Ադրբեջանի ռազմական պատվերներն ու գնումները 2021-2023 թթ.՝ ըստ «SIPRI»-ի
 |hetq.am|
16:48 - 03 մայիսի, 2024

Ադրբեջանի ռազմական պատվերներն ու գնումները 2021-2023 թթ.՝ ըստ «SIPRI»-ի |hetq.am|

hetq.am: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առանձնապես չի բարձրաձայնում իր ռազմական ներկրումների մասին: Այս փաստը «Հետքի» հետ զրույցում մատնանշել էր նաեւ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը: Այդուհանդերձ, մամուլում եւ վերլուծական-մասնագիտական հարթակներում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ Բաքվի ռեժիմի նոր գնումների վերաբերյալ:

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) վիճակագրության համաձայն՝ 2021-2023 թթ. Ադրբեջանը ռազմական կամ երկակի (կիրառելի են թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական ոլորտում) նշանակության մի շարք ապրանքներ է պատվիրել մի քանի երկրից:

«SIPRI»-ն 1966-ից գործող հաստատություն է, մասնագիտացած է հակամարտությունների եւ խաղաղության հետազոտության մեջ, գլխավորապես ուսումնասիրում է աշխարհում զենքի եւ զինամթերքի արտադրությունն ու տեղաշարժը: Ինստիտուտը հրապարակում է վիճակագրական տվյալներ տարբեր երկրների միջեւ զենքի առեւտրի վերաբերյալ, որոնք վերցնում է բաց աղբյուրներից՝ թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական: Չնայած ինստիտուտը չի թաքցնում, որ թվային տվյալների մի մասը ճշգրտված չէ, նրա ներկայացրած վիճակագրությունն ուշագրավ է:

Թուրքիա. կառավարվող ավիառումբեր, զրահամեքենաներ, հարվածային դրոններ

Ըստ «SIPRI»-ի՝ Ադրբեջանը 2022 թ. 109 հատ ավիառումբ է ստացել Թուրքիայից: Քանակի վերաբերյալ ինստիտուտը նշում է, որ սա գուցե ճշգրիտ թիվ չէ, գնման պատվերն էլ հավանաբար տրվել է 2021-ին:

Առաքված ավիառումբերն իր վիճակագրության մեջ շվեդական ինստիտուտը ներկայացնում է որպես «KGK-83», սակայն իրականում խոսքը ամերիկյան արտադրության «MK-83» չկառավարվող ավիառումբերի մասին է, որոնք թուրքական պետական «SAGE» ձեռնարկությունը (Պաշտպանական արդյունաբերության հետազոտությունների եւ զարգացման ինստիտուտ) համալրում է «KGK» կառավարման կոմպլեկտով՝ ավիառումբը դարձնելով կառավարվող: Այսկերպ թուրքական կողմը կառավարվող է դարձրել «MK-82» եւ «MK-83» ավիառումբերը, որոնք կշռում են համապատասխանաբար 230 եւ 450 կգ:

2023 թ. տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանը Թուրքիայում մոդեռնիզացնում է իր ռազմական ավիապարկի «Սու-25» գրոհային ինքնաթիռները, որոնց վրա, ի թիվս այլ փոփոխությունների, տեղադրվում են «KGK-83» ավիառումբեր: Նախորդ տարվա մայիսին առաջին անգամ լուսանկարներ հրապարակվեցին, որոնցում երեւում է «KGK-83» տիպի 2 ավիառումբ կրող ադրբեջանական «Սու-25»-ը (տես ստորեւ նարնջագույն զինամթերքը):

«SIPRI»-ի վիճակագրության համաձայն՝ 2022 թ. Ադրբեջանը Թուրքիայից պատվիրել եւ նույն տարում ստացել է նաեւ 12 հատ (քանակի վերաբերյալ ինֆորմացիան հստակ չէ) «Cobra II» զրահամեքենա, որոնք նախագծում եւ արտադրում է թուրքական «Otokar» մասնավոր ընկերությունը: «Cobra» զրահամեքենաներն առաջին անգամ Ադրբեջան են առաքվել 2010 թ. դեկտեմբերին, սակայն «SIPRI»-ի վիճակագրության մեջ երեւացողը («Cobra II») դրա մոդեռնիզացված տարբերակն է, որն առաջին անգամ Թուրքիան ցուցադրել է 2013-ին:

Իսրայել. հետախուզական արբանյակներ

2023 թ. դեկտեմբերին էլ անդրադարձել էինք եւս մեկ խոշոր մատակարարից՝ Իսրայելից նախատեսվող ձեռքբերումներին: Անցյալ տարի հայտնի դարձավ, որ Ադրբեջանը 1,2 մլրդ դոլարի գործարքի շրջանակներում հակաօդային պաշտպանության «Barak MX» համակարգեր է ստանալու Իսրայելից: Սրանց մասին, սակայն, «SIPRI»-ում չկա ինֆորմացիա: Փոխարենը հետազոտական ինստիտուտը նշում է 2 հատ «OptSat 500» հետախուզական արբանյակների պատվերի (2023 թ.) մասին, ինչին եւս անդրադարձել էինք:

Թե՛ նշված ՀՕՊ համակարգի, թե՛ արբանյակների արտադրողը «Israel Aerospace Industries»-ն է (IAI), որի հետ Ադրբեջանը երկարատեւ համագործակցություն ունի:

Իտալիա. ռազմատրանսպորտային ինքնաթիռ

2023 թ. հունիսին Ադրբեջանը «C-27J Spartan» տեսակի ռազմատրանսպորտային օդանավի ձեռքբերման պայմանագիր է կնքել իտալական «Leonardo» ընկերության հետ, որը մասնագիտացած է ռազմարդյունաբերության ու ավիացիայի մեջ: Թե քանի ինքնաթիռ է ստանալու Ադրբեջանը, եւ որքան է գործարքի գինը, պաշտոնապես չի հանրայնացվել: Սակայն flightglobal.com մասնագիտական կայքը ենթադրել է, որ խոսքը 1 ինքնաթիռի մասին է: 

«C-27J»-երի առաջին թռիչքը կայացել է 1999-ին: Ընդհանրապես, ռազմատրանսպորտային օդանավերը նախատեսված են բեռի ու անձնակազմի տեղափոխության համար: Առկա ինֆորմացիայի համաձայն՝ Ադրբեջանը ձեռք է բերել «C-27J Next Generation» տարբերակը, որի առավելագույն թռիչքային քաշը 32,5 տոննա է, որից 11,3 տ-ն օգտակար բեռի առավելագույն չափն է:

Համացանցում արդեն հայտնվել է Ադրբեջանի ձեռք բերած «C-27J»-ի լուսանկարն այդ երկիր ուղարկվելուց առաջ: Լուսանկարն արվել է ապրիլի 24-ին իտալական Թուրինի օդանավակայանում:

ԱՄՆ. ավիացիոն շարժիչներ

Ըստ «SIPRI»-ի՝ 2023-ին Ադրբեջանն ԱՄՆ-ից պատվիրել է ավիացիոն շարժիչ, սակայն քանակի մասին ինֆորմացիա չկա: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել