ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Հայաստանում հակառուսական տրամադրությունները չեն գեներացվում իշխանության կողմից. Սարգիս Խանդանյան
 |tert.am|

Հայաստանում հակառուսական տրամադրությունները չեն գեներացվում իշխանության կողմից. Սարգիս Խանդանյան |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մոտվիենկոն նամակ չի ուղարկել Հայաստանի Ազգային ժողով, նամակն ինձ ուղարկել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը` բովանդակությամբ, թե արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի արտահայտած տեսակետը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ «Ես անտրամաբանական համարեցի այդ հարցին պատասխանելը, քանի որ, երբ ԱԺ նախագահը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը, ներկայացնում է նաև բովանդակությունը։ Ակնհայտ է, որ այս հարցի պատասխանը այո է։ Արտահայտված միտքն առնվազն արտացոլում է Խորհրդարանի իշխող մեծամասնության դիրքորոշումը»,- ասաց նա։ Խանդանյանի խոսքով՝ իր պատասխան նամակում նշել է սկզբունքներ, որոնցով առաջնորդվում են ՀՀ իշխանությունները Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության առումով։ «Եթե անգամ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, դրանք չեն գեներացվում երկրի իշխող ուժի կամ իշխանության կողմից։ Հայաստանում հակառուսական տրամադրություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների արդյունքում»,- նշեց Խանդանյանը:      
18:09 - 17 մայիսի, 2024
Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով չէ, որ մնում են սահմանի որոշ հատվածներում․ Գրիգորյանը հերքել է Պեսկովի հայտարարությունը

Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով չէ, որ մնում են սահմանի որոշ հատվածներում․ Գրիգորյանը հերքել է Պեսկովի հայտարարությունը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունները։ Վերջինս ասել էր, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, սակայն հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին: Գրիգորյանը պարզաբանել է, որ սկզբում հայկական կողմը ՌԴ-ին առաջարկել է, որ Զվարթնոց օդանավակայանում միայն հայ սահմանապահները ծառայությունն իրականացնեն, ինչպես նաև քննարկումներ են սկսվել, որ հանվեն Սիսիանում և Գորիսում գոյություն ունեցող բազաները, որոնք ԼՂ-ում ռուս խաղաղապահներին էին աջակցում, ինչպես նաև ռուսական ներկայությունը դուրս գա Ներքին Հանդից։ ԱԽ քարտուղարի խոսքով ռուսական կողմը ընդունել է այդ առաջարկները։ «Եվ նրանք (ռուսական կողմը՝ խմբ․) հարցրել են՝ արդյոք Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններից էլ եք ասում, որ դուրս գանք։ Մենք ասել ենք, որ այս երեք ուղղություններով («Զվարթնոց», Ներքին Հանդի 17 կետ, Սիսիան-Գորիս հատված՝ խմբ․) բանավոր պայմանավորվածություն են։ Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններին, դրանք պայմանագրային են, մենք դա էս պահին ձեզ հետ (ռուսական կողմի՝ խմբ․) չենք քննարկում»,- ասաց Գրիգորյանը։ Լրագրողի դիտարկմանը, որ սա չի համընկնում Պեսկովի հայտարարությանը, քանի որ վերջինիս խոսքով հայկական կողմի խնդրանքով է մնում ռուսական ներկայությունը, Գրիգորյանն արձագանքել է․ «Մենք որևէ նման խնդրանք չենք ունեցել բնականաբար։ Ես պատմեցի այն, ինչ տեղի է ունեցել՝ թողնելով հանրության դատին եզրակացությունը»։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահ դուրս գալու մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը և հայտարարել, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին:
10:10 - 17 մայիսի, 2024
Իրավիճակն, ընդհանուր առմամբ, կառավարելի է. Վլադիմիր Զելենսկին՝ Խարկովում իրադրության մասին |hetq.am|

Իրավիճակն, ընդհանուր առմամբ, կառավարելի է. Վլադիմիր Զելենսկին՝ Խարկովում իրադրության մասին |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովում զինված ուժերի հրամանատարական կազմի հավաք է անցկացրել և այնտեղ առկա իրավիճակն անվանել «ընդհանուր առմամբ վերահսկելի»: Հանդիպման ընթացքում Զելենսկին լսել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու, «Հորտիցա» ստորաբաժանման հրամանատար Յուրի Սոդոլի, ինչպես նաև՝ «Խարկով» ստորաբաժանման հրամանատար Միխայիլ Դրապատովի զեկույցները։ «Մենք նաև մանրամասն վերլուծեցինք մարտական իրավիճակի հեռանկարները, առաջիկա օրերին և շաբաթներին սպառնալիքները ու մեր՝ ուկրաինական հնարավորությունները՝ հակազդելու ռուսական հարձակողական ծրագրերին»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Վլադիմիր Զելենսկին: Նախագահը հավելել է, որ ուկրաինական զորքերը ռուսական ուժերին «շոշափելի կորուստներ» են պատճառում, սակայն խոստովանել է, որ ուղղությունը մնում է «ծայրահեղ դժվար», եւ որ Ուկրաինայի զինված ուժերը կամրապնդեն իրենց ստորաբաժանումները։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության և Արտաքին հետախուզության ծառայության պետերը Զելենսկուն զեկուցել են ռուսական զորքերի մտադրությունների մասին, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը՝ հակադիվերսիոն միջոցառումների մասին։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահը լսել է սահմանամերձ և մերձճակատային այլ շրջանների վարչակազմերի ղեկավարների զեկույցները: Մայիսի 10-ին ռուսական զորքերը նոր հարձակում էին սկսել Խարկովի մարզում։ Շուտով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց մի շարք բնակավայրերի գրավման մասին, իսկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին խոստովանեց, որ իրավիճակն այդ շրջանում զգալիորեն սրվել է: Մայիսի 14-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնեց, որ ուկրաինական զորքերը «Վոլչանսկի և Լիպցովի շրջաններում հետ են նահանջել առավել շահավետ դիրքեր»։ Դրա հետ մեկտեղ իշխանությունները տարհանում են տեղի բնակիչներին Խարկովի մարզի սահմանամերձ գյուղերից։
17:35 - 16 մայիսի, 2024
ՌԴ-ն Երևանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չի համարում |armenpress.am|

ՌԴ-ն Երևանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չի համարում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի հայտարարությունը «Ռուսաստան- Իսլամական աշխարհ. Կազանֆորում»-ի ընթացքում։ «Դա ողբերգություն չէ (խմբ․ Հայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը), կազմակերպությունը (խմբ․ ՀԱՊԿ) շարունակում է աշխատանքը»,- ընդգծել է Պանկինը։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանն այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- նշել էր ԱԳՆ խոսնակը:  
15:16 - 16 մայիսի, 2024
Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել

Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել

Պեկինում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են ընդունել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության խորացման վերաբերյալ։ Չինաստանի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները եղել են անկեղծ, բարեկամական և բովանդակալից, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ռուսաստանի նախագահը մայիսի 16-17-ը պետական այցով գտնվում է Չինաստանում։ Մայիսի 16-ի առավոտյան Պեկինի ժողովրդական մեծ դահլիճում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների բանակցությունները։ Սկզբում պետությունների ղեկավարները շփվել են սահմանափակ ձևաչափով, ապա հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպմանը Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին հրավերի համար։ Ռուսաստանին և Չինաստանին, նրա խոսքով, միավորում են ազգային զարգացման և համատեղ բարգավաճման ապահովման ընդհանուր նպատակները՝ փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և փոխշահավետության սկզբունքներով։ Սի Ծինփինը վստահեցրել է իր գործընկերոջը, որ պատրաստ է շարունակել երկկողմ հարաբերությունների կառուցումը և բոլոր ոլորտներում փոխգործակցության նոր ծրագրեր մշակել։ «Պարոն նախագահ, սա Ձեր առաջին արտասահմանյան այցն է նոր նախագահական ժամկետի սկզբից ի վեր, ինչը համոզիչ վկայությունն է այն ուշադրության, որ Դուք անձամբ և Ռուսաստանի կառավարությունը ցուցաբերում եք չին-ռուսական հարաբերություններին, մենք բարձր ենք գնահատում դա», - ասել է ՉԺՀ ղեկավարը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:06 - 16 մայիսի, 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի մտավախությունները հաստատվել են՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներգրավմամբ և կասկածելի նպատակներով. այս մասին News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Դրա անձնակազմն արդեն առնվազն երկու անգամ ավելացվել է, և նոր հենակետեր են բացվում։ Բոլորովին վերջերս Երևանին պարտադրվել է ԵՄ-ի ներկայության կարգավիճակի մասին համաձայնագիր, որն առաքելությանը տալիս է առավել բարենպաստ պայմաններ և Հայաստանի տարածքում գործելու ազատություն: Այն, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը, հաշվետվողականության բացակայությունը և վերահսկողության բացակայությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից։ Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուրի» մասին։ Ավելին, ԵՄ գործունեությունը գնալով ստանում է հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ։ Եթե խոսենք երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների մասին, ապա տարածաշրջանը ռազմականացնելու և այնտեղ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու արևմտյան երկրների ծրագրերը լիովին անհամապատասխան են դրանց։ Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում, ի հայտ եկած խնդիրների պատասխանների համատեղ որոնումը և արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին հակազդելը», - ասել է Գալուզինը։
11:00 - 15 մայիսի, 2024
Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները. Գալուզին
 |azatutyun.am|

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները. Գալուզին |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները, NEWS.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա բնորոշմամբ, ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ «Մենք լիովին աջակցում ենք այս ուղղությամբ Աստանայի ջանքերին», - հայտարարել է Գալուզինը՝ շեշտելով․ - «Կարևոր է, որ բանակցություններն ընթանում են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը որոշած՝ բարձրագույն մակարդակում 2020-2022 թվականներին ձեռքբերված եռակողմ պայմանավորվածությունների հունով»։ Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։ Գրեթե մեկ ամիս անց՝ մայիսի 10-ի,ն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Ալմաթիում։ Երկու օր տևած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել բանակցությունները հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ։
10:32 - 15 մայիսի, 2024
Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում. Բորտնիկով
 |azatutyun.am|

Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում. Բորտնիկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, այսօր հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։ «Ի դեմս սահմանապահների՝ մեր ներկայությունը Հայաստանում մնում է», - Դաշնային խորհրդում իր թեկնածության շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Բորտնիկովը։ Ռուս պաշտոնյան վերահաստատել է՝ ռուս սահմանապահները կշարունակեն իրենց ծառայությունը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին։ Ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Բորտնիկովը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես դիմել են Մոսկվային ռուսական զորքը շփման գծից դուրս բերելու խնդրանքով, և հայկական կողմի խնդրանքով փակվելու է նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։ Օրերս ՌԴ նախագահի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։
17:46 - 14 մայիսի, 2024
ՊՆ կադրերի վարչության պետ Կուզնեցովին մեղադրում են կաշառակերության մեջ. նրա մոտ հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. ՌԴ ՔԿ |news.am|

ՊՆ կադրերի վարչության պետ Կուզնեցովին մեղադրում են կաշառակերության մեջ. նրա մոտ հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. ՌԴ ՔԿ |news.am|

news.am: Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության կադրերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովի դեմ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 290 հոդվածի 6-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառքի ստացում)։ «Քննության տվյալներով՝ 2021-2023թթ., լինելով ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի 8-րդ վարչության պետը, Կուզնեցովը կաշառք է ստացել առեւտրային կառույցների ներկայացուցիչների կողմից հօգուտ իրենց որոշակի գործողություններ կատարելու համար»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։ Թե ինչ գործողությունների մասին է խոսքը, ՌԴ Քննչական կոմիտեն չի նշում։ ՌԴ ՔԿ-ն հայտնում է, որ «կասկածյալի փաստացի կեցության եւ գրանցման վայրերում» գտել են ռուբլով եւ արտարժույթով դրամական միջոցներ՝ ավելի քան 100 մլն ռուբլու չափով (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաեւ ոսկե դրամներ, կոլեկցիոն ժամացույցներ եւ «շքեղ իրեր»։ Դատարանը որոշում է կայացրել գեներալին ուղարկել մեկուսարան, հաստատել է ՔԿ-ն։ Մինչ այդ նրա ձերբակալման մասին տեղեկացրել էին լրատվամիջոցները։ Ձերբակալումը տեղի է ունեցել պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի դեմ աղմկալի գործի եւ Սերգեյ Շոյգուի՝ ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռանալու ֆոնին։
12:55 - 14 մայիսի, 2024
Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը
 |tert.am|

Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին փոխարինելու որոշումը խոսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հուսահատության մասին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը, փոխանցում է Reuters-ը։«Այսպիսով, Կրեմլի ղեկավարը ցանկանում է իր երկիրը նախապատրաստել տնտեսական պատերազմին և փորձում է ավելի լավ օգտագործել պաշտպանական բյուջեն»,- ասել է Պատելը։Նա նշել է, որ Կրեմլի ղեկավարը մտադիր չէ դադարեցնել արյունահեղությունը, այլ պատրաստվում է երկար առճակատման։«Մեր կարծիքն այն է, որ սա հերթական վկայությունն է Պուտինի հուսահատության՝ շարունակելու իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ՝ չնայած ռուսական տնտեսության ծանր հյուծմանը և ռուսական զորքերի մեծ կորուստներին», - ասել է նա։Սերգեյ Շոյգուն այլևս ՌԴ պաշտպանության նախարար չէ: Նա այս պաշտոնը զբաղեցրել է 12 տարի։ Պուտինի որոշմամբ՝ ՌԴ պաշտպանության նոր նախարար կնշանակվի Անդրեյ Բելոուսովը, որը նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Շոյգուն նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։
10:20 - 14 մայիսի, 2024
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուցարձը, հավաքել են մալուխները
 |azatutyun.am|

Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուցարձը, հավաքել են մալուխները |azatutyun.am|

azatutyun.am: Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ երեկ նկատել են, թե ինչպես են ռուս սահմանապահները հավաքում դաշտային մալուխները։ Ինչպես ենթադրում էր համայնքապետը՝ հավանաբար հեռանալու նպատակով։ Այսօր կեսօրին «Ազատության» տեսախցիկը Ներքին Հանդի սկզբնամասում արձանագրել է՝ ռուսական անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը։ Անցակետի մուտքի մոտ նաև հավաքված մալուխներ կային։ Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։ Օրերս նախագահ Պուտինի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին»։ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը հստակեցրել էր, որ ռուս սահմանապահները դուրս կգան Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանից։
15:17 - 13 մայիսի, 2024