00։01-Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է։ [Արսեն Թորոսյան]

22։20-‼️ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ‼️ Ժողովուրդ, Վայբերով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։ Եվ այլ մեսենջերով, Ֆեյսբուքում, Վոթզափով եւ այլն։ Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք։[Սամվել Մարտիրոսյան]

21։19-Ոչ մի բիզնես օդից չի ընկել, այն կայացել է այս նույն պետության սահմաններում, այս պետության հանրային ռեսուրսների շնորհիվ, այս պետության մեջ ապրող աշխատողների ուժերով։ Եթե բիզնես ոլորտը մշտապես ակնկալում է պետությունից, այսինքն՝ հանրությունից, աջակցություն և արտոնություններ, ցանկալի մաքսատուրքեր և վարկային սուբսիդավորումներ, ապա դժվար պահերին պե՛տք է ներկա ու մասնակից լինի, հանրության հետ կիսի բոլոր դժվարությունները:

Բիզնեսը պետք է դիտարկել ոչ միայն անձնական-մասնավոր, այլ նա՛և հանրային բարիքի դաշտում: [Լենա Նազարյան]

21։31-Ժամը 20.30-ի դրությամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։

40 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ։ [ՀՀ Ոստիկանություն]

20։54-Ժամը 19:00-ի դրությամբ 78 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 40-ը՝ մայրաքաղաքում, 38-ը՝ մարզերում։

659 վարորդ անձնական տրանսպորտային միջոցներով տեղափոխել է թույլատրված քանակից ավելի ուղևոր, որոնք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել նաև կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 6 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։ [ՀՀ Ոստիկանություն]

20։25- Այս պահին COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։ Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։
ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը: [ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

20։23- Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիները անհրաժեշտ թեստավորման և դրա արդյունքների հետազոտությունից հետո դուրս են գրվել: Միաժամանակ հիշեցնում ենք, որ առայսօր, Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

20։16- Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը COVID-19-ի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 25.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 512.607.314.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2582: [ՀՀ ֆինանսների նախարարություն]

20։11- Քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր: Հայտարարում ենք, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առ այսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել: [ԱՀ ՊՆ]

19։53- Շուկաների աշխատանքը շարունակվելու է, քանի որ սննդամթերքի վաճառքը արտակագ դրության օրերին արգելված չէ։ Մենք անընդհատ իրականացնելու ենք մշտադիտարկումներ, պարտադրելու ենք կատարել պարետի ցուցումները: [ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյան]

19։37- Մենք Վեոլիա ջրի և ՀԵՑ-ի հետ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն ունեինք, այսօր վերջնական պայմանավորվածություն կունենանք նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ, և հենց այս պահից սկսած խնդիրները կլուծվեն, և բոլոր այն քաղաքացիները, նամանավանդ խոցելի խմբերի, որոնց տներում անջատումներ են եղել, կվերականգնվեն։ [Տիգրան Ավինյան]

19։34- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արտակարգ դրության ստեղծած իրավիճակը ճանաչել է կոմունալ վճարումներին խոչընդոտող ֆորս մաժոր։ Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը: Միաժամանակ, վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրաէներգիայի, գազի և ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից։ [ՀԾԿՀ]

19։24- Կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են: Մենք ամեն օր սպասում ենք, մի խմբաքանակի նախնական առաքման ժամկետը մարտի 27-ն է, բայց գիտենք, որ համաշխարհային լոգիստիկ խնդիրներ կան բեռնափոխադրումներ հետ կապված: [Արսեն Թորոսյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում]

19։20- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին: Վերջինս նշել է , որ Հայաստանին մեծ քանակությամբ արհեստական օդափոխության սարքեր կտրվեն։

18։51-‼️ Եվս երկու բուժված՝ կրկնակի բացասական թեստով։

✅ Գումարային բուժվածների թիվը դարձավ՝ 18։

Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ։ [Արսեն Թորոսյան]

18։50- Հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված, հաշվի առնելով պարետի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 15 և 16 որոշումները՝ քաղաքացիներից և կազմակերպություններից Հանրապետության նախագահին և Հանրապետության նախագահի աշխատակազմին ուղղված գրությունները, դիմումները, բողոքները և հարցումները ընդունվում են բացառապես առցանց եղանակով՝ secretariat@president.am և press@president.am էլեկտրոնային հասցեներով և e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով:

18։32-Առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Հետաքրքրված անձանց ԱՆ-ն խնդրում է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060 80 80 03 ներքին՝ 3101 կամ 3102:

18։27- «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2 ամիս շարունակ սնունդով և հիգիենիկ պարագաներով կապահովի 115 տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց: Սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթները կառաքվեն Արմավիրում և Մեծամորում  բնակվող շահառուներին՝ հոգալու նրանց կենսական կարիքը ինքնամեկուսացման պայմաններում։ [Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան]

18։ 20- Երևանում այս պահին 4 մասնագիտացված բժշկական կենտրոններում են աշխատանքներ ծավալվում. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը և Սբ. Աստվածամայր կենտրոնի ծննդատան մասնաճյուղը, որոնց գումարային մահճակալային ֆոնդը կազմում է մոտ 650 մահճակալ։ Այս պահին առանձնացված 42  արհեստական շնչառության սարք կա, որոնցից օգտագործվում է միայն մեկը։ 7 սարքի գնման գործընթաց ենք սկսել, ինչպես նաև աշխարհի բոլոր տեղերից ձեռքբերումներ ենք փորձում իրականացնել։ Բայց աշխարհում կա դրանց դեֆիցիտ։ [Արսեն Թորոսյան]

17։51- Մենք ուզում ենք զարգացման խնդիր լուծել։ Կարծում ենք, որ գյուղատնտեսության կառուցվածքի մեջ էական փոփոխություններ են պետք։ Զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը, կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղատնտեսական վարկեր այն ֆերմերներին և անհատներին, ովքեր ունեն վարկային պոզիտիվ պատմություն, այսինքն՝ սև ցուցակներում չեն։ [Նիկոլ Փաշինյանը ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին] |aysor.am|

 

17։40- Խանութներում պահպանեք սոցիալական հեռավորությունը (առնվազն մեկ մետր), հնարավորինս խուսափեք կանխիկ գումարով վճարումներ կատարելուց։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այս օրերին քաղաքապետարանի առևտրի վարչությունը բացատրական աշխատանքներ է տանում տնտեսվարողների հետ, նշված նորմերը ապահովելու ուղղությամբ։ [Երևանի քաղաքապետարան]

 

17։27- Կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացնելու նպատակով  էկոնոմիկայի նախարարությունը մշակել է երրորդ միջոցառումը փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին աջացկելու նպատակով: Ծրագիրն ուղղված է տնտեսավարողների համար ստեղծելու ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն՝ շուկաների փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու համար։ Ծրագրի փուլերը և գործիքները նկարագրված են միջոցառման նախագծում՝ https://bit.ly/2y9eEzN։

 

17։17- Մենք այսօր ամփոփում ենք հեռավար դասապրոցեսի իրականացման առաջին շաբաթը: Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ աշակերտների 80 և ավելի տոկոսի ներգրավվածություն ունենք այս գործընթացում, ինչը հավասար է դպրոցներում հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին: Մենք մեծամասամբ կարողացել ենք ներգրավվածությունն ապահովել։ [Արայիկ Հարությունյան] |armenpress.am|

 

17։15- Մարտի 20-ին ՌԴ կառավարությունը, պայմանավորված երկրում կորոնավիրուսի համաճարակի սահմանափակումներով, ժամանակավորապես արգելել է արտահանել բոլոր տեսակի հացահատիկային կուլտուրաների արտահանումը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց կառավարությանը՝ արդյոք ԱԳՆ-ն ճշտել է, թե որքան կտևի արտահանման արգելքը, և ինչ ազդեցություն կունենա Հայաստանի «պարենային անվտանգության վրա»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախ նշեց, որ նման խնդիր առաջացել էր, և այն քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում: Ապրիլի 3-ին վերջնական պայմանավորվածության կհասնեն, բայց այս պահին Ռուսաստանից Հայաստան հացահատաիկի ներկրման խնդիր չկա: Գրիգորյանը հավելեց, որ խնդիր կա առողջապահական սարքավորումների մասով, որը քնարկվում է:  |civilnet.am|

 

17։04- ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցնում է, որ նոր տիպի կորոնավիրուսը սննդամթերքի միջոցով չի կարող փոխանցվել մարդուն։ Նրա խոսքով ՍԱՏՄ-ն բազմաթիվ տնտեսվարողների հորդորում է հացը մատակարարել փաթեթավորված, չնայած նման իրավական կարգավորում չկա, պետք է սանիտարահիգիենիկ պայմանները պահել ինչպես հարկն է, և  կկարողանանք զերծ մնալ այդ վիրուսի տարածումից։ |armenpress.am|

 

16։52- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների և տնտեսության առողջացմանն ուղղված միջոցառումների և առաջարկությունների շուրջ քննարկում: Անդրադարձ է կատարվել բիզնեսին աշխատատեղերի պահպանման գծով աջակցության գործիքակազմերին, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու ծրագրերին: Վարչապետը կարևորել է ռեսուրսներն արդարացի բաշխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։ Մ պատասխանատուներին հանձնարարել է վերջնական տեսքի բերել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված ծրագրային փաթեթները և ներկայացնել կառավարության առաջիկա նիստի հաստատմանը:

 

16։49- Շիրակի մարզի համայնքներում ստեղծվել և ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբներ: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ  համայնքային շտաբները մարզային շտաբի հետ պահպանում են մշտական օպերատիվ կապ։ Համայնքային շտաբների կողմից մշտապես իրականացվում է ազգաբնակչության անձնական հիգիենայի պահպանման և ինքնամեկուսացման պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում, կատարվում են հանրային նշանակության վայրերի, բազմաբնակարան շենքերի մուտքերի և հասարակական տրանսպորտի ախտահանման աշխատանքներ։ Մանակապարտեզներում և դպրոցներում առկա սնունդը բաշխվում է տվյալ կրթական հաստատության սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին: |armenpress.am|

 

16։32- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների հետ: Վերջիններս խորհրդակցությանը միացել են օնլայն տարբերակով, զեկուցել մարզերում առկա իրավիճակի և հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կատարվող ախտահանման աշխատանքների մասին: Մինչև մայիսի 1-ը կհետաձգվեն բոլոր վարժանքները: ՓԾ տնօրենը ներկայացրել է ԱԻ նախարարի հրամանը՝ համաձայն որի ստեղծվել են պահեստային խմբեր: Անհրաժեշտության դեպքում նրանք ներգրավվելու են բարդ հրդեհաշիջման կամ ՃՏՊ-ների և կենցաղային կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր: [ԱԻՆ]

 

16։16- Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների։ Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060 80 80 03 ներքին 3101 կամ 3102: [ԱՆ]

 

16։09- Ի շարունակություն նախօրեին Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ունեցած հեռախոսազրույցի՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ոում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին: Նախագահն անդրադարձել է շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ առաջիկա օրերի ընթացքում էմիրաթական կողմին կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարության կազմած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը: Հանդիպումից հետո դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին ասել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարին:

 

16։03- Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք եւ կորոնավիրուսային եւ ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկենք: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաեւ բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ: [Նիկոլ Փաշինյան]

 

16։00- Մենք մինչև մարտի 31-ը հնարավորինս պետք է փորձենք նվազեցնել մարդկանց տեղաշարժը և շարունակենք արդյունավետ կերպով կանխարգելել, գտնել այդ շղթաները և այդ շղթաներով կարողանալ վիրուսի հետքը մեր տեսադաշտում պահել, որպեսզի նաև կարողանանք արդյունավետ պայքարել դրա հետագա տարածման դեմ։ [ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան հերթական նիստին]

 

15։53- Որպես նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառում՝ այսօր ժամանակավորապես հավաքվել են քաղաքի կենտրանական հատվածներում տեղադրված շարժական նստարանները։ Եթե ձեր առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ լինի հեռացնել նաև ոչ շարժական նստարանները կամ ապամոնտաժել բակերի զրուցարանները (беседка), մենք կանենք դա, սակայն քաղաքի համար այս ծանր պահին կարելի է խուսափել մարդկային և ֆինանսական ռեսուրսներ խլող այդ գործընթացներից, եթե մնաք տանը և նույնը հորդորեք հատկապես ձեր ընտանիքի տարեց անդամներին: [Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան]

 

15։31- Մինչև 16:00 հրահանգ է իջեցվել, որպեսզի քաղաքացիների հետ բացատրական աշխատաքներ տանելու միջոցով կարողանանք պրոցեսը կարգավորել, բայց 16:00-ից հետո օրենքով սահմանված կարգով կանցնենք մեր գործողություններին: [Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյան] |tert.am|

 

15։16- Հանրապետությունում արտակագ դրությամբ պայմանավորված, հաշվի առնելով Պարետի որոշումները՝ քաղաքացիներից և կազմակերպություներից Հանրապետության նախագահին և Հանրապետության նախագահի աշխատակազմին ուղղված գրությունները, դիմումները, բողոքները և հարցումները ընդունվում են բացառապես առցանց եղանակով՝ secretariat@president.am և press@president.am էլեկտրոնային հասցեներով և e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով: [ՀՀ նախագահի աշխատակազմ]

 

15։05- ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 1082 ուսանողից 955-ն արդեն օգտվում է հեռավար ուսուցումից: Ակադեմիայի մասնագետները կայք են ստեղծել դեռ նախորդ տարվանից: Նորագույն տեխնոլոգիական գործիքի միջոցով այսօր նաև դասախոսներն են վերապատրաստվում, կազմակերպվում են կոնֆերանսներ: [ԱԻՆ]

 

14։56- Վրաստանում դեռևս ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր ցանկություն ունեն Հայաստան վերադառնալ, սակայն չունեն դրա հանարավորությունը, չնայած, որ վրաց-հայկական Սադախլոյի սահմանային անցակետը պաշտոնապես բաց է: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հատուկ հայտարարության միջոցով հավաքագրել է ՀՀ վերադառնալ ցանկացողների  ցուցակներն, ու այս պահին Հավլաբար թղամասից 20 տեղանոց միկրոավտոբուսով ու երկու մարդատար մեքենայով շարժվեցին դեպի վրաց-հայկական սահման: Մինչև Սադախլո տեղափոխման ծախսերը հոգացել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը: |aliq.ge|

 

14։54- Բանկային համակարգում պետք է լինի ոչ թե սառեցում, այլ ներում՝ 3 ամիս։ 1մլն 650 հազար վարկառու կա, մարդը չի աշխատում, չգիտի՝ ոնց սնվի, ու այդ մարդուն պարտադիր 2 ամիս հետո տոկոսները գալու են։ Պետք է որոշում կայացվի, և տոկոսները սառեցվեն, որ գոնե մարդը մտածի իր առօրյա սննդի հարցով։ [«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան] |aysor,am|

 

14։17- Հաշվի առնելով ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշումը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վիրուսի տարածման կանխարգելման նպատակով ժամանակավորապես անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի՝ դադարեցնելով փաստաթղթերի առձեռն ընդունումը: Դիմումները կարող են ուղարկվել Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի psrcinfo@psrc.am և դիմումների ներկայացման e-request.am առցանց համակարգի միջոցով: Հանձնաժողովում գործում է 010 58 45 29  թեժ գծի հեռախոսահամարը։

 

13։59- Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Կողմերը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման վերաբերյալ։ Աբու Դաբիի թագաժառանգը նշել է, որ էմիրաթական կողմը պատրաստակամ է ամեն կերպ աջակցել Հայաստանին: Զրուցակիցները քննարկել են նաև միմյանց գործնական օժանդակության հնարավորությունը:

 

13։56- Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղևորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երևանի երկաթուղային կայարանից և 17:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները: Ժամը 7:55, 14:25 ու 18:25 Երևանից և 7:45, 11:55 ու 18:15 Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների:  Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքը երթևեկությունը վերսկսվելու է ՀՀ-ում գործող արտակարգ դրության ավարտից և սահմանային կետերի լիարժեք աշխատանքի վերականգնումից հետո: [«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ]

 

13։50- Որևէ դատապարտյալի մոտ մինչ այս պահը չի հաստատվել կորոնավիրուս։ Քրեակատարողական հիմնարկներում մտահոգվելու կամ խուճապի մատնվելու տրամադրություն չկա և չպետք է լինի։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան] |24news.am|

 

13։48- Ի կատարումն Պարետատան կարգադրության՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ համակարգը նույնպես նվազագույնի է հասցնում ուղղակի շփումները հանրության հետ: Շատ ծառայությունների մատուցումը ժամանակավորապես հետաձգվում է, սակայն ջրամատակարարման հետ առնչվող ստորաբաժանումները շարունակում են գործել կանոնավոր, շուրջօրյա ռեժիմով: [«Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի բաժին ]

 

13։45- Անհատական օգտագործման տրանսպորտային միջոցներում պետք է լինի երկու անձ: Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտային միջոցներին, ապա վարորդները պետք է ուղևորներին տեղափոխեն միայն նստատեղերի քանակով, դրանից ավել մարդ նստեցնելու իրավունք չունեն: Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ հավելելով, որ երկու հոգու սահմանափակումը կիրառվելու է նաև տաքսիների դեպքում: 
|hetq.am|

 

13։39- Կոտայքի մարզպետարանի և ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության միջև հաստատված  համագործակցության արդյունքում Կոտայքի մարզպետարանին է նվիրաբերվել բժշկական դիմակներ, տարածքի և ձեռքերի ախտահանման միջոցներ, բժշկական ձեռնոցներ: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից դրանք տրամադրվել են մարզի՝ առավել կարիք ունեցող առողջապահական հաստատություններին: [ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

13։32- Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը  ասուլիսի ընթացքում, պատասխանելով հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղից ստացվել են դժգոհություններ, պատասխանեց, որ մինչև արտակարգ դրություն հայտարարելն արդեն ձեռնարկվել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ: Արգելվեն են տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգի: Արգելվել են նաև հանձնուքների, փաթեթների հանձնումը դատապարտյալ և կալանավորված անձանց: Արգելվել է կրոնական ծիսական միջոցառումներին մասնակցությունը, քանի որ դրանք հիմնականում բազմամարդ են լինում և կարող են վարակի թափանցման, տարածման աղբյուր հանդիսանալ: |hetq.am|

 

13։27- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր պաշտպանիչ բժշկական դիմակի լուսանկար` Made in Armenia (արտադրված է Հայաստանում) ուղեկցող գրառմամբ: Ֆեյսբուքի որոշ օգտատերեր կասկածի տակ են դրել դիմակի՝ Հայաստանում արտադրված լինելը՝ նշելով, որ այդ անունով (Salus) դիմակ արտադրող ընկերություն գործում է Հնդկաստանում։  Դիմակի վրա մակնշված SALUS անվան հետքերով գտանք «ՍԱԼՅՈՒՍ» ՍՊԸ-ն։ Պարզվեց, որ ընկերությունը Հայաստանում զբաղվում է բժշկական դիմակների և բախիլների արտադրությամբ և գործում է ավելի քան 5 տարի։ |fip.am|

 

13։15- Հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սկսվել են ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ:  Իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ Տեսչական մարմինը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: [Շուկայի վերահսկողության տեսչական մարմին]

 

13։11- Ոստիկանության ծառայողներն արդեն 92 հոգու՝ որպես երրորդ անձի, մեքենաներից դուրս են հրավիրել: Գործողություններ են իրականացվել 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ, իսկ այսօր ժամը 16:00-ից հետո ամբողջությամբ կիրառելու են օրենսդրության պահանջները: 
|hetq.am| 

 

12։52- Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ խուսափել խուճապից, ագրեսիայից և պայքարել  COVID-19 պանդեմիայի ընթացքում կեղծ տեղեկատվության դեմ: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները պետք է որոշիչ դեր ունենան հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և կեղծ լուրերի դեմ պայքարում։ Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և պանդեմիայի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը չափազանց խիստ սահմանափակող միջոց է, որը սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության անհամաչափ մատչելիությունը։ [ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը՝ Հայաստանում Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ] |aysor.am|

 

12։14- ԱՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը
✅ ս.թմարտի 16-ից մեկ ամսով չեղարկել կամ անժամկետ հետաձգել է բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները,
✅ ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային , գիտական, զվարճանքի, մարզական միջոցառումները,
✅կասեցրել է գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

12։11- Այս պահին Ուկրաինայից Հայաստան է մեկնել 62 ուղևոր (թվերը նախնական են)։ Նրանց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև: [Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյան]

 

12։05- ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»  որոշման մեջ։ Օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների կողմից նոր տիպի կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվական կամ վերլուծական նյութերի ամբողջական կամ մասնակի արտատպման դեպքում ԶԼՄ-ները պետք է հրապարակեն նյութի սկզբնաղբյուրը՝ նյութի վերնագրում։

 

11։44- Կենտրոնական բանկը դատապարտում է տարբեր մարդկանց կողմից ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը: Վարկատու և վարկառու սուբյեկտների  հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ Վարչական օրենսգրքով: Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ: ԿԲ-ն  ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հնարավորինս օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից։ [ԿԲ]

 

11։40- Մինչև մարտի 31-ը փակ կլինեն Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները: Շարունակե՛ք օգտվել առցանց մատուցվող ծառայություններից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով մուտքագրված և հետագայում մուտքագրվող դիմումների ժամկետների հաշվարկը կիրականացվի սահմանափակումների վերացումից հետո։ [ՀՀ Կադաստրի կոմիտե]

 

11։38- ԱՀ-ից ՀՀ տանող ավտոճանապարհներին տեղակայված սահմանային հսկիչ կետերում իրականացնում են Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ: Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն ստորաբաժանումները պարտավոր են՝
✅Սահմանային հսկիչ կետերում կասկածելի դեպքերի արձանագրման դեպքում իրականացնել ավտոմեքենայի ախտահանում և կասկածելի վարակակրին տեղափոխել մեկուսարան:
✅ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների մեկուսարան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում՝ կազմակերպել նրանց վերադարձը ՀՀ (ավտոմեքենայի տրամադրում):
✅Սահմանային հսկիչ կետերում տեղակայված բժշկասանիտարական հսկիչ կետերում և հարակից շինություններում պարբերաբար իրականացնել ախտահանման աշխատանքներ: [ԱՀ ԱԻՊԾ  ]

 

11։24- ԱՐՄՍՏԱՏ-ն իր www.armstat.am պաշտոնական կայքում առանձնացրել է «COVID-19» բաժին: Այստեղ զետեղվել են հայտարարություններ՝ ուղղված ԱՐՄՍՏԱՏ-ի հետազոտություններին մասնակից բնակչությանը, ինչպես
նաև՝ ռեսպոնդենտներին (վիճակագրական տեղեկատվություն տրամադրողներին), որոնք հասանելի են https://www.armstat.am/am/?nid=792 հղումով: [ՀՀ վիճակագրական կոմիտե]

 

11։19- Արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմումներ հաշմանդամություն ունեցող անձանցից՝ տեղեկատվության մատչելիության հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։ ՄԻՊ-ը նախաձեռնել է արտակարգ դրությամբ պայմանավորված իրազեկման աշխատանքներ և նախատեսվում է առաջիկայում տեղեկությունների հանրայնացում մատչելի եղանակներով, այդ թվում՝ բրայլյան տարբերակով, ժեստերի լեզվով թարգմանությամբ, այնպես էլ մեր երկրում բնակվող փոքրամասնությունների ազգային լեզուներով։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջը՝ www.ombuds.am-ը, հարմարեցված է ինչպես թույլ տեսողություն ունեցող անձանց համար, այնպես էլ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծվել է ձայնային կառավարման հարթակ, որի կատարելագործման ուղղութամբ ներկայումս տարվում են աշխատանքները։ [ՄԻՊ]

 

11։14- Մեր այն համաքաղաքացիները, ովքեր ձեռնարկությունների աշխատակիցեր չեն, հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից գալիս են Երևան ամեն օր աշխատելու, կառավարությանը կոչ եմ անում այդ քաղաքացիներին արագ նույնականացնել։ Ես խոսել եմ փոխվարչապետի հետ, հիմա պետք է նրանց արագ նույնականացնել, որպեսզի գրանցվեն, քանի որ մարդ մի շաբաթ, տասը օր չի կարող «յոլա գնալ» առանց հաց։ [«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան] |aysor.am|

 

11։13- Կորոնավիուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը:  Ոստիականությունը խնդրում է դիմումները, բողոքները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ dimum@police.am, ashxatakazm@police.am։ Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգել ՀՀ ոստիկանության Թեժ գիծ` (010) 54- 69-14 հեռախոսահամարներով:

 

10։45-  Պայմանավորված ՀՀ ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներով և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ, Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորում է մեր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

10։40- ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել, որով մինչև մարտի 31-ը դադարեցվում են ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները։

 

10։26- ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստան տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով: Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին չփորձել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։ [ԱԳՆ]

 

10։15- Այսօրվանից Կոտայքի մարզպետարանի աշխատակազմն իր աշխատանքային գործունեությունը կծավալի հեռավար՝ առցանց եղանակով՝ բացառությամբ մարզպետի, տեղակալների, խորհրդականների, օգնականների, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի։
➡️Ապահովելու ենք մարզպետարանի ստորաբաժանումների գործառույթների անխափան իրականացումը։
➡️Հրատապ հարցերի դեպքում մեր համաքաղաքացիները կարող են զանգահսրել մարզպետարանի ընդունարան՝ 0223 2 36 63 հեռսխոսահամարով։
➡️Եվս մեկ անգամ հորդորում եմ մնալ տանը, տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

10։07- Թարմացվել է 25.03.2020թ․ ժամը 10։00-ին
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 265
Բուժվածներ - 16
Բացասական թեստեր - 1315
Մահվան ելքեր - 0 [ԱՆ

 

09։52- ԲԴԽ-ն որոշել է մինչև 2020 թ․ մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝
․ ՀՀ բոլոր դատարաններում դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց:
․ Առաջարկել դատավորներին և դատավարության մասնակիցներին հետաձգել բոլոր դատական նիստերը՝  բացառությամբ անհապաղ քննության ենթակա գործերի: [ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյան]

 

09։09- Արցախի Հանրապետության ԱՆ-ն իրազեկում է, որ հանրապետությունում առայսօր կորոնավիրուսի վարակով հաստատված դեպք չկա: ԱՆ-ն պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներով ու բարեգործական միջոցներով ձեռք է բերել կորոնավիրուսի մասին իրազեկող պաստառներ, հեռահար լազերային ջերմաչափեր, տարբեր տեսակի դիմակներ, պաշտպանիչ միջոցներ, ախտահանիչ լուծույթներ, մեկանգամյա օգտագործման խալաթներ, ձեռնոցներ, գլխարկներ, բախիլներ ու այլ պարագաներ, որոնք բաշխվել են՝ ըստ նշանակության:
ԱՆ բուժհաստատությունները շարունակում են ապահովվել անհրաժեշտ բժշկական պարագաներով: Դադարեցվել են երկրորդային գնումների ընթացքը, և գումարներն ուղղվել տարբեր տեսակի ախտահանիչ նյութերի ու բժշկական նշանակության ապրանքների պահուստների ձևավորմանը: Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի վարակով կասկածվող անձանց մեկուսացնելու համար, իսկ Շուշիի բուժմիավորումում՝ կորոնավիրուսի վարակով հաստատված անձանց բուժումը կազմակերպելու համար։ [Արցախի տեղեկատվական շտապ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24.03.20