aysor.am: Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկը փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։

«Ցավոք սրտի, Միլանի հանդիպումից հետո ես չեմ կարող ասել, որ ԼՂ կարգավորման հարցում առաջընթաց կա։ Հակամարտության գոտում այսօր հարաբերական անդորր է, բայց միևնույնն է առաջընթաց չկա։ Հայաստանը նույնիսկ հրաժարվել է Ղարաբաղում պահվող Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումից «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով», - Բրատիսլավայում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։

Նշենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։

Հայկական կողմում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա։ Երկուսը՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Ադրբեջանի 3-րդ քաղաքացին զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն է, ով 2017թ. փետրվարին գերեվարվել է Պաշտպանության բանակի կողմից՝ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու ընթացքում։

Ավելի վաղ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով «բոլորին բոլորի հետ» սկզբունքով փոխանակման հնարավորությանը, Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ հանցագործություն, ահաբեկչություն կատարած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին ո՛չ բարոյապես, ո՛չ իրավական տեսանկյունից չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել պատահաբար Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների հետ։

Նա ընդգծեց՝ չի կարելի մեկ հարթության մեջ դիտարկել ԼՂՀ սահմանն ապօրինի հատած, առևանգում, սպանություն ու սպանության փորձ կատարած Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևին ու Ասկերովին և Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված ՀՀ քաղաքացիներին։