Թերի գործող մեխանիզմը՝ ազատ տեղաշարժի սահմանափակման պատճառ․ երկրից բացակայելու արգելքը ՍԷԿՏ-ում
16:11 - 30 ապրիլի, 2024

Թերի գործող մեխանիզմը՝ ազատ տեղաշարժի սահմանափակման պատճառ․ երկրից բացակայելու արգելքը ՍԷԿՏ-ում

17-ամյա Տիգրանը (անունը փոխված է, քանի որ անչափահաս է) այս տարվա փետրվարի 15-ին պիտի մեկներ Մոլդովայի Հանրապետություն, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայություն իրականացնող ոստիկանները նրան թույլ չեն տվել՝ տեղեկացնելով, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում Հայաստանից նրա ելքի վրա սահմանափակում է դրված։ 

Տիգրանն այդ պահին ենթադրել է, որ պատճառը բացակայելու արգելք խափանման միջոցն է, որ իր նկատմամբ ընտրվել էր ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ապօրինի կերպով սառը զենք կրելու հոդվածով, սակայն փետրվարի 1-ին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կայացրել էր արդարացման դատավճիռ՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը։

Միաժամանակ դատարանը վճռել էր կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավճիռն ուժի մեջ է մտնում, եթե այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում կողմերը դրա դեմ վերաքննիչ բողոք չեն ներկայացնում։ Փետրվարի 15-ի դրությամբ, փաստացի, այդ ժամկետը լրացած չի եղել։

Տիգրանն ասում է, որ միայն օդանավակայանում է տեղեկացել այդ հանգամանքի մասին։ Արդյունքում, բաց է թողել թռիչքը եւ կրել 150 հազար դրամի նյութական վնաս։

Նա միակը չէ, որ նմանատիպ խնդրի առաջ է հայտնվել։ Քաղաքացիները երբեմն թռիչքից կարճ ժամանակ առաջ են տեղեկանում, որ իրենց նկատմամբ կիրառված սահմանափակումը դեռ չի հանվել, թեեւ շաբաթներ կամ նույնիսկ տարիներ առաջ արդարացվել են կամ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ 

Նյութում կարդացեք՝

  • Ինչ է ՍԷԿՏ համակարգը, եւ ինչպես է այն աշխատում
  • Ինչ խնդիրների առաջ են կանգնում երկրից մեկնող քաղաքացիները, եւ ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը
  • Ինչ տեսակետ ունի խնդրի վերաբերյալ նախկին դատավորը

Ինչ է ՍԷԿՏ համակարգը, եւ ինչպես է այն աշխատում

ՍԷԿՏ համակարգը Կառավարության՝ 2006 թ․-ի որոշմամբ ստեղծված էլեկտրոնային շտեմարան է, որտեղ ՀՀ պետական մարմիններն իրականացնում են Հայաստան ելք ու մուտք անող տրանսպորտային միջոցների եւ անձանց հաշվառում, այդ թվում՝ նաեւ այն անձանց վերաբերյալ, որոնք որեւէ քրեական վարույթի շրջանակում ունեն մեղադրյալի կարգավիճակ, եւ նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք (նախկինում՝ երկրից չհեռանալու մասին ստորագրություն) խափանման միջոցը։ 

Տարիներ շարունակ տվյալների փոխանցման գործընթացը քրեադատավարական օրենսդրությամբ կարգավորված չէր, այսինքն՝ սահմանված չէր, թե իրավասու սուբյեկտը երբ, ինչ եղանակով, ինչպես պետք է գործեր երկրից չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու դեպքում։ Որպես կանոն, քննիչը կամ դատարանը Կառավարության հիշյալ որոշման հիման վրա էին այդ տեղեկությունը փոխանցում ոստիկանությանը, որպեսզի վերջինս, որպես լիազոր մարմին, տեղեկությունը ներառի համակարգ եւ անձի՝ Հայաստանից դուրս գալու հնարավորությունը սահմանափակի։ 

Այդ որոշումը, սակայն, որեւէ կերպ չէր կարգավորում ընտրված խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու դեպքում անձի տվյալները համակարգից հեռացնելու գործընթացը։ Արդյունքում, ոստիկանությունը անհապաղ չէր տեղեկացվում այդ մասին կամ տեղեկացվելուց հետո անհապաղ չէր հեռացնում, եւ անձանց տվյաները անորոշ ժամանակով մնում էին համակարգում՝ այդ կերպ սահմանափակելով նրանց ազատ տեղաշարժման իրավունքը։

Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ իր հրապարակումներում եւ զեկույցներում անդրադարձել է այս խնդրին։ 2016 թ․ տարեվերջին ՄԻՊ-ը նաեւ դիմել է Սահմանադրական դատարան, եւ վերջինս արձանագրել է, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է խափանման միջոցի վերացման վերաբերյալ տեղեկությունը ՍԷԿՏ համակարգ ուղարկելու ուղղակի պարտականությունը, առանց որի հնարավոր չէ երաշխավորել մարդու ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը։

ՍԴ որոշումից 5 տարի անց՝ 2021 թ․ ընդունված Քրեական դատավարության օրենսգրքով (ուժի մեջ է մտել 2022 թ․ հուլիսի 1-ին) ի վերջո ամրագրվեց, որ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին որոշումն անհապաղ հանձնվում է խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմնին կամ պաշտոնատար անձին (հոդված 127)։ Բացակայելու արգելք խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմինը տվյալ դեպքում ոստիկանությունն է, որը լիազորված է սահմանափակելու ելքի հնարավորությունը։

Ըստ ՄԻՊ-ի՝ չնայած օրենսդրական կարգավորմանը՝ գործնական խնդիրները չեն վերացել

Մարդու իրավունքների պաշտպանն իր 2023 թ․ տարեկան զեկույցում օրենսդրական մակարդակում այս ամրագրումը ողջունելի է համարել, միաժամանակ նշել, որ չնայած խափանման միջոցը վերացնելու մասին որոշումը դրա կիրառումն ապահովող մարմնին հանձնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանվել է, 2023 թ․ ընթացքում Պաշտպանին ներկայացված ազատ տեղաշարժվելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման բողոքների առկայությունը վկայում է այն մասին, որ տվյալ օրենսդրական դրույթի գործնական կիրառման համատեքստում դեռեւս առկա են խնդիրներ, եւ իրավակիրառ պրակտիկան միշտ չէ, որ համապատասխանում է հարցի առնչությամբ առկա չափանիշներին եւ երաշխիքներին:

ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը մեր զրույցում մանրամասնում է՝ բողոքները հիմնականում վերաբերում են այն դեպքերին, երբ եզրափակիչ դատական ակտով խափանման միջոցը վերացվում է, սակայն այդ տեղեկությունը որոշակի ժամանակ համակարգ մուտք չի արվում․ «Դա հիմնականում լինում է դատական վարույթում գտնվող գործերով, քանի որ ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ (ի տաբերություն քրեական հետապնդման մարմինների՝ դատարանները չունեն էլեկտրոնային՝ Mullbery  համակարգ, եւ ծանուցումն ուղարկում են հատուկ փոստային կապով,-հեղ․), եւ տեւական ժամանակ՝ 4-5 օր, 1 շաբաթ տեւում է, մինչեւ այն հասնում է կոնկրետ իրավասու մարմնին, որպեսզի նա սահմանափակումը վերացնի։ Իսկ այդ ընթացքում անձը, գիտակցելով, որ իր նկատմամբ վարույթը ավարտվել է, եւ արդեն ոչ մի սահմանափակում չի գործում, տոմս է գնում, գնում է՝ մեկնելու, ու պարզվում է, որ սահմանափակումը դեռեւս վերացված չէ։ Ունեցել ենք նաեւ դեպքեր, երբ վարույթը կարճվել է, անձի նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարել, բայց քննիչը համապատասխան գրությունը չի ուղարկել ոստիկանություն, այս դեպքում էլ ոչ թե առաքման խնդիր է, այլ վարույթն իրականացնող մարմինն իր վրա դրված պարտականությունը չի իրականացրել»,- ասում է Մինասյանն ու նշում՝ բոլոր դեպքերում իրավասու մարմինների հետ համագործակցությամբ փորձել են իրավիճակը հրատապ կարգով շտկել։

Մեկ այլ իրավիճակ է, երբ դատարանը եզրափակիչ դատական ակտով արդարացնում է անձին, սակայն ինչպես Տիգրանի դեպքում  է եղել, չի վերացնում ընտրված խափանման միջոցը մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանի խոսքով՝ այս հարցը խորքային ուսումնասիրման կարիք ունի, քանի որ նման բողոքներ իրենք չեն ստացել․ «Խնդիրը հետեւյալն է․ առաջին ատյանը կայացնում է արդարացման դատական ակտ, վերացնում է բոլոր սահմանափակումները, անձը լքում է երկիրը, հետո Վերաքննիչում ակտը բեկանվում է, անձին դատարան հրավիրելու հարց է առաջանում, եւ խնդիր է ծագում հետագա դատական պրոցեսի պատշաճ իրականացումն ապահովելու տեսակետից․․․ Բայց մեր մանդատին վերաբերելի մասն այստեղ մի քիչ կտրվում է, դա դատական գնահատման առարկա է,  քանի որ օրենքը մեզ ուղիղ արգելք է սահմանում, որ եթե մի հարցի վերաբերյալ կա դատարանի որոշում, դու չես կարող գնահատել՝ ճիշտ է, թե սխալ է, դա վերադաս ատյանների քննարկման հարց է»,- կարծում է Մինասյանն ու ընդգծում՝ օրենքի միատեսակ կիառությունն ապահովելն էլ Վճռաբեկ դատարանի խնդիրն է։

Արամ Մինասյանի համոզմամբ՝ վարույթն իրականացնող մարմինները սկզբում ինչ ջանասիրությամբ որ անձի նկատմամբ խափանման միջոց են ընտրում, նույն ջանասիրությունը պետք է գործադրեն նաեւ խափանման միջոցը վերացնելիս․ «Ընթացակարգը պետք է դյուրինացվի՝ ընդհուպ մինչեւ էլեկտրոնային եղանակով անհապաղ տեղեկացնելու կամ վարույթն իրականացնող մարմնին որոշակի հասանելիություն տալու միջոցով, որպեսզի տեւական ժամանակ մարդը ստիպված չլինի սպասել իր նկատմամբ կիրառված արգելքը վերացնելուն»,- նշում է նա։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանն իր պրակտիկայում միայն մեկ անգամ է անդրադարձել երկրից չհեռանալու մասին ստորագրություն (բացակայելու արգելք) խափանման միջոցին՝ դրա բողոքարկելի լինել-չլինելու համատեքստում՝ նշելով, որ եթե դրա կիրառմանը հետեւում է ՍԷԿՏ համակարգում համապատասխան տվյալների մուտքագրմամբ ՀՀ պետական սահմանը հատելու արգելքը, ապա անձն իրավասու է դատարանում բարձրացնել այդ արգելքի իրավաչափության հարցը՝ իր ազատ տեղաշարժի իրավունքի առերեւույթ խախտման ուժով։ Քննարկվող հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշում առկա չէ։

«Եթե չկա մեղադրանք, խափանման միջոցը չի կարող պահպանվել»․ Դավիթ Հարությունյան

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը այն կարծիքին է, որ եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է (օր․՝ լրացել է հանցանքի վաղեմության ժամկետը,-հեղ․) առավել եւս արդարացնող (օր․՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը) հիմքով, ապա կիրառված խափանման միջոցը ենթակա է անհապաղ վերացման, իսկ այդ դեպքում ՍԷԿՏ-ի սահմանափակումն էլ է ենթակա անհապաղ վերացման։

Իր գործունեության ընթացքում արդարացնող դատական ակտերում Հարությունյանը, որպես կանոն, ուղիղ գրել է ՍԷԿՏ համակարգում անձի նկատմամբ առկա սահմանափակումը վերացնելու մասին եւ այդ գրությունն ուղարկել ոստիկանություն։ Ասում է՝ թեեւ նախկին օրենսդրությամբ այդ պարտականությունն ուղիղ սահմանված չէր, բայց դա ենթադրվում էր։

Քրեական դատավարության գործող օրենսգիրքը սահմանում է, որ խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը․  «Խափանման միջոցի կարեւորագույն պայմանը՝ քրեական գործում մեղադրանքի առկայությունը, այլեւս չկա, իսկ եթե չկա մեղադրանք, չկա հիմնավոր կասկած, ուրեմն՝ խափանման միջոցը չի կարող պահպանվել, հետեւաբար ենթադրվում է, որ դա ինքնըստինքյան պետք է հանգեցնի ելքի սահմանափակման վերացման»,– ասում է Հարությունյանը։

Մինչդատական փուլում քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումը մինչեւ դատական կարգով բողոքարկելը կարող է բողոքարկվել հսկող, ապա նաեւ՝ վերադաս դատախազին, իսկ դատական փուլում Առաջին ատյանի արդարացման դատական ակտը՝ Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարան։ Ըստ Դավիթ Հարությունյանի՝ ռիսկը, որ այդ ընթացքում անձը կարող է մեկնել երկրից, առկա է, որոշ դեպքերում գուցե եւ արդարացված է, բայց այն չի բխում օրենքից։ Ըստ Հարությունյանի՝ քրեադատավարական նորմերի համալիր վերլուծությունը հանգեցնում է նրան, որ սահմանափակումը ենթակա է վերացման՝ անկախ նրանից՝ այդ ռիսկը ողջամիտ է թե ոչ․ «Լավ կլիներ, որ օրենքով հստակ սահմանվեր, որ ցանկացած դեպքում, երբ անձի նկատմամբ հետապնդումը դադարեցվում է, ապա ենթակա է վերացման խափանման միջոցն էլ, ցանկացած սահմանափակում էլ»,- կարծում է նախկին դատավորը։

Գործնականում ծագող խնդիրները, ըստ նրա, հնարավոր է կարգավորել առանց տեխնիկական հատուկ միջոցների ներդրման, օրինակ՝ կարելի է պայմանավորվածություն ձեռք բերել դատարանների պաշտոնական էլեկտրոնային փոստերի միջոցով լիազոր մարմնի հետ փոխվստահության հիման վրա աշխատելու վերաբերյալ․ «Չեմ կարծում, թե համակարգին համընդհանուր հասանելիության ապահովումը արդյունավետ կլինի, որոշակի գաղտնիություն պարունակող տվյալներ են, լիազոր մարմնին վերապահելը ճիշտ է»,- նշում է նա։

Նախկին դատավորի խոսքով՝ նոր օրենսդրությունը գործնական մեկ այլ խնդիր է առաջ բերել

Թեեւ նոր օրենսդրությամբ կարգավորում է նախատեսվել, սակայն, ըստ Դավիթ Հարությունյանի, այն իր հերթին գործնական մեկ այլ խնդիր է առաջ բերել։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ թեեւ անձի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը, սակայն վարույթն իրականացնող մարմինը ինչ-ինչ նպատակներով (աշխատանքային, առողջական եւ այլն) ցանկանում է նրան թույլ տալ ժամանակավորապես դուրս գալ ՀՀ-ից։ 

Նախկինում, երբ օրենսդրությունը հստակ կարգավորում չուներ, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա դա հնարավոր էր լինում կազմակերպել․ «Այժմ պրակտիկայում ի՞նչ իրավիճակ է առաջացել․ եթե կիրառված է բացակայելու արգելք, դատավորները եւ քննիչները չեն կարողանում ՍԷԿՏ-ը բացել կամ սահմանափակումը ժամանակավորապես վերացնել՝ պահպանելով խափանման միջոցը, որովհետեւ ստացվում է, որ այդ երկուսը միմյանց հետ փոխկապակցված են։ Երբ առանձին պաշտոնատար անձինք նման գրություններ հասցեագրեցին, լիազոր մարմինը հրաժարվեց դա կատարել՝ հղում անելով օրենքին, որ կիրառված խափանման միջոցի պայմաններում արգելքը չի հանվում»,- ընդգծում է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ արհեստականորեն առաջանում է մի իրավիճակ, երբ կան հիմքեր՝ թույլատրելու, որ անձը ժամանակավորապես մեկնի ՀՀ-ից, բայց քանի որ դրա օրենսդրական հնարավորությունը չկա, վարույթն իրականացնող մարմինները ստիպված խափանման միջոցը վերացնում են կամ ընտրում են ավելի խիստ խափանման միջոց գրավը (գրավի դեպքում ՍԷԿՏ համակարգում ՀՀ-ից ելքը չի փակվում)։ Այս հարցը եւս, ըստ մասնագետի, պետք է հստակ կանոնակարգում ստանա։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել