Իրենց խմբակցության ղեկավարը՝ լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ ԱԺ ամբիոնից այս տարվա հունվարին է ելույթ ունեցել․ Վահագն Հովակիմյան
06:34 - 18 ապրիլի, 2019

Իրենց խմբակցության ղեկավարը՝ լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ ԱԺ ամբիոնից այս տարվա հունվարին է ելույթ ունեցել․ Վահագն Հովակիմյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր՝ ԱԺ նիստի սկզբում, անդրադարձավ նախորդ նիստի ժամանակ հնչած, իր համար խնդրահարույց մի քանի հարցի։

«Ես պետք է անդրադառնամ քննարկման ժամանակ հնչած մի քանի դիտարկումների։ Երբ տիկին Մակունցն ԱԺ ամբիոնից ասաց, որ «Իմ քայլը» պատրաստ է քննարկել օրենսդրական փոփոխությունների այնպիսի տարբերակ, որը հնարավորություն կտա ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին մասնակցել հարցուպատասխանի, մեր հարգարժան գործընկերը, մատնացույց անելով Սահմանադրությունը, հայտարարեց, որ դա հնարավոր չէ, դա կարգավորվում է Սահմանադրությամբ։ Բայց դա կարգավորվում է Սահմանադրության 112-րդ հոդվածով, որը նույն Սահմանադրության 202 հոդվածի կարգավորումներով ենթական է փոփոխման Ազգային ժողովի 2/3-ով։ Այլ կերպ ասած՝ այդ խնդրի կարգավարումն ամբողջովին ԱԺ տիրույթում է։ ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին հարցուպատասխանի կանչելը օրենսդրական կարգավորումներով շատ հեշտ լուծելի հարց է, պետք չէ մեծ խնդիր սարքել։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կոստյումին, ես, իհարկե, հավատում եմ, որ պարոն Մարուքյանը ոչ միայն կոճակների, այլև մանրաթելերի մանրամասնությամբ կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումի մանրամասնություններին։ Բայց մենք միշտ կրել ենք ու կրելու ենք մեր կոստյումը։ Ո՛չ ցանկություն ենք ունեցել որևէ մեկի կոստյումը կրելու, ո՛չ էլ դա մեզ համար տեսլական է եղել, առավել ևս՝ ուրիշների կոստյումների մանրամասներին ծանոթանալ։ 

Պիտի անդրադառնամ մի զավեշտի, որին հաճախ ականատես ենք լինում այս ամբիոնից, ընդ որում՝ նույն խմբակցության նույն պատգամավորի կողմից։ Պարբերաբար փորձ է արվում կառավարության նոր սերնդի պաշտոնյաների կոմպետենտությունը կասկածի տակ դնել, փորձել պիտակավորել։ Պետք է հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը՝ լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին։ Դիմացինին մեղադրելուց առաջ գոնե պետք է հիշել, որ սեփական խմբակցությունը, որը չորս գումարման ԱԺ-ներում ունենալով 3 տասնյակ պատգամավորներ, միշտ հրապարակային միտք արտահայտել, այս ամբիոնից ելույթ են ունենում 5-6 անդամներ։ Կոմպետենտությունի՞ց ենք խոսում։ Մեր բոլոր ընդդիմադիր գործընկերներին պետք է հորդորեմ՝ դիմացինի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ փորձեք ձեր գերանները տեսնել, առերեսվեք դրանց հետ, դա ձեզ կօգնի առաջ գնալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել