Հարկադիր դադար. ինչպես են աշխատում հյուրանոցները |hetq.am|
16:30 - 28 մարտի, 2020

Հարկադիր դադար. ինչպես են աշխատում հյուրանոցները |hetq.am|

hetq.am: Հայաստանում կորոնավիրուսի տարածումից հետո հյուրանոցների մի մասը դադարել է աշխատել. «Հետքը» փորձել է կապ հաստատել 15 հյուրանոցի հետ։ Նրանցի 5-ը փակ է, 4-ը գործում է մասամբ, իսկ մնացածները չեն պատասխանել մեր հարցերին։ Չեն գործում նշված հյուրանոցների բարերն ու ռեստորանները։ Հյուրանոցների ղեկավարներից մի քանիսը պատմել են, թե ինչպես են վճարելու աշխատակիցներին եւ ինչ ակնկալիքներ ունեն Կառավարությունից։

«The Grand Hotel Yerevan»-ի ընդունարանի աշխատակիցը հեռախոսազրույցում հայտնեց, որ հյուրանոցը մարտի 23-ից ապրիլի 30-ը չի գործելու։ Ընկերության ֆեյսբուքյան էջի հայտարարությունում նշված է, որ նպատակը մեկն է՝ պահպանել հաճախորդների, աշխատողների եւ նրանց ընտանիքների առողջությունը։

«Իբիս» Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Իբիս» հյուրանոցը շարունակում է իր աշխատանքը: 

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ աշխատակիցների մի մասը չի աշխատում, բայց դա չի անդրադառնա նրանց աշխատավարձերի վրա, չաշխատած օրերի համար էլ նրանք կվարձատրվեն »,- տեղեկացրեց հյուրանոցի աշխատակիցը:

Նա հավաստիացրեց, որ տարածքը պարբերաբար ախտահանվում է, պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները:

«Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս»

Գյումրի քաղաքի «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցի տնօրեն Արմեն Մաթևոսյանը տեղեկացրեց, որ հյուրանոցը մարտի 24-ից դադարեցրել է աշխատանքը։

«Փակվել ենք երեկվանից, բայց արդեն մի ամիս է՝ այցելու չունենք, հուսով ենք, որ պետությունը գոնե կհասկանա, որ դժվար կացության մեջ ենք, կօգնի, հարկերը կնվազեցնի, որ աշխատողների աշխատավարձերը կարողանանք վճարել»,- ասում է տնօրենը:

 

Նա նշում է նաև, որ ըստ պարետի ցուցումների՝ չեն աշխատի առաջիկա մի շաբաթվա ընթացում, հետագա որոշումները կախված կլինեն երկրում տիրող իրավիճակից:

«Դայմոնդ Հաուս հոթել» 

Արամի 6 հասցեում գտնվող «Դայմոնդ» հյուրանոցը ևս մարտի 16-ից չի գործում: Հյուրանոցի տնօրեն Իգոր Անիսիմովը մեզ հետ զրույցում նշեց, որ պետությունից միակ ակնկալիքը, որ ունեն, վարկերի տոկոսների նվազեցումն ու սուբսիդավորումն է:

«Հյուրանոցը չի աշխատում մարտի 16-ից, չի աշխատի նաև ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում, չեղարկել ենք բոլոր ամրագրումները, աշխատողներին իրենց հաշվին արձակուրդ ենք ուղարկել, մարտ ամսվա աշխատավարձը կվճարվի»,- ասաց տնօրենը:

Եթե հյուրանոցը երկար ժամանակ չաշխատի, տնօրինությունը  չի կարող վճարել բանկերի վարկերն ու աշխատողների աշխատավարձերը, պետության օժանդակությունն, ըստ տնօրենի, անհրաժեշտ է:

«Նաիրի Սպա Ռեզորթս»

Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Նաիրի Սպա Ռեզորթս»-ը չի գործում մարտի 10-ից:

Հյուրանոցի գլխավոր մենեջեր Լիլիթ Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ  հյուրանոցում կարանտինային ռեժիմ է սահմանված:

 

 

«Անվտանգության նկատառումներից ելնելով ենք փակել, օրվա ընթացքում մեզ կարող է 60 այցելու զանգել գալու, հանգստանալու համար, բայց մենք, աշխատակիցների, հյուրերի անվտանգությունից ելնելով, չենք աշխատում»,- նշեց գլխավոր մենեջերը:

Կառավարության մարտի 26-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հյուրանոցներին, նշեց, որ փորձելու են բանակցել հյուրանոցների հետ, որպեսզի մեկուսացված անձանց տեղավորեն հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը եւ մյուս կարիքները. «Ես կարծում եմ, որ պետք է այս քաղաքականությունը շարունակենք, բանակցենք հյուրանոցների հետ, նաեւ տնտեսության առումով, հյուրանոցները ըստ էության դատարկ են։ Իհարկե, կվախենան իրենց բրենդի հետագա գործունեության համար»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ հյուրանոցների տերերը պարտավոր են հյուրանոցները ժամանակ առ ժամանակ ախտահանել։

«Նաիրի հանգստյան տուն»

«Նաիրի հանգստյան տունը» ֆեյսբուքի իր էջում մարտի 26-ին հայտարարություն հրապարակեց, որ պատրաստ են հյուրանոցը տրամադրել մեկուսացված անձանց։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի «Նաիրի հանգստյան տունը»` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ անհատույց տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,- նշված է հայտարարության մեջ:

 

Մենք զրուցեցինք հանգստյան տան տնօրեն Միհրան Աղաբեկյանի հետ, որը մեզ ներկայացրեց, որ հյուրանոցը մեկուսացման համար տրամադրելու որոշումը կայացվել է մի քանի օր առաջ՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Ըստ նրա՝ արդեն երեք օր է՝ այստեղ մեկուսացվել են քաղաքացիներ. «Բուժանձնակազմի հետ 120 հոգի կլինեն այստեղ, աշխատողների մի մասը, ովքեր ցանկացել են աշխատել, Առողջապահության նախարարության հետ են պայմանավորվել, նախարարությունը նրանց կվճարի, մի մասը պարապուրդի մեջ է։ Հասկանում եք, պիտի տեղից մարդ լինի, ով տեղյակ է»,- ասում է Միհրան Աղաբեկյանը՝ հավելելով, որ հյուրանոցը մարդկանց մեկուսացման համար տրամադրվել է անվճար։

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել