Հայաստանի ոչ մի ղեկավար Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդքան մանրամասն դիրքորոշում չի հայտնել, որքան ես․ Նիկոլ Փաշինյան |hetq.am|
13:49 - 06 մայիսի, 2020

Հայաստանի ոչ մի ղեկավար Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդքան մանրամասն դիրքորոշում չի հայտնել, որքան ես․ Նիկոլ Փաշինյան |hetq.am|

hetq.am: Հայաստանի ոչ մի ղեկավար Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդքան մանրամասն դիրքորոշում չի հայտնել, որքան ես:

Այս մասին խորհրդարանում Կառավարության 2019 թվականի կատարողականի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցադրմանը:

«Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան հաճախ Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես եմ հայտնել, ոչ մի ղեկավար հրապարակային ու թափանցիկ չի եղել այնքան, ինչքան ես եմ եղել: Իմ դիրքորոշումները, Կառավարության դիրքորոշումները գոյություն ունեն այնքանով, ինչքանով դրանք մեր դիրքորոշումներն են, իսկ մեր դիրքորոշումը գոյություն ունի` անկախ նրանից, թե աշխարհում էլ ուրիշ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց իր մոտեցումը` Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե այն ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար, այդ թվում` երկու երկրների խորհրդարանների:

«Եթե անգամ նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են` իրենք կստորագրեն ու կտանեն լուծում կտան, գերագնահատել են իրենց ուժերը: Առանց ձեզ չի կարող լուծում լինել, եթե լուծումը լինելու է այս գումարման խորհրդարանում»,-ասաց նա:

Վարչապետն ընդգծեց` չի կարող որևէ տարբերակ գոյություն ունենալ ու չքննարկվել Արցախի ու Հայաստանի անվտանգության խորհուրդներում, խորհրդարաններում:

«Նախկինում հայտնած իմ դիրքորոշումներից ոչ մի ստորակետ ոչ պակասեցնելու, ոչ էլ ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,-ասաց նա:

Վարչապետը, խոսելով Հայաստանի դիվանագիտական կորպուսի մասին, ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ:

«Էս ամեն ինչը ունի ռիսկեր, բայց այն ընտրության հարց է, մենք ինչ ենք ուզում որպես երկիր, ինչպես ենք ուզում դիրքավորվել, ուզում ենք ձեռքներս գլխներիս պահած դիրքավորվել, որ մի խփեք մեզ, թե դիրքավորվել որպես մի երկիր, որը անհրաժեշտության դեպքում կարող  է ընդունել հարվածներ և անհրաժեշտության դեպքում  տալ նաև հակահարվածներ»,-ասաց նա` ապա խոսելով դիվանագետների աշխատանքի մասին հավելեց.

«Ներողություն խնդրելով դիվանագիտական կորպուսից` պետք է ասեմ` իսկ դիվանագիտական կորպուսը էս դիրքորոշումը լիարժեք որդեգրել ու լիարժեք իրականացնում է, ոչ, էլի նույնը, արդյոք ասում եմ ոչ մեկ չի ընդունում, դա  էլ չեմ ասում: Շատ պրոֆեսիոնալ հատված դա ընդունում է, բայց կա մի հատված, որ տեսնում եմ` իրենք սովոր են հին ռեժիմում աշխատել, սովոր են, որ պետք է վիզը ծռել, հնարավորինս խեղճացած, կռացած գնալ ու բոլորից ինչ-որ բան աղերսել, փշրանք ստանալ ու լինել երջանիկ: Սա իմ գնահատականն է իրավիճակին, բազմաթիվ կոնկրետ օրինակներով գիտեմ, տեսել եմ, վերապրել եմ, նաև ցավով»,-եզրափակեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել