Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը. ԱԳՆ փոխնախարար |armenpress.am|
08:47 - 06 մարտի, 2019

Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը. ԱԳՆ փոխնախարար |armenpress.am|

«Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը Ադրեջանին զենք չվաճառի, սակայն դա չի դնում որպես նախապայման Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար». The Jerusalem Post-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն «հաջորդ մակարդակ»:

Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը փոխադարձ արձագանքի և դեսպանատուն բացի Երևանում:
Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Իսրայելը Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողն է, Գրիգոր  Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի, եթե Իսրայելը վարվի այնպես, ինչպես ԱՄՆ-ն և եվրոպական շատ  երկրներ, այն է՝ զենք չվաճառի կողմերից և ոչ մեկին:

Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չկա ռազմական լուծում, պետք է լինի միայն քաղաքական, սակայն Ադրբեջանին զենքի վաճառքը հանգեցնում է սպառազինության մրցավազքի: Փոխնախարարն ընդգծել է՝ Հայաստանը ցանկանում է, որ իր գործընկերներն իմանան՝ Ադրբեջանին զենք վաճառելը դուրս է հասարակ գործարքի տրամաբանությունից, այն ունենում է հետևանքներ:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանությանը: Հարցին, թե արդյոք կա հիասթափություն, քանի որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ ներկայացնում է իր անձնական կարծիքը: Որպես ցեղասպանությունը վերապրած փախստականների սերունդ նա անձնապես հիասթափված է, բայց դա ԱԳՆ-ի ու կառավարության դիրքորոշումը չէ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի անկախության տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային  ճանաչման տեմպը տպավորիչ է:


Գրիգոր Հովհաննիսյանը խոսել է երկու երկրների տնտեսական փոխադարձ շահերի մասին՝ նշելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է և կարող է դուռ լինել իսրայելական ապրանքների համար դեպի մեծ շուկա:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել