Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ նման ժողով, առավելևս նման բովանդակությամբ, առավելևս ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ, չի եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ գաղտնի ժողով է տեղի ունեցել:

«Երեկվանից որոշ լրատվամիջոցներ անանուն աղբյուրներին արվող հղումներով տեղեկություններ են տարածում իրավապահ մարմինների ղեկավարների, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ ՀՀ վարչապետի կողմից հրավիրված ինչ-որ գաղտնի ժողովի անցկացման մասին, որի ընթացքում, իբր, վարչապետի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահից և մյուս դատավորներից «ազատվելու» մասին։ Ավելի ուշ այլ տեղեկություններ սպրդեցին լրատվադաշտ այն մասին, թե իբր ՍԴ առանձին դատավորների նկատմամբ «շանտաժի» միջոցով հրաժարական պարտադրելուն ուղղված ճնշումներ գործադրելու խնդիր է դրվել՝ վերջինս կրկին կապելով այդ «խորհրդավոր» գաղտնի ժողովի հետ։


Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ նման ժողով, առավելևս նման բովանդակությամբ, առավելևս ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ, չի եղել։ Ավելորդ եմ համարում անգամ նշել, որ նման նպատակներով կամ օրակարգով որևէ խորհրդակցություն կամ ժողով չէր էլ կարող լինել։

Այս կեղծ տեղեկատվությունը, որը կրում է ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ, իրականության հետ որևէ աղերս չունի և հետապնդում է իշխանության, իրավապահ մարմինների ղեկավարներին վարկաբեկելու նպատակ։

ԶԼՄ-ների հարգելի գործընկերներիս հորդորում եմ տուրք չտալ նման խայծերին՝ միջոցներ ձեռնարկելով դրանց արժանահավատությունը նաև պաշտոնական աղբյուրների միջոցով ստուգելու ուղղությամբ։ Իսկ ընթերցողներին, սոցիալական մեդիայից օգտվող մեր քաղաքացիներին հորդորում եմ չընկնել նմանատիպ մանիպուլյատիվ տեղեկատվական հնարքների սարդոստայնը»,- գրել է նա։

Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանդիպում է ունեցել ուժային բոլոր կառույցների ղեկավարների հետ և մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը լուծելու համար:

Ժողովի ընթացքում քննարկվել են դատավորներին հրաժարական հարկադրելու տարբեր սցենարներ, հանձնարարվել է չխնայել անգամ ՍԴ դատավորների ընտանիքներին, մերձավորներին ու ընկերներին: