Արդյոք արժե միակողմանիորեն կատարել միջազգային պարտավորությունները, եթե հարևանները ցանկություն չունեն
12:02 - 03 ապրիլի, 2019

Արդյոք արժե միակողմանիորեն կատարել միջազգային պարտավորությունները, եթե հարևանները ցանկություն չունեն

ՀՀ Պաշտպանության նախարարության կայքից վերջերս տեղեկացանք, որ Ապրիլի 1-4-ը Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը 2011թվականի Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն: Ընդ որում, նշվում է, որ նպատակը փաստաթուղթը ստորագրած կողմերի զինված ուժերի, սպառազինության քանակի ու տեղաբաշխման ստուգումներն են՝ թափանցիկությունն ապահովելու համար:

Համաձայն պաշտոնական տեղեկատվության, արդեն երրորդ օրն է, ինչ տեսչական ստուգումներ են անցկացվում։ Հարցը քննարկումների առարկա է դարձել սոցիալական ցանցերում, առկա է հանրության լայն շրջանակների հետաքրրությունը, բայց բացի վերը նշված կարճ հաղորդագրությունից այլ տեղեկատվության հանրությանը չի ներկայացվում:

Անգամ բացատրական կամ տեղեկատվական աշխատանք չկա առ այն, թե իրենից ինչ է ներկայացնում 2011թվականի Վիեննայի փաստաթուղթը: Հաշվի առնելով դա՝ կներկայացնենք հակիրճ տեղեկատվություն նշված միջազգային փաստաթղթի, դրա բովանդակության և տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում դրա դերի մասին:

2011թվականի Վիեննայի փաստաթուղթը ԵԱՀԿ կազմի մեջ մտնող երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վավերացված միջազգային փաստաթուղթ է, որի նպատակն է վստահության և անվտանգության միջոցառումների ամրապնդումը¹: Փաստաթուղթը կարգավորում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ հարևան պետությունների միջև ռազմական փոխադարձ տեղեկատվության տրամադրումը, պաշտպանական ոլորտի պլանավորումը, վտանգի նվազեցմանն ուղղված միջոցառումները, որոշակի ռազմական գործունեություն ծավալելու մասին ծանուցելը, փոխադարձ ստուգումները և այլն¹:

Ինչպես տեսնում ենք, այս փաստաթուղթը կոչված է համալիր միջոցառումների շնորհիվ նվազեցնել սպառազինությունների մրցավազքը, նոր պատերազմական գործողություններ սկսման հավանականությունը, ռազմական հռետորաբանությունը և պահպանել խաղաղության կայունությունը։

Փաստորեն, այն ստուգումները, որոնք իրականացնում է թուրքական կողմը, ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Թուրքիայի միջև ԵԱՀԿ պարտավորությունների շրջանակում կատարվող գործողություն:

Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա, և մեր երկիրը պատշաճ կատարում է իր միջազգային պարտավորությունները: Բայց իրականացվող գործողությունների նպատակահարմարությունն առավել քան հարցականի տակ է՝ այնպիսի պայմաններում, երբ մեր կողմից Արցախի խնդիրը միայն խաղաղ ճանապարհով լուծելու այլընտրանքի բացակայության հռչակման պայմաններում՝
1. Թուրքիան ակհայտ պաշտպանում է Ադրբեջանին, առանձին դեպքերում անգամ սպառնում է Հայաստանի Հանրապետությանը՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի հետ միասին ռազմական գործողություններ սկսելու մասին ակնարկելով:
2. Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, շրջափակման մեջ է պահում՝ սպառնալով ՀՀ գոյությանը,
3. Ակնհայտ է նաև, որ այս ստուգումների արդյունքերը փոխանցվելու են Ադրբեջանական կողմին, իսկ Հայաստանին թույլ չի տրվելու երբևիցե նմանատիպ ստուգումներ անցկացնել Ադրբեջանի տարածքում:
4. Ադրբեջանը և Թուրքիան բազմաթիվ անգամ խախտել են Վիեննայի փաստաթղթի 5-րդ գլխով նախատեսված պարտավորությունները և ընդհանրապես չեն ծանուցել իրականացվելիք զորավարժությունների մասին:

Արդյոք այս պայմաններում արժե միակողմանիորեն կատարել մեր միջազգային պարտավորությունները, եթե հարևան 2 երկրները ցանկություն չունեն դրանք իրագործել, ավելին՝ ամբողջ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ոչնչացմանը: Միգուցե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը հետագայում որոշակի պայմաններ կթելադրի և դուրս կգա դեկլարատիվ հայտարարությունների սահմաններից, որոնք վերաբերվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրենց միջազգային պարտավորությունները կատարելուց խուսափելուն, և հետևանքներ պարտադրի:
Ժամանակի հարց է, այս պահին հուսադրող է պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը:

1․ https://www.osce.org/ru/fsc/86600?download=true

Նարեկ Ներսիսյան
իրավաբան

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել