Աշխատում ենք և աշխատելու ենք՝ որպես երկու հավասարազոր գործընկեր. ԱԳ նախարարը՝ Ռուսաստանի մասին

 |armenpress.am|
19:03 - 06 մայիսի, 2020

Աշխատում ենք և աշխատելու ենք՝ որպես երկու հավասարազոր գործընկեր. ԱԳ նախարարը՝ Ռուսաստանի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից: Մնացականյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի խնդրին առնչվող  վերջին հայտարարությունն արդյոք չի պարունակում կոնկրետ մեսիջներ:

«Մենք ունենք հայ-ռուսական հարաբերություններ, որոնք բավական հագեցած են իրենց օրակարգով, ունենք պատմություն, որոնք հիմնվում են հիմնավոր դաշնակցային հարաբերությունների՝ բոլոր սկզբունքների վրա, որոնք արտահայտված են մեր բազմաթիվ իրավական փաստաթղթերում, ունեն շատ կոնկրետ կիրառական արտահայտություն: Այդ հարաբերությունները վերաբերվում են բազմաթիվ բնագավառների՝ սկսած անվտանգային բնագավառից: Մեր կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Եվ այդ ոգու մեջ մենք շարունակում ենք աշխատել ՌԴ-ի մեր գործընկերների հետ»,-ասաց նա:

Նախարարը նկատեց՝ բնականաբար կան տարբեր հարցեր՝ Հայաստանի կողմից, ՌԴ-ի կողմից այնպես, ինչպես կան  հարցեր՝  մնացած բոլոր գործընկերների հետ, բայց դրանից դրամա դարձնել պետք չէ: «Դրանք հարաբերություններ են, որ ոչ անպայման պետք է սկսվեն ու  վերջանան կենացներով, յուրաքանչյուրն ունի իր հարցերը, գերակայությունները:  Սակայն սրանք համագործակցային, դաշնակցային հարաբերություններ են: Եվ այդպես էլ աշխատում ենք և աշխատելու ենք՝ որպես երկու հավասարազոր գործընկեր, բարեկամ, դաշնակից պետություններ»,-ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ որևէ մեկը կասկածի տակ չի առնում հայ ռուսական ռազմական հարաբերությունները, բայց հարցն է, թե ում էին ուղղված այդ հայտարարության հաղորդագրությունները:

«Կարծեմ հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից և պատասխանը ուղղված էր ադրբեջանական աղբյուրին»,-արձագանքեց Մնացականյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել