխան է իր տարածքում »,- նշել է Դարմանինը։ Պաշտոնական Բաքուն արձագանքել է Դարմանենի հայտարարություններին. Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի ՆԳ նախարարին խորհուրդ է տվել «Նոր Կալեդոնիայում անկախության ցույցերին աջակցելու համար Ադրբեջանին մեղադրելու փոխարեն կենտրոնանալ օտար շրջաններում իր երկրի ձախողված քաղաքականության վրա»:Ինչպես հիշեցնում է թերթը, Ֆրանսիայի կառավարությունը Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն է հայտարարել, զորքեր է մտցրել և արգելել է TikTok սոցիալական ցանցը, որը լայնորեն օգտագործվում է անկարգություններ հրահրողների կողմից։ Արգելքը հիմնավորված է նաև օտարերկրյա երկրների կողմից ապատեղեկատվության տարածման մտավախություններով։ Այս կապակցությամբ Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները նշում են Ադրբեջանը, որի հետ Փարիզը մի քանի ամիս լարված հարաբերություններ ունի։Նոր Կալեդոնիայում խռովարարները բողոքում են Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող օրինագծի դեմ, որն առաջարկում է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ձայնի իրավունք տալ Նոր Կալեդոնիայում ավելի քան տասը տարի բնակվող անձանց։ Տեղաբնիկները դրան դեմ են:Հայտնի է, որ ապրիլի 18-ին Ադրբեջանը և Նոր Կալեդոնիան ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինն այնուհետեւ քննադատել է Բաքվին։
14:42 - 16 մայիսի, 2024