«Կոշ» ՔԿՀ-ի պետը, ըստ մեղադրանքի, 700 հազար դրամ կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել է |armtimes.com|
23:05 - 14 ապրիլի, 2020

«Կոշ» ՔԿՀ-ի պետը, ըստ մեղադրանքի, 700 հազար դրամ կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել է |armtimes.com|

armtimes.com: «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է: Գործի 7 հատոր նյութերը տրամադրվել են կողմերին 10-օրյա ժամկետում ծանոթանալու համար:

Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ: Հետագայում գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվեց Հատուկ քննչական ծառայություն: Լյովա Բաղդասարյանին մեղադրանք առաջադրեց խոշոր չափի՝ շուրջ 700.000 դրամ կաշառք ստանալու համար, քաղաքացիներ Հայկ Կարապետյանին՝ կաշառքը տալու, իսկ Արթուր Հովհաննիսյանին՝ կաշառք տալուն օժանդակելու համար:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հայկ Կարապետյանի պաշտպան Մասիս Մելքոնյանը պատմեց, որ ենթադրյալ հանցագործության պահին իր պաշտպանյալը գտնվել է անազատության մեջ, իսկ ԱԱԾ աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են Լյովա Բաղդասարյանին եւ գործով երրորդ մեղադրյալին (խոսքը Արթուր Հովհաննիսյանի մասին է,- խմբ.). «ՀՔԾ-ն օրենքի կոպիտ խախտումներով, որոնք ընդունելի չեն մերօրյա իրականության համար, չունենալով բավարար ապացույցներ, Հայկ Կարապետյանին մեղադրում է մի հանցագործության մեջ, որի կատարման պահին ինքը ֆիզիկապես գտնվել է «Կոշ» ՔԿՀ-ում (ծանր հանցագործության համար նա դատապարտված է եղել 10 տարի ազատազրկման եւ պատիժը կրել այնտեղ- խմբ.), իսկ այդ գործողությունը կատարել է գործով երրորդ մեղադրյալը, որին մեղադրում են կաշառք տալուն օժանդակելու մեջ, սա աբսուրդի ժանրից է, իրավական պետությունում սա անթույլատրելի է»: Ըստ Մասիս Մելքոնյանի՝ նոյեմբերի 1-ին, երբ լրանում էր Հայկ Կարապետյանի պատիժը կրելու ժամկետը, նա պիտի ազատ արձակվեր, սակայն անցակետից դեռեւս դուրս չեկած, հարազատներին չմոտեցած՝ քննիչի հանձնարարությամբ նա ոստիկանների կողմից բերման է ենթարկվել եւ ձերբակալվել. «Հայկ Կարապետյանի մեղավորությունը ապացուցված չէ, իսկ կասկածները բավարար չեն նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար, նա ներգրավել է որպես մեղադրյալ օրենքի կոպիտ խախտումներով եւ այսօր պահվում է պատանդի կարգավիճակով, մինչդեռ նմանատիպ փաստական հանգամանքներով ՄԻԵԴ-ը առնվազն 4 գործով ՀՀ-ի դեմ որոշումներ է կայացրել»: Նմանատիպ հանգամանքներ ասելով՝ պաշտպանը նկատի ունի այն, որ դատարանի կողմից քննիչի միջնորդության փաստական հանգամանքները չստուգելու հիմքով անձինք պահվել են կալանքի տակ:

Մասիս Մելքոնյանի խոսքով՝ Հայկ Կարապետյանի դեմ ցուցմունք է տվել այդ երրորդ անձը, ում մեղադրում են կաշառք տալուն օժանդակելու համար. «Մենք բազմաթիվ անգամ միջնորդել ենք նրանց առերես հարցաքննել, որովհետեւ այնտեղ հեռախոսային խոսակցություններ կան, իբրեւ թե Հայկի հետ, բայց Հայկը հերքում է, որ նման խոսակցություն է եղել, եւ ուզում է առերեսվել, հարցեր տալ, թե այդ ում հետ է նա խոսել»: Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինը հրաժարվել է նրանց առերես հարցաքննել՝ հաշվի առնելով, որ Հայկ Կարապետյանը սկզբնապես հրաժարվել է մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել. «Բայց նոյեմբերի 3-ին  հրաժարվելը դեռ չի նշանակում, որ նա միշտ է հրաժարվելու, ապրիլի 2-ին նախաքննության ավարտ է հայտարարվել, ես միջնորդել եմ հարցաքննել պաշտպանյալիս, քննությունը վերսկսվել է, եւ այս հինգ ամսվա մեջ առաջին անգամ նա հարցաքննվել է ապրիլի 7-ի, եւ չնայած նրան, որ շատ կարեւոր տեղեկություններ է հաղորդել քրեական գործի մասին, քննիչն անմիջապես նախաքննությունը նորից ավարտել է»: Մասիս Մելքոնյանի խոսքով՝ այժմ, երբ իր պաշտպանյալը ցուցմունք տվել է, նախաքննական մարմինը պարտավոր է առերեսում կատարելու, այդ պատճառով էլ միջնորդություն է ներկայացրել նախաքննությունը շարունակելու. ըստ նրա՝ կան բազում քննչական գործողություններ, որ այս ընթացքում չեն արվել. «Իհարկե, ցուցմունք չտալու պարագայում եւս միջազգային իրավունքի նորմերի եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համաձայն պարտավոր էին առերես հարցաքննելու, բայց նրա անձի հանդեպ ուղղորդվածություն է եղել, նրան պիտակավորել են որպես «զոն նայող», ինչը իրականությանը նույնպես չի համապատասխանում, ապացուցողական փաստ չկա այդ մասին, կան ԱԱԾ զեկուցագրեր, որոնք պիտի կամ ապացուցվեին կամ հերքվեին»: Ցուցմունք տալով՝ Հայկ Կարապետյանը նշել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, եւ դեպքի մասին մամուլից է տեղեկացել. «Այժմ ես բարձրաձայնում եմ այս մասին, որպեսզի երկրի բարձր ղեկավարությունը, Գլխավոր դատախազը, նրա տեղակալը, Արդարադատության նախարարը, ինչպես նաեւ ԲԴԽ-ն տեղեկանան, որ նախաքննական մարմինը թույլ է տվել օրենքի խախտումներ եւ դատարանները, աչքերը փակելով դրանց վրա, չուսումնասիրելով գործի նյութերը, կալանքի ժամկետ են երկարացրել»:

Կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Հովհաննիսյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը մասամբ ընդունել է մեղադրանքը. «Նա հայտնել է, որ պետը տեղյակ է եղել, որ իրեն այդ գումարը պիտի հասցնեն, այլ մանրամասնություններ, թե ինչ նպատակով, ումից է վերցրել, չի հայտնել, որովհետեւ իր հորեղբոր որդին գտնվում է «Կոշ» ՔԿՀ-ում, եւ վախեցել է, որ նա գուցե այնտեղ խնդիրներ ունենա»: Հարցին՝ Հովհաննիսյանը տեղյակ եղե՞լ է, թե կոնկրետ ինչ գումար է ինքը փոխանցում, պաշտպանը պատասխանեց. «Դե չէր կարող չիմանալ, ասել են՝ պետք է տանել, փոխանցել նրան, բայց իր նախաքննական ցուցմունքում նա ասել է, որ չի կարող տալ անուններ, որոնք իրեն խնդրել են դա անել, ոչ էլ նպատակն է հայտնել»:

Շարունակությունը՝ armtimes.com կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել