Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալ նշանակումը համապատասխանում է օրենքի տառին, բայց ոչ էությանը
15:31 - 14 մայիսի, 2020

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալ նշանակումը համապատասխանում է օրենքի տառին, բայց ոչ էությանը

Մայիսի 6-ին անդրադարձել էինք Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ պետի տեղակալ նշանակվելու գործընթացին։

Հոդվածում նշել էինք, որ «Ազգային անվտանգության ծառայության մասին» օրենքում սահմանված չէ, թե նույն օրենքի 19-րդ հոդվածի 6․1 կետով նախատեսված գերատեսչությունների, այդ թվում՝ Քննչական կոմիտեի պաշտոնյան որքան պետք է պաշտոնավարած լինի, որպեսզի թափուր պաշտոնի դեպքում տեղափոխվի ԱԱԾ։ Այս ամենի շնորհիվ հնարավոր է դարձել Արգիշտի Քյարամյանի մեկօրյա նշանակումն ու տեղափոխումը։

Մենք որոշեցինք նաև ներկայացնել, թե երբ և ինչ հիմնավորմամբ է «Ազգային անվտանգության ծառայության» մասին օրենքում ներդրվել 19-րդ հոդվածը, որով հնարավոր է դարձել որոշ գերատեսչություններից դեպի ԱԱԾ ռոտացիոն համակարգը։

Վերոնշյալ օրենքում նշված հոդվածն ավելացվել է 2004 թվականին «Ազգային անվտանգության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով։

Նախատեսվում էր, որ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի և ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

2004 թվականի դեկտեմբերի 7-ին այդ ժամանակ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Զինված ուժերում ծառայության մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Հարցի զեկուցման ժամանակ Մուկուչյանը նշել է, որ այս երեք մարմիններում էլ իրականացվում է ծառայություն, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, որպես այդպիսին նույն ծառայությունն են հանդիսանում, եւ, հաշվի առնելով այս հանգամանքը, օրենքները հնարավոր են համարում ծառայողի տեղաշարժը մի համակարգից՝ մյուսը։

Փաթեթի քննարկման ժամանակ Տիգրան Մուկուչյանը նկատել է՝ ԱԱ ծառայությունում հիմնականում կոնսպերացիայի (գաղտնապահություն) լիակատար պահպանմամբ է իրականացվում ծառայությունը։ Նրա խոսքով՝ նմանատիպ ծառայություններ են իրականացվում ոստիկանությունում, նաեւ զինված ուժերում։ Այստեղ, ըստ արդարադատության նախկին փոխնախարարի, որեւէ պատահական նշանակում բացառվում է, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում պաշտոնի համար սահմանված է ինչպես պարտադիր կրթություն, այնպես էլ տվյալ մարմնում համապատասխան պաշտոնում աշխատելու եւ՛ պաշտոն զբաղեցնելու խնդիր, եւ՛ որոշակի ժամանակահատվածով այդ պաշտոնը զբաղեցնելու խնդիր․

«Բոլոր այն ծառայությունները, որոնք պահանջում են նաեւ կոնսպերացիայի պահպանում, այդ գաղտնագործության ռեժիմի հետ աշխատանք, բնական է, ծառայության նշանակվելուց հետո անձի վրա արդեն լիարժեք կերպով տարածվում են այդ սահմանափակումները»,- նիստի ժամանակ ասել է Մուկուչյանը՝ պարզաբանելով, որ ռոտացիայի իրականացումը հենց այս մարմիններում է, որովհետեւ երեքն էլ, ըստ էության, նույնաբնույթ ծառայություն են իրականացնում։ 

Բացի այս՝ արդարադատության փոխնախարարի հիմնավորմամբ՝ երեք մարմիններում ռոտացիոն համակարգը թույլ կտա խուսափել կամայական մոտեցումներով պայմանավորված նշանակումներից, կապահովվի տվյալ մարմնում պրոֆեսիոնալիզմի արմատավորումը։

2008 թվականին դարձյալ փոփոխություն է կատարվել վերոնշյալ երեք օրենքներում։ Ազգային ժողովում նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ արդարադատության այդ ժամանակվա նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրել է, որ օրենսդրական այդ 3 ակտերի համեմատական վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ դրանցում միասնականության սկզբունքը բավարար չափով ապահովված չէ: Մասնավորապես, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում բարձրագույն պաշտոն զբաղեցնելու պայմաններից մեկը համարվել է առնվազն 3 տարի գլխավոր պաշտոն զբաղեցնելը, մյուս երկու ծառայության տեսակների մասին օրենսդրական ակտերում պարտադիր է համարվել ոչ թե նվազագույնը 3 տարի գլխավոր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը, այլ վերջին 3 տարում: Եւ քանի որ նշյալ պայմանները տարբեր իրավիճակներ են, կառավարությունն առավել ընդունելի ու հիմնավորված է համարել առնվազն 3 տարի գլխավոր պաշտոն զբաղեցնելու տարբերակը․

«Սա ունի որոշակի տրամաբանություն այն իմաստով, որ եթե որեւէ հատուկ պետական ծառայող, որը առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր պաշտոն եւ ընդմիջել է, զբաղեցրել է որեւէ այլ տեսակի պաշտոն` ընտրովի պաշտոն, ասենք` ԱԺ պատգամավոր կամ պետական ծառայության այլ տեսակ, նորից կան հիմքեր՝ նրան վերադարձնելու հատուկ պետական ծառայության․ սա բնավ չի նշանակում, որ նրա պրոֆեսիոնալ, մասնագիտական պատրասվածությունը դրանից նվազել է: Հակառակը, շատ հաճախ այլ ծառայության մեջ գտնվելիս կամ այլ պաշտոն զբաղեցնելիս այդ անձը ձեռք է բերում լրացուցիչ որակներ, այդ թվում նաեւ` մասնագիտական, որը անտեսել չի կարելի»,- հարցի զեկուցման ժամանակ նշել է նախարարը: Հենց այս նկատառումով էլ առաջարկվել է 3 օրենսդրական ակտերում ամրագրել միատեսակ մոտեցում՝ հիմք ընդունելով ոչ թե ծառայության վերջին 3 տարիները, այլ առնվազն 3 տարվա ծառայության ստաժը: 

Նախագծերի նույն այս փաթեթով եւս մեկ փոփոխություն է առաջարկվել․ 3 մարմինների միջեւ ռոտացիոն համակարգին ավելացել են նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ու քրեակատարողական ծառայության մարմինները։ Նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հստակեցրել է, որ քրեակատարողական ծառայությունը եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քաղաքացիական չեն համարվում, այլ հատուկ պետական ծառայություններ են՝ խիստ պայմաններով առանձնահատկություններով եւ զինվորական ծառայությանը հավասարեցված ընթացակարգերով։

Օրենքում հաջորդ փոփոխությունը կատարվել է 2016 թվականին։ Այս փոփոխությամբ թափուր պաշտոնի դեպքում ռոտացիան հնարավոր է ոչ միայն վերը նշված գերատեսչություններից, այլ նաև քննչական կոմիտեից և հատուկ քննչական ծառայությունից։ Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ,» բառերը փոխարինվել են «ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ» բառերով։

Օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, այն ժամանակ ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ մշտական հանձնաժողովի  նախագահ Կորյուն Նահապետյանը նշել էր, որ վերջին տարիներին մենք ձեւավորեցինք  նոր համակարգեր, մասնավորապես, քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը, որոնց աշխատակիցների տեղափոխման հնարավորությունը՝ ազգային անվտանգության ծառայություն, որոշ իմաստով սահմանափակվել է, քանի որ օրենքով  ուղղակիորեն նախատեսված չէ, որ  ազգային անվտանգության համակարգում թափուր պաշտոն առաջանալու դեպքում այս համակարգի աշխատակիցները կարող են տեղափոխվել ազգային անվտանգության համակարգ։

«Պետք է չմոռանանք, որ ազգային անվտանգության մարմինները նաեւ իրենց վերապահված գործերով իրականացնում են նաեւ հետաքննություն եւ նախաքննություն, եւ հնարավոր են նաեւ անցումներ՝ քննչական կոմիտեից ազգային անվտանգության  ծառայության համապատասխան քննչական մարմին, եւ ոչ միայն քննչական մարմին, նրանք կարող են տեղափոխվել այլ օպերատիվ ստորաբաժանումներ եւ իրականացնել այս մարմիններում իրենց առջեւ դրված պարտականությունները» ,- մասնավորապես ասել էր Նահապետյանը։

Նա նաև հավելել էր, որ փոփոխությունը լուծում է առաջադրված այն խնդիրը, եւ տալիս է կադրերի տեղափոխման համար լայն հնարավորություն, մեկ համակարգից մյուսը։ 

«Այդ իմաստով  կարծում եմ՝ ազգային անվտանգության համակարգը փորձառու կադրերով համալրելու նոր հնարավորություն ենք ընձեռում»,- զեկուցման ժամանակ նշել էր Կորյուն Նահապետյանը։

2016 թվականին թվականի փետրվարին, սակայն, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ պետի պաշտոնին նշանակելու համար որպես միջանկյալ օղակ օգտագործվեց դատախազի տեղակալի պաշտոնը՝ 9 օրով։

Այս անգամ էլ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալ նշանակելու համար օգտագործվեց քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը։

Երկու դեպքում էլ գործընթացն օրենքին չի հակասում, սակայն օրենքի բուն էությունը չի պահպանվել։ Ինչպես տեսանք վերը նշված քննարկումներից՝ ազգային անվտագության մարմիններում ռոտացիոն համակարգի հնարավորություն նախատեսելու նպատակը ոչ թե նշված գերատեսչություններում բարձրագույն պաշտոնները՝ որպես միջանկյալ օղակ օգտագործելն է եղել, այլ տվյալ պաշտոնյայի՝ այդ ոլորտում փորձառություն ունենալը։

Նկարագրված դեպքերում ո՛չ Գեորգի Կուտոյանը, ո՛չ էլ Արգիշտի Քյարամյանը չունեին փորձառություն տվյալ պաշտոններին նշանակվելու համար։

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել