Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք. Փաշինյանը մի շարք նախկին պաշտոնյաների խորհուրդ տվեց կամավոր վերադարձնել թալանածը |armtimes.com|
14:15 - 11 մարտի, 2020

Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք. Փաշինյանը մի շարք նախկին պաշտոնյաների խորհուրդ տվեց կամավոր վերադարձնել թալանածը |armtimes.com|

armtimes.com: Տաթեւ համայնքի Շինուհայր բնակավայրում հրավիրված հավաքի ընացքում ՀՀ վարչապետը խոսեց Արցախի թեմայով: Նա ընդգծեց, որ այդ մասին վաղուց էր ուզում խոսել եւ ուրախ է, որ դիզվառելիքի գործով դատական առաջին նիստից առաջ արած հայտարարությամբ Սերժ Սարգսյանը տվեց այդ առիթը:

Խոսքը Սարգսյանի հետեւյալ հայտարարության մասին է. «Ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»:

Այնուհետեւ ներկայացնելով քրգործի նախապատմությունը, որով Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի,  Փաշինյանը արձագանքեց այն թեզին, թե իբր ինքը մեկուսացնում է նախկին քաղաքական գործիչներին, որ Արցախը հանձնի: Վարչապետն ասաց, որ 2018 թվականի մայիսին իր առաջին քայլերից մեկը եղել է հայոց բանակի սպառազինության մասին տեղեկություն ստանալը:

«Երբ ինձ զեկուցել են, թե ինչ վիճակ է մեր բանակում, իմ առաջին էմոցիոնալ ռեակցիան այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից փախչեմ, որովհետեւ վիճակը եղել է աղետալի»,- ընդգծեց Փաշինյանը:

Այնուհետեւ նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մեր տղաները կռվում են 80-ականների զենքերով: Թվեց, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իր ղեկավարման ժամանակ.

«Ես այսօր համոզված եմ, որ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր, մարտունակ վիճակում: Որեւէ մեկը չի անցնի այդ հակաօդային պաշտպանությամբ: Մենք ձեռք ենք բերել SU-30 գերժամանակակից կործանիչներ եւ էլի ենք ձեռք բերելու: Այսօր արդեն 43 զորամասերում զինվորներն ուտում են որակյալ եւ արժանապատիվ սնունդ: ...Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ  էր մեր բանակը 80-ականների զենքերով կռվում: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ  Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը 2018 թվականի դրությամբ ուներ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգ:

Այդ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգո՞վ էիք Արցախը պահում: Այդ որ մեր զինվորներին տալիս էիք սնունդ, որի ամենալավ կիրառությունը գտել էր Մանվել Գրիգորյանը իր արջերին ու շներին կերակրելու համար: Այդ արջերի ու շների համար նախատեսված ուտելիքներո՞վ էիք մեր զինվորին պահում, որ իրենք էլ Արցա՞խը պահեին: Սերժ Սարգսյանը կյանքում զինվորների համար նախատեսված սննդից մեկ անգամ կերե՞լ է»,- հարց հնչեցրեց վարչապետը՝ ընդգծելով, որ երբ 2018 թվականի մայիսին գնացել է դիրքեր, այնտեղ սնվելուց հետո այրոցք է սկսվել իր մոտ:

Դիմելով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Արամ Հարությունյանին, Գագիկ Բեգլարյանին եւ այլոց՝ Փաշինյանը հայտարարեց. «Ձեր թալանածը եվրոպաների փեշերի տակ չեք թաքցնի: Կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման գործում դնեք եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործում պետք է դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերեք, չբերեք՝ բերման կենթարկվեք, եվրոպաներում որտեղ ուզում եք պախկվեք»:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել