tert.am:   ԱՄՆ-ն մտադիր չէ Իրաքի հետ քննարկել իր զորքերի դուրսբերումն այդ երկրից, հայտարարել է Պետդեպարտամենտը՝ ի պատասխան երկրի վարչապետի պաշտոնակատարի՝ զորքերի դուրսբերման կազմակերպման համար պատվիրակություն ուղարկելու պահանջին։

«Այս պահին ցանկացած պատվիրակությունը, որը կուղարկվի Իրաք, կքննարկի ոչ թե զորքերի դուրսբերումը, այլ ռազմավարական գործընկերության նորացմանը վերաբերող հարցեր, նաև՝ ինչպես ճիշտ տեղակայել մեր ուժերը Մերձավոր Արևելքում»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«Այնուամենայնիվ, պետք է բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունների միջև ոչ միայն անվտանգության, այլև ֆինանսական, տնտեսական և դիվանագիտական գործընկերության մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրաքը պնդի զորքերի դուրսբերումը, ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել և պահանջել վճարել Իրաքում պատերազմի համար իր նախկին ծախսերը:

Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդ ալ-Մահդին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյից պահանջել է ներկայացուցիչներ ուղարկել Իրաքի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման մեխանիզմների մշակման համար:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը քվեարկել է «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիայի հետ համաձայնագիրը դադարեցնելու և երկրից զորքերի դուրսբերման օգտին: