Լիլիթ Մակունցի համար Վահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել |armenpress.am|
10:05 - 21 հունիսի, 2019

Լիլիթ Մակունցի համար Վահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին հայտարարությունն անակնկալ է եղել: Լիլիթ Մակունցն այդ մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին:

«Ինձ համար անակնկալ էր Վահե Գրիգորյանի հայտարարության՝ ՍԴ-ի նախագահի պարտականությունները ստանձնելու հատվածը»,-ասաց Մակունցը:

Հարցին, թե արդյոք փորձել է այդ մասով պարզաբանում ստանալ, Մակունցն ասաց՝ ոչ, քանի որ նման իրավունք չունի: Նա շեշտեց՝ սահմանադրական դրույթները կարող է մեկնաբանել բացառապես ՍԴ-ն և դատարանի դատավորը: Հետևաբար` Մակունցը հորդորեց բոլոր մեկնաբանությունների համար դիմել Վահե Գրիգորյանին:

Դիտարկմանը, թե Վահե Գրիգորյանն իր թեկնածության քննարկմանը նախագահ դառնալու մտադրության մասին չի բարձրաձայնել, ինչպե՞ս է վերաբերում այդ հարցին, Մակունցն ասաց. «Յուրաքանչուր թեկնածուի իրավունքն է որևէ փուլում որոշել որևէ մտադրության մասին հանրայնացնել կամ չհանրայնացնել: Վահե Գրիգորյանը նպատակահարմար է գտել իր մտադրությունների մասին տեղեկացնել երդման արարողության ժամանակ, ես որևէ խնդիր այդտեղ չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է նրա հայտարարությանը՝ ՍԴ-ի նախագահի պարտականությունները կատարելու վերաբերյալ, ես խնդրում եմ՝ քանի որ դա սահմանադրական դրույթի մեկնաբանություն է, դիմել Վահե Գրիգորյանին, քանի որ նման հարցերն իրավունք ունի մեկնաբանել բացառապես ՍԴ-ն»,-նշեց Մակունցն ու շեշտեց, որ ԱԺ-ն որպես օրենսդիր մարմին, իրենք՝ որպես պատգամավոր իրավունք չունեն այդ հարցին անդրադառնալու:

Նա նշեց, որ Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել խմբակցության ներսում: «Սակայն այն իրավիճակին, որ նկարագրել է Վահե Գրիգորյանը ՍԴ-ում գոյություն ունեցող իրավիճակի մասին, մենք տեղյակ եղել ենք»,-ասաց Մակունցը:

Հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը:

«…ՍԴ-ի դատավորի երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը այս օրերին բացակայում է երկրից, ես ստանձնելով ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ-ի անդամների հետ խնդիրները քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ...»,-նշել էր Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել