Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

Անդրադարձ կատարելով երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և ձեռնարկվելիք առաջիկա քայլերին։

Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց ամերիկյան կողմի շարունակական աջակցությունը մի շարք ծրագրերին և նախաձեռնություններին:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ նախարարական համաժողովի օրակարգային հարցերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադաձան նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։

Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը կարծիքներ փոխանակեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման և դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության շուրջ։ Այդ համատեքստում զրուցակիցները կարևորեցին խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը՝ հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման, ինչպես նաև ժողովուրդների խաղաղության նախապատրաստման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով: