Էդմոն Մարուքյանը թերի է համարում դատական համակարգի բարեփոխումների փաթեթը |armenpress.am|
15:02 - 25 մարտի, 2020

Էդմոն Մարուքյանը թերի է համարում դատական համակարգի բարեփոխումների փաթեթը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարության կողմից ներկայացված Դատական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ըստ էության համարում է թերի` նշելով, որ կարգավորումները, սահմանվող նոր պահանջները չեն տարածվում մինչև 2017 թվականը նշանակված դատավորների վրա: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

«Փաստորեն, փաթեթն ընդունում ենք այնպես, որ 2017 թվականից հետ նշանակված դատավորների հետ կապված կարող է լինել գործընթաց, իսկ մինչև 2017 թվականին նշանակվածների նկատմամբ որևէ բան չի կարող լինել: Հիմա հարց. այսքան քննարկումները, որ դատական իշխանությունը պետք է վեթինգ անցնի, վերանայվի, ստուգվի, բարեվարքությունը նայենք, ինչպես ենք անելու: Իսկ մինչև 2017 թվականը նշանակաված դատավորների հե՞տ ինչպես ենք վարվելու»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ փաթեթում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին շատ է խոսվում: «Տպավորությունն այնպիսին է, որ այդ հանձնաժողովը մի ամենակարող հանձնաժողով է, ինչ ասես կարող է անել: Բայց այդ հանձնաժողովը գործիքներ չունի, այդ հանձնաժողովին ընդունվող փաթեթով գործիքներ չենք տվել, որ հետո պահանջենք»,-ասաց նա:

Նա նկատեց` սահմանվում է, որ դատավորի թեկնածուի`հանցավոր ենթամշակույթի հետ կապը պետք է ստուգվի և հետաքրքրվեց, թե ինչպես է դա ստուգվելու:

Պատգամավորը նկատեց`շատ էր խոսվում վեթինգի մասին, թե դատական իշխանությունը կզտվի, կստուգվի, կվերանայվի, այսուհետև լավ դատավորներ կնշանակվեն, սակայն փաթեթը տարածվում է վերջին երեք տարվա նշանակումների և ապագայում դատավորների նշանակման վրա:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել