ԵԱՏՄ-ում ֆորմալ մակարդակում հնդկաձավարի տեղափոխման սահմանափակում չկա. նախարարն անդրադարձավ խնդրին |armenpress.am|
16:46 - 30 ապրիլի, 2020

ԵԱՏՄ-ում ֆորմալ մակարդակում հնդկաձավարի տեղափոխման սահմանափակում չկա. նախարարն անդրադարձավ խնդրին |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության տարածքում մի երկրից մյուսը հնդկաձավարի (гречка) արտահանման, տեղափոխման սահմանափակում չկա: Այս մասին վստահեցրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ Երևան-Մոսկվա-Մինսկ առցանց տեսակամուրջի ընթացքում անդրադառնալով հարցին, թե արդյոք միությունում կա հնդկաձավարի արտահանման հետ կապված խնդիր:

Նախարարը վերջին մի քանի շաբաթներին անձամբ է այս թեմայով զբաղվել՝ հասկանալու, թե խնդիրը որն է: Ֆորմալ մակարդակով միության ներսում նման սահամանափակում չկա: «Միության ներսում հնդակաձավարը կարող է տեղափոխվել մի երկրից մյուսը: Ուրիշ հարց է, որ փոխադրման որոշակի դժվարություններ են առաջանում, և ոչ միայն հնդկաձավարի առումով: Դժվարությունները կապված են նրա հետ, որ  օրինակ Ռուսաստանից Ղրղզստան հնդկաձավար տեղափոխելու համար պետք է համապատասխան սանիտարական վկայագիր ձեռք բերել: Եվ մարդիկ դժվարություններ են ունենում այդ վկայագիրը ձեռք բերելու հարցում»,-ասաց Քամալյանն ու նկատեց՝ այդ դժվարությունները երբեմն օբյեկտիվ են, երբեմն սուբյեկտիվ:

 Ընդ որում, սուբյեկտիվ խնդիրը լինում է ինչպես գնող, այնպես էլ վաճառող երկրում: Նախարարը գնորդների հետ զրուցելիս անձամբ է համոզվել՝ կան մարդիկ, որոնք անգամ փոքր-ինչ տեղյակ չեն, թե ինչ պետք է անել հնդկաձավարը Ռուսաստանից օրինակ Ղրղզստան կամ Հայաստան տանելու համար: Քամալյանի կարծիքով՝ սակայն այս խնդիրները այսօր այլևս սուր չէ: 

Նա մատնանշեց ևս մեկ խնդիր, որն արդեն լուծված է: «Երբ հնդկաձավարի պահանջարկի աժիոտաժը սկսվեց, գինը  սկսեց բարձրանալ: Եվ այն վաճառողները, որոնց մատակարարման պայմանագրերն արդեն պատրաստ էին, սկսեցին հրաժարվել իրենց պայմանագրերից, քանի որ դրանք կնքվել էին ցածր գներով և առաջարկեցին նոր գնով նոր պայմանագրեր կնքել: Եվ պայմանագրերը փոխելու համար նրանց պետք էր ինչ-որ հիմնավորում: Այդպիսի դեպքեր ևս եղել են»,-ասաց նա:

Քամալյանը նկատեց՝ խնդրի մեկ եզակի պատճառ չկա, բայց վստահեցրեց, որ չկան սահմանափակումներ միության ներսում և Ռուսաստանը միությունում տեղափոխման ոչ մի սահմանափակում չի դրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել