Եթե իմանամ ինչի համար են ձերբակալում, թող ձերբակալեն. Արթուր Վանեցյան |factor.am|

06:45 - 08 նոյեմբերի, 2019

factor.am:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը  հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակին:

Նա պնդել է, որ որևէ խախտում թույլ չի տվել: Հիշեցնենք՝ երեկ, երբ հայտարարվեց, որ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է հավաքականի գլխավոր մարզիչ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրեց, որ Արթուր Վանեցյանը ՀՖՖ կանոնադրությունն է խախտել՝ առանց գործկոմի հետ քննարկումների գլխավոր մարզիչ նշանակելով: Արթուր Վանեցյանը նշեց, որ փոփոխված կանոնադրությամբ գլխավոր մարզիչ է նշանակում ՀՖՖ նախագահը, սակայն կառույցի աշխատակիցներից մեկի թերացմամբ փոփոխված փաստաթուղթը ԱՆ պետական ռեգիստրում չի գրանցվել:

Իրավական բացը շտկելու համար այսօր ՀՖՖ գործկոմի արտակարգ նիստ է հրավիրվել, որպեսզի մարզչի նշանակումը լինի օրինական: Երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում վարչապետի խորհրդականի գրառումը տարածել էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որոնք ՀՖՖ անդամներ են ու միաժամանակ քաղաքական թևի ներկայացուցիչներ: Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցինք՝ այստեղ ինչ-որ մեսիջ տեսնո՞ւմ է: Օրինակ՝ ակնարկ, որ իշխանությունը չի ցանկանում իրեն տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում:

«Եթե ընկնենք ծայրահեղությունների մեջ, այո՛, կարող ենք տեսնել մեսիջ, որովհետև այդ մարդիկ, որոնք հրապարակային դաշտում են այդ ամենը ներկայացրել, փորձել են չեղած հարցին մեծ աղմուկ հողորդել, կարող ենք և այդպես ենթադրել»,- ասաց նա: Արթուր Վանեցյանն այս պահին չի տեսնում որևէ պատճառ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալու համար: ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձավ նաև ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելուն: Մամուլը գրում է, որ ստուգումները ներառում են հենց իր ղեկավարման ժամանակաշրջանը: Նրանից հետաքրքրվեցինք՝ վստա՞հ է, որ ՊՎԾ-ն լուրջ խախտումներ չի հայտնաբերի. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ աջակցել ցանկացած իրավապահ կառույցի՝ իմ հետ կապված ցանկացած տեղեկատվություն ստուգելու համար: Համոզված եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ-ում որևէ խախտում չի եղել: Ես որևէ խախտում չեմ իրականացրել, ծառայել եմ պատվով»:

«Սիվիլնեթը» բացահայտել էր, որ հեղափոխությունից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) սեփականատերերի փոփոխություն է եղել: Այն ընկերություններից մեկը, որը ձեռք է բերել բաժնեմաս՝ նույն հասցեում գրանցված է մեկ այլ ընկերության հետ, որի սեփականատերերը Արթուր Վանեցյանի հորեղբոր տղաներն են: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է հաջողվել հեղափոխութունից հետո այս խոշոր ընկերությունում բաժնեմաս ձեռք բերել. «Ես և իմ ընտանիքի անդամները ԶՊՄԿ-ի սեփականատերեր չենք հանդիսանում… Ես չեմ կարող բոլոր Վանեցյանների անունից պատասխան տալ, ես կարող եմ հստակ ասել՝ ես, կինս, երեխաներս, հայրս և մայրս որևէ առնչություն չունենք կոմբինատի հետ: Ես նաև հերքում եմ հորեղբորս տղաների կապը ԶՊՄԿ-ի հետ, ես տեղյակ չեմ, որ նրանք այնտեղ ունեն մասնաբաժին»: Արթուր Վանեցյանն անդրադարձավ իր հավանական ձերբակալությանը և նշեց, եթե իմանա՝ ինչու են ձերբակալում, ապա թող ձերբակալեն:

 

Նյութն ամբողջությմաբ՝ factor.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել