aysor.am։ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ առանձնացրեց ԵԱՏՄ-ին ինտեգրման մի քանի առանձնահատկություն.

«Դա միակ կազմակերպությունն է, որտեղ որոշումներ մենք ինքներս ենք կայացնում՝ կոնսեսուսով մնացած անդամների հետ», - ասաց փոխնախարարը:

Քոչարյանը նաև ընդգծեց՝ թեև միության կազմավորման գործընթացը սկսել են ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը, բայց Հայաստանը ևս ունի այն բոլոր իրավունքները, որոնք ունեն այդ երկրները:

«Մենք ստորագրել ենք համաձայնագիր միութենական պայմանագրին միանալու մասին, դեռ չկար գործող միությունը, կար պայմանագիրը, դրանով ձեռք ենք բերել այն իրավունքները, որն ունեին նրանք, ովքեր առաջինները ստորագրել էին:

Այդ նույն ճանապարհով գնացել է նաև Ղրղզստանը, բայց այսուհետ ոչ մի անդամ չի կարող այդ ճանապարհով գնալ», - ասաց Քոչարյանը։