Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս լուծումներ գտնել |lragir.am|
08:34 - 02 հուլիսի, 2019

Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս լուծումներ գտնել |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Պարոն Սաքունց, Վահե Գրիգորյանը առաջարկում է ՍԴ ճգնաժամը լուծելու երեք տարբերակ։ Այդ տարբերակներից ո՞րն է ավելի կենսունակ մեր պարագայում։

Ես կարծում եմ, որ կարելի էր նաև չգնալ Վահե Գրիգորյանի առաջարկած ճանապարհով։ Այն, ինչ հիմա Վահե Գրիգորյանն առաջարկում է և այն իրավիճակը կամ այն խնդիրները, որոնք բարձրացնում է Վահե Գրիգորյանը, դրանք կարող էին շատ հեշտությամբ լուծված լինել Սահմանադրական փոփոխություններով։

Այսինքն՝ Վահե Գրիգորյանը կոնկրետ որպես պատասխանատու, պետության իրավական համակարգի գոյություն ունեցող խնդիրներով զբաղվող անձ, փորձում է գտնել լուծումներ և տալիս է որոշակի մոտեցումներ՝ ելնելով գործող Սահմանադրության հնարավորություններից կամ դրա շրջանակներում է գործում։

Նման մեթոդի կամ խնդրի նման լուծման անհրաժեշտությունը չէր լինի, եթե փոխվեին այն սահմանադրական կարգավորումները, որոնք գոյություն ունեն և որոնք ստեղծվել են Սերժ Սարգսյանի իշխանության ապահովման տրամաբանության շրջանակներում։

Ես կարծում եմ, որ այն աններդաշնակությունը, որ առաջացել է 2015-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, չի կարող լուծվել այդ նույն Սահմանադրության և նրան համապատասխան ձևավորված օրենսդրության շրջանակներում։ Վահե Գրիգորյանն ընդամենը տալիս է բարեխիղճ գնահատական այդ Սահմանադրության բացթողումների, թերությունների մասին։ Նա նաև դիմում է սահմանադրական մարմիններին, որ նրանք այդ լուծումները գտնեն։

Իսկ այդ մարմինները՝ ԱԺ, կառավարություն, լուծումներ գտնելու մեկ հնարավորություն ունեն՝ նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որը պետք է անեն։ Ուրիշ տարբերակ, ուրիշ իրավական լուծում չկա, չի էլ լինելու և չի էլ կարող լինել։ Այլ լուծումներ չի տալիս Սերժ Սարգսյանից ժառանգություն մնացած Սահմանադրությունը։ Սա պետք է հստակ հասկանալ։

Ի՞նչն է պատճառը, որ ուշանում են սահմանադրական փոփոխությունները, ո՞վ է մեղավոր, որ այդ քայլերն արագ չեն արվում, որով և ՍԴ-ի հարցը կլուծվեր, և դատական համակարգի բարեփոխումների հարցը։

Անկեղծ ասած, չգիտեմ, թե որն է պատճառը, բայց խնդիրն այն է, որ ոչ թե սահմանադրական փոփոխությունների գործընթացը դանդաղ է ընթանում, այլ ընդհանրապես այդպիսի գործընթաց չկա։ Շատ հստակ է, որ սահմանադրական փոփոխությունների մասին խոսք չկա, նման նախաձեռնություն էլ չկա։ Ես չգիտեմ, թե որն է պատճառը։

Բայց պետք է արձանագրել, որ առանց սահմանադրական փոփոխությունների, առանց միակուսակցական կառավարում ապահովող Սահմանադրության փոփոխությունների ժողովրդավարական, իրավական պետության համար անհրաժեշտ իրավական դաշտ չի կարող ստեղծվել։ Ցանկացած սահմանադրական ինստիտուտ, որը կարող ենք փորձել ձևավորել, միշտ էլ անխուսափելիորեն հանգելու ենք նույն իրավիճակին, այնպիսի իրավիճակի, երբ տեսնենք, որ ըստ էության չկան լուծումներ։

Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս լուծումներ գտնել։ Լուծումներ կարող են գտնել զուտ անձնական բնույթի, այսինքն՝ անձերի փոփոխման, բայց ոչ ինստիտուցիոնալ փոփոխությունների, որոնք փորձում ենք իրականացնել։

ՀՀ-ում ժողովրդավարական, իրավական պետության ամրագրման ցանկացած քայլ, գործողություն արդյունք չի տալու կամ ստեղծելու է իրավիճակներ, որը պայմանավորված է գործող Սահմանադրության և օրենսդրության նորմերի բնույթով, դրանց ավտորիտար իշխանության կարգավորման բնույթով։ Ինչ փոփոխություն էլ անենք, գալու են անխուսափելիորեն դեմ են առնելու պատի։ Դա կոչվում է ավտորիտար կառավարման սահմանադրական խոչընդոտ։ Տարբեր քայլերի, տարբեր գործողությունների ժամանակ անխուսափելիորեն գալու ենք կանգնենք պատի առաջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել