00։10- Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա:
Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք։ 
Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Վաղվա շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ ենք առաջ շարժվելու:
[Արայիկ Հարությունյան]

 

00։07- Մարտի 25-ից, Շիրակի մարզում կդադարեցվի ինչպես միջմարզային, այնպես էլ Շիրակի մարզ-Երևան եւ հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտի գործունեությունը: 
Սեփական մեքենաներով և տաքսիներով երթևեկությունը կթույլատրվի միայն միայն երկու անձի առկայության դեպքում՝ վարորդը ներառյալ: [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]

 

23։43- Երեւանի գովազդային վահանակների վրա այս օրերին վարակի դեմ պայքարող բարեկամ երկրներին գոտեպնդող հոլովակներ կլինեն։ [Հակոբ Կարապետյան]

 

22։51- Պարետի որոշմամբ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխումը՝ ներառյալ վարորդի։

 

22։34- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա։Մնացե՛ք տանը։ Եղե՛ք առողջ։ [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան]

 

21:34- Հարգելի լրագրողներ, առաջիկա օրերին աշխատելու ընթացքում ձեր տեղաշարժը չի սահմանափակվի, եթե ունենաք բեյջեր: [ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյան]


21:33- Ինչպես արդեն գիտեք, այսօր ժամը 23:59-ից ուժի մեջ են մտնում ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները: Հորդորում եմ տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենաք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված: Ընդգծեմ, որ սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. պարզապես լրացրեք տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրեք:
[ՀՀ պարետ Տիգրան Ավինյան]


21:28- Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․

✅ Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։
✅ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։
✅ Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից։ [Արսեն Թորոսյան]



21:10- Մինչև 2020թ․ մարտի 31-ը՝ ժամը 23.59-ը, ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ Չեն գործելու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես նաև այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները, անձնագրային և վիզաների վարչությունն ու ենթակա տարածքային ստորաբաժանումները (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գծի» շուրջօրյա +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին և /կամ թողնել հաղորդագրություն avv@police.am էլ. փոստի հասցեին։


21:00- Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում տրանսպորտային միջոցներն աշխատելու են, այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ [ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]


20:37- Գործարկվել է covid19.gov.am (https://covid19.gov.am/hy)՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակը։ Շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն է տեղադրվելու կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ, համապատասխան լրահոս է լինելու, պարետի բոլոր ցուցումներն ու որոշումներն են լինելու։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]


20:34- Կորոնավիրուսային վարակի պանդեմիայի արտակարգ իրավավիճակում անհրաժեշտ է խուսափել բժշկական հաստատություն առանց անհրաժեշտության դիմելուց: Միևնույն ժամանակ կարող եք ունենալ ախտանշաններ, որոնք շատ նման են Կորոնավիրուսային հիվանդության: Այս ժամանակ պետք է հասկանալ՝ ո՞ր դեպքն է համարվում կասկածելի և պահանջում պարտադիր թեսթավորում վիրուսի առկայությունը ստուգելու համար: Ուստի անհրաժեշտ է իրականացնել նախնական ինքնուրույն ստուգում: Այս հավելվածը կօգնի կողմնորոշվել և հասկանալ՝ կա արդյոք բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն, թե՞ ոչ: Հեռախոսային հավելվածը հասանելի է Android-ով աշխատող սարքերի համար։ Հավելվածը՝ այս հղմամբ (https://ac19.am/)։ [ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյան] |aysor.am|


20:28- Չեն աշխատելու պետական մարմինների սպասարկման գրասենյակները, քաղաքացիները չպետք է այցելեն պետական մարմիններ՝ ծառայություններ ստանալու նպատակով։ Եթե դա անհնար է, այդ դեպքում հրահանգված է, որ մարմնի ղեկավարը գրասնեյակում ապահովի նվազագույն թվով աշխատակիցներ։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]


20:27- Պարետի մյուս որոշման համաձայն՝ հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է հանրային ծառայության իրականացումը։ Հանրային իշխանության բոլոր մարմիններին հրահանգված է իրենց գործունեությունը իրականացնել հնարավորինս առցանց՝ առանց վարչական շենքեր այցելելու, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ մարմնի ղեկավարը, իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով, որոշում է ընդունում, որ որոշակի քանակով մարդիկ պետք է այցելեն վարչական շենք։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]


20:21- ՀՀ ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝
- խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.
- բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.
- խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։


20:20- Վաղը ոստիկանության ուժերը ողջ հանրապետության տարածքում իրականացնելու են հսկողություն։ Մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանը իրավասու է մոտենալ եւ հարցնել դուրս գալու նպատակն ու ստուգել փաստաթղթերը՝ անձը հաստատող փաստաթուղթը եւ արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի հատուկ ձեւաթուղթը, որի վրա պետք է նշված լինի անձի անուն-ազգանունը, ելքի ժամը, հասցեն, որտեղից մարդը դուրս է գալիս, այցելության հասցեն՝ ուր է գնում, եւ վերադառնալու ժամը․ այս թերթիկը պետք է ունենա դուրս եկող յուրաքանչյուր քաղաքացի։ Եթե նշված ձեւաթուղթը չկա, ոստիկանությունն իրավասու է օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ կիրառել։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]


20:16- Յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալիս քաղաքացիները պետք է լրացնեն արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի հատուկ ձեւաթուղթը։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]


20:13- Բացառիկ դեպքերում թույլատրվելու է բնակության վայրի անմիջական մոտակայքում օրական մեկ անգամ ֆիզիկական վարժության կամ հեծանվավարության համար դուրս գալ տանից։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]


20:10- Այսօր ժամը 23։00-ից ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը եւ սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում՝ իրենց բնակության կամ գտնվելու վայրում։ Քաղաքացիները տանից պետք է դուրս գան միայն բացառիկ դեպքերում՝ կենսական անհրաժեշտությունից ելնելով՝ մթերային խանութներ, դեղատներ, գյուղատնտեսական շուկաներ գնալու համար, բայց միայն բացառիկ դեպքերում, ոչ թե օրը մի քանի անգամ, կարող են մասնակցել հոգեհանգստի արարողությունների եւ այցելել խնամքի կարիք ունեցող անձի։ [Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյան]


19:43- Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային սիգարետներով և թե՛ նարգիլեով։ [Արսեն Թորոսյան]


19:40- Ներկա դրությամբ Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել։ Տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության: Բացասական պատասխանի դեպքում նրանց մեկուսացումը դադարեցնում են: Որոշ դեպքերում, բժիշկների հորդորով, քաղաքացիները նաև իրենց տներում են ինքնամեկուսանում։ Այս պահին համապատասխան բուժհաստատությունում ընդամենը 3 մեկուսացված քաղաքացիներ կան, որոնք գտնվում են պատշաճ բժշկական հսկողության տակ։ [ԱՀ ԱՆ]


19:37- Կոչ եմ անում այս ժամանակահատվածն օգտագործել ծխելը թողնելու, ավելորդ քաշից ազատվելու, թեթեւ սննդի կուլտուրա որդեգրելու համար, առավոտյան վազքի, հեծանվավազքի կուլտուրա որդեգրելու համար՝ պահպանելով 10 մետր սոցիալական հեռավորություն եւ բացառելով թիմային մարզաձեւերը։  [Նիկոլ Փաշինյան]


19:32- Աշխարհում ՀՆԱ-ի  3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու։ Այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, եւ մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի, եւ այս խնդիրը պետք է լուծվի առաջիկա հինգ տարվա ընթացքում։ Մենք խնդիր ենք դրել՝ զբաղեցնել ազատվող շուկայի 1 տոկոսը։ Այսօր արդեն ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որոնց շնորհիվ կորոնավիրուսի ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային եւ լայն սպառման ապրանքների դեֆիցիտ չունեցավ եւ չունի։ [Նիկոլ Փաշինյան]


19:30- Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար։ Որոշ գնահատականների համաձայն՝ անկումը ավելի խորն է լինելու, քան անգամ 2008-2009 թթ․ տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձեւավորեցինք 2019-ին։ Բայց այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն՝ համաշխարհային տնտեսության մեջ ՀՀ-ի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար։ [Նիկոլ Փաշինյան]


19:26- Մաքսիմալ լրջությամբ վերաբերվեք այս իրավիճակին, սպառնալիքներին, սահմանափակումներին։ Տնից դուրս եկեք միայն կենսակա՛ն անհրաժեշտության դեպքում։ 2 հոգուց ավելի խմբերով մի՛ հավաքվեք անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում։ Խստագույնս հետեւեք պարետատան բոլոր հրահանգներին։ Տանը մնալու ընթացքում պահպանեք հակահամաճարակային հիգիենայի կաննոները, հետեւեք առողջապահության նախարարության հրահանգներին։ [Նիկոլ Փաշինյան]


19:24- Ներողություն եմ խնդրում բոլորիցդ՝ այս սահմանափակումների եւ պատճառվող անհարմարությունների համար։ Հույս ունեմ սակայն, որ բոլորիդ համար ակնհայտ է, որ սա արվում է հենց ձեր եւ մեր ծնողների, տատիկ-պապիկների անվտանգությունն ապահովելու համար։ Բոլոր թոշակառուները, որոնք թոշակները կանխիկ են ստանում, այս ամիս կստանան իրենց բնակարաններում՝ շրջիկ փոստատարների կողմից։ [Նիկոլ Փաշինյան]


19:21- Աշխատելու են միայն խանութները, դեղատները, բանկերը։ [Նիկոլ Փաշինյան]


19:20- Այսօր առողջացած դուրս են գրվել չորս քաղաքացիներ, մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի: [Նիկոլ Փաշինյան]


19:18- Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է եւ թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը։ Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տրամաբանության մեջ։ Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ եւ պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման։ [Նիկոլ Փաշինյան]


19:15- Մեր գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի եւ Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը։ Պայքարում էինք Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար։ Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ Երեւանի արտադրամասի ճյուղը հնարավոր է՝ մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երեւանի եւ Չարենցավանի այլ արտադրամասերում, ինչը մեզ հանգեցրեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառենք։ [Նիկոլ Փաշինյան]


19:12- Այս պահի դրությամբ վարակման դեպքեր ունենք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում։ Այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը մեզ հայտնի է։ Տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել․ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի հայրենակիցները եւ Երեւանի արտադրամասի հայրենակիցները։ [Նիկոլ Փաշինյան]


19:10- Պացիենտների թվում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի՝ 5 անձ, 80-ից բարձր տարիքի պացիենտ չունենք։ Թոքաբորբ տանող 30 հիվանդ ունենք։ Ունենք 868 մեկուսացված քաղաքացի։ 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում, հույս ունեմ՝ կպահպանեն այդ պայմանները։ [Նիկոլ Փաշինյան]


19:05- ժամը 18:30 դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 պացիենտ: 77-ամյա մեր մի հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը՝ ծանր։ [Նիկոլ Փաշինան]


18:57- ԱԺ աշխատակազմի ղեկավարությունն արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ աշխատանքները կազմակերպում է մասնակիորեն հեռավար-առցանց ռեժիմով՝ աշխատակիցների մի մասն աշխատում են տանից։ Զուգահեռաբար նախապես կազմվել են ավելի խիստ սահմանափակումների ռեժիմով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ անհրաժեշտության դեպքում դրանք արագ գործարկելու նպատակով։ 
Եվ ահա վաղվանից ԱԺ-ում կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն՝ ԱԺ օրինաստեղծ գործունեության ապահովման պարտադիր պայմանով։ ԱԺ աշխատակիցներն աշխատանքի կներկայանան հերթափոխով, որն իր հերթին կախված կլինի արտակարգ դրության պայմաններում աշխատակազմի կոնկրետ ստորաբաժանման գործառույթների պահանջվածությունից։ [Արարատ Միրզոյան]


18:25- Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 24.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 499.834.192.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2407: [ՀՀ ֆինանսների նախարարություն]


17։57- Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում սահմանափակումներ կկիրառվեն հանրային ծառայության իրականացման նկատմամբ։ Հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում կիրականացվիլ հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը։

 

17։39- Հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով ԱԺ-ի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցների (համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմվելիք ցանկի)։ Կարծում եմ, որ կգտնվեն բազմաթիվ պետական ու մասնավոր այլ կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ, որոնք ունեն աշխատանքային վիճակում գտնվող, բայց չօգտագործվող համակարգիչներ։ Ինձ թույլ կտամ նաև կոչ անել այդպիսի կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։ [ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]

 

17։37- Այցելեցի հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։
✅ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 ռեանիմացիոն մահճակալ։ Եվս 40 մահճակալ ունենալու ենք նորակառույց մոդուլում՝ իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար, որի շինարարական աշխատանքները մի փոքր հետաձգվեցին տեխնիկական պատճառներով։
✅ Ոստիկանության հոսպիտալում շուտով կունենանք 170 սովորական և ևս 14 ռեանիմացիոն մահճակալ։
✅ Օրթոպեդիայի կենտրոնում շուտով կունենանք 140 սովորական և 16 ռեանիմացիոն մահճակալ։
✅ Սուրբ Աստվածածին ԲԿ ծննդատան մասնաշենքում, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում ծավալվելու է 76 սովորական և 48 ռեանիմացիոն մահճակալ։
Այս պահին ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում։ [Արսեն Թորոսյան]

 

17։33- Նախագահ Արմեն Սարգսյանն  ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն  Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: Նախագահը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակում ինչպես են հայկական գաղթօջախներն ու հայերը տարբեր երկրներում դիմակայում առկա մարտահրավերներին: Քննարկվել է նաև, թե ինչպես կարող են առավել արդյունավետ օգտագործվել ՀԲԸՄ-ի հնարավորությունները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

 

17։31- Կոտայքի մարզի տարբեր համայնքներում ամենատարբեր նախաձեռնությունների արդյունքում քաղաքացիներին բաժանվել են դիմակներ, ախտահանիչ նյութեր և ձեռնոցներ։ Հրազդանում նույնպես քաղաքացիներին բաժանվել են դիմակներ, ձեռնոցներ, իսկ սոցիալապես անապահով, խոցելի խմբում գտնվող ընտանիքներին տրամադրվել է նաև սնունդ: Սոցիալական պատասխանատվության ցայտուն օրինակն էլ ունենք Չարենցավան քաղաքում: «Արաքս» սուպերմարկետը շուրջ մեկ ամիս, առաջին անհրաժեշտության մթերքներով կապահովի Չարենցավանի միայնակ բնակվող 20 թոշակառուներին։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

17։10- Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին» օրենքները:  Նա նշել է, որ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից:

 

16։57- ՀՀ այն քաղաքացիները, որոնք կցանկական Լիտվայում հաստատված կարանտինի պայմաններում վերադառնալ Հայաստան, կարող են կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ՝ վերադառնալու միջոցները և ճանապարհը քննարկելու հանար: Այն օտարերկրացիների նկատմամբ , որոնց Լիտվայում օրինական բնակության ժամկետը լրացել է հայտարարված կարանտինի ընթացքում, և որոնք ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին լքել Լիտվայի Հանրապետությունը, չի կիրառվի վերադարձի որոշում, ինչպես նաև վարչական պատասխանատվության անօրինական կեցության համար: [Հայաստանում Լիտվայի դեսպանատուն]

 

16։53- Կորոնավիրուսի տարածման սկզբնական էտապում դեղատներում ալկոգելի օրական ծավալի պակաս էր լինում, որովհետև մեկ օրում մարդիկ բավականին մեծ քանակությամբ էին գնում։ Այսօր խոշոր ցանցերում կա ալկոգելի մնացորդ, այդ թվում նաև ալկոգել արտադրող ընկերությունների մոտ, բավականին մեծ չափով։ Մենք այս ընթացքում մշտապես ուղիղ կապի մեջ ենք եղել թե բժշկական սպիրտի, թե ալկոգելի արտադրողների հետ։ Այսօր այդ ապրանքների արտադրության ծավալները մի քանի անգամ մեծացել են։ [ՏՄՊՊՀ նախագահ նախագահ Գեղամ Գևորգյան]  |armenpress.am|

 

16։47- Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար  ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: [Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյան]

 

16։24-  էկոնոմիկայի նախարարությունը մշակել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Օժանդակությունն ուղղված է գյուղացիական տնտեսությունների շարունակականնություն ապահովելուն կամ վերադասավորվելուն, փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելուն, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելուն:
Ձեր առաջարկությունները, դիտարկումները և դիտողություններ նախագծի վերաբերյալ կարող եք ուղարկել press@mineconomy.am հասցեին: 

 

16։07- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները: Ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների ծրագրի ամփոփիչ տարբերակը, որում ներառվել են թեմայի առնչությամբ երեկ և նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Վարչապետը հանձնարարել է հանրային քննարկման դնել նախագիծը և նշել, որ կառավարությունը ծրագրի արդյունավետության մոնիթորինգ է իրականացնելու՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու և ծրագիրը կատարելագործելու նպատակով:

 

15։56- Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ: Երևանի քաղաքապետարանն այս օրերին համայնքային բուժհաստատություններին լրացուցիչ 300լ ձեռքերի ախտահանիչ հեղուկ, 6000 հատ միանվագ ոչ մանրէազերծ խալաթ, 45.000 հատ միանվագ ոչ մանրէազերծ ձեռնոց, ինչպես նաև 20.000 հատ դիմակ է տրամադրել: [Երևանի քաղաքապետարան]

 

15։34- Նախարարությանը հիմնականում հաջողվեց այս մեկ շաբաթվա ընթացքում ապահովել հարթակներ և համագրործակցություն՝ հեռավար կրթություն իրականացնելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով հեռավար կրթության մասին: Նա նշեց, որ նույնիսկ մարզերից մեկը 88 տոկոս ներգրավվածություն է ապահովել: Արայիկ Հարությունյանն ասաց, որ բուհերը հաջող անցել են այս գործըթնացը, դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել, ռեկտորների խորհուրդը որոշում կայացրեց, և պատասխանատվություն վերցրին իրենց վրա այդ համակարգը գործարկելու։ |tert.am|

 

15։25- Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

14։30- Կորոնավիրուսի դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքի բանուկ փողոցների եւ մայթերի քլորամաքրման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա կտրվածքով: Հորդորում ենք չայցելել մարդաշատ վայրեր, տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին: [Էջմիածնի քաղաքապետարան]

 

14։23- Յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ, և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել: Տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար, և մենք յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան ՀՀ-ով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել։ [Պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան հերթական նիստին]

 

14։11- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։  Ընկերությունների ներկայացուցիչները նշել են․ որ արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի ծավալներն աճել են՝ որոշ դեպքերում մինչև 50 տոկոսով՝ հատկապես պարենամթերքի, միրգ-բանջարեղենի առաքումների դեպքում: Նրանք վստահեցրել են, որ առկա ռեսուրսներով կարողանում են լիարժեք սպասարկել ստացված պատվերները, որոշ դեպքերում՝ նաև մարզերում:

 

14։05- Իրադրությունը Հայաստանում 24.03.2020-ի դրությամբ 

✅ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 235
✅ Բուժվածներ - 2
✅ Բացասական թեստեր - 1132
✅ Մահվան ելքեր - 0
[ԱՆ]

 

13։56- ԱԱՏՄ-ն հորդորում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողներին խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Տեսչական մարմինն իրազեկման լայնածավալ միջոցառումներ է իրականացնում տնտեսվարողների շրջանում` տեղեկատվական գրքույկներ տրամադրելով, շուրջ 400 տնտեսվարողի էլեկտրոնային հասցեներով իրազեկելով Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի վերաբերյալ։ [ԱԱՏՄ]

 

13։50- Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամի կորոնավիրուսին։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան] |aysor.am|

 

13։37- ԱԺ նիստերին առողջական և տարիքային խոցելու խմբում գտնվելու պատճառով չներկայացող պատգամավորների բացակայություններն արտակարգ դրության օրերին հարգելի կհամարվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ կան պատգամավորներ, որոնք մի փոքր վատառողջ են եղել, տեղեկացրել են այդ մասին և ներկա չեն գտնվում նիստին: 
|armenpress.am|

 

13։20- ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների կողմից կատարվող աշխատանքը:  Բակո Սահակյանը նշել է բնակչության կողմից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոններին հետևելու կարևորությունը, որն իր հերթին հիմք կհանդիսանա համատեղ ջանքերով կանխելու բացասական զարգացումներն Արցախում: Նախագահը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին համակարգված և արդյունավետ լուծում տալու ուղղությամբ: [ ԱՀ նախագահի աշխատակազմ]

 

13։07- Չեմ կարծում, որ արտակարդ դրության այս ժամանակահատվածում շատ կլինեն անձինք, ովքեր կհամալրեն գործազուրկների շարքերը։ Այնուամենայնիվ, մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք այդ ամենը, կփորձենք հասկանալ, թե ինչ եղավ աշխատաշուկայում, ինչ վերադասավորումներ եղան։ Արտակարգ դրությունից հետո գործազուրկ դարձած անձինք կլինեն մեր ուշադրության կենտրոնում, և մենք նրանց կառաջարկենք Զբաղվածության պետական գործակալության կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող զբաղվածության ծարգրեր և միջնորդություններ կուղարկենք, կրկին նրանց աշխատանքի տեղափորելու համար։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգյսան] |armenpress.am|

 

13։00- ՀՀ դատախազությունն առժամանակ դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Բոլոր ստորաբաժանումներին հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ e-request.am կամ info@prosecutor.am էլ-փոստի միջոցով։ Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել  (+34710) 511-527 հեռախոսահամարով։ [Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին]

 

12։52- ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ առողջապահության նախարարությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, անհատ ձեռնարկատերերից, կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը: Էլեկտրոնային տարբերակով դիմում/գրությունն անհրաժեշտ է ուղարկել  ԱՆ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով (info@moh.am) կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am/hy/e-letter)։ Լիցենզավորման ոլորտում տրվող դիմումների, հայտերի ձևերը կարող եք ներբեռնել http://moh.am/#1/108 հղումով: Դիմումների գրանցման և ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-80-80-03, ներքին 2502, 2503, 2504, 2505 հեռախոսահամարներով: [ԱՆ]

 

12։41- Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունները։ Խնդրում ենք Տեսչական մարմին ներկայացվող բոլոր գրությունները, դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով պաշտոնական էլ. փոստի հասցեին՝ info@ecoinspect.gov.am, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի www.e-request.am միջոցով։ Ցանկացած հարցով կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից 18։00-ն, զանգահարել Տեսչական մարմնի Թեժ գծի հեռախոսահամարին՝ 119: [Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]

 

12։35- Մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաժանվել է խոցելի խմբերում գտնվող մեր տարեցներին: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

12։33- ՀՀ-ում  հայտարարված արտակարգ դրությունը ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ: Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են առաջացրել նաև գործարարության համար։ Պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։ [ՄԻՊ գրասենյակ]

 

12։19- Ինքնամեկուսացման ժամանակ պետք է առողջ կենսակերպ վարել: Սահմանափակեք ալկոհոլի և շաքար պարունակող ըմպելիքի օգտագործումը: [ԱՆ]

 

12։18- Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱՀ աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները։
✅ Նախարարության մասնաշենքերի սենյակները, դռները օրական 2 անգամ ախտահանվում են ախտահանիչ միջոցներով: Քաղաքացիների հետ հաճախակի շփվող աշխատակիցներն ապահովվել են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, ձեռքերի ախտահանիչներով:
✅Երեխաների խնամքի և պաշտպանության N 1 և N 2 գիշերօթիկ հաստատություններում ստեղծված են համապատասխան պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր ախտահանման համար: Հաստատությունն ապահովված է ալկոգելով, բժշկական դիմակներով ու ձեռնոցներով:
✅ Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցողների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից սպասարկվում են հանրապետության 162 միայնակ տարեց և հաշմանդամություն ունեցող։ 
440 միայնակ թոշակառուներ նախարարության կողմից կապահովվեն պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով՝ մեկ ամսվա հաշվարկով: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

12։08- Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Նրանք համաճարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր են համարել ջանքերի համատեղումը և, համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Քննարկվել է նաև այդ ուղղությամբ միմյանց գործնական աջակցության հնարավորությունը:

 

11։37- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբն անց է կացրել հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են նախարարության բոլոր ստորաբաժանումների կողմից արտակարգ դրության պայմաններում տարվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Փրկարարական ծառայության ստորաբաժանումներն ապահովվելու են դիմակներով ու ձեռնոցներով: Պարբերաբար ախտահանվում են հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ու տեխնիկան: Մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել: Մասնագետները յուրաքանչյուր զանգին անհատական մոտեցում են ցուցաբերել և տրամադրել են համապատասխան խորհրդատվություն: [ԱԻՆ]

 

11։16- ԱԺ կողմից երեկ ընդունված օրենսդրությունը կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, քաղաքացիները պետք է հասկանան, որ համապատասխան օրենքով սահմանված պահանջները՝ մեկուսացման և ինքնամեկուսացման, եթե չպահպանեն, կհանգեցնի վարչական պատասխանատվության։ Իսկ եթե դա հանգեցնի վարակման, կամ առողջությանը, կամ կյանքին վնաս պատճառի, այդ դեպքում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ Այսինքն սա կանխարգելիչ նշանակություն ունի։ [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան] |lragir.am|

 

10։50- Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին։ [Նիկոլ Փաշինյան]

 

10։36- Արցախի Հանրապետության ՊՆ  մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտպանության բանակում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող հակահամաճարակային միջոցառումները: Ամենօրյա ռեժիմով քլորակրի և պրեսեպտի լուծույթներով կատարվում են սոցիալ-կենցաղային օբյեկտների, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկայի ախտահանիչ գործողություններ:

 

10։28- Կորոնավիրուսի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն կատարել ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հետևյալ հաշիվներին.
22300612211100 (AMD)
22300110153200 (USD)
22300200153300 (EUR)
22300400153100 (RUR
[Արցախի տեղեկատվական շտաբ]

 

09։11- Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու և հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով համաճարակաբանական վերհուշը (անամնեզ) և կլինիկակական ախտանշանները: Համաճարակաբանական վերհուշ վերցվում է այն անձից, ով վերջին 14 օրվա ընթացքում գտնվել է այն երկրներում, որտեղ գրանցվել են կորնավիրուսով վարակման դեպքեր կամ սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդի կամ վարակակրի հետ, ունի 38˚C աստիճանից բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն: Մասնագետի կողմից քթըմպանից ու բերանի խոռոչից վերցված քսուքը ուղարկվում է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետրոն» ՊՈԱԿ՝ հետազոտությունը իրականացնելու համար: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24,03,20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20