Ըստ էության ոչինչ այս գործի տրամաբանության մեջ չի փոխվում․ Վահե Դանիելյան
13:28 - 04 սեպտեմբերի, 2019

Ըստ էության ոչինչ այս գործի տրամաբանության մեջ չի փոխվում․ Վահե Դանիելյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահե Տանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշման մասին

Փորձեմ հնարավորինս հանրամատչելի ներկայացնել, թե ինչի մասին է այսօրվա որոշումը։ Դիմողը վիճարկում էր 2 հոդվածի սահմանադրականություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 135-րդ հոդվածի 2-րդ մաս։ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց միայն 35-րդ հոդվածը «Սահմանադրության ուժով հատուկ պշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով»։ 35-րդ հոդվածը թվարկում է, թե որ դեպքերում քրեական գործ չի հարուցվում, քրեական հետապնդում չի իրականացվում, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման։ Այդպիսի դեպքեր են օրինակ արարքում հանցակազմ չլինելը, անձի՝ քրեական պատասխանատվության օրենքով սահմանված տարիքի հասած չլինելը, վաղեմության ժամկետների անցնելը և այլն, իսկ ՍԴ-ն սույն որոշմամբ նաև անհրաժեշտ համարեց գործառութային անձեռնմխելիության դեպքի նշումը, ինչը թերևս օրենքի լրացմամբ կարվի ԱԺ-ի կողմից և դա չի նշանակում, որ ՍԴ-ի այս որոշման հիման վրա նախագահի նկատմամբ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը։ Այսինքն ըստ էության ոչինչ այս գործի տրամաբանության մեջ չի փոխվում. դատարանները ինչպես նախկինում այնպես էլ հիմա պետք է պատասխանեն այն հարցին, թե նախագահին մեղսագրվող արարքների դեպքում նախագահը օգտվում է Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիությունից, թե ոչ։ Ասվածը ներկայացնեմ օրինակի հիման վրա. ենթադրենք 35-րդ հոդվածում որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք նշված չէ անձի օրենքով սահմանված տարիքի հասած չլինելը, եթե նա դիմի Սահմանադրական դատարան Սահմանադրական դատարանը ըստ էության հակասահմանադրական կճանաչի այդ բացը և ԱԺ-ն կլրացնի օրենքը, սակայն դա կազդի այդ անձին պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վրա, կախված կլինի անձի տարիքից, եթե լինի ասենք 20 տսրեկան որևէ ազդեցություն սահմանադրական դատարանի այդ որոշումը չի ունենա, բայց եթե լինի 12 տարեկան կունենա։

Հ.Գ. ՍԴ որոշման միայն եզրափակիչ մասն է հրապարակվել, այլ մասերում գուցե լինեն այլ գնահատականներ։ Թե արդյոք նախագահներն օգտվում են անձեռնմխելիությունից և որ դեպքերում արդեն անդրադարձել եմ, նորից կտեղադրեմ մեկնաբանություններում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել