«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները փակել են Բաղրամյան պողոտան. երթեւեկությունը դադարեցված է |news.am|

07:39 - 29 մայիսի, 2019

news.am: «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում, նրանք պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում: Այս պահին երկկողմանի փակ է Բաղրամյան պողոտան, երթեւեկությունը դադարեցված է: Ցույցի հարյուրավոր մասնակիցներ բողոքում են մայիսի 23-ի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ հավանության տված որոշմանը:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի:

Նրանց ձեռքին կան պաստառներ. «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ոչ մենաշնորհին»:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Ըստ այդմ, օրենքն ընդունվելուց հետո պետք է փակվեն բուքմեյքերական ընկերությունները, սակայն օրենքը չի վերաբերում օնլայն ծառայություններին:

Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»): Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարեւոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել