«Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ոտքի ելնի հանուն ճշմարտության». կոնգրեսականները Ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձև են պատրաստել
09:49 - 12 մարտի, 2019

«Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ոտքի ելնի հանուն ճշմարտության». կոնգրեսականները Ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձև են պատրաստել

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ) և Հանրապետական կուսակցության անդամ Գուս Բիլիրակիսը դիմել են Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերներին՝ կոչ անելով միանալ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ներկայացման հարցում:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, երկկուսակցական փաստաթղթի նպատակն է այնպես անել, որ ամերիկյան իշխանությունների քաղաքականությունը հետևի ստորև ներկայացված կետերին.

1. Հայոց ցեղասպանության հերքման մերժում,
2. ԱՄՆ կառավարության կողմից հանցանքի պաշտոնական ճանաչում և ոգեկոչում,
3.Ժամանակակից աշխարհում այդպիսի դաժանությունները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության թեմայով ուսուցում կազմակերպելու, հարցի շուրջ հանրային իրազեկման կարևորության գիտակցում:

Բանաձևի հեղինակներն այժմ խնդրում են գործընկերներին միանալ իրենց ու մոտ ապագայում բանաձևը ներկայացնել Ներկայացուցիչների պալատ:

Շիֆն ու Բիլիրակիսն ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը բխում է Միացյալ Նահանգների և երկրի ազգային անվտանգության շահերից:

«Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կօգնի նոր էջ բացել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ոտքի ելնի հանուն ճշմարտության և ընդդեմ Ցեղասպանության հերքման»,-նշել են կոնգրեսականները:

Նրանց նախաձեռնությանն արձագանքել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը, որի նախագահ Րաֆֆի Համբարյանը գործադրած ջանքերի համար իր երախտագիտությունն է հայտնել Շիֆին և Բիլիրակիսին:

tert.am
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել