Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է. պաշտպանը բողոք է ներկայացրել |armtimes.com|
17:09 - 03 ապրիլի, 2020

Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է. պաշտպանը բողոք է ներկայացրել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանավորված:

Նրա պաշտպան Լեւոն Սահակյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մարտի 26-ին բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ որոշել եւս երկու ամսով երկարաձգել Լոռեցյանի կալանավորման ժամկետը:

Մեր զրույցում Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը տեղեկացրեց, որ դատարանի՝ կալանավորումը երկարաձգելու որոշման դեմ էլեկտրոնային եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել: Ըստ նրա՝ որոշման հիմքում քննությունից խուսափելու, ապօրինի ազդեցություն գործադրելու վերաբերյալ ստանդարտ ձեւակերպումներ են եղել. «Բողոքով միջնորդել ենք նաեւ թույլատրելի համարել գրավի կիրառելիությունը, այն կպնդենք նաեւ դատական նիստի ժամանակ»: Նշենք, որ բողոքը ներկայացվել է երեկ, եւ դեռեւս պարզ չէ, թե ում է այն մակագրվել:

Ամիսներ առաջ Լեւոն Սահակյանը միջնորդություն էր ներկայացրել նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցաքննելու համար, ինչը քննիչը մերժել էր: Հարցին՝ մերժումից հետո այդ ուղղությամբ այլ քայլեր ձեռնարկե՞լ է, պաշտպանը բացասական պատասխան տվեց։

Արայիկ Հարությունյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պաշտպանը հիմնավորել էր նրանով, որ դեպքից առաջ Լոռեցյանը Հարությունյանին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել. «Կարծում ենք՝ մեր այդ դիմումը գործի համար էական նշանակություն ունի, մասնավորապես, եթե մեղադրանք է առաջադրվել, որ այս կամ այն ընկերությանը նա իր աջակցությունն էր պատրաստվում ցուցաբերել իր պաշտոնական դիրքի հետ կապված, այս ամենն ապացուցում է, որ նա նման մտադրություն չի ունեցել, ավելին՝ նույնիսկ պատրաստվել է աշխատանքից դուրս գալ»,- ասել էր Լեւոն Սահակյանը:

Վերջինիս խոսքով՝ այսօրվա վարակի տարածման պայմաններում առաջնային է, որ Լոռեցյանը հայտնվի ազատության մեջ. «Իսկ վարույթն իրականացնող մարմինը եթե մինչ օրս կարծում է, որ պարոն Լոռեցյանն իրոք մեղավոր է, թող փորձի ապացուցել»:

Լոռեցյանը պահվում է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Արդարադատության նախարարությունը նախորդ օրը հայտարարեց, որ վարակի դեպք է արձանագրվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի 5 աշխատակցի մոտ, որոնք հոսպիտալացվել են. «Նշված աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս եւ կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որեւէ շփում չունեն: Բաժնի մյուս՝ 28 աշխատակիցները եւս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում»,- ասված էր հայտարարության մեջ:

Մեր զրույցում Լեւոն Սահակյանը տեղեկացրեց, որ նաեւ դատախազին է բողոք ներկայացրել՝ Լոռեցյանի հեռախոսային խոսակցությունների նկատմամբ արգելանք կիրառելու որոշման դեմ. «Մենք քննիչին էինք միջնորդել, որ, հաշվի առնելով այսօրվա պայմանները, այն, որ պարոն Լոռեցյանը արտաքին աշխարհի հետ որեւէ կապ չունի, իսկ նրա ծնողներն էլ վտանգավոր գոտում են՝ կապված կորոնավիրուսի հետ, արգելանքը վերացվի, սակայն քննիչը, միեւնույն է, ստանդարտ ձեւակերպումներով մերժել է միջնորդությունը, ինչն էլ բողոքարկել ենք հսկող դատախազին»:


Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել