Հավաքականի մարզիկներից մեկը վարակվել է. բռնցքամարտի ֆեդերացիաների հայտարարությունները հակասում են իրար |hetq.am|
17:21 - 28 մարտի, 2020

Հավաքականի մարզիկներից մեկը վարակվել է. բռնցքամարտի ֆեդերացիաների հայտարարությունները հակասում են իրար |hetq.am|

hetq.am: Հայաստանի բռնցքամարտի երկու ֆեդերացիաների միջև տարաձայնությունները շարունակվում են: Վեճի թեման այս անգամ Արթուր Գևորգյանի գլխավորած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) տարածած հաղորդագրությունն էր, որով հայտնել էին, թե վարկանիշային մրցաշարին մասնակցելու նպատակով Լոնդոն մեկնած հայկական պատվիրակության անդամների և պատվիրակության անդամ չհանդիսացող անձինք կորոնավիրուսով են վարակվել: Հովհաննես Հովսեփյանի գլխավորած Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան (ԲՀԱՖ) էլ հայտնել է, որ մյուս ֆեդերացիան պատվիրակության հետ որևէ կապ չի ունեցել:

Արթուր Գևորգյանի գլխավորած ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջն այսօր առավոտյան հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաեւ հավաքական թիմում: 

Մի քանի րոպե անց, սակայն, հաղորդագրությունը հեռացվեց ֆեյսբուք էջից:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Երվանդ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նյութը հեռացվել է պարետատան պահանջով: Հարցին, թե ինչպես է ստացվել, որ պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի հաստատումը չստացած անձինք մեկնել են Լոնդոն, Երվանդ Հակոբյանը պատասխանեց, որ նրանք պատվիրակության հետ մեկնել են սեփական միջոցներով: 

«Դուք էլ, եթե ցանկանայիք, կարող էիք ձեր միջոցներով տոմսը առնել և մեկնել, այլ հարց է, թե այնտեղ միջազգային ֆեդերացիաները որքանով են թույլատրել այլ անձանց ներգրավել այդ մրցումներին, դրա մասին էլ տեղյակ չեմ»,- նշեց ֆեդերացիայի մամուլի խոսնակը:

Երվանդ Հակոբյանի խոսքով` ֆինանսական միջոցները փոխանցվում են իրենց ֆեդերացիային և հենց ֆեդերացիան էլ հաստատում է պատվիրակության կազմը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լոնդոն էր մեկնել մարտի 11-ին և վերադարձել՝ մարտի 20-ին:

ՀԲՖ մամուլի խոսնակի հետ մեր զրույցից մի քանի րոպե հետո Հովհաննես Հովսեփյանի գլխավորած Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեղադրեց, որը գրեթե ամբողջությամբ հակասում է մյուս ֆեդերացիայի հաղորդագրությանը: Մասնավորապես նշում են, որ բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ մրցավայր չի մեկնել: Հայաստանի պատվիրակության կազմում եղել են 10 բռնցքամարտիկ, 2 մարզիչ, 1 բժիշկ և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Ավելին՝ hetq.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել