lragir.am: Lragir.am-ի զրուցակիցն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը։
Պարոն Սարգսյան, կառավարությունը հաստատեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագիծը, ըստ որի՝ նվազագույն աշխատավարձը սահմանվելու է 68 հազար դրամ: Հայտնի է, որ այս թվերը ձեր ղեկավարած ինստիտուտի հետազոտության արդյունքում են ստացվել: Ի՞նչ ազդեցություն կունենա այս բարձրացումը մարդկանց կյանքի վրա, և ի՞նչ հաշվարկներ եք կատարել:
Նվազագույն աշխատավարձն ընդհանրապես ունի բազմագործոն սոցիալ-տնտեսական փոխառնչություններ: Նախ, այո, դա երկրում աշխատանքի նվազագույն վարձատրության երաշխիք է, մյուս կողմից պետք է համապատասխանի սոցիալ-տնտեսական միջավայրին, որը կոնկրետ այդ երկրում կա:
Նվազագույն աշխատավարձի նոր չափը հասկանալու համար մենք օգտագործել ենք ընդհանուր առմամբ 5 մեթոդ, որոնց արդյունքները էապես շեղված չեն միմյանցից, ինչը լրացուցիչ ապացուցում է, որ հաշվարկները հիմնավորված են: Այդ մեթոդներից մի քանիսը հաշվի են առնում նաև մեր մակրոտնտեսական կոնյունկտուրան, մեթոդ ունենք, որն անվանել ենք սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձ:
Այդ մեթոդի լոգիկան այն է, որ մենք հաշվարկել ենք միջին ընտանիքի մոդելը ՀՀ-ում, մասնավորապես հասկացել ենք, թե միջին ընտանիքում քանի անձ կա, քանի աշխատող անձ կա, և այնպիսի նվազագույն աշխատավարձ ենք հաշվարկել, որ այդ միջին ընտանիքի մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը աղքատության գծերից վերև լինի: Այդ բոլոր մեթոդներով ստացված արդյունքներից հանգել ենք մեկ միասնական թվի, որն էլ առաջարկել ենք կառավարությանը:
Իսկ առաջիկա տարիների համար նվազագույն աշխատավարձի բարձրացման ի՞նչ նշաձողեր եք սահմանում, վերլուծե՞լ եք, թե ինչ քաղաքականություն պետք է վարել առաջիկա տարիների համար:
Այս պահին դա հաշվելն ուղղակի սխալ կլինի, որովհետև բոլոր հաշվարկները հիմնված են նախորդ թվային շարքերի վրա: Եթե մենք փորձենք հասկանալ, թե, օրինակ, երեք տարի հետո ինչքան պետք է լինի նվազագույն աշխատավարձը, միանշանակ կսխալվենք, եթե հիմա դա գնահատենք: Այլ հարց է, որ մենք Ազգային ինստիտուտում հիմա դիտարկում ենք ընդհանրապես նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման հնարավորություն: Դա դեռ տեսական հետազոտական խնդիր ենք համարում, որովհետև դրա մեջ էլ ռիսկեր ու վտանգներ կարող են լինել:
Կա՞ հաշվարկ, թե նվազագույն աշխատավարձի այդչափ բարձրացումը կենսամակարդակի վրա ինչ ազդեցություն կթողնի:
Այո: Կյանքի որակի առումով մի քանի ցուցանիշների վրա է անդրադառնում: Մեկն այն է, որ աղքատության մակարդակն է նվազեցնում: Այսինքն՝ ակնհայտ է, որ եկամուտներն առաջին հերթին բարձրանում են անապահով ընտանիքների համար, և մենք աղքատության մակարդակի նվազում կարող ենք սպասել: Մենք նաև որոշակի հաշվարկներ ենք արել, որ այդ նվազումը կարող է լինել՝ հաշվի առնելով ու հաշվի չառնելով միջին աշխատավարձի հետագա աճը: Առաջիկա տարիների ընթացքում աղքատության նվազումը կարող է լինել 1.1-ից մինչև 9 տոկոսային կետով միջակայքում:
Այսինքն՝ աղքատության մակարդակն այդքանով կնվազի՞:
Այո, մեր գնահատականով դա կարող է լինել: Մյուսը, որը շատ էական է ու ավելի հստակ, այն է, որ նվազագույն աշխատավարձի փոփոխության արդյունքում նաև միջին աշխատավարձն է աճում: Շատ պարզ է, թե ինչու է աճում՝ աշխատաշուկայում վարձատրությունները պետք է համահունչ լինեն: Սա իհարկե օրենքի պահանջ չէ ու չի կարող լինել, բայց մասնավոր հատվածում նվազագույն ու ավելի բարձր աշխատավարձերի ներկորպորատիվ վերակառուցումներ կարող են լինել, աշխատանքի վարձատրության շուկան ինքնակարգավորվում է, և փաստորեն նվազագույն աշխատավարձի աճն ազդում է միջին աշխատավարձի վրա:
Մեր գնահատականներով՝ նախկինում, երբ բարձրացել է նվազագույն աշխատավարձը, հետագա շուրջ 2.5 տարիների ընթացքում բարձրացել է նաև միջին աշխատավարձը՝ նվազագույնի աճի կիսով չափ: Եվ ինչքանով բարձրացել է նվազագունը, դրա կեսի չափով բարձրացել է միջինը: Օրինակ՝ եթե նվազագույնը 10 տոկոսով է բարձրացել, միջին աշխատավարձը բարձրացել է շուրջ 5 տոկոսով: Այլ կերպ ասած, մենք կարող ենք սպասել, որ միջին աշխատավարձի աճը կլինի շատ ավելի, քան եթե նվազագույնը չբարձրացվեր:
Եվ երրորդ կարևոր դիտարկումս հետևյալն է: Առավելապես զարգացող տնտեսություններն ունեն եկամուտների բևեռացման խնդիր: Վերջերս որոշ մասնագետներ խնդիր են հնչեցնում, որ եկամտահարկի համահարթեցման հետևանքով եկամուտներն ավելի կբևեռացվեն: Մենք գնահատել ենք, էապես փոքր բևեռացում հնարավոր է: Կարևոր հանգամանքն այն է, որ նվազագույն աշխատավարձի այս հնարավոր բարձրացումն այդ բևեռացումը չեզոքացնում է, այսինքն այս խնդիրը լուծում է։
comment.count (0)