ԲԷՑ-ում Հաշվեքննիչ պալատը խոշոր բացահայտումներ է արել |lragir.am|
08:51 - 24 հունիսի, 2019

ԲԷՑ-ում Հաշվեքննիչ պալատը խոշոր բացահայտումներ է արել |lragir.am|

lragir.am։ Էներգետիկ ոլորտում բավական մտահոգիչ փաստեր են արձանագրվել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում: Այս մասին Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասաց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

«Նյութը բավական ծավալուն է, երկու առանձին դեպքերով նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն: Առկա են խնդիրներ թե մրցութային գործընթացի, թե դրանց կատարման ֆինանսական կարգապահության մասով: Տրվում են պայմանագրով չնախատեսված միլիոնավոր դրամների կանխավճարներ, չեն կատարվում պայմանագրային պարտականությունները, իսկ մրցույթները հաճախ շահում են պահանջներին չբավարարող կազմակերպություններ»,- ասաց Յոլյանը:

Նա նշեց, որ էներգետիկ ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի մասով ԲԷՑ-ի և արտասահմանյան ընկերությունների միջև հաճախ առաջացել են անհամաձայնություններ և միմյանց նկատմամբ փոխադարձ պահանջներ: Միլիոնավոր դոլարներ արժեցող պայմանագրերի պահանջները հաճախ անտեսվել են: Տարբեր վարկային ծրագրերի շրջանակներում վեց ենթակայանների վերակառուցումը նախատեսվել էր ավարտել 2018 թվականի ընթացքում, սակայն 2018-ի սեպտեմբերի վերջի դրությամբ դրանց աշխատանքների կատարողականները տատանվում էին 21-44 տոկոսի միջակայքում:

«Ընդհանուր առմամբ արձանագրվել են 246 դեպքով անհամապատասխանություններ, որից ավելի քան 30-ը՝ ֆինանսական բնույթի: Դրամային արտահայտությամբ դրանք կազմում են մոտ 10 մլրդ դրամ»,- ասաց Յոլյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել