Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Միքայել Մինասյանին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ |«Ժողովուրդ» օրաթերթ|
05:42 - 06 փետրվարի, 2020

Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Միքայել Մինասյանին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ |«Ժողովուրդ» օրաթերթ|

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երկար ժամանակ խոստանում էր կարեւոր հայտարարությամբ հանդես գալ։ Երեկ, ի վերջո, հանդիպեց հայաստանյան տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։

Նա անդրադարձել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից հետո իր հրապարակային խոսքում առկա այն ակնարկներին, որ երկրին պատուհասել են վտանգներ։

«Այն վտանգները, որ ես տեսել եմ այն ժամանակ, ի հայտ են գալիս կամաց-կամաց։ Որպես օրինակ կարող ենք բերել եվրոպական կառույցների վերջին երկու կոշտ գնահատականները ՀՀ նկատմամբ, որն անվտանգության տեսանկյունից նաեւ շատ մեծ խնդիր է մեզ համար։ Դա վերաբերում է մեր երկրի միջազգային վարկանիշին եւ, առհասարակ, աշխարհի ցանկացած կետում մարդիկ եթե վերցնեն ու հետեւեն Հայաստանի լրահոսին, կտեսնեն այնպիսի վերնագրեր ու վերլուծություններ, որոնք ապշեցնող են ու զարմանալի»,-նշեց նա։

Հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում իր անձի շուրջ պտտվող այն խոսակցություններին, թե փորձել է պետական կամ հիբրիդային հեղաշրջում իրականացնել։

«Իհարկե ես նման ցանկություն չեմ ունեցել, հակառակը, ցանկացած մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում կամ հակասահմանադրական ճանապարհով կփորձի տիրանալ իշխանությանը, պետք է դատապարտվի եւ կրի իր պատիժը»,-նշել է նա։

ԱԱԾ նախկին տնօրենը չթաքցրեց, որ պաշտոնավարման ժամանակ, հատկապես՝ վերջին շրջանում տարաձայնություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ոչ մեկ անգամ է հրաժարականի դիմում ներկայացրել, այդ թվում՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումից հետո։

Նա մասնավորապես հայտարարեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ, սակայն մանրամասներ չհայտնեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել