Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ․ԱԱԾ
06:31 - 01 օգոստոսի, 2019

Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ․ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իրաքի Հանրապետությունում բնակվող մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ տարածքով տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, կազմակերպել են Իրաքի մի շարք քաղաքացիների ապօրինի միգրացիան՝ նրանցից յուրաքանչյուրից ստանալով 12.000-ական եվրո գումար:

Հանցավոր խումբը վերջիններիս հանձնել է Էրբիլ-Երևան և Երևան-Ստամբուլ-Էրբիլ չվերթների տոմսեր՝ պայմանավորվելով, որ նրանք իրականում չեն վերադառնալու Իրաք, այլ Հայաստանից ապօրինի մեկնելու են Եվրոպա: Համաձայն մշակված պլանի՝ այդ անձինք ՀՀ պետական սահմանը հատել են իրենց օրինական՝ Իրաքի Հանրապետության քաղաքացու անձնագրերով, իսկ օդանավակայանի չեզոք գոտում օգտագործելով իսպանական և ֆրանսիական ակնհայտ կեղծ անձնագրերը և դրանց տվյալներով ձևակերպված նստեցման կտրոնները, փորձել են նստել Վիեննա մեկնող ինքնաթիռ, սակայն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են հանցանքը, և ապօրինի միգրացիայի կազմակերպումը կանխվել է:

Իրաքի Հանրապետության հիշյալ քաղաքացիները ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել են և ներգրավվել որպես մեղադրյալ, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը:

Բացի այդ, ՀՀ 2 քաղաքացի, որոնցից մեկը հնարավոր է՝ առնչություն ունի Իրաքի քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման հետ, նույն եղանակով կազմակերպել են ՀՀ մի խումբ քաղաքացիների ապօրինի միգրացիան դեպի Եվրոպա: Մասնավորապես, օդանավակայանի չեզոք գոտում օգտագործելով հունական կացության կեղծ վկայականներ և դրանց տվյալներով ձևակերպված նստեցման կտրոնները, նշված քաղաքացիները փորձել են նստել Բարսելոնա մեկնող ինքնաթիռ, սակայն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Վերջիններիս նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, կատարվել են համապատասխան քննչական գործողություններ:

Խուզարկությամբ կազմակերպիչների բնակության վայրերում հայտնաբերվել են իսպանական կացության քարտեր և Հունաստանի մուտքի ինքնասոսնձվող արտոնագրեր: Հիշյալ անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Առերևույթ հանցագործություններ կատարելու համար ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել հինգ անձի: Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել