tert.am: Ի՞նչ նկատի ունեք հիբրիդային պատերազմ ասելով: ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Հունիսի 6-ին կառավարության նիստից առաջ հայտարարեցիք, որ «այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են հայտարարել ՀՀ դեմ, նրանց անուն-ազգանունները հայտնի են», ապա հանձնարարեցիք, որ կոշտ արձագանքեն նրանց գործողություններին: Ի՞նչ նկատի ունեք հիբրիդային պատերազմ ասելով, արդյոք գո՞հ եք ուժայինների աշխատանքից»,- հարցեց նա:

Բաբաջանյանը նաև հարցրեց վաղը Վաշինգտոնում տեղի ունենալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին: Ըստ նրա՝ սահմանի երկայնքով կա լարվածություն, կա երկու զոհ, ի՞նչ պետք է անել կարգավորման ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Լավատեսական տրամադրություն հաղորդելիս ինձ չեմ հիշում: Ես հակառակը՝ միշտ ասել եմ, որ պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի ավարտվել, ցանկացած պահի կարող է բռնկվել, իրավիճակի լարում լինել: Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անել դուրս բերել հարցի կարգավորումը բանակցային հունից:

Հայաստանը պետք է դիմակայի այս գործիքին՝ նաև ԶՈւ պատրաստակամության մակարդակը բարձրացնելով: Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ երբ կար բանավեճ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև, թե ովքեր ու ինչպես են խախտել հրադադարի ռեժիմը, Հայաստանն ուներ ու ունի փաստեր: