armenpress.am: Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան։ Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ այցելեց։ Լեռնանցք համայնք և շնորհավորեց բնակարանամուտ տոնողներին:

«Շնորհավորում եմ բնակարանամուտի կապակցությամբ, մաղթում եմ բարեկեցություն, առողջություն: Հույս ունեմ, որ այս նոր բնակարանով ձեր կյանքում նոր երջանիկ էջեր կբացվեն: Լավ եղեք»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը: Բնակարանամուտը նշանավորվեց բազմազավակ ընտանիքի ու ՀՀ վարչապետի հետ խորհրդանշական լուսանկարով:

 

Աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրով 2019 թվականն աննախադեպ է եղել: Պետական ծրագրի շահառուների բնակարանային պայմանների բարելավման համար մի քանի անգամ ավելի գումար է հատկացվել, քան 2018 թվականին էր:

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման ծրագրի շահառու, ընդհանուր առմամբ, ճանաչվել է 5 հազար 396 ընտանիք Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերից: Մինչև 2018 թվականը 4 հազար 838 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծված է եղել:

2018 թվականի դրությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ուներ 558 ընտանիք, որից այդ տարի 44-ն է պետությունից աջակցություն ստացել: 2019 թվականին սկզբում նախատեսվել էր 560 մլն դրամ: Բացառիկ հնարավորություն եղավ և տարեվերջին կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 291 մլն դրամ լրացուցիչ ուղղվեց ծրագրին:

2020 թվականին կառավարությունը բյուջեով նախատեսել է 3 մլրդ դրամ, որով 226 ընտանիքի բնակարանային հարցը կլուծվի: Այսպիսով` աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրով աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն: