Դատարանը մերժեց «Բավրայի» գործով մաքսակետի տեսուչին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը |pastinfo.am|
15:43 - 28 փետրվարի, 2020

Դատարանը մերժեց «Բավրայի» գործով մաքսակետի տեսուչին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց «Բավրայի» գործով մաքսակետի տեսուչին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին հայտնեց պաշտպան Վահան Հովհաննիսյանը՝  հավելելով, որ պատրաստվում են բողոքարկել։

Փետրվարի 6-ին՝ կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, թե Բավրայի մաքսակետում «անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ», ինչից որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը եւ մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության եւ ձեւակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը:

Փաստաբանները հայտարարել են, որ վարչապետի հայտարարությունից հետո ԱԱԾ քննիչները դիմում եմ աննախադեպ խախտումների՝ փորձելով ամեն ինչ անելով վարչապետի խոսքերը հիմնավորելու համար։

Մասնավորապես տեսուչի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվել՝ առանց պաշտպանի, թեեւ տեսուչը հրաժարվել էր մասնակցել քննչական գործողություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել