shantnews.am: Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հրաժարական է տվել։ Նա նման որոշում է կայացրել «հանուն երկրում կայունության պահպանման»:

Կառավարական առանձնատան մոտ հավաքված ցուցարարների առջև հայտարարությունն ընթերցել է նախկին վարչապետ Սերգեյ Շամբան:

«Ես տեղեկացնում եմ Ձեզ, որ հրաժարվում եմ նախագահի լիազորություններից՝ երկրում կայունության պահպանման համար», – ասել է նա` վկայակոչելով Հաջիմբայի հայտարարությունը:

Տարածված տեղեկությունը ՏԱՍՍ-ին հաստատել է Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը:

«Որպեսզի արյուն չթափվի, որպեսզի երկրում գոնե որոշակի կայունություն պահպանվի, նա ստորագրել է հրաժարականի դիմումը», – ասել է նա:

Ռաուլ Հաջիմբան ղեկավարել է Աբխազիան 2014 թվականից: 2019 թվականի սեպտեմբերին վերընտրվել էր: Ամենայն հավանականությամբ, վարչապետը կստանձնի նախագահի պարտականությունները մինչև նոր նախագահի ընտրությունները: