Գուցե նա ցանկանում է հարցերը լուծել միայն «գողականով». Ռոմանոս Պետրոսյանը ԲՀԿ-ական պատգամավորի հարցով դիմելու է ԱԺ նախագահին |tert.am|
09:48 - 12 հունիսի, 2019

Գուցե նա ցանկանում է հարցերը լուծել միայն «գողականով». Ռոմանոս Պետրոսյանը ԲՀԿ-ական պատգամավորի հարցով դիմելու է ԱԺ նախագահին |tert.am|

tert.am։ Աբովյանում կայացած քաղաքապետի ընտրությունները գլոբալ քաղաքական տեսակետից Հայաստանի հաղթանակն էր։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա նկատեց, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն, իր հովանավորյալ թեկնածուով հաղթեց։

«Սա բնորոշ չէր նախահեղափոխական Հայաստանին, քանի որ կառավարող ուժը գերխնդիր էր դնում տոտալ վերահսկողության տակ առնել բոլոր համայնքները։ Իսկ ռեգիոնալ քաղաքականության առումով և մեր քաղաքական թիմի տեսակետից արձանագրեցինք դե յուրե պարտություն՝ պայմանավորված քաղաքացու քվեով»,- ասաց նա։

Մարզպետը շարունակում է պնդել, որ այս պարտության մեջ նա տեսնում է արժանապատիվ քաղաքացու պարտությունը։ Նա ընդգծեց, որ իրենց քաղաքական թիմն ազնիվ քարոզարշավ էր արել՝ հարիր նոր քաղաքական մշակույթին։

«Իսկ հաղթող թեկնածուն և իր հովանավոր ԲՀԿ-ն այդ հաղթանակին հասնելու համար բազմաթիվ փորձեր են արել կիրառելու հին, քրեաօլիգարխիկ գործիքակազմեր, որոնցից մեկը՝ համարներով ու անուն-ազգանունով ցուցակը մեր հանձնաժողովականի միջոցով վեր հանեցի։ Քրեաօլիգարխիկի հետ կապված փաստն այն է, որ հաղթած քաղաքապետի թեկնածուն ու շտաբը կառավարվում էր «Մուլտի գրուպ» կոնցեռնի և Գագիկ Ծառուկյանի անմիջական ու մերձավոր շրջապատի կողմից։

Գագիկ Ծառուկյանի թիկնազորը տեղամասերում ու տեղամասի շրջակայքերում էր։ Ինչպես նաև՝ Աբովյանի ավագանու գրեթե բոլոր անդամները ենթաշտաբի պետեր էին, բայց ավագանու ինստիտուտը կոչված է վերահսկելու քաղաքապետին»,- շարունակեց մարզպետը։

Ռոմանոս Պետրոսյանը «քրեաօլիգարխիկ» է որակում նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի այն հայտարարությունը, թե «քաղաքը չենք ուզում դարձնել գործ տվողների քաղաք»։ Մարզպետը Բաբայանի հարցով դիմելու է ԱԺ՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու խնդրանքով։

«Ի՞նչ է նշանակում գործ տվողներ, «գործ տվողն» այն քաղաքացի՞ն է, որ իրավապահ մարմիններին է ահազանգում իր անվտանգություն ապահովելու: «Գործ տվողն» այն համայնքապետն ու մարզպե՞տն է, որ առերևույթ հանցագործությունները բացահայտելու համար օրենքով սահմանված կարգով իրավապահների է ներգրավում։

Գուցե քրեաօլիգարխիայի մեջ ներգրավված պատգամավորը ցանկանում է հարցերը լուծել միայն «գողականով»։ Այս հարցով դիմելու եմ ԱԺ նախագահին՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որ հանձնաժողովը հավուր պատշաճի քննի այդ հայտարարությունը»,- ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը։

Ավելին՝ tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել