Լիբերալիզմի երկու հակադիր ընկալումները. Հրայր Մանուկյան
12:16 - 05 մայիսի, 2020

Լիբերալիզմի երկու հակադիր ընկալումները. Հրայր Մանուկյան

«Աջ-լիբերալ արտահայտությունը ինձ օքսիմորոն՝ ինքնահակասական է թվում»,- մի առիթով ասաց հոլանդացի ընկերս, որը սովոր է լսել ձախ-լիբերալ տերմինը։ Ձախ-լիբերալիզմը ենթադրում է տնտեսության մեջ պետության մեծ դեր,  մինդեռ Հայաստանում ես սովոր էի լիբերալիզմը ասոցացնել տնտեսության մեջ պետության փոքր դերի հետ։ Քիչ հարկեր, նվազագույն պետություն,  կապիտալիզմ ու ինդիվիդուալիզմ՝ ընդդեմ սոցիալիզմի․ սա էր լիբերալիզմի իմ պատկերացումը։ Այսօր էլ ֆեյսբուքի ընկերներս լիբերալիզմից խոսելիս հաճախ հիշում են Ռեյգանին ու Թետչերին, երբեմն էլ՝ նրանց գաղափարական հայրերին՝ Հայեկին ու Ֆրիդմանին։

Ռեյգանը, Թետչերը, Հայեկն ու Ֆրիդմանը, սակայն, զարմանալիորեն չեն պիտակվում «լիբերալ» տերմինով ԱՄՆ-ի մեդիայում ու հանրային քննարկումներում։ Նրանք համարվում են պահպանողականներ ու աջեր, իսկ լավագույն դեպքում` գիտական գրականությունում՝ «տնտեսական լիբերալներ» կամ «(նոր) դասական լիբերալներ»։ Իսկ «լիբերալ» ասելով՝ ամերիկացիները հաճախ հասկանում են «ձախ», «ձախ» ասելով՝ «լիբերալ», իսկ ավելի հաճախ օգտագործում են «ձախ-լիբերալ (left/liberal)» կամ «առաջադեմ ձախ (progressive left)» արտահայտությունները՝ նկատի ունենալով Դեմոկրատական կուսակցության գաղափարները[1]։ 

«Ձախ-լիբերալ» են նախագահներ Ֆրանկլին Ռուզվելտն ու Բարաք Օբաման, տնտեսագետներ Ջոն Մեյնարդ Քեյնսն ու Պոլ Կրուգմանը և 20-րդ դարի ամենաազդեցիկ քաղաքական փիլիսոփան՝ Ջոն Ռոուլսը։ Նրանք բոլորը տնտեսությունում պետության մեծ դերի ու հարուստներին շատ հարկելու կողմնակիցներ են՝ ի հակադրություն ԱՄՆ-ի Հանրապետականների, ովքեր տնտեսությունում քիչ պետական կարգավորումների ու հարուստների համար քիչ հարկերի կողմնակից են։ Այս բաժանումը՝ ձախ-լիբերալիզմը (դեմոկրատներ) ընդդեմ աջ-պահպանողականության (հանրապետականներ), բավականին խորը արմատներ է գցել ԱՄՆ-ում։

Նիդեռլանդներում անգլալեզու մեդիայի ու գրականության ազդեցությունը շատ մեծ է (օրինակ՝ բարձրագույն կրթությունը հիմնականում անգլերենով է), այդ պատճառով էլ որոշ երիտասարդներ հասկացություններն ընկալում են ամերիկացիների ու բրիտանացիների պես։ «Լիբերալ» բառը անգլալեզու ժողովուրդների նման են ընկալում նաև շատ այլ արևմտաեվրոպացիներ, սակայն (թվում է թե) Արևմտյան Եվրոպայի մեծ մասում, ի հակադրություն ԱՄՆ-ի, լիբերալ բառը ավելի հաճախ օգտագործվում է տնտեսական լիբերալիզմի իմաստով, այն է՝ ցածր հարկեր ու նվազագույն պետություն։ Դրանով հանդերձ՝ Արևմտյան Եվրոպայում նույնպես, ԱՄՆ-ի նման, տնտեսական լիբերալիզմի կողմնակիցները միաժամանակ պահպանողականներ են, երբեմն նաև ազգայնականներ, իսկ ձախերը կամ սոցիալ-դեմոկրատները՝ առաջադեմ ուժեր։ Մի բան, որ ինձ համար շփոթեցնող էր։ Օրինակ՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ու Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունները ամերիկյան լեզվամտածողության մեջ «ձախ-լիբերալ» են, քանի որ հանդես են գալիս հարուստներին շատ հարկելու, գենդերային հավասարության ու փոքրամասնությունների պաշտպանության օգտին։ Իսկ Գերմանիայի  Ազատ Դեմոկրատներն ու Ֆրանսիայի Հանրապետականները «աջ-պահպանողական» են, քանի որ հանդես են գալիս համեմատաբար թեթև հարկային քաղաքականության օգտին ու դժկամությամբ են ճանաչում փոքրամասնությունների իրավունքները։

Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի համեմատ Արևմտյան Եվրոպան ավելի շատ է թեքված դեպի ձախ-լիբերալիզմ։ Արևմտյան Եվրոպայում բոլորն ունեն առողջության պարտադիր ապահովագրություն, ու որակյալ կրթությունը հասանելի է գրեթե բոլորին, իսկ պետությունը մեծամասամբ հոգ է տանում, որ ոչ ոք անտուն կամ սոված չմնա։ Ավելի պաշտպանված են նաև փոքրամասնությունները (այդ թվում՝ փախստականները), իսկ կանանց իրավունքներին առնչվող խնդիրները հիմնականում լուծված են, հատկապես՝ Սկանդինավյան երկրներում։ Ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի՝ ԱՄՆ-ում չկա առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրական համակարգ, որակյալ կրթությունը դժվար հասանելի է աղքատներին, գենդերային հավասարության ու սևերի իրավունքների հարցերում դեռևս խնդիրներ կան,  իսկ անտուն ու աղքատ մնալու ռիսկերը ավելի բարձր են։ Սա ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկրի ձախ-լիբերալ և աջ-պահպանողական բաժանումը հենց այդ երկրի կոնտեքստում է պետք դիտարկել, քանի որ, օրինակ, Նիդեռլանդների աջ-պահպանողականները ԱՄՆ-ի աջ-պահպանողականների համեմատ բավակին ձախ-լիբերալ հայացքներ ունեն։ Նիդեռլանդների աջ-պահպանողականները, օրինակ, կողմ են առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությանը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի աջ-պահպանողականների։

Ինձ երկու հարց էր հետաքրքրում։ Առաջին, ինչո՞ւ է «լիբերալ» բառը անգլալեզու մշակույթում եկել-կպել «ձախ» բառին։ Եվ երկրորդ, ինչո՞ւ են ամբողջ Արևմուտքում նվազագույն պետության (տնտեսական լիբերալիզմի) կողմնակիցները, որպես կանոն, միաժամանակ պահպանողականներ ու հաճախ նաև՝ ազգայնականներ։ Այլ կերպ ասած՝ ինչու՞ է տնտեսական լիբերալիզմը (ցածր հարկեր, պետության նվազագույն դեր տնտեսությունում) Արևմուտքում այսօր գերազանցապես հանդես գալիս պահպանողականության, հաճախ նաև՝ ազգայնականության հետ։ Չէ՞ որ Հայաստանում տնտեսական լիբերալիզմի կողմնակիցները (այդ թվում նաև ես՝ ժամանակին) միաժամանակ նաև առաջադեմ են։ Օրինակ՝ 2018-ի հեղափոխությամբ իշխանության եկած առաջադեմ երիտասարդներից շատերը կողմ էին եկամտահարկի համահարթեցմանը, ինչը տնտեսական լիբերալիզմի տիպիկ դրսևորում էր։

Տնտեսական լիբերալիզմի դաշինքը պահպանողականության ու հաճախ նաև ազգայնականության հետ ինձ համար հասկանալի դարձավ լիբերալիզմի փիլիսոփայության ուսումնասիրությունից հետո։ Քանի որ դա բավականին բարդ ու բազմաշերտ փիլիսոփայություն է, այդ դաշինքի հարցին կպատասխանեմ առանձին հոդվածով։ Իսկ այս հոդվածի հիմնական դրույթները չորսն էին։

1․ Արևմուտքի քաղաքական սպեկտրը երկու հիմնական հարթություն ունի՝ սոցիալական (առաջադիմությունն ընդդեմ պահպանողականության) և տնտեսական (տնտեսությունում պետության մեծ դերն ընդդեմ փոքր դերի)։ Երրորդ կարևոր հարթությունը ազգայնականության հարթությունն է[2]։

2․ Սոցիալական իմաստով առաջադեմները Արևմուտքում, որպես կանոն, միաժամանակ կողմ են նաև տնտեսությունում պետության մեծ դերին։ Իսկ սոցիալական իմաստով պահպանողականները գերազանցապես կողմ են տնտեսությունում պետության փոքր դերին, հաճախ նաև (երրորդ հարթություն) ազգայնական են։

3․ Հայաստանում, ի տարբերություն Արևմուտքի, իշխանության եկած և սոցիալական իմաստով առաջադեմները միաժամանակ տնտեսական լիբերալիզմի կողմնակիցներ են։

4․ Կա լիբերալիզմ բառի երկու հակադիր ընկալում՝ տնտեսական կամ (նոր)դասական իմաստով (այս ընկալումը տարածված է հատկապես Եվրոպայում) և  ձախական կամ սոցիալ-դեմոկրատական իմաստով (տարածված է ԱՄՆ-ում)։

Լիբերալիզմի փիլիսոփայությունն ու Արևմուտքում դրա ընկալման փոփոխությունները լավ հասկանալուց հետո Հայաստանի հետհեղափոխական քաղաքական գործընթացները, կարծում եմ, ավելի հեշտ կարելի է հասկանալ ու նույնիսկ՝ կանխատեսել։

 

[1] ԱՄՆ-ի համալսարաններում 1989-ից անցկացվող հարցումներում  հարցվողները 5 քաղաքական գաղափարներով են իրենց բնութագրում՝ ծայրահեղ ձախ, լիբերալ, չափավոր, պահպանողական, ծայրահեղ աջ։ Հետազոտողները ծայրահեղ ձախն ու լիբերալը սովորաբար միացնում են իրար, պահպանողականն ու ծայրահեղ աջը՝ իրար: Ընդ որում, այլ հարցումների համաձայն, իրենց դեմոկրատ համարողները գերազանցապես լիբերալ արժեքների կրողներ են ու ձախեր՝ տնտեսությունում պետության մեծ դերի կողմնակիցներ։ Ամերիկյան լրատվական թողակումներում Դեմոկրատական կուսակցությանը գրեթե միշտ «լիբերալ», «ձախ» ու «առաջադեմ» հասկացությունների կոնտեքստում է նշվում։ Օրինակ՝ այս հրապարակումը՝ “Are the Democrats getting too liberal?”, կամ սա՝ “How liberal are Democratic voters?”: Հասկանալի է, որ որոշ դեմոկրատներ ավելի չափավոր են, որոշներն ավելի շատ լիբերալ կամ ձախ, և կուսակցության ներսում կան թևեր։ Օրինակ՝  դեմոկրատներից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ավելի շատ լիբերալ հարցեր էր բարձրացնում (կանանց ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն), իսկ Բըրնի Սանդերսը՝ ավելի շատ ձախական հարցեր (հարուստներին շատ հարկել և այլն)։ Բացի դա՝ պատկերը շատ տարբեր է՝ ըստ նահանգների։ Դրանով հանդերձ, ընդհանուր առմամաբ, Դեմոկրատական կուսակցությունը ձախ-լիբերալ է։   

[2] Բացի սոցիալական, տնտեսական ու ազգայնական հարթություններից, կան նաև այլ հարթություններ, որոնց հիման վրա քաղաքական ուժերը կարող են դասակարգվել: Բայց դրանք ավելի շատ երկրորդական բնույթ են կրում։

Բացի այդ՝ ինտերնետում կարելի է հանդիպել քաղաքական սպեկտրի մասին զանազան թեստերի, որոնց ճնշող մեծամասնությունը չի արտահայտում Արևմուքի քաղաքական ուժերի իրական վիճակը՝ երկու հիմնական պատճառով։ Առաջին, շատ թեստերում օգտագործվում է «լիբերթարիան» ուղղությունը, ինչը միայն որոշ անգլալեզու երկրներում հանդիպող մարգինալ քաղաքական գաղափարախոսություն է։ Հիմնական քաղաքական հոսանքների կողքին այդ գաղափարախոսությունը ներկայացնելը աղճատում է իրական պատկերը։ Երկրորդ՝ շատ թեստեր փորձում են դասակարգել քաղաքական գաղափարախոսությունները՝ ամբողջ աշխարհի կտրվածքով, անտեսելով այն, որ Արևմուտքում հաստատված պետական կարգը տարբերվում է այլ երկրների պետական կարգերից, իսկ գաղափարախոսությունները չի կարելի պետական կարգից անկախ դիտարկել։ Քաղաքական կարգերի տարբերություններին կանդրադառնամ այլ հոդվածներում։

Հրայր Մանուկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել