Եզդիական քառասուն հազարանոց համայնքի համար մեկ եզդի պատգամավորը քիչ է․ Ռուստամ Բաքոյան
13:07 - 26 հուլիսի, 2019

Եզդիական քառասուն հազարանոց համայնքի համար մեկ եզդի պատգամավորը քիչ է․ Ռուստամ Բաքոյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքից որպես ազգային փոքրամասնության պատգամավոր ընտրված Ռուստամ Բաքոյանը վերջին օրերին Իրաքի Հանրապետությունում էր։ Իրաքյան կողմի նախաձեռնությամբ նա հանդիպումներ է ունեցել Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհհամմադ ալ Հալբուսիի, Իրաքի խորհրդարանի ազգությամբ եզդի պատգամավորներ Սաիբ Խըդըրի, Հոսեյն Հասան Նարմոնի, Խալիդա Խալիլի և Իրաքի եզդի համայնքի ներկայացուցիչների հետ: 

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ զրուցել ենք իրաքյան այցի, Իրաքում եզդի համայնքի և այլ հարցերի շուրջ։ 

Վերջերս այցելել էիք Իրաք, եղել ահաբեկիչների կողմից տեղահանված եզդիների ճամբարներում։ Ինչպիսի՞ իրավիճակ է հիմա այնտեղ։

Իրաք այցելել եմ եզդի պատգամավորի հրավերով։ Բաղդադում հանդիպումներ եմ ունեցել եզդի պատգամավորների հետ, հետո Իրաքի խորհրդարանի ղեկավարի հետ։ Խոսել ենք հայ-իրաքյան հարաբերությունների և Շանգալի (Սինջար) ճգնաժամի մասին։ Մի քանի առաջնահերթություններ կան, որոնցից է Սինջարի փախստական եզդիների վերադարձը։ Եվ ոչ միայն ֆիզիկական վերադարձով պետք է պայմանավորված լինի, այլ նաև պայմաններ պետք է ապահովեն, որ շանգալցի եզդի փախստականները վերադառնան Շանգալ ու կարողանան նորմալ, բնականոն կյանքով ապրել, ունենան աշխատանք ու վերանորոգված տներ։ Այսինքն՝ այն, ինչ ունեցել են։ Քննարկել ենք նաև շուրջ 3000-ից ավել եզդի կանանց և աղջիկներին ահաբեկիչներից վերադարձի մեխանիզմները։

Շանգալը մեր համար շատ կարևոր է, քանի որ սա եզդիականության և եզդի տեսակի պահպանման վայրն է։ Ինքնության պահպանման հարցն է, որը հնարավոր է միայն Շանգալում։ Շանգալի կործանման կամ եզդիների չվերադառնալու դեպքում մենք կկորցնենք մեր ինքնությունը։ Սփյուռքում նպաստավոր պայմանները չունենք, ինչպիսին ունենք հենց Շանգալում, որ պահպանենք եզդիականությունը, եզդիական կրոնը, սովորույթները։

Ես եղա Շանգալի լեռներում, տեսա ճամբարների պայմանները։ Արդյունքում հասկացանք, որ ճամբարի եզդիների գերակշռող մասը ունի արյան ճնշման և շաքարախտի խնդիր։ Դա պայմանավորված է ճամբարների վատ վիճակով, շոգ եղանակով, առանց տանիք վրաններով և այլն։ Ամռանը տապ է, ձմռանը ցուրտ, գարուն-աշուն ջրհեղեղներ։ Յուրաքանչյուր ճամբարում շուրջ 30000 կամ ավելի եզդի փախստական կա։ Ճամբարների թիվը10-ից ավել է։

2014 թվականի օգոստոսի 3-ից սկսած եզդիների նկատմամբ ցեղասպանության արդյունքում հայնաբերվել են շուրջ 40-ից ավել եղբայրական գերեզմանատներ։ Այդ գերեզմանատների նկատմամբ կարծեք թե պետության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայություն կա։ Մենք խնդրել ենք՝ իրենց ուշադրությունը հրավիրեն այդ հարցի վրա։ Հիմա ՄԱԿ-ն է այդ մասով աշխատում։ Կարծում ենք, որ պետք է լինի պետության համագործակցությունը եզդիների հետ, որպեսզի այդ գերեզմանները պահպանվեն, ուսումնասիրվեն, և ուսումնասիրությունից հետո որպես ցեղասպանության սիմվելներ պահպանվեն։

Ի՞նչ կոնկրետ քայլերի շուրջ համաձայնության եկաք։

Մենք խոսեցինք այն մասին, որ եթե անգամ ոչ մի դրական առաջընթաց չկա, ապա գոնե հետընթաց չլինի ճամբարների պայմաններում, որովհետև եթե հինգ տարի առաջ ճամբարին տրամադրել են նոր վրաններ և պայմանները նոր էին, ապա հիմա այդ ամենը հնացել է, մաշվել է, հինգ տարի ճամբարներում ոչ մի փոփոխություն չի եղել և եղածը հնացել է։ Ընդհանուր հայտարարի եկանք, որ աշխատանքներ տարվում են, բայց ավելին է հնարավոր։

Վերադառնալուցս հետո աշխատանքներ են կատարվում, որպեսզի շանգալցի եզդի ուսանողների տեղափոխենք որևէ այլ երկիր ՝ բարձրագույն ուսումնական հաստատաություններում սովորելու և հետո վերադառնալու Շանգալ։

Երկրորդ ուղղությունը, որ քննարկում ենք, եզդի փախստականների համար բժշկական օգնություն տրամադրելն է։ Պատրաստվում եմ բժիշկների հետ միասին այցելել ճամբարներ, որպեսզի անվճար վիրահատություններ կամ բժշկական միջամտություններ կատարվեն։ Ինձ համար այս երկու ուղղություները շատ կարևոր են։ Առողջ հասարակություն ունենալու համար, ուժեղ համայնք ունենալու համար մեզ անհրաժեշտ է կրթություն և առողջութոյւն։ Սրանք այն գլխավոր նախապայմաններն են, որոնցից հետո եզդինները կկարողանան իրենց բնօրրանում կազմակերպել իրենց կյանքը։ Սրանով պայմանավորված պետական մի շարք պաշտոնյաների հետ հանդիպումներ են եղել։

Իրաքում հանդիպեցիք ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ։ Ի՞նչ եք քննարկել դեսպանի հետ։

Պետք է ասեմ, որ Իրաքի մեր դեսպանի նշանակումը շատ ճիշտ նշանակում էր։ ԱԳՆ-ի քաղաքականությունը բավականին դրական տենդենցներով է առաջ գնում։ Այն, ինչ Իրաքում ՀՀ դեսպանն է այս 10 ամիսների ընթացքում կատարել է, համարձակվում եմ ասել, որ մեր դեսպանատունը Իրաքում բացվելուց հետո այդ ծավալի աշխատանքներ չի կատարել։ Քննարկել ենք հայ-իրաքյան հարաբերությունները, որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել տարբեր աշխատանքների մասով, թե ինչ ձևաչափով Հայաստանը կարող է իր ներկայացվածությունը ունենալ Իրաքում տեղի ունեցող մեծ բիզնես ֆորումին, որը կարևորում եմ Հայաստանցի բիզնեսմենների համար։

Եզդիական համայնքի մասով էլ դեսպանի հետ քննարկում ենք ունեցել։ Մի քանի ծրագրեր կան, որոնք մշակման փուլում են։ Մշակութային մասով պատրաստ են կազմակերպել Հայաստանի եզդիական համայնքից այցելություններ Իրաքի եզդիական համայնք և հակառակը։ Քանի որ երկար ժամանակ՝ հարյուրավոր տարիներ կապ չի եղել երկու համայնքների միջև և մշակութային տարբերությունները ակնհայտ են։ Այդ համագործակցության արդյունքում պետք է որ նորից կարողանան իրար ավելի մոտենալ։ Դեսպանը պատրաստ է օգնել այդ մասով։

Եթե խոսենք Հայաստանի եզդի համայնքի մասին, ապա ի՞նչ է փոխվել եզդի համայնքի կյանքում մեկ տարվա ընթացքում՝ նոր կառավարության ժամանակ։

Կարծես թե Կառավարության կողմից մեծ պատրաստակամություն կա ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման համար։ Ցանկացած խնդիր, որ բարձրաձայնում ենք, թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում բավականին արագ արձագանքում են, լուծումներ են գտնում։ Մի օրինակով կարող եմ ասել, որ նախորդ տարիներին դպրոցներում եզդիերենի դասերը պակասել էին։ Հիմա նախարարություն դիմելիս մենք ոչ մի խոչընդոտի չենք հանդիպում, ոչ մի պատճառաբանւթյան չենք հանդիպում՝ խնդիրը լուծելու համար։

Ի՞նչ օրենսդրական բացեր կան ազգային փորամասնությունների մասով ՀՀ-ում և ի՞նչ նախագծեր կան, որոնց վրա դուք աշխատում եք։

Համակարգային խնդիրներ լուծելու համար օրենսդրական փոփխությունների անհրաժեշտություն կա։ Փոփոխությունների փաթեթը հավանաբար աշնան նստաշրջանին կլինի։ Միջազգային կոնվենցիաներով վավերացված Հանրային հեռուստաընկերության օրենքում ամրագրված է, որ ազգային փոքրամասնություններիի համար պետք է ամենշաբաթյա հաղորդում լինի մայրենի լեզվով։ Ցավոք, պետք է նշեմ, բայց որոշ ժամանակ հետո օրենքի մեջ փոփոխություն մտցրեցին և դարձրեցին հայերենով։ Եթե չեմ սխալվում 2017 թվականին։ Սա գուցե դրական ազդեցություն կունենա այն մասով, որ հայերը կծանոթանան իրենց մեջ ապրող ազգային փոքրամասնություններին, սակայն եզդիների համար այն որևէ խնդիր չի լուծում։ Շատերը հնարավորություն չեն ունենում դասաժամերին ներկա գտնվել, կարիք ունեն գոնե լսելու իրենց մայրենի լեզվով հաղորդումներ և այլն։Կամ շատերը, եթե դպրոցական չեն, բայց անհրաժեշտ է, որ լսեն իրենց մայրենին և դա ամրապնդվի։

Հիմա անհրաժեշտություն եմ տեսնում, որ օրենքի այդ մասով պետք է փոփոխություն անել և մայրենիով պետք է հեռարձակել։ Եթե ազգային փոքրամասնությունների նկատմամաբ դրական վերաբերմունք կա և եթե մենք ցանկանում ենք պահպանել ազգային փոքրամասնությունների ինքնությունը, ապա քայլերից մեկը սա է՝ վերադառնալ կոնվենցիայի բնօրինակին։ 

Մեկ այլ խնդիր է այն,, որ կարծում եմ եզդիական քառասուն հազարանոց համայնքի համար մեկ եզդի պատգամավոր ունենալը քիչ է։ Մյուս համայնքները ունեն, օրինակ, երկու հազարանոց համայնք և կրկին մեկ պատգամավոր։ Կարծում եմ՝ մենք անելիք ունենք նաև այս մասով։  Ազգային փոքրամասնություններին քվոտայով տեղեր պետք է հատկացվեն ՏԻՄ-երում, որպեսզի խնդիրները հենց տեղում լուծվեն, այլ ոչ թե հասնի ԱԺ և մի փոքր խնդրով պատգամավորը զբաղվի։ Սրա մասին ես խոսել եմ դեռ երկու տարի առաջ և հիմա էլ կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա։ Կարծում եմ, որ մեկ պատգամավորը քառասուն հազարանոց համայնքի բոլոր խնդիրներով, այդ թվում՝ նաև լոկալ խնդիրներով, չի կարող միայնակ զբաղվել։  Կան նաև մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք մշակման փուլում են, կխոսենք այդ մասին ավելի ուշ։

Աստղիկ Գաուդյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել