ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումներին
11:34 - 05 մայիսի, 2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումներին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումներին․

Սոս Ավետիսյան. Պարո՛ն նախարար, շնորհակալություն կառավարության հաշվետվությունը ներկայացնելու համար: Առնվազն հասկանում եմ, որ խոսքը հիմնականում 2019թ. մասին էր, ակնկալելի էր, որ գրավոր հաշվետվության մեջ նաև նշեցիք COVID-ի հատվածը, որովհետև Դուք Ձեր բանավոր խոսքում նշում եք, կարևոր է, որ դա Կառավարության զեկույցում լինի, քանի որ դրա հետ կապված կան հարցեր: Իսրայելի, Եթովպիայի, Կատարի դեսպանությունների բացման ինչպիսի՞ ժամանակացույց ունենք, պայմանավորված վիրուսով, կա՞ դրա ազդեցությունը: Եվ նույն կերպ այն երեք դեսպանատները՝ Նիդերլանդների, Շվեդիայի, Սերբիայի, որ Դուք նշեցիք, որ Հայաստանում են բացվելու, ժամանակացույցի փոփոխություն, COVID-ով պայմանավորված, կա՞, թե չկա, ե՞րբ է սպասվում. սա շատ կարևոր հարց է:

Բացի Չինաստանի հետ համագործակցելուց դեղորայքի և կարևոր ապրանքների ներկրման առումով, կան երկրներ, որոնք հիմա ավելի հետազոտական ջանք են թափում, կորոնավիրուսի պատվաստանյութի շուրջ են մտածում: Ցանկանում եմ հասկանալ՝ մեր արտաքին քաղաքականությունն այս երկրների հետ կապի առումով և հնարավոր առաջընթացների պարագայում, եթե նման զարգացում լինի, որքանո՞վ ենք մենք կարողանալու առաջ ընկնել և ստանալ անհրաժեշտ պարագաները, որ նույնպես մեր անվտանգության, ինչպես նաև փոխօգնության սկզբունքի կարևորագույն բաղադրիչն են:   

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն: Ինչ վերաբերում է առաջին հարցին, կորոնավիրուսի դեմ պայքարում ես իրապես շատ բարձր եմ գնահատում մեր արտաքին գերատեսչության բոլոր ներկայացուցիչների աշխատանքը, մեր դեսպանների, դեսպանությունների, որոնք աշխատում են շատ ծանր պայմաններում՝ հաշվի առնելով, որ ուղղակի անսովոր իրավիճակ է, և յուրաքանչյուրն իր տեղում ապահովել է կոնկրետ գործառույթ, լինի դա քաղաքացիների տեղափոխման հարց, բեռների տեղափոխման կազմակերպման հարց, կառավարությունների հետ երկխոսություն ապահովելու, գտնելու այն ձևաչափերը, ինչպես մենք կարող ենք իրականացնել մարդկանց տեղափոխման կազմակերպման և տարբեր միջոցառումների գործառույթներ, որոնք ուղղված են առողջապահական կարողություններն ամրապնդելուն, նյութական, ֆինանսական տարբեր այլ ձևերով: 

Միջազգային կառույցներում աշխատանքը շարունակում է շատ ակտիվ, չնայած պետք է ընդունենք, որ բնականոն աշխատանքը բոլոր դեպքերում խափանված է: Սակայն նույնիսկ այս սահմանափակումների պայմաններում բոլոր միջազգային կառույցներում իրականացվում է աշխատանք, ընդունվում են բանաձևեր, իրականացվում են տարբեր խորհրդակցություններ՝ միջազգային համագործակցությունն ամրապնդելու առումով, ոչ միայն կորոնավիրուսի, այլև ավելի լայն՝ ընդհանուր միջազգային օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Այնտեղ, որտեղ հնարավոր է, աշխատանքը շարունակվում է: Ծավալն իսկապես շատ մեծ է, դա, բնականաբար, կարտահայտվի ավելի համապարփակ և մանրամասն ներկայացմամբ:

Եվ յուրաքանչյուրի գործը, ես հիմա ընդհանուր եմ ասում, բայց անձամբ շատ բարձր եմ գնահատում, որովհետև մեր գործընկերները հսկայական ծավալի աշխատանք են կատարել, ընդգծված կարևորություն է տալիս այն խիստ համակարգվածությանը և շատ արդյունավետ աշխատանքին այստեղ՝ Երևանում՝ Կառավարության տարբեր մարմինների, պարետատան և բոլոր մյուս կառույցների միջև: Ուղղակի շատ արագ, օպերատիվ աշխատանք է տարվում, որոշումներ են ընդունվում, իրականացվում է շատ հստակ համակարգված աշխատանք, որը տալիս է իր արդյունքները:

Ինչ վերաբերում է տարբեր երկրներին և միջազգային կառույցներին, Դուք անդրադարձաք Չինաստանին: Չինաստանն, այո՛, այդ երկրներից մեկն է, որտեղ մենք շատ արագ կարողացել ենք ապահովել անհրաժեշտ պարագաների գնում և տեղափոխում: Մենք նաև շատ բարձր ենք գնահատում Չինաստանի իշխանությունների կողմից տրամադրված օգնությունը. մի մասը եղել է նվիրատվություն իրենց կողմից: 

Երկրները շատ ավելին են: Շատ զգույշ պետք է լինեմ, որովհետև այնքան շատ են երկրները, և որևէ մեկին բաց թողնելն ուղղակի անմարդկային կլինի: Շատ են այն երկրները, որոնք շատ օգտակար են եղել և աշխատել են մեզ հետ: Նշեմ  նաև միջազգային կառույցները, որոնք օգտակար են եղել՝ որպես օպերատորներ կազմակերպելով բեռի հավաքը և տեղափոխումը Հայաստան: Դա ՄԱԿ տարբեր կառույցներ են, Պարենի համաշխարհային ծրագիրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և այլն:

Ներկայացնելու դեպքում պետք է ամբողջը նշեմ, չեմ ցանկանա ընտրովի ներկայացնեմ, քանի որ անարդար կլինի յուրաքանչյուրի հանդեպ, ով շատ օգտակար է եղել. Միացյալ Նահանգներից մինչև Չինաստան, ԵՄ-ից մինչև ՌԴ, Մերձավոր Արևելքի մեր գործընկերները, Հնդկաստանը, Ճապոնիան և այլն: Շատ են երկրները, որոնց հետ համագործակցությունը եղել է շատ սերտ:

Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին և քայլերին՝ կապված դեղամիջոցի ստեղծման հետ, սա մի հարց է, որը հիմա ընթանում է, միջազգային կառույցներում քննարկման առարկա է: Սա մի հարց է, որը հիմա է տեղի ունենում. վակցինան դեռ չկա, և այս պահին դեռևս շատ բան չկա ասելու:

Ինչ վերաբերում է դեսպանություններին, բոլոր նախադրյալներն արդեն դրված են, ամեն ինչ արդեն աշխատում է, իրականանում է: Շվեդիայի դեսպանությունը Հայաստանում գործում է, մենք սպասում ենք արդեն մշտական հիմունքներով դեսպանին: Նիդերլանդների, Սերբիայի առումով էլ է նույնը: Իրենք արդեն որպես միավորներ գործում են, դեսպանների նշանակումներն ընթացքի մեջ են: Մենք ևս նույն վիճակում ենք. ունենք դեսպաններ, որոնք չեն կարողանում հասնել իրենց նստավայրը, որպեսզի շարունակեն կամ սկսեն աշխատանքը: Այս առումով կորոնավիրուսն իր ազդեցությունը թողնում է, լուրջ սահմանափակումներ կան: Բայց սա է իրադրությունը, պետք է սպասենք և շարունակենք աշխատանքները:

Այդ առումով նկատած կլինեք, որ տարբեր երկրներ, այդ թվում մենք, բավական ակտիվ իրականացնում ենք, այսպես ասած, հեռախոսային դիվանագիտություն և բավական ակտիվ կապի մեջ ենք թե՛ նախարարների մակարդակով, թե՛ այլ մակարդակներով: 

Դեսպանություններից  ստացվող և Հայաստանից ուղարկվող փաստաթղթերի ծավալն առանձնապես չի նվազել. մեր դեսպանությունները շարունակում են աշխատել իրենց տեղերում, յուրաքանչյուր հնարավորություն օգտագործվում է՝ հեռախոսակապ, տեսակապ: Սահմանափակումներ կան, նորմալ բնականոն աշխատանք չէ, սակայն պետք է պահպանել տեմպ, օրակարգ և անդրադառնալ բազմաթիվ հարցերի, որոնք մեր առջև են, այն պայմաններում, երբ բոլորս սպասում ենք բնականոն աշխատանքի քիչ թե շատ վերականգնմանը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել