Ամուլսարի պաշտպանները չեն խոչընդոտի ՔԿ անդամների մուտքն Ամուլսար․ նրանք հանդիպել եւ պայմանավորվել են |news.am|
06:42 - 26 հուլիսի, 2019

Ամուլսարի պաշտպանները չեն խոչընդոտի ՔԿ անդամների մուտքն Ամուլսար․ նրանք հանդիպել եւ պայմանավորվել են |news.am|

news.am: Ամուլսարի պաշտպանները այսուհետ չեն խոչընդոտի ՀՀ քննչական կոմիտեի անդամների մուտքն Ամուլսար։ Ամուլսարում ակցիաների մասնակից, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ասաց, որ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ։

«Հանդիպումը կառուցողական էր, երեւի դեռ մի քանի անգամ էլ կհանդիպենք, քանի որ բնակիչներով փաստեր ունենք իրենց ներկայացնելու, թե ինչու Ամուլսարը չպետք է հանք դառնա։ Հանդիպման ժամանակ պարզաբանել ենք, որ դեմ չենք, որ իրենք մտնեն Ամուլսար, քանի որ մեր բողոքը նրա դեմ էր, որ նրանք «Լիդիան Արմենիայի» մեքենաներով էին գալիս Ամուսլար, պայմանավորվեցինք, որ չենք խոչընդոտելու նրանց մուտքին Ամուլսար»,-նշեց նա։

Շիրակ Բունիաթյանի խոսքով՝ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հուլիսի 13-ի միջադեպի ժամանակ․ցուցարաներին հրավիրել էին ՔԿ։ Քննարկման ընթացքում բարձրացվել է «Էլարդ» ընկերության փորձաքննության հարցը, ՔԿ-ից հայտնել են, որ արդյունքները ինչպես նշվել է ամսվա վերջ կհրապարակվի։

ՔԿ-ից ավելի վաղ հայտնել են, որ հանդիպման ժամանակ քաղաքացիները վստահեցրել են, որ նախորդ շաբաթ տեղի ունեցածն ուղղված չի եղել նախաքննական մարմնի գործողությունների դեմ, եւ որ իրենք եւս շահագրգռված են՝ արդյունավետ քննություն կազմակերպելու գործում:

Քննարկման ընթացքում քաղաքացիները ներկայացրել են իրենց մտահոգությունները Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման հարցի շուրջ եւ իրենց հարցերն են ուղղել՝ հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը յուրաքանչյուր հարցով ներկայացրել է Կոմիտեի դիրքորոշումը եւ տվել սպառիչ պատասխաններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել