Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել |hetq.am|
18:01 - 10 հունիսի, 2019

Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել |hetq.am|

hetq.am: Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քերական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: ՀՔԾ-ի մեր աղբյուրը փոխանցեց, որ քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն արդեն վերականգնվել է:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ տեղեկությունը չի մեկնաբանում: Այսօր Ազգային ժողովում Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի առկայության մասին լրագրողների հարցին ի պատասխան ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել է, որ չի մեկնաբանում այդ լուրը:

Նախորդ տարի քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել էր 9 քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրերի իրականացման շրջանակներում մարզի տարբեր համայնքների հողօգտագործողներին պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ։

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից, առանց մրցույթ կազմակերպելու, 2013-2016թթ. ազոտական պարարտանյութի ներկրման գործառույթը տրվել է «Բերրիություն ԱՄ» Մասիսի շրջանային միավորում», իսկ 2014-2016թթ. ֆոսֆորական ու կալիումական պարարտայնութերի ներմուծման գործառույթը՝ «Հրաշք այգի» ՍՊ ընկերություններին։ Վերջիններս, ամեն տարի ստանալով մենաշնորհային դիրք, պետական անտոկոս վարկի, պետական սուբսիդիայի և դրամաշնորհի հաշվին զբաղվել են հիշյալ ծրագրերի իրականացմամբ»,- ասվում էր քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել